«Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի առողջապահության նախարարությանը

07-04-2020 13:31:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով: 
 
«Սա իսկապես լուրջ աջակցություն է և
մարդասիրական քայլ «Ավրորայի» կողմից: Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք: Ինչևէ, չպետք է թերագնահատել անհրաժեշտ սարքավորումների կարևորությունը, և այս համատեքստում մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,- ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 
 
Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման վերաբերյալ, հաստատելով «Ավրորայի» մտադրությունը՝ աջակցելու համաճարակի դեմ պայքարին, օգնելով  աշխարհին հաղթահարել այս ճգնաժամը: Մասնավորապես՝ նախաձեռնությունը խոստացել էր #AraratChallenge շարժման հանգանակություններն ուղղել  Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի օդափոխության սարքեր: Ըստ Նվիրաբերության պայմանագրի՝ ձեռք բերված սարքերից առնվազն մեկը տրամադրվելու է Արցախի հիվանդանոցներից մեկին: 
 
2020թ. մարտի 28-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն և  McKinsey & Company Inc. Global ընկերության խորհրդի
անդամ Անդրե Անտոնյանը մասնակցեցին կորոնավիրուսային հիվանդության համաշխարհային բռնկմանը նվիրված առցանց հատուկ քննարկմանը, որը կազմակերպել էր «Ֆյուչըրս ստուդիո» քննարկումների հարթակը: Բանախոսները քննարկեցին, թե ինչպես է ներկա համավարակն ազդում կյանքի տարբեր ոլորտների վրա և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել իրավիճակի հնարավոր վերահսկման համար: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 295 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար