Ըստ ՀԴԿ-ի առաջնորդի, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի<br /> շուրջ միանշանակ անհրաժեշտ է<br />


Ըստ ՀԴԿ-ի առաջնորդի, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի
շուրջ միանշանակ անհրաժեշտ է

  • 26-05-2009 16:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Հայաստանում հույսեր էին կապում «ֆուտբոլային դիվանագիտության» հետ, որովհետեւ դա նոր մոտեցում էր հայ-թուրքական հարաբերություններին: Ինչպես մայիսի 26-ի ասուլիսում նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Գ.Սարգսյանը, «ֆուտբոլային դիվանագիտությունը» նաեւ մի որոշ ժամանակ անհրաժեշտ էր Թուրքիային, որպեսզի Եվրոմիությունը (ԵՄ) թուլացներ ճնշումը այդ երկրի վրա: Իսկ երբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց Թուրքիային ԵՄ-ի կազմում ընդգրկելու անթույլատրելիության մասին, թուրքերը փոխեցին Հայաստանի նկատմամբ իրենց մարտավարությունը եւ առաջ քաշեցին նախապայմաններ` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Նախապայմանները պետք է լինեին ի սկզբանե, որպեսզի բոլորը հասկանային, թե ով, ում հետ կապված, ինչ հարցադրում եւ պահանջ ունի»,- ասաց Ա.Սարգսյանը: Ըստ նրա, այդ դեպքում պարզ կլիներ, թե հայերն ինչ են ուզում, եւ թուրքերն ինչին են դեմ: ՀԴԿ-ի նախագահը նաեւ նշեց, որ Հայաստանը պետք է առաջարկեր Թուրքիային համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ ստեղծել ազատ տնտեսական գոտի: Այդ առաջարկները գուցե երբեք կյանքի չկոչվեին, սակայն, ըստ Ա.Սարգսյանի, աշխարհը կտեսներ, որ Հայաստանը ձգտում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ: ՀԴԿ-ի ղեկավարն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան բանակցություններին, նշելով, որ թե' մադրիդյան, թե' քի-վեստյան սկզբունքները հայկական կողմի համար ընդունելի չեն: Ըստ Ա.Սարգսյանի, եթե հայերը համաձայնեն ինչ-որ ժամանակ հետո Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու առաջարկին, դրանով կջնջվի Արցախի անցած ողջ ճանապարհը: Նրա համոզմամբ, այսօր միանշանակ անհրաժեշտ է Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը, ապա այն, Ա.Սարգսյանի կանխատեսմամբ, ոչնչով չի տարբերվի նախորդ հանդիպումներից:
Նոյյան տապան  -   Քաղաքական