Ինչո՞ւ է պարետ Տիգրան Ավինյանի եղբայրը մեկ ամսով ինքնամեկուսացել
22-04-2020 16:57:28 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս չի շտապում խոսել կադրային փոփոխություններից, որովհետև այդ թեման Արցախում շատ զգայուն է: Բանն այն է, որ այսօրվա կառավարման համակարգի մի շարք պաշտոնյաներ նրա թիմակիցներն են, և դժվար է կտրուկ փոփոխությունների գնալ, մյուս կողմից՝ ամեն նոր պաշտոնյայի նշանակումը Արցախում լայն քննարկման առարկա է դառնում:
Այնուամենայնիվ, այս պահին կառավարության ամենաանձեռնմխելի անձը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն է, որը, մեր աղբյուրի պնդմամբ, միանշանակ շարունակելու է պաշտոնավարումը:
Ամենայն հավանականությամբ, իր պաշտոնում կվերանշանակվի նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի՝ վարչապետ, այնուհետև պետնախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է ֆինանսների նախարարի, իսկ դրանից առաջ երկար տարիներ ֆինանսների փոխնախարարի պաշտոնները. Մարտիրոսյանն Արցախում տեխնոկրատի համարում ունի և դուրս է քաղաքական պրոցեսներից:
Ամեն դեպքում՝ կառավարությունում նվազագույնը 3-4 փոփոխություն կլինի, շատ բան կախված է քաղաքական կոնսուլտացիաների ընթացքից, որով պայմանավորված՝ փոփոխությունների թիվը կարող է աճել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն 2019 թվականին կալանավորեց «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին` կաշառքի գործով, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվեց և գործը ուղարկվեց ՀՔԾ: ՀՔԾ-ն այս քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել և գործն ուղարկել դատարան:
Ըստ ՀՔԾ-ի, Լյովա Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, այդ հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին անգործություն է դրսևորել, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված՝ զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաև քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է 700,000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Նշենք, որ Հայկ Կարապետյանին, Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Լյովա Բաղդասարյանին կաշառք տալու համար:
Նշենք նաև, որ մինչ օրս Բաղադասարյանը չի ընդունում մեղադրանքը:
Հավելենք, որ գործը քննելու է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի եղբայրը՝ Դավիթ Բալայանը»:
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եղբայրը՝ Դավիթ Ավինյանը, արդեն գրեթե մեկ ամիս կարանտինի մեջ է:
Մեր տեղեկությունների համաձայն՝ նա կամավոր է ինքնամեկուսացել, առանց ավելորդ աղմուկի: Թե որն է այդքան երկար ինքնամեկուսացման պատճառը՝ հայտնի չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱԺԿ պատվիրակության հետ: Հաջորդ հանդիպումը կայանալու է ՀՅԴ ներկայացուցիչների հետ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԺԿ-ի հետ հանդիպմանը ապագա կոալիցիայի և պաշտոնների բաժանման հետ կապված հարցեր չեն քննարկվել: Պատճառներից մեկն էլ այն է, որ թե՛ ԱԺԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն նախորդ իշխանությունում ունեցել են իրենց խորհրդարանական ներկայացվածությունից անհամաչափ մեծ ներկայացվածություն իշխանության տարբեր ճյուղերում: Հիմա նրանք պետք է չափավորեն իրենց ախորժակը, որից հետո իմաստ կունենա խոսել իշխանությունում նրանց ներկայացվածության չափի և դերաբաշխման մասին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Թե ինչու, նա համացանցում մի ընդարձակ գրառմամբ փորձել էր բացատրել` այդպես էլ ըստ էության ոչինչ չասելով: Նա գրել էր, թե «Ընդգծված ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել և հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության և Աստծո դատին»:
«Ժողովուրդ» օրաթերթին նրա ազատումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, ազատումներն այսքանով չեն ավարտվելու»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կանցկացնի և երկու կարևոր նախագծեր կքննարկի։ Ընդ որում, ուշագրավ է, որ նախագծերից մեկը ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության, մյուսը՝ ԲՀԿ-ի կողմից, սակայն մեր տեղեկություններով արտահերթ նիստի առաջարկը եղել է ընդդիմադիր խմբակցության կողմից, իսկ երեկ էլ ԱԺ խորհուրդը հաստատել է այն։ Ընդ որում, երկու նախագծերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելուն։
Նախագծերից մեկը հեղինակել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա առաջարկում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները և ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:
Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծն էլ նպատակ ունի մեղմել տնտեսական հետևանքները։ Նշենք, որ երկու նախագծերն էլ պետք է անցնեն առաջինից երկրորդ ընթերցում, այսինքն հաջորդ օրը ևս ԱԺ նիստ կանցկացվի, որպեսզի օրինագծերն ամբողջությամբ ընդունվեն»: