«Ես ձե՛ր դարդը չեմ, ես չեմ ուզո՛ւմ «հարամ» անեք իմ հեղափոխությունը»․ Նաիրա Պողոսյան


«Ես ձե՛ր դարդը չեմ, ես չեմ ուզո՛ւմ «հարամ» անեք իմ հեղափոխությունը»․ Նաիրա Պողոսյան

  • 29-04-2020 18:07:10   | Հայաստան  |  Հասարակություն

Գեղարքունիքի մարզպետը շեշտում է, որ Գավառի հիվանդանոցում չի եղել դեպքի ժամանակ և ․․․մանրամասն պատմում, թե իրեն ինչ են պատմել․․․
 
Մարզպետը․․․ Պատմում է այնպիսի բաներ, որոնք կարող էին ասել ա- կա- նա-տես-նե՛րը, լավ՝ հարևանները, կողմերը, բուժաշխատողները, իսկ ինքը, նշելով, որ տեղում չի եղել, իր ձեռնարկած միջոցները ներկայացնելուց հետո պետք է ընդամենը հավելի, որ ոստիկանությունը հանգամանքները կպարզի (ոստիկանության անհասկանալի պահվածքը չենք քննարկում՝ առանձին թեմա է)։ ․․․Որովհետև նա մարզպե՛տ է, պետք չէ, որ մանրամասն ներկայացնի իր չտեսածը, բայց լսածը․ բա որ ակամա սխալ բան ասի այս լարված վիճակում։ Հետո էլ ավելի է տարածում մտքերը՝ ոգևորված հաստատելով իր՝ դարձյալ չտեսած, այլ դեսից-դենից լսածը, որ հիվանդանոց ներխուժողները 500 էլ չէ, ասել են՝ մոտ 700 հոգի են եղել․․․ Հակասություն պաշտոնական լրատվության և պաշտոնյայի խոսքում, գործողություններ, որոնք բխում են միմյանցից տեղյակ չլինելուց, չգործակցելուց։
Ընդհանրապես, իմ ընտրա՛ծ իշխանության, որին, այո՛, հպարտությամբ ընտրել եմ և շատ եմ ուզում վերընտրելու ցանկություն ունենալ, ինքնաոչնչացման ձևերից մեկը (չհաշված շատերի խելքի, փորձի, լրջության, կամքի բացակայությունը) ամբախ-զամբախ խոսելն է՝ եթերում, ստատուսներում․․․
Դուք արձագանքում եք յուրաքանչյուրի՝ բաղնիքում սափրվելու, քթի կեղտը մաքրելու, լվացվելու ստատուսներին անգամ․ սա ի՜նչ պարադոքս է՝ թեթևսոլիկ ստատուսչիկներ։ Փորփրո՞ւմ եք բոլոր՝ ձեր հաշվին ինքնահաստատվողների էջերը, տեսնեք՝ ինչ են դուրս տալիս, որ լուրջ-լուրջ արձագանքեք․․․ Ձեզ մի քիչ հաշիվ տվեք, պետությո՛ւն եք ղեկավարում․ հասարակ, պարզ լինելը պրիմիտիվ՝ պարզունակ, լինել չի նշանակում։ Վերջապես գիտակցեք՝ ինչի համար եք հավաքվել այդտեղ։ Նաև ձեր արձագանքներն են պատճառը, որ տեղից վերկացող յուրաքանչյուր տհաս իրեն ազգային կարևորագույն գործիչ է զգում և գլխավորը՝ անսխլական․ այդ դո՛ւք եք ձեր սրտատրոփ արձագանքներով նրանց այդպես մտածելու տեղիք տալիս։
Այնքան թույլ եք, որ քթներիդ տակ ձեր հրամանները չեն կատարում, չեք էլ նկատում, քանի որ ձեզ խաբում են, իսկ դուք իսկի չեք ջոկում, ուր մնաց՝ հետամուտ լինեք, դեմն առնեք։ Պատասխանատու եմ յուրաքանչյուր բառիս համար, պատրաստ՝ ապացուցել առավել քան խոսուն փաստերով, քանի որ ձեր պես անտեղյակ չեմ կամ՝ կիսատ-պռատ տեղյակ։
Ես ձե՛ր դարդը չեմ, ես չեմ ուզո՛ւմ «հարամ» անեք իմ հեղափոխությունը, հետ բերեք մոնղոլ-թաթարներին, և երկիրը կրկին թալանի, կոռուպցիայի ու բռնության մատնվի, ինչ է, թէ՝ մեծամասամբ անմեղսունակ եք և կամազուրկ։ Հավաքե՛ք ձեզ եթերներից, ֆեյսբուքներից, ուշքի բերեք ու անցեք գործի վերջապես (բնականաբար, ամբողջ իշխանությանը չի վերաբերում ասածս, այլ՝ ճնշող մեծամասնությանը)։
 
Լրագրող 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն