Վարչապետը խիստ զայրացել է․ ի՞նչ է հանձնարարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30-04-2020 18:37:59 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դռները կապարակնքել են, եւ նրա պաշտոնավարման հետ կապված խնդիրներ են եղել։ Իշխանական աղբյուրը նշեց, որ փոխվարչապետի գրասենյակի աշխատասենյակներն ու կառավարության նիստերի դահլիճը գտնվում են 5-րդ հարկում` կողք-կողքի, կառավարության նիստի ժամանակ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը քամին ուժեղ փակել-դխկացրել է, ինչից նիստը վարող Նիկոլ Փաշինյանը զայրացել է եւ հրահանգել` կնքել Սիսեռյանի դռները, ինչից հետո Սիսեռյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն Ավինյանը դիմումը չի ընդունել:
Դուք դիմում եք գրել ու դո՞ւրս եկել աշխատանքից՝ հարցրինք Վ. Սիսեռյանին։ ««Դուրս եմ եկել»-ը չի համապատասխանում իրականությանը՝ աշխատում եմ»: Ձեր դռները կապարակնքվե՞լ են։ «Մեկ անգամ արդեն ասել եմ` հարցն ուղղեք վարչապետի աշխատակազմին»: Եվ, այնուհանդերձ, արդեն մի քանի օր է, որ չեք նստում այդ սենյակներում, որտե՞ղ եք հիմա նստում։ «Իմ գրասենյակը տեղափոխվել է 5-րդ հարկի մյուս թեւ, այդքանը կարող եմ ասել, ինչը, իհարկե, փաստ է։ Ի դեպ, աշխատանքային առումով դա ավելի ճիշտ է, որովհետեւ այդ սենյակներն ավելի մոտ են Տիգրան Ավինյանին»:
Իսկ համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, որ վերջերս Ավինյանից վերցվել են որոշակի տնտեսական իրավասություններ եւ տրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ «Կորոնավիրուսի խնդիրներով զբաղված լինելու հետ կապված՝ ոչ թե վերցվել, այլ տնտեսական-սոցիալական ծրագրերը, այո, հիմա համակարգում է Մհեր Գրիգորյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Շատ է խոսվել այն մասին, որ օրվա իշխանությունները, մեղմ ասած, չեն փայլում արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներով, եւ հաճախակի են բախվում թույլ տրվող «լյապերի» ու բացթողումների հետեւանքներին։ Արտաքին քաղաքականության ոլորտում բավականին թույլ է, հատկապես, խորհրդարանական դիվանագիտության ճակատը, որտեղ, մասնագետների գնահատմամբ, գրեթե ոչինչ չի արվում, իսկ ձախողումները հաջորդում են միմյանց։
Հերթական խնդիրն ի հայտ եկավ՝ կապված Արցախի Հանրապետության նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ, երբ տարբեր քաղաքական բեւեռներից հնչեցին բավականին կոշտ հայտարարություններ, որոնք վերը նշված խնդիրների մասին են վկայում։
Այս հարցում հատկապես ակտիվ էին եվրոպական խորհրդարանական կառույցները, որոնք տարբեր գնահատականներով ու հայտարարություններով հանդես եկան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր շրջապատին հրահանգել է հրապարակայնորեն չանդրադառնալ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորմանը և չքաղաքականացնել հարցը:
Ծառուկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները հակված են մտածելու, որ Ծառուկյանը փորձելու է Առուստամյանի հարցով լեզու գտնել իշխանության հետ, ինչը այնքան էլ իրատեսական չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 24-ին հայտնի դարձած Արտուշ պապիկին առաջինն այցելել են քոչարյանականները։ Մինչ վարչապետի ուշադրությունն առ Արտուշ պապիկ որակվում էր որպես փիառ, պարզվում է՝ Քոչարյանի աջակիցներն են վաղ առավոտյան շտապել ծեր մարդու տուն, լուսանկարվել, ապա համացանցում տարածել Արտուշ պապիկին օգնության հասնելու իրենց լուսանկարները։
Քոչարյանականներից մեկը եղել է Սամվել Յահյանը, ով նախկինում աշխատել է տրանսպորտի և կապի նախարարությունում, Նուբարաշեն վարչական շրջանում։ Նրա պետական ծառայության անցյալին կանդրադառնանք առաջիկայում»։
«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունից հետո ոչ մեկ անգամ բարձրաձայնել ենք այն մասին, որ անհանդուրժողականության, խտրականության ու ատելության սերմանումը հղի է լուրջ վտանգներով: Այս մասին զգուշացնում էին քաղաքագետները, հոգեբանները, այլ փորձագետները:
Սակայն իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, չցանկացան փոխել իրենց գործելաոճը և շարունակեցին օգտագործել այնպիսի բառապաշար, այնպիսի պահվածք, որն աստիճանաբար հասարակության մեջ ավելի ու ավելի էր խորացնում թշնամանքը: Այն, որ երկրում ստեղծվում է «հեղափոխության պահապանների» կասկածելի խումբ, որ երկար տարիների մանկավարժը կարող է կոչ անել մորթել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին ու նրանց ընտանիքներին, այն, որ Ազգային ժողովում բառիս բուն իմաստով բանավեճ չկա, իսկ պատգամավորները միմյանց հետ խոսում են հայհոյանքի լեզվով՝ վիրավորելով նաև կնոջը, նշյալ պահվածքի հետևանքներն են:
Իսկ դրա առաջին պատասխանատուն օրվա իշխանություններն են: Եթե երկրի վարչապետի շուրթերից հնչում են «սամասուդ», «սատկացնել» արտահայտությունները, եթե վարչապետի աշխատակազմը հայտարարություններ է անում «մեր ունեցած հավաստի տեղեկություններով» ձևակերպման հանգվույն՝ խախտելով անմեղության կանխավարկածի հնարավոր ու անհնար սահմանները, թշնամանք հրահրելով այս կամ այն ուժի, անհատի հանդեպ, պետք է պատրաստ լինել, որ հասարակությունն էլ կարող է համարժեք արձագանքել:
Ընդ որում, ոչ միայն սոսկ կենցաղային կամ «քրեական» հողի վրա, այլ նաև քաղաքական: Կարմիր գծերն սկսել ենք տրորել ամբողջ ուժով: Թեպետ… գուցե դեռ շատ ուշ չէ: Եթե այդպես է, ուրեմն իշխանությունները դեռ կարող են շտկել իրավիճակը: Եթե ցանկանում են, իհարկե»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի 6 ամսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովն այդպիսի որոշում է կայացրել դռնփակ նիստի ժամանակ՝ ամփոփելով արդյունքները, իսկ արդեն մայիսի 5-ին գումարվող ԱԺ հերթական նստաշրջանին այդ հարցը ևս կքննարկվի։
Նշենք, որ յուրաքանչյուր քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետ կարելի է երկարաձգել միայն մեկ անգամ, որից հետո պետք է արդեն զեկույց ներկայացնել արդյունքների մասին։ Նկատենք, որ գոյության այս ամիսների ընթացքում հանձնաժողովը միայն երկու նիստ է անցկացրել։ Ամեն դեպքում ԱԺ պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին խոսում։ Ընդ որում, հունվարի 24-ին աշխատակարգ են սահմանել, մարտի 2-ին քննարկել պաշտոնյաների հրավիրման հարց, իսկ երեկ էլ հավաքվել, որոշել երկարացնել գործողության ժամկետը։ Եվ արձանագրության մեջ հանդիպում ենք այսպիսի արտահայտության․ «աշխատանքի բաշխում՝ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»: Ստացվում է՝ իրենք ևս ընդունում են, որ անարդյունավետ է եղել այս ամիսների աշխատանքը։ Հավելենք, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանն է»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին տեղի ունեցած «Վերնատուն» հասարակական-քաղաքական միավորման հավաքի ժամանակ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը խոստացավ, որ կվերակենդանացնի ԱԺՄ-ն: Մանուկյանը հայտարարեց, որ գարնանը ինքը կուսակցության համագումար կանի, ինչը կնշանակի, որ վերադառնում է քաղաքական դաշտ:
Մեր տեղեկություններով՝ Մանուկյանը ոչ գարնանը և ոչ էլ աշնանը համագումար չի անի, քանի որ հասկանում է, որ իր քաղաքական դաշտ վերադառնալու համար չկա ո՛չ հանրային պահանջ, ո՛չ նախադրյալ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և ավելացնել դրույթ, ըստ որի՝ «Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտրելի տառի կամ թվանշանի, կամ տառերի և թվանշանների թույլատրված համակցություն»:
Սա աշխարհի տարբեր երկրներում ընդունված կարգ է, և օրինակ՝ Միացյալ Նահանգներում սեփականատերն իրավունք ունի գրելու նույնիսկ իր անունը կամ կամայական անուն: Դրա արժեքը բավական մատչելի է՝ ընդամենը 15 դոլար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` մի քանի օր առաջ կորոնավիրուսով է վարակվել օրթոպեդիկ հիվանդանոցի պահակային գունդը. «Մի 5-6 օր առաջ օրթոպեդիկի հիվանդներից մեկը փորձել է փախչել, պահակային գնդի աշխատակիցը վազել-բռնել է, թույլ չի տվել, որ փախչի, ինքն էլ է վարակվել, հետո տղաներին է վարակել»:
Շա՞տ են վարակվածները։ «2-3 հոգի վարակված են, մեծ թվով կանտակտավորներ` մեկուսացված»:
Ի դեպ, վարչապետի պահակային ծառայության 3 աշխատակիցներ, որոնցից մեկն Աբովյանից է, ասացին` նույնպես վարակված են կորոնավիրուսով, նրանք ձեզ մո՞տ են բուժվում։ «Ոչ, մենք նման բանից տեղյակ չենք»: Նույն հարցն ուղղեցինք վարչապետի մամլո քարտուղար Մանե Գեւորգյանին, ով առանց վայրկյան իսկ կորցնելու ասաց․ «Ոչ, չի համապատասխանում լուրն իրականությանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը «Ժողովուրդ» օրաթերթիի հետ զրույցում մի քանի մանրամասներ ներկայացրեց իր հեռանալուց , ապա անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ավագանու նիստում հնչեցրած հայտարարություններին։
Մասնավորապես, երեկ նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամներ հետաքրքրվեցին ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթից, նախկին ղեկավարի հետ հարաբերություններից և այդ ամենի մեջ իր կնոջ դերակատարմանը, որին ի պատասխան Հայկ Մարությանը նշել էր․ «Չգիտեմ՝ աղջիկներն իրենց մեջ ինչ չեն կիսել։ Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում»։
Այսօր Հայկ Մարությանի հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՈԱԿ-ի նախկին ղեկավար Արմեն Բեգոյանի հետ։ «Ես «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոնը լքել եմ, դեկտեմբերի 20-ին եմ նշանակվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն։ Ինձ դեռևս ամռանն էին խնդրել գնալ այդ կենտրոն և ես կես տարի զբաղված եմ եղել դրա ստեղծումով։ Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը մինչև իմ գնալը, փոխտնօրենն էր ղեկավարում։
Կարող եմ ասել, որ այդ ՀՈԱԿ-ը նորմալ աշխատել է, քանդվել է քաղաքապետի տիկնոջ թեթև ձեռքով։ Ես ասում եմ, ինքը ժխտում է, բայց ես շատ բան ունեմ ասելու ու իմ ասածները շատ հեշտ ապացուցելի են։ Յուրաքանչյուրը, ով ցանկություն ունի իմանալ ճշմարտությունը, կարող է իմանալ ՀՈԱԿ-ի աշխատակիցներից։ Մարությանի կինն այնպիսի պահանջներ է դրել, ուղղակի տեռորի է ենթարկել այդ կազմակերպության ղեկավար կազմին, բոլորը հրաժարական տվեցին, գնացին», – նշեց նա։
Բեգոյանը չցանկացավ անդրադառնալ Մարուքյանի արտահայտություններին, սակայն նշեց․ «Ես ստիպված պետք է իջնեմ այդ մակարդակին և մի բան ասեմ։ Առավոտյան գնում ես աշխատանքի ու աշպատակազմի ղեկավարը քեզ բոլորի ներկայությամբ ասում է՝ «Սենյակիցդ անմիջապես դու արի», ավելին, երբ իմացան, որ բոլոր աշխատողները հեռանում են, ասացին՝ այլևս չեք կարող քաղաքապետարանի որևէ կառույցում աշխատել։ Ես այդպիսի բան չէի տեսել։ Իմ պայքարը իմ պաշտոնի համար չէ, ինձ խնդրել էին, որ գամ այդտեղ։ Քաղաքապետը ստում է, ելույթում ասում է՝ շինարարությունն այնպիսի տեղ է, որ կոյուղի չկա։ Նա ընդհանրապես տեղում չէ, նա չգիտե, որ ինքն է տրամադրել այդ տեղը, ինքը չգիտի՞, որ այդ շինարարությունը քաղաքապետարանն է անում, իրենք են անում, իրենք են հայտարարել մրցույթը, դիզայնի տարբերակն ինքն է առաջարկել։ Նա չգիտի, որ ՀՈԱԿ-ի տնօրենը չի կարող որոշել՝ Երևանի հողերում ինչ սարքի, նա կամ չգիտե կամ ստում է ուղղակի»։
Բեգոյանը հայտարարեց նաև, թե ինչ քայլերի է պատրաստվում դիմել։ «Ես պատրաստվում եմ ապացուցել, որ Հայկ Մարությանը ստում է։ Բազմաթիվ մարդիկ կան, ում տեռորի են ենթարկել և իրենք ստիպված լքել են պաշտոնը», – հավելեց նա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալման արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, սակայն թե ինչ ձեւաչափով եւ որտեղ, դեռեւս որոշված չէ։ Իսկ մինչ այդ կառավարությունում շունչները պահած սպասում են, թե ով կմնա, ով կգնա։
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Բակո Սահակյանի հետ ճանապարհ անցած Հարությունյանը հակված չէ կադրային ջարդ իրականացնել։ Եթե նրան չուղղորդեն պաշտոնական Երեւանից, ապա գործող կառավարության կազմի կորիզը հաստատ կպահպանվի։
Այնուամենայնիվ, այս պահին հաստատ է, որ պաշտոնը կպահպանի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քանզի այդ պաշտոնում նշանակվում են ՀՀ իշխանությունների ընտրությամբ։ Ամենայն հավանականությամբ, կվերանշանակվի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի գլխավորած կառավարությունում ժամանակին ֆինանսների նախարար է աշխատել։
Նորընտիր նախագահը հակված է պահել նաեւ ուժայինների ղեկավարներին։ Սակայն փոփոխություններից խուսափել հնարավոր չի լինելու, քանի որ Հարությունյանը քաղաքական կոնսուլտացիաներ է վարում քաղաքական ուժերի հետ եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու նպատակներ ունի։ Երեկ Սամվել Բաբայանի գրասենյակը լուր տարածեց, որ «քաղաքական կոնսուլտացիաներ» են սկսվել Արայիկ Հարությունյանի եւ Բաբայանի միջեւ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանի թիմում կարծում են, որ վերջինիս դեմ իշխանության սկսած արշավը պայմանավորված է Վանեցյանի քաղաքական ակտիվությամբ։
Բանն այն է, որ ԱԱԾ նախկին տնօրենը մի քանի շաբաթ է՝ համախոհների հետ ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է, ինչպես նաեւ մարզերում ու Երեւանի վարչական շրջաններում գրասենյակների տարածքների փնտրտուք է գնում, որ արտակարգ դրության ավարտից հետո ակտիվ քաղաքականություն մուտք գործի։ Ավելի վաղ գրել էինք, որ Վանեցյանը մտադիր է նաեւ լրատվամիջոց բացել։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Փաշինյանն իր խոսնակի շուրթերով ոչ միայն «սամասուդի» ենթարկեց Գագիկ Խաչատրյանին ու Միքայել Մինասյանին՝ նրանց վերագրելով ծանր հանցանքներ, այլեւ հայտարարեց, թե հեղափոխությունից հետո Վանեցյանն է գնել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ունեցած Մինասյանի բաժնեմասը, ինչին Վանեցյանը պատասխանել է»: