Վարչապետն ու ԱԱԾ-ն կտա՞ն պատգամավորի հարցի պատասխանը


Վարչապետն ու ԱԱԾ-ն կտա՞ն պատգամավորի հարցի պատասխանը

  • 01-05-2020 15:50:50   | Հայաստան  |  Վերլուծություն

«Եթե իրենք գտնում են, որ կարիք չկա մեկնաբանելու, թող չմեկնաբանեն, շատ լավ:
 
Ուրեմն այս հարցերը հանրության մոտ այդպես էլ կմնան անպատասխան», Lragir.am-ի հետ հարցազրույցում ասում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը նախօրեին սկանդակային հարց էր հրապարակել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկության հետ կապված: Վանեցյանի գրասենյակը արձագանքել էր, թե չի տեսնում անլուրջ եւ անպատասխանատու հայտարարությունները մեկնաբանելու կարիք:
 
Եվ ահա, պատգամավորը նշում է, որ եթե այդպես են կարծում, ապա լավ՝ ուրեմն հարցերը կմնան անպատասխան:
 
Ամբողջ հարցն այն է սակայն, որ մինչ այդ էլ Հրաչյա Հակոբյանը նշում է, որ իր մոտ ծագել են հարցեր, ընդամենը հարցեր, ինչի համար առանձնապես հիմք պետք չէ, եւ այդ հարցերը կարող են հետաքրքրել նաեւ հանրությանը:
 
Հարցերն իսկապես հետաքրքիր են, որովհետեւ դրանք բարձրաձայնում է ոչ թե որեւէ դեղին մամուլ կամ «ֆեյք» աղբյուր, այլ Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորը: Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրում դա միակ առաջնային ներկայացուցչական մանդատն է:
 
Ըստ այդմ, հարց բարձրացնող պատգամավորը պետք է հետամուտ լինի հարցի պատասխանին, հատկապես երբ խոսում է այն մասին, որ հարցը հետաքրքիր է նաեւ հանրությանը: Իսկ հարցի պատասխանի միակ աղբյուրն Արթուր Վանեցյանը չէ: Հարցի պատասխանն ունի թերեւս առնվազն երկու աղբյուր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյան, եւ Ազգային անվտանգության ծառայություն:
 
Պատրաստվու՞մ է արդյոք պատգամավորն իր բարձրաձրած կարեւորագույն հարցի առնչությամբ ստանալ պատասխան այդ աղբյուրներից որեւէ մեկից եւ ներկայացնել նաեւ հանրությանը, որին հարցն, ինչ խոսք, հետաքրքրում է:
 
Կամ, պատրաստվու՞մ են արդյոք վարչապետ Փաշինյանը կամ Ազգային անվտանգության ծառայությունն իրենց նախաձեռնությամբ պարզաբանել պատգամավորի հարցը, որն առնչվում է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը:
 
Բանն այն է, որ չպարզաբանված, օդում մնացող այդօրինակ հայտարարությունների թիրախում իրականում միայն առերեւույթ է հայտնվում օրինակ Արթուր Վանեցյանը, քանի որ խորքային առումով թիրախում են հայտնվում Հայաստանի հանրությունն ու հանրապետությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Մեկնաբան

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն