Ինչ է կատարվել Գավառում եւ ինչու. սարսափելի միջադեպի պետական խորքը


Ինչ է կատարվել Գավառում եւ ինչու. սարսափելի միջադեպի պետական խորքը

  • 29-04-2020 16:28:41   | Գեղարքունինքի մարզ  |  Վերլուծություն

Նախօրեին Գավառում տեղի ունեցած սարսափելի միջադեպը առաջացրել է հանրության բուռն, շոկային արձագանք, ինչը միանգամայն բնական է: Միաժամանակ, այն, ինչ տեղի է ունեցել, պահանջում է սառը եւ սթափ գնահատում, ախտորոշում եւ լուծում: Առերեւույթ, տեղի է ունեցել հանցագործություն, հանցագորության շղթա, վենդետա պարունակող, որը տեղի է ունեցել ոստիկանության անգործության կամ անարդյունավետության պայմաններում:
 
Այստեղ խնդիրը ունի շատ պարզ լուծում, պետք է պատասխանատվություն կրի ոստիկանության այն պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնք թույլ են տվել անգործություն կամ երեւույթի կանխարգելման հարցում ոստիկանության ոչ բավարար ներգործություն:
 
Խնդիրը սակայն այն է նաեւ, որ գործ ունենք երեւույթի խորքային հանգամանքների հետ, եւ առերեւույթ դրսեւորումները մեծ հավանականությամբ հենց խորքային խնդիրների արտացոլումն են կամ հետեւանքը:
 
Այդ առնչությամբ արժե թերեւս հարց տալ՝ ինչպե՞ս կվարվեր հանրությունը, ինչպե՞ս կարձագանքեր, եթե ոստիկանները վնասազերծեին հիվանդանոց ներխուժելու եւ վրեխժնդրություն ու ինքնադատաստան իրականացնելու փորձ անող քաղաքացիներին, ընդհուպ կրակելով նրանց ուղղությամբ: Մեծ է հավանականությունը, որ ոստիկանությունն այդ դեպքում կլիներ նույն քննադատության տարափի տակ, ինչ անգործության դեպքում: Այդ դեպքում էլ ոստիկանությունը կմեղադրվեր անհամաչափ ուժ կիրառելու համար, եւ մեղադրողների շրջանակը կլիներ հիմնականում նույնը, ինչ անգործության համար մեղադրանքի դեպքում:
 
Բանն այն է, եւ դա գալիս է Հայաստանում հասարակական-քաղաքական խնդիրներից, հանրություն-իշխանություն կամ հանրություն-կառավարիչներ հարաբերության խորքային ճգնաժամից, որ Հայաստանում «տրենդային» է այն, որ ոստիկանությունը ունի սպանվելու «իրավունք», իսկ սպանելու՝ երբեք: Փոքր ինչ կոշտ եւ ծայրահեղ եմ տվել խնդրի բնորոշումը, դրա բարդությունն ու խնդրայնությունն ընդգծելու համար: Հատկապես, որ անցնող քառորդ դարի պատմությունը տվել է բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են, որ ծայրահեղ թվացող ընդգծումը Հայաստանում գործնականում եղել է պարբերական դեպքերի շարք:
 
Հեղափոխությունից առաջ ոստիկանությունը դիտվել է ռեժիմի գործիք, ինչ է դիտվում ոստիկանությունը հեղափոխությունից հետո՝ այդքան էլ պարզ չէ: «Ոստիկանը մերն է» արտահայտությունը ոչինչ չասող է, քանի որ ոստիկանի բուն գործը այն մարդկանց հետ է, որոնց համար այդօրինակ հայտարարությունները պարունակում են զավեշտալի ռոմանտիզմ: Միաժամանակ, քաղաքական իրողությունն ակնհայտորեն մնացել է այդ ռոմանտիզմի պատանդի կարգավիճակում:
 
Ոստիկանը պետք է լինի ոչ մերը, ոչ ձերը, այլ պետությանը, իսկ դա նշանակում է, որ ոստիկանությունը պետք է ունենա պետական խնդիր: Ո՞րն է Հայաստանի ոստիկանության պետական խնդիրը հեղափոխությունից հետո, բացի իհարկե Վարդավառի կամ այլ տոնական առիթներով քաղաքացիներին զվարճացնելուց:
 
Թե որն էր ոստիկանության պետական խնդիրը հեղափոխությունից առաջ, պարզ էր: Այն չուներ հանրային լեգիտիմություն, բայց համարժեք էր եղած պետական կառավարման բնույթին եւ կոդեքսին: Եվ դա իհարկե բերել էր ոստիկանության, ոստիկանի հանրային ընկալման խեղման, ինչին նպաստում էր նաեւ այդ ժամանակաշրջանի ընդդիմադիր հանրույթը:
 
Բայց, ըստ ամենայնի չէր գիտակցվում խնդիրը, որ պետք է առաջանար արդեն այդ հանրույթի պետական կառավարման պարագայում: Եվ Գավառում տեղի ունեցածը հենց այդ խնդրի դրսեւորումն է: Ընդ որում, հետհեղափոխական շրջանում այդ խնդիրը դրսեւորվում է ամենեւին ոչ առաջին անգամ:
 
Եվ ոստիկանության բարեփոխման, կամ թավշի անմիջապես ծեծվող հարցերն էլ այստեղ առանցքայինը չեն, քանի դեռ բաց է համակարգի առաջ դրված պետական խնդրի հարցը, ինչը պետք է պայմանավորի ոստիկանության վարքագիծը առանձին իրադրություններում՝ թիկունքին պետության առկայության համոզվածությամբ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն