Փաշինյանի քայլերը Լավրովի ասածներից հետո


Փաշինյանի քայլերը Լավրովի ասածներից հետո

  • 23-04-2020 18:27:43   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Փաստ» թերթը գրում է.
 
«Ինչպես հայտնի է, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ՏՄՊՊՀ համապատասխան որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության, որի համաձայն՝ մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք` 30 մլն դրամի չափով: 2019 թ.-ի դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն ակտիվներից պետական գույքն օտարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ընդհանրապես, ՀԿԵ-ի ու
 
«Գազպրոմ Արմենիայի» հետ կապված իրավական հարցերի պակաս չի եղել իշխանափոխությունից հետո:
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում նշել է, որ ռուսական կողմը հույս ունի, որ վերջին մի քանի տարում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների նկատմամբ սկսված դատավարությունները կկարգավորվեն:
 
«Հույս ունենք, որ այն դատական գործընթացները, որոնք սկսվել են վերջին մի քանի տարիներին ՀՀ-ում համատեղ ձեռնարկությունների նկատմամբ, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված, կկարգավորվեն առանց միջադեպերի, որոնք հարիր չեն դաշնակիցներին»,- ասել նա:
 
Ըստ էության, ռուսական կողմը փաստացի ակնարկել է գազի գնի վերանայման և վերը նշված հարցերում, այդ թվում՝ երկաթուղու խնդրում որոշակի հստակության անհրաժեշտության միջև ուղիղ կապի մասին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին ՀՀ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ են եղել նշյալ հարցում հստակություն մտցնելու գործին
 
Թերթի  աղբյուրը փոխանցում է, որ երեկ Փաշինյանն իր աշխատակազմին հրատապ կարգով հանձնարարել է ստեղծել մի հանձնաժողով, որը բավական սեղմ ժամկետներում պետք է խնդրի լուծման տարբերակներ ներկայացնի կառավարությանը»:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորաշեն գյուղում թաղման ժամանակ տեղի ունեցած պատմությունն ավելի է լարել Փաշինյան-Ավինյան հարաբերությունները: Հիշեցնենք․ Ռուսաստանից եկած անձինք պարետատնից խնդրել էին` թույլ տալ մասնակցելու հարազատի թաղմանը։
 
Ավինյանն իր եղբորը, որը նույնպես բժիշկ է եւ այժմ մեկուսացված է, «գարանտ» էր նշանակել, որ հետեւի ընթացքին՝ վիրուսը հանկարծ տարածում չգտնի։ Սակայն կորոնավիրուսով հիվանդ-մեկուսացված հարազատներից մեկը գյուղ տանող շտապօգնության մեքենայից հարազատներին տեսնելով, առանց թույլտվության դուրս էր թռել, ողջագուրվել բոլորի հետ, ինչի արդյունքում ստիպված եղան գյուղն ամբողջովին փակել։
 
Փաշինյանը, որն առանց այն էլ դժգոհ էր Ավինյանից, մանավանդ նրա՝ Ժորիկին պարետատնից հեռացնելու հրահանգին չենթարկվելուց հետո, Ավինյանին ու եղբորը նկատողություն է տվել, որ չեն կարողացել իրավիճակը վերահսկել՝ «իրենց մեղքով մի ողջ գյուղ վարակի օջախ է դառել»,- ասաց պարետատան մեր աղբյուրը:
 
Իսկ ոչի՞նչ, որ Փաշինյանի խոհարարի պատճառով էլ մի ողջ Մարմարիկ գյուղ էին փակել։ «Դե` հիմա. Ավինյանն ստիպված եղավ մարդկանց հոգեհանգստի հետ կապված նոր որոշում կայացնել` արգելել հարազատների մասնակցությունը։
Ի դեպ, Ավինյանի նկատմամբ անհանդուրժողականությունը շատ ավելի վաղուց է սկսվել, երբ Աղվան Հովսեփյանի հետ մասնակցեց «ՆԻԳ-Ապարանի» միջոցառմանը, անգամ ՔՊ վարչության նիստում էին քննարկել հարցը»։ Բայց այդ միջոցառմանը մասնակցում էր նաեւ Սամվել Ալեքսանյանը, որն Ավինյանի գլխից «զոնտիկը» շատ վաղուց տեղափոխել է Փաշինյանի գլխին. «Բոլոր դեպքերում Փաշինյանը գտնում է, որ Ավինյանը չի փոխվում, պահում է նախկինների հետ իր հարաբերությունները, չի գնում հեղափոխական արժեքների հետեւից»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել:
 
Մելքումյանն առաջարկում է ավելացնել փոխհատուցման ենթակա ավանդների սահմանաչափերը: Գործող օրենքով բանկի սնանկացման դեպքում փոխհատուցման է ենթակա մինչև 10 մլն դրամային ավանդը և մինչև 5 մլն արտարժութային ավանդը: Մելքումյանն առաջարկում է դրամային ավանդի փոխատուցման չափը դարձնել16 մլն, իսկ արտարժութայինը` 7 մլն:
 
Մելքումյանը կարծում է, որ այս փոփոխությունը կնպաստի բանկերի նկատմամբ վստահության մեծացմանը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ ի դեմս ՊԵԿ-ի, հանդես է եկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությամբ: Այս փոփոխությամբ բանկերը պարտավորվում են իրենց հաճախորդների մասին ՊԵԿ-ին տրամադրել բանկային գաղտնիք համարվող տեղեկություն «հարկային մարմնի իրավասության շրջանակում իրականացվող հարկային հսկողության նպատակներին համապատասխան»:
Շատերը կարծում են, որ սա էապես կթուլացնի բանկերի նկատմամբ վստահությունը և կխթանի կապիտալի արտահոսքը մեր բանկային համակարգից»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսական լրատվականներից պարզ է դառնում, որ ռուս պաշտոնյաներն իրենց երկրում առաջիկա ամիսների համար կանխագուշակում են տնտեսության ահռելի անկում և տասնյակ միլիոնավոր գործազրկություն: Թե՛ միջազգային, թե՛ տեղական փորձագետները նշում են, որ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում դրսևորվելու է ամենածանր հետևանքներով: Աճում է հանցավորությունը, որն ուղիղ կապ ունի արդեն սկսված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:
 
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ՌԴ-ում տիրող ընդհանուր վիճակն անմիջական ազդեցություն է ունեցել նաև ներկայումս ՌԴ մի շարք քաղաքներում արտագնա աշխատանքի մեկնած մեր շատ հայրենակիցների վրա, որոնք տևական ժամանակ է՝ հարկադիր պարապուրդի են մատնված, ավելին՝ առաջիկա ամիսների ընթացքում աշխատանքի ոչ մի հույս անգամ չունեն։
 
Թերթի հետ զրույցում ՌԴ-ում աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներից մեկը նշել է, որ ՌԴ մեկնած և ներկայումս գործազրուրկ գրեթե բոլոր քաղաքացիները սպասում են, որպեսզի ՀՀ տարածքում արտակարգ դրությունը վերանա՝ հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենալու համար։
 
Ի դեպ, կան նաև մարդիկ, որոնք փետրվարի վերջին են մեկնել արտագնա աշխատանքի և երկու ամիս է՝ ոչնչով չեն զբաղվում, ավելին՝ անգամ չեն կարողանում տուն վարձել և բնակվում են բարեկամների տանը։
Սա մտահոգիչ է թե՛ այդ մարդկանց վիճակի առումով, թե նաև դրա հետ կապված շղթայական խնդիրների տեսակետից, եթե հաշվի առնենք, որ ՀՆԱ-ի 25 տոկոսը կազմում են օտարերկրյա տրանսֆերտները»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքի նախագծերի փաթեթը պատրաստ է։ Այն մինչեւ այժմ հանրային քննարկման էր դրված E-draft տեղեկատվական համակարգում եւ այժմ վերջնական տեսքի է բերվել։ Նշենք, որ այն կազմվել է արդարադատության նախարարության կողմից եւ բխում է 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով։
 
Ռազմավարությամբ նախատեսվում է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, և գործընթացը սկսվելու է պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որն հաջողությամբ անցնելու դեպքում վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։ Նշենք, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։
Համաձայն Ռազմավարության՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում։
 
Միևնույն ժամանակ, մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները՝ համաձայն իրենց աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների։
Իսկ ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող և վարակված բժիշկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզում վաղուց է եղել կորոնավարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: և ինքը ոչ թե առաջին վարակակիրն է, այլ առաջին թեստավորվածը: Եվ պնդեց, որ վարակվել է իր պացիենտներից, այլ ոչ թե ինքն է վարակակիր եղել և վարակել:
 
Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել. հետաքրքրվեցինք Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից: «Մինչև առաջին պացիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որևէ մարդ, ով ախտանշան ունենա և չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են և ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ«,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց մարզպետը: Սակայն բժիշկը շարունակում է պնդել, որ իր հետ նույն սենյակում աշխատած, իսկ տանը նույն սենյակում քնող մարդիկ վարակակիր չեն»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որը կարող է կրկին ընդվզումների պատճառ դառնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները կմիանան ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և կվերակազմակերպվեն։
 
Առողջապահության նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե նպատակն է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումը։ Նախագծում նշվում է, որ ֆիզիկապես Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես Արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ:
 
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ առողջապահության նախարարությունը հանդես է գալիս բժշկական հաստատություններ միավորելու, վերակազմակերպելու նախաձեռնությամբ, սակայն յուրաքանչյուր անգամ այն ավարտվում է սկանդալով, ցույցերով։ Վերջին օրինակը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Կանխարգելման կենտրոնի աշխատակիցները բազմիցս ցույցեր էին անցկացրել խորհրդարանի շենքի և կառավարության դիմաց, ապա աշխատանքից ազատման դիմումներ գրել։
 
Մինչ այդ էլ քննադատության էր արժանացել ծննդատները փակելու կամ այլ հիվանդանոցներին միավորելու որոշումը, և բողոքներից հետո նախարարությունը ստիպված եղավ նոր քննարկումներ անել և որոշումներ փոխել։ Հետաքրքիր է՝ ինչ է սպասվում այս որոշումից հետո»։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն