Նոր ֆիլմ Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի մասնակցությամբ

06-04-2020 15:40:50   | Հայաստան  |  Հասարակություն
2016թ․-ին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը անակնկալ բերման է ենթարկվում Խորենացի փողոցից, որտեղ ցույցեր էին ընթանում: Այս դեպքը Սփյուռքում մի ամբողջ քաղաքացիական շարժման առիթ է դառնում, դերասանուհուն միանում են  երաժիշտ Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, նկարիչ և երգիծաբան Վահե Բերբերյանն ու ռեժիսոր Էրիկ Նազարյանը՝ ձևավորելով «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը։ Մեծ թվով սփյուռքահայեր արձագանքում են նրանց կոչին՝ մասնակցել 2017թ․ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը։
 


Ֆիլմը ներկայացնում է հայազգի արվեստագետների մտահոգությունները, Հայաստանի կյանքում մասնակցություն ունենալու և դրական փոփոխություն բերելու ջանքերը, հույզերն ու պայքարը։ Տեսախցիկը հետևում է Արսինե Խանջյանին Հայաստանի տարբեր գյուղերում ու քաղաքներում՝ բնակիչների, քաղհասարակության ներկայացուցիչների և իրավաբանների հետ հանդիպելիս։ Նախաձեռնության անդամները ժամանում են Հայաստան ընտրությունների նախօրեին՝ մասնակցելու Քաղաքացի դիտորդ ծրագրի վերապատրաստման դասընթացին և ծանոթանալու ըթացակարգերին։ Ընտրությունների օրը նրանք բաժանվում են մի քանի խմբի և դիտարկում իրականացնում Հայաստանի տարբեր հատվածներում գտնվող տեղամասերում, և օրն ավարտում մամուլի ասուլիսով։
 
Հաջորդ օրերը նրանք անց են կացնում Արցախում՝ այցելելով սահմանապահ զինվորներին, հանդիպելով տեղացի արվեստագետներին
և մասնակցելով երիտասարդ ընտանիքներին տների տրամադրման միջոցառմանը։
 
«Դիտորդական առաքելությունը մեզ համար մեծ փորձություն էր․ նման քաղաքացիական քայլով մենք հայրենիքում երբեք հանդես չէինք եկել։ Բայց դա նաև եզակի հնարավորություն էր՝ մասնակցելու մեր երկրում ընթացող փոփոխություններին։
 
Ինձ համար շատ կարևոր էր՝ զրուցել գյուղում ու քաղաքում ապրող հայի հետ, լսել նրա մտահոգությունները, հասկանալ նրա խնդիրները։ Մենք ճամփորդեցինք Հայաստանի մարզեր, հանդիպեցինք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և արձանագրեցինք մեր տեսած իրողությունները։ Ցավոք, այդ օրերին մեր հիասթափությունը մեծ էր, վերլուծություն անելու ուժ չկար, և մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը Արցախում, որտեղ մտքի ու հոգու խաղաղություն գտանք՝ արցախցի արվեստագետների ու սահմանապահ զինվորների կողքին»։ – իր ֆեյսբուքյան էջում գրում է Արսինե Խանջյանը։
 
Այս նախաձեռնությունը ստեղծեց ամուր նախադրյալներ՝ 2018թ․-ի թավշյա հեղափոխության լայն ընդգրկման և Սփյուռքի ակտիվ արձագանքի համար։
 
Երեք տարի անց՝ այս օրերին, Արցախում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, և նույն դիտորդները, ում հետ նախաձեռնությունը համագործակցում էր 2017-ին, այս անգամ Արցախից են բարձրաձայնում խնդիրների
ու խախտումների մասին։ Մնում է հավատալ, որ Արցախում ընտրությունների երկրորդ փուլը կանցնի արդար և թափանցիկ պայմաններում և չի հիշեցնի այն, ինչին Հայաստանը ականատես եղավ ֆիլմում նկարագրված օրերին։
 
Ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոնների, Տորոնտոյի “Նուռ” կինոփառատոնում արժանացել Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին՝ ուշադրություն հրավիրելով այն օրերին Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդրի վրա։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 260 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար