Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները նվազել են, դրան զուգահեռ կլինկերի ծավալների աճ է արձանագրվել. Էկոնոմիկայի փոխնախարար
24-03-2020 12:56:05 | Հայաստան | Տնտեսություն
Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները նվազել են, դրան զուգահեռ կլինկերի ծավալների աճ է արձանագրվել:
Ինչպես մարտի 24-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար նախատեսված պետական տուրքը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նրա փոխանցմամբ, եթե 2018 թվականին մեկ ամսվա ընթացքում ներմուծվել է 19, 2 հազար տոննա, ապա նախորդ տարվա հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում մեկ ամսվա ընթացքում ներմուծվել է 16,8 հազար տոննա ցեմենտ:
«Հայկական արտադրության ցեմենտի ծավալներն այս պահին որոշակի անկում են ապրել, սակայն մեզ մոտ գործում է երկու խոշոր ընկերություն, որոնցից մեկը ծավալների աճ է գրանցել»,- նշեց փոխանախարարը:
Անդրադառնալով ցեմենտի ներկրման համար նախատեսված պետտուրքի երկարաձգման վերաբերյալ պատգամավորների առաջարկին՝ Ա. Ավագյանն ասաց.
«Ինչո՞ւ է այս առաջարկը նպատակահարմար. պատշտպանիչ միջոցը կիրառվել էր երեք ներգործող փաստ ունենալով, առաջինը՝ իրանական արժույթի անկումն էր, նաև մեր հարավային գործընկերոջ կողմից վարվող էներգետիկ քաղաքականությունը, բացի այդ, իրանական տնտեսությունը վերջին տարիներին անկում է գրանցում, սակայն արտադրական ծավալները շարունակում են մնալ նույնը, արդյունքում շուկայում նկատվում է արտադրական ծավալների գերբավարարվածություն, ինչի արդյունքում գինը անկում է ապրում»:
Փոխնախարարի խոսքերով՝ իրենք կարծում են, որ սա երկարաժամկետ երևույթ չէ և տարբեր գնահատականներով՝ 10 տարի անհրաժեշտ կլինի նախկինում ունեցած արտադրական ծավալները վերականգնելու համար: