Չի կարող լինել փուլային տարբերակ, որտեղ մենք կխախտենք պարտավորությունների համադրելիությունը․ դա չաշխատող բան է. արտգործնախարար


Չի կարող լինել փուլային տարբերակ, որտեղ մենք կխախտենք պարտավորությունների համադրելիությունը․ դա չաշխատող բան է. արտգործնախարար

  • 04-05-2020 16:39:57   | Հայաստան  |  Հասարակություն

Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համադրելիությունը, դա չաշխատող բան է։ 
 
Այս մասին մայիսի 4-ին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հրավիրված նիստի ընթացքում պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի այն հարցին, թե Արցախի հարցով ընթանում են կոնսուլտացիանե՞ր, թե՞ բանկցություններ, հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ 
 
Ըստ նրա՝ կար մի գործընկեր, որը ժամանակին ասել է, թե իրենք համաձայն են փուլային տարբերակին, ինչը ենթադրում է, որ առաջին փուլում ստատուսի հարցն է լուծվում, հետո՝ մնացածը: 
 
«Այսինքն՝ մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ  պարտավորությունները համադրելի են, վերահսկվում են, շոշափելի են, սա ամենառաջնային խնդիրն է։ Էլի եմ կրնկնում, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով պարտավորություն է կատարում ու չի ստանում համադրելի պատասխան քայլ մյուս կողմից, ապա ինքը խարխլում է իր անվտանգային դիրքերը բանակցություններում»,- ընդգծեց նախարարը:
 
Արձագանքելով Զ. Մնացականյանին՝ Արման Աբովյանը հետաքրքրվեց, արդյո՞ք կարելի է ֆիքսել, որ հայկական կողմի համար էականը փաթեթային կամ փուլային լուծումը չէ, այլ պարտավորությունների համադրելիությունը, բալանսի պահպանումը, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այո՛»։ 
 
Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցով բանակցություններում ներկայումս ակտիվորեն քննարկվում է մեկ տարի առաջ առաջարկված փուլային տարբերակը՝ արտգործնախարարը նկատեց, որ շատ էական է սառնասիրտ և հանգիստ մնալը:
 
Նրա խոսքերով՝ շատ հրապուրիչ է հատկապես ներքին դաշտի համար գունավոր ձևերով ներկայացնել ինչ-որ բաներ, բայց այն, ինչ ասում են, ավելի քան հստակ է, իսկ Լավրովի հայտարարությունից հետո արձագանքներ եղել են և այժմ կարիք չկա ավելի փորփրել այդ ամենը։ 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն