Այսօր ժամը 16:00-ից հետո ոստիկանությունը կտուգանի ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտող քաղաքացիներին. Փոխոստիկանապետ
25-03-2020 13:20:21 | Հայաստան | Հասարակություն
Այսօր ժամը 16:00-ից հետո ՀՀ ոստիկանություն ամբողջությամբ կկիրառի օրենսդրությունը և կտուգանի ինքնամեկուսացման և ազատ տեղաշարժի կանոնները խախտող քաղաքացիներին:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը, մինչ նշյալ ժամը փորձել և փորձում են քաղաքացիներին ընտելացնել երեկվանից գործող հատուկ ռեժիմի պայմաններին:
Ըստ նրա՝ արդեն 92 հոգու մեքենաներից դուրս են հրավիրել՝ որպես երրորդ անձ:
«Երեկվանից հատուկ ռեժիմ է իրականացվում ՀՀ-ում՝ կապված մեր քաղաքացիների տեղաշարժի հետ։ Որոշակի սահմանափակումներ են մտցվել, և մեր քաղաքացիներն այս սահմանափակումների հիման վրա պարտավոր են ինքնամեկուսանալ և պահպանել ինքնամեկուսացման կանոնները։ Մեր ուժերը հիմա ամբողջությամբ ուղղված են այդ պահանջների կատարմանը։ Եվ հույս ունեմ, որ մենք կկարողանանք ապահովել դա»,- ընդգծեց փոխոստիկանապետը:
Նրա խոսքերով՝ կան նաև բացառություններ, որոնք սահմանված են, թե կոնկրետ ոլորտների աշխատակիցներն ինչպես պետք է ներկայանան աշխատանքի, օրինակ՝ լրագրողները կարող են տեղաշարժի ժամանակ ոստիկաններին ցույց տալ իրենց բեյջերը:
Հ. Մհրյանը նաև նկատեց, որ ոստիկաններն իրենց ուժերի քանակական սահմաններում ամբողջ ՀՀ տարածքում իրականացնում են ծառայություն և փորձում են որքան հնարավոր է ամբողջական շղթաները փակել։