Հետաձգեք մարտի 31-ին կայանալիք ընտրությունները. մի արեք այն, ինչ արեցին ֆրանսիացիները
28-03-2020 16:42:51 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
-Պարոն Մինասյան, ի՞նչ է տեղի ունենում Ֆրանսիայում, կորոնավիրուսի դեմ մղկող պայքարը այդտեղ ինչպե՞ս եք գնահատում:
-Կառավարությունը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ: Մի կողմից «պատերազմ» է հայտարարում, մյուս կողմից, մեղմ ասած, դանդաղ են աշխատում: Հիվանդանոցները լիքն են, և սպասում ենք պիկին: Վախն ու մտահոգությունը մեծ է:
-Մենք տեսնում ենք, որ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում է ահագնանում վարակը: Ի՞նչ կորուստներ է կրում Ֆրանսիան:
-Ամեն օր վատ թվեր են տարածվում: Շուտով իրավիճակն էլ ավելի է դժվարանալու:
-Կա՞ արդյոք տագնապ, անորոշություն Եվրոպայում: Ընդհանրապես, արտակարգ դրությանն ինչպե՞ս են արձագանքում մարդիկ, որքանո՞վ են հետևում սահմանված կանոններին:
-Անշուշտ կա. ո՞ւր է եվրոպական զորակցությունը: Ամեն պետություն իր մասին է մտածում, բայց կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում:
-Եվրոպայում կա՞ արդյոք պատկերացում, թե երբ է լինելու հիվանդության պիկը, որից հետո կսկսի անկումը:
-Ֆրանսիայում համաճարակի պիկին սպասում ենք հաջորդ շաբաթ կամ ապրիլի սկզբին
-Կա տեսակետ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ցույց տվեց, որ աշխարհում գլուխ բարձրացրած պոպուլիզմը ձախողվել է և այժմ առավել պրագմատիկ գործիչների պահանաջարկ է առաջացել: Կիսո՞ւմ եք այս մոտեցումը:
-Վաղ է դասեր քաղել. առաջնահերթը վիրուսի դեմ պայքարն է։ Թույլ տվեք առիթն օգտագործելով մեսիջ ուղարկել Հայաստանի և Արցախի իշխանություններին՝ հետաձգեք մարտի 31-ին կայանալիք ընտրությունները: Հայ ժողովուրդ, մի արեք այն, ինչ արեցին ֆրանսիացիները՝ կազմակերպելով տեղական ընտրությունների առաջին փուլը: Հայերը ապահովության և անվտանգության կարիք ունեն: Չավելացնենք ներքին սպառնալիքը վախի վրա: Հետաձգենք և սպասենք: Հայաստանն ու Արցախը Ֆրանսիա չեն, հայրենիքը պատերազմական վիճակի մեջ է, ոչ Ֆրանսիան։