Կարեն Անդրեասյանը նախատեսում է ներկայացնել խոսքի ազատությանը վերաբերող գործերով դատական սխալները կանխարգելող մեխանիզմ
21-04-2011 15:38:32 | Հայաստան | Իրավունք
Ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ պահպանելու է 50-օրյա լռություն, եւ լրատվամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելույթներ եւ մեկնաբանություններ: Այս շաբաթ լրանում է կատարված աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշված ժամանակահատվածը, ուստի Պաշտպանն անցնում է առավել հրապարակային եւ թափանցիկ գործունեության, որի հիմքում լինելու է հասարակությանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու սկզբունքը:
Ապրիլի 21-ին Կ.Անդրեասյանը ներկայացրել է իր դիտարկումները խոսքի ազատության իրավունքի
վերաբերյալ։
«Երբ մեկը ցանկանում է լռեցնել ազատ խոսքը կամ վնասել անկախ մամուլին, պետք է հստակ պատկերացնի, որ իր ծանր օրերին` իր իրավունքների խախտման ժամանակ, անպայման զգալու է լրագրողների ու մամուլի պաշտպանության կարիքը: Երբ լրագրողը պատվերով կամ իր ներքին չարությունից դրդված նսեմացնում է որեւէ մարդու արժանապատվությունը, պետք է հստակ գիտենա, որ նսեմացնում է ողջ լրագրողական համայնքի խոսքի արժեքը եւ ինքն է հենց թուլացնում չորրորդ իշխանությունը: Երբ գոնե մեկ մարդ հեռուստացույցով, մամուլով, նաեւ այլ եղանակներով հնարավորություն չունի ստանալ իր ճաշակին եւ ընկալմանը հարիր լրատվություն ու քաղաքական վերլուծություն, ապա տվյալ հասարակությունում բազմակարծության եւ ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիր կա:
Որպես քաղաքական երկխոսության միջնորդ, որպես մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ եւ որպես անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան` այսօր ունեմ հետեւյալ մտահոգությունները.
- դատական սխալների պատճառով չսահմանափակվի լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը,
- օրենքի եւ լրագրողական էթիկայի տարրական կանոնների խախտման պատճառով իրականում չնսեմացվի որեւէ մարդու արժանապատվությունը,
- հատկապես հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում բազմակարծության վիճակը բավարարի մեր հասարակության յուրաքանչյուր անդամի:
2010թ. ,Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենքում կատարված մեծածավալ փոփոխությունները, որոնք կապված էին թվային հեռարձակմանն անցում կատարելու հետ, ցավոք, չապահովեցին թվային հեռարձակման ոչ պետական օպերատորների հիմնադրման եւ գործունեության իրավական հիմքերի ստեղծումը, դրանից բխող լիցենզավորման գործընթացների կարգավորումը, արբանյակային հեռարձակման ազատականացումը եւ մի շարք այլ հարցեր:
Թվային հեռարձակմանն անցում կատարելու իրավական կարգավորման ներմուծման արդյունքում կրճատվեց գործող հեռուստաընկերությունների թիվը, ինչը մեծ մտահոգություն առաջացրեց թե հասարակության, եւ թե միջազգային հանրության շրջանակներում: ՀՀ կառավարության կողմից նման փոփոխության անհրաժեշտությունը բացատրվում էր հեռուստակապուղիների թվայնացման առկա տեխնիկական հնարավորություններով: Հասարակական կազմակերպությունների կողմից փոխարենը բարձրացվում էր հեռուստատեսային հաճախությունների անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտության հարցը, որն այդպես էլ չիրականացվեց:
Դրան զուգահեռ, արդեն իսկ ընդունված օրենքի հիման վրա անցկացվեցին թվային հեռարձակման լիցենզավորման մրցույթներ, որոնց արդյունքում չարդարացան հասարակության այն հատվածի ակնկալիքները, ովքեր ցանկանում էին կրկին եթերում տեսնել «Ա1+» հեռուստաընկերությունը: Լիցենզիա չստացած հեռուստաընկերություններից «Ա1+»-ը մրցույթի արդյունքներն այժմ վիճարկում է դատական կարգով:
Հեռարձակման լիցենզիաների տրամադրման մրցութային կարգը եւ հեռուստառադիոընկերությունների սակավությունը պայմանավորված էր անալոգային հեռարձակման տեխնոլոգիայի սահմանափակ ռեսուրսով: Այժմ, երբ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձրել հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը, եւ հետեւաբար հնարավոր է դարձել հեռարձակվող հեռուստառադիոծրագրերի թվաքանակի անհամեմատ աճը, Հայաստանին մնում է միայն ներդնել նոր տեխնոլոգիան եւ արդյունավետ իրավական կարգավորման ենթարկել այն: «Ա1+»-ը, «Նոյյան տապան»-ը, «Գալա»-ն եւ շատ ու շատ այլ հեռուստաընկերություններ նոր տեխնոլոգիաների եւ պատշաճ իրավական կարգավորման ներդրմանը զուգահեռ հնարավորություն կստանան իրականացնել հեռուստահեռարձակում:
Այդ նպատակով 2010 թվականի հոկտեմբերից Պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ ,Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենքի լրամշակման նպատակով կազմավորվել է աշխատանքային խումբ մասնագիտացած հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ոլորտին առնչվող պատասխանատու պետական մարմինների ու Հանրային խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Շարունակելով խմբի գործունեությունը` վերջին 2 ամսվա ընթացքում ակտիվ քննարկումների արդյունքում մշակվում եւ ամփոփման փուլում է վերոհիշյալ խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որն ապրիլի 29-ին կքննարկվի ԵԱՀԿ եւ ԵԽ փորձագետների հետ:
Ապրիլի 30-ին մամուլի ազատության վերաբերյալ իմ նախաձեռնած ֆորումին, որին հրավիրված են տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, աշխատանքային խմբի անդամները եւ միջազգային փորձագետները, կամփոփվեն օրենքի լրամշակման արդյունքները, կարձանագրվեն մասնակիցների բոլոր կարծիքներն ու դիտողությունները: Այնուհետեւ դրա հիման վրա կվերջնականացվեն ,Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները, եւ մայիսի վերջին նախագիծն աշխատանքային խմբի անդամների հատուկ կարծիքների, միջազգային փորձագետների եզրակացությունների հետ միասին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Լինելով վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման ու դրանց քաղաքացիաիրավական կարգավորման գաղափարի հեղինակը` ցանկանում եմ եւս մեկ անգամ արտահայտել իմ դիրքորոշումը: Լրագրողին կամ որեւէ այլ անձի սուտ կամ վիրավորական խոսքի համար չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության, սակայն գոյություն չունի ժողովրդավարական որեւէ մի պետություն, որտեղ մարդն իրավունք չունենա զրպարտության կամ վիրավորանքի համար պահանջել բարոյական փոխհատուցում: Այժմ խոսքի ազատության եւ մարդու արժանապատվության պաշտպանությունը կախված է դատավորների` միջազգային չափանիշներին համապատասխան մեր այս օրենսդրության պատշաճ կիրառումից:
,Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքն արգելում է ինձ միջամտել դատական վարույթին, ուստի բոլոր այն գործերը, որոնք գտնվում են դատական քննության ընթացքում իմ կողմից քննարկվել չեն կարող, սակայն ցանկանալով նպաստել անհատական գործերով լրագրողների պաշտպանությանը` մայիսի 1-ին իմ կողմից կազմակերպվող մամուլի ազատության վերաբերյալ ֆորումին նախատեսում եմ ներկայացնել կոնկրետ մեխանիզմ, որը հնարավորինս կարող է կանխարգելել դատական սխալները խոսքի ազատությանը վերաբերող գործերով»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան