Փոփոխություններ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո․ ի՞նչ է սպասվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10-04-2020 19:52:03 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու և քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռևս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել։ Ասել է թե՝ Քննչական կոմիտեն դեռ չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար, և գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե՝ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Եվ հիմա էլ՝ այս շրջապտույտից հետո, նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել Վիգեն Սարգսյանին` ներկայանալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, ինչին ի պատասխան՝ ՔԿ լրատավական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «Մինչ քրեական գործը ՀՔԾ ուղարկելը ՀՀ քննչական կոմիտեն Վիգեն Սարգսյանին քրեական գործի շրջանակներում ծանուցում է ուղարկել որպես վկա հարցաքննության ներկայանալու համար: Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»»:
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կորոնովիրուսային ճգնաժամի ընթացքում շատ քիչ հյուրանոցների սեփականատերեր են հրաժարվել իրենց հյուրանոցները տրամադրել հիվանդության կասկածանքով մեկուսացվողներին բնակեցնելու համար:
Նրանց թվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հրաժարվել է տրամադրել իր «Նացիոնալ» հյուրանոցը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանը, ով իրեն պատկանող «Իբիս» հյուրանոցը չտրամադրելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դրան իբրև թե դեմ են «Իբիս» հյուրանոցային ցանցի կառավարիչները, ինչը խիստ կասկածելի է, եթե նկատի ունենանք, որ նույն «Մարիոթում» արդեն տևական ժամանակ բնակվում են մեկուսացման մեջ գտնվող անձինք:
Մի քանի օր առաջ էլ կառավարությանը այդ նպատակով տրամադրվել է «Միկմետալի» սեփականատեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Փարիզ» հյուրանոցը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ՝ ապրիլի 9-ին, տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չեն տվել, որպեսզի դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի μաժանմունքում: Մանրամասները՝ առաջիկայում»:
Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության խուզարկությունը Դավիթաշենի բաժնում կապված է եղել թմրանյութերի պատմության հետ, իսկ թե բաժնի պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն, ցույց կտա քննությունը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում վերջին շրջանում մի քանի ապրանքատեսակների գնաճ է գրանցվել, և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ ապրիլի 3-ին՝ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տված խորհուրդը, հնարավոր է, չօգնի: «Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա, որպես սպառողներ, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են»,- ասել էր նախարարը:
Նշենք, որ վերջին շրջանում գների բարձրացումն այնքան էլ կապ չունի կորոնավիրուսի վարակի տարածման, փակ սահմանների ու տնտեսական դժվարությունների հետ։ Դրանք նախատեսված էին շատ վաղուց՝ ԵԱՏՄ պայմանների թելադրմամբ։ Մասնավորապես, 2020թ. հունվարի 1-ից շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացել են, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Եվ թերևս ստեղծված իրավիճակն էր պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացատրեց իրավիճակը։ Եվ արդեն դրանից հետո պարզ դարձավ, որ ԵԱՏՄ շրջանակներում բանակցությունների միջոցով հնարավոր է եղել հասնել նրան, որ 600 ապրանքների մաքսատուրքերը, որոնք բարձրացել էին այս տարվա հունվարի 1-ից, վերադառնան նախկին մակարդակին՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Համապատասխան որոշումը երեկ կառավարության նիստում ընդունվելուց հետո ուղարկվեց խորհրդարանին՝ արագ վավերացնելու համար, և այն կսկսի գործել հենց պաշտոնական հրապարակման օրվանից։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործողությունները որոշակիորեն կմեղմեն գնաճը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացումը հանգեցրել էր գնաճի հետևյալ ապրանքների շուկայում՝ մսամթերք՝ 15-25 տոկոսով, ձեթ, կարագ` 15, դեղորայք` մինչև 6.5 տոկոս, կաթնամթերք՝ 15 տոկոս, ցորեն , գարի, եգիպտացորեն՝ 5 տոկոս, լոբի, բրինձ՝ 6 տոկոս, և այլն։ Եվ այս որոշման արդյունքում ստացվում է՝ հակառակ երևույթը պետք է տեղի ունենա, և այս ապրանքախմբերի գինը վերադառնա նախկինին, որն առկա էր մինչև հունվարի 1-ը»։