Մտահոգված ենք այս իրավիճակով. բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին


Մտահոգված ենք այս իրավիճակով. բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

  • 06-05-2020 17:24:29   | Հայաստան  |  Քաղաքական

Բաց նամակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
 
Վերջին շրջանում ականատես ենք եղել իշխանության և բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հարձակումներին և մտահոգված ենք այս իրավիճակով:
 
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում Ձեզ ավելի վճռական քայլեր ձեռնարկել նախկին ռեժիմի ներկայացուցիչների հանդեպ, ովքեր ակնհայտ ապօրինությունների և պետության թալանի մասնակիցներ են եղել, և համառորեն շարունակում են ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելու միջոցով ապակայունացնել իրավիճակը, լեգիտիմ իշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարել:
 
Կոչ ենք անում նաև արագացնել դատաիրավական համակարգի վերափոխմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները և կառավարական այլ նախաձեռնությունները, դրանց իրական հեղափոխական ընթացք հաղորդել:
 
Այս նպատակներին հասնելու համար առաջարկում ենք Ձեզ համագործակցել ազգային հայեցակարգ ունեցող ուժերի և անհատների հետ՝ ընդհուպ մինչև նրանց հետ կազմելով ազգային միասնության կառավարություն:
 
Ինչպես Հայաստանի մեր հայրենակիցները, այնպես էլ սփյուռքը սպասում են հիմնարար և հեղափոխական փոփոխությունների, որոնք Դուք խոստացել եք կատարել, երբ եկաք իշխանության:
 
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք առաջնահերթություններ, որոնք հանրության հետ մեր շփումների ընթացքում արծարծվում են որպես ամենակարևոր և պահանջված ակնկալիքները Ձեր իշխանությունից:
 
1. Հաստատել իրավունքի գերակայություն և արդարություն՝ ուժային կառույցների, դատարանների, դատախազության, քննչական մարմինների հիմնավոր և տեսանելի վերափոխմամբ
 
2. Քաղաքական գնահատական տալ նախկին ռեժիմին
 
3. Իրականացնել անցումային արդարադատություն՝ պատասխանատվության ենթարկելով նախկին ռեժիմի բոլոր էական դերակատարներին: Պետբյուջե վերադարձնել պետությունից գողացված, ապօրինի միջոցներով կուտակված գումարները
 
4. Ձեռնամուխ լինել Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության փոփոխությանը, դրանում ընդգրկելով նաև ոչ իշխանական, նախկին ռեժիմի դեմ պայքարած ուժերի և անհատների
 
5. Բարեփոխել ընտրական օրենսգիրքը, կազմալուծել նախկին ռեժիմին ծառայած ընտրական հանձնաժողովները և կազմել նոր ընտրական հանձնաժողովներ՝ կազմված անբիծ անցյալ ունեցող անձանցից
 
6. Պետական համակարգում վերանայել կադրային քաղաքականությունը՝ հեռացնել վերին մակարդակներում պահպանված նախկին ռեժիմի կադրերին
 
7. Ազատ արձակել նախկին ռեժիմի դեմ պայքարած քաղբանտարկյալներին
 
 
Հուսով ենք, որ մեր կառուցողական առաջարկները դրական արձագանք կստանան: Պատրաստ ենք մեր ուժերի սահմաններում օգնել վերը նշված քայլերի իրականացման գործում:
 
 
Շանթ Ոսկերչյան
Հայկական Վերածնունդ
Մայիսի 6, 2020 թ.
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական