Ժամանակավորապես կասեցվել է շուրջ 55 կազմակերպությունների կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը. Աշոտ Հարությունյան
16-04-2020 16:55:56 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 487 կազմակերպություններում և նրանց մասնաճյուղերում իրականացրել է մշտադիտարկումներ, ժամանակավորապես կասեցվել է շուրջ 55 կազմակերպությունների կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը:
Այս մասին ապրիլի 16-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
Ըստ նրա՝ արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են օրինակ՝ առևտրի վայրերում հաճախորդների հետ հաճախակի շփումներ ունեցող աշխատակիցների կողմից դիմակներ չկրելուն, ներսի և դրսի հագուստի համար առանձին հանդերձապահարաններ չունենալուն, անհրաժեշտ քանակությամբ ծորակներ չապահովելուն, փակվող աղբամաններ չունենալուն:
«Այսինքն՝ հիմնական այն կանոնները, որոնք անհրաժեշտ է պահպանել, որպեսզի կանխարգելվի վարակի տարածումը, այդ կազմակերպությունները, որոնք փակված են, նրանց մոտ առավելապես, և մյուսներում նույնպես տարբեր չափի տարբեր քանակությամբ արձանագրվել են խախտումներ: Կան կազմակերպություններ, որտեղ խախտումներ չեն եղել, դա նույնպես արձանագրված է»,- ընդգծեց Ա. Հարությունյանը:
Վերջինս պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ գործողություններ են հաջորդում, երբ կասեցվում է որևէ կազմակերպության գործունեություն, նշեց, որ համապատասխան որոշման մասին գործատուին իրազեկելուց հետո վերահսկողական գործառույթը դրվում է ոստիկանության վրա, և հետևում են, որպեսզի արձանգրված խախտումները վերացվեն:
«Մշտադիտարկումները կարելի է ասել ոչ միայն վերահսկողական բնույթ են կրում, այլև խորհրդատվական բնույթ: Որովհետև այդ ընթացքում բացի այն, որ խախտումն արձանագրվել է, նաև մենք դրա վերաբերյալ ուղղություն ենք տալիս, թե ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս, հնարավոր լուծումներ ենք գտնում»,- փաստեց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը: