Երեւանի կոշտ պատասխանը. Բաքուն փոխում է հարվածի ուղղությունը


Երեւանի կոշտ պատասխանը. Բաքուն փոխում է հարվածի ուղղությունը

  • 05-05-2020 15:38:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Բաքվի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում մի քանի հարյուր ցուցարար սոցիալական բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության սոցիալական անարդյունավետ քաղաքականության դեմ: Ցուցարարների դեմ կիրառվել է ոստիկանական ուժ: Նրանք հայտարարել են, որ ծանր սոցիալական վիճակ է, չունեն ապրուստի միջոց:

Բաքվի մերձակայքում ցույցը տեղի է ունենում Ալիեւի հակակորոնավիրուսային մարտավարության քարոզչական ձոների ֆոնին:
 
Բանը հասել է այնտեղ, որ Բաքվի քարոզչամիջոցներում գրում են, որ պայքարի ադրբեջանական ձեւը կարող է օրինակելի լինել անգամ Եվրոպայի համար:
 
Դրան զուգահեռ, Ադրբեջանում բարձրանում է ռազմական հռետորաբանությունը, հերթական փուլով: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օրերս բանակի հրամկազմի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «հայկական կողմը սադրանքների է դիմում» եւ դա կտրուկ բարձրացնում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Իսկ նախօրեին Հասանովը եւ Ալիեւի ռազմական հարցերի օգնական Մահերամ Ալիեւը այցելել են առաջնագիծ:
 
Ի դեպ հատկանշական է այդ այցին հայկական կողմի կոշտ պատասխանը՝ Հասանովի այցը եղել է ամբողջական դիտարկման ներքո:
 
Արդյոք հայկական կողմի հայտարարության տողատակում այն էր, որ Երեւանը թույլ չի տա Բաքվին ներքին սոցիալական լարվածության հարցերը սքողել սահմանին լարվածության հրահրումով, ինչն ուրվագծվում է Հասանովի վարքագծում: Ադրբեջանի ռազմատենչության պատճառը ներկայում Երեւանից կարգավորման բովանդակության վերաբերյալ հնչող կոշտ հայտարարությունները չեն, որոնցով Հայաստանը փաստացի մերժում է մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունը: Այն ավելի շուտ պայմանավորված է ներքին սոցիալ-տնտեսական կացությամբ, եւ այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տիրաժավորել Ալիեւի հակաճգնաժամային «գերհմուտ» քաղաքականությունը, լավագույնս վկայում է, որ այդ հարցում իրավիճակն այն չէ:
 
Միաժամանակ, Բաքվի համար իրավիճակն այն չէ նաեւ արտաքին քաղաքական տիրույթում, որտեղ ամենաթարմ միջադեպը ղազախ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածն էր, երբ Ղազախստանի սահմանապահները սպանել էին ջրային սահմանը խախտած ադրբեջանցի ձկնորսներից մեկին:
 
Ռազմական հռետորաբանությամբ Բաքուն փորձում է փոխել ուղղությունը դեպի հայկական սահման, հնարավոր է նաեւ արտաքին առեւտրի համար, որ կարող է անհրաժեշտ լինել ներքին կյանքում ուժային լուծումների պարագայում, որոնց հավանականությունը կտրուկ մեծացնում է ճգնաժամը: Ի վերջո, Բաքուն այդ ընթացքում արդեն ստացել է զգուշացում Եվրամիությունից՝ վարակը քաղաքական այլախոհության դեմ օգտագործելու համար:
 
Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը, հղում անելով նաեւ Հայաստանի պատպանության նախարարության հայտարարություններին, նշեց, որ Երեւանը բացառում է սպառնալիքի առկայություն կարգավորման գործընթացում: Այլ կերպ ասած, դա հայտարարություն էր այն մասին, որ Երեւանը թույլ չի տա, որպեսզի Բաքուն իրավիճակի լարումը փորձի դարձնել արտաքին կենտրոնների հետ առեւտրի առարկա:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն