Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող կառավարության կողմից առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք. Փոխնախարար


Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող կառավարության կողմից առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք. Փոխնախարար

  • 01-04-2020 12:54:39   | Հայաստան  |  Հասարակություն

Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող կառավարության կողմից առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք: 
 
Այս մասին ապրիլի 1-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: 
 
Ըստ նրա՝ նշյալ ծագրերի համար սահմանվել է նաև արտոնյալ ժամկետ 3-ից մինչև 12 ամիս, ինտենսիվ այգիների դեպքում՝ մինչև 5 տարի:  
 
«Մենք բազամաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում ամեն օր. Մարդիկ հարցնում են, թե ում պետք է դիմել: Նախ ասեմ, որ մեր կողմից առաջարկվող ծրագրերը երկու տարբերակ են իրենցից ներկայացնում. առաջինը՝ դա վարկավորումն է, մյուսը՝ փոխհատուցման բաղադրիչը: Այն բոլոր ծրագրերը, որոնք որ վարկավորման ծրագրեր են, այսինքն՝ քաղաքացին ցանկանում է դիմել վարկի, նա դիմում է ֆինանասական կառույցին»,- ընդգծեց Ա. Խոջոյանը՝ հավելելով, որ այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է նախարարություն, որն էլ տվյալ խմբի համար կազմակերպում է առցանց դասընթացներ մարզերից դիմողների համար: 
 
Փոխնախարարի խոսքերով՝ դասընթացներից հետո մարդիկ ստանում են հավաստագիր, որը կարողանում են ներկայացնել ֆինանսական կառույցին, որից հետո յուրաքանչյուր բանկ կամ վարկային կազմակերպություն իր ներքին կանոնադրության համաձայն՝ կատարում է վարկունակության գնահատում, ապա որոշում կայացնում՝ տրամադրել, թե չտրամադրել վարկը: 
 
Անդրադառնալով փոխհատուցման ծրագրերին՝ Ա. Խոջոյանը նկատեց, որ շատ քաղաքացիներ էլ գումարներ ունեն և չեն ուզում վարկ վերցնել, այս դեպքում նրանց խթանելու համար կառավարությունն առաջարկում է մի քանի տարբերակներ. 
 
«Օրինակ, եթե ջերմոցային տնտեսությունների կառուցման ցանկություն կա, խելացի անասնաշենքերի, ինտենսիվ այգիներ, ոռոգման համակարգերի ներդրում, տոհմային ոչխարաբուծության նպատակով արտադրության հիմնում, ապա այդ տեսակների համար մենք առաջարկում ենք փոխհատուցման տարբերակներ. յուրաքանչյուրի համար սահմանված է տարբեր տոկոսադրույքներ՝ ըստ հաշվարկների, ըստ վերլուծությունների»: 
 
Փոխնախարարը նշեց, որ օրինակ՝ խելացի անասնաշենքերի կառուցման դեպքում իրենց գնահատմամբ՝ 11 մլն դրամ է անհրաժեշտ լինում, որից պետությունը փոխհատուցում է 5,5 մլն դրամը: 
 
Նրա փոխանցմամբ, եթե վարկային ծրագրի դեպքում շահառուն պետք է դիմի վարկային կազմակերպություն, ապա փախհատուցման բաղադրիչի դեպքում պետք է դիմել Էկոնոմիկայի նախարարություն: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն