Սև, մութ ամպեր են կուտակվում Տիգրան Սարգսյանի գլխին․ ինչ է սպասվում նախկին վարչապետին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սև, մութ ամպեր են կուտակվում Տիգրան Սարգսյանի գլխին․ ինչ է սպասվում նախկին վարչապետին. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-05-2020 19:22:56   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահները ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին առաջիկայում կհրավիրեն հարցաքննության: Քրեական գործը, որում շոշափվում է Տիգրան Սարգսյանի անունը, կապված է Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ: Այս գործում դերակատարում ունի նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար: Սակայն նախկինում տարված քննության արդյունքներով՝ գործով ամբաստանյալ դարձավ գործարար Աշոտ Սուքիասյանը և տարիներ առաջ ցուցմունքներ տվեց, թե առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, փաստաբանի խորհրդով նրանց օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները, որպեսզի իր ձեռքից ընկերությունը չվերցնեն:
Իսկ արդեն հետհեղափոխական Հայաստանում, երբ գործը քննվեց այլ մոտիվացիայով, ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց և հայտնեց, թե ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջինս 2010 թվականի ամռանը, իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում՝ իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքով թաքցրել և խեղաթյուրել է դրա տեղաշարժն ու պատկանելիությունը:
Հասկանալի է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք էր գնում օֆշորային այդ աղմկալի պատմության մասին, որի շրջանակներում 6 տարի կալանքի տակ գտնվող Աշոտ Սուքիասյանը արդարացվեց և ազատ արձակվեց: Հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իրավապահների կողմից հարցաքննության կհրավիրվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ առայժմ վկայի դատավարական կարգավիճակով:
Երեկ մեր բոլոր փորձերը՝ Տիգրան Սարգսյանի հետ զրուցելու, ապարդյուն անցան: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ՝ երբ, ինչ կարգավիճակով է Տիգրան Սարգսյանը հրավիրվելու հարցաքննության, սակայն ԱԱԾ-ից ավելի ուշ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է. կսպասենք պատասխանին»:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հայ հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն այն է, թե ինչպես են քրեական հետապնդման ենթարկվող անձինք անհետանում իրավապահների տեսադաշտից։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ում նկատմամբ հետախուզում հայտարարվեց։
Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպես է պատահում, որ արտակարգ դրության եւ փակ սահմանների պայմաններում մեղադրյալն անհետանում է իրավապահների քթի տակից եւ այն էլ որերորդ անգամ։
Մենք փորձեցինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել «անհետանալու» նախօրեին։ 
Մեր աղբյուրները պատմեցին, որ Գուրգեն Խաչատրյանն աշխատել է մինչեւ օրվա վերջ, հանդիպում է անցկացրել մենեջերների հետ, ինչ-որ բաներ է քննարկել, անգամ գրատախտակին գրաֆիկներ են գծել։ Հետո Գ․Խաչատրյանը դուրս է եկել հանդիպումների սենյակից, խմել է իր սովորական էսպրեսոն, մտել է աշխատասենյակ, որտեղ տեսախցիկով  սպասել են նրան, որ ձայնագրեն։ Կատակել է՝ միկրոֆոնը կոստյումին փակցնելու մասին։ Ապա մի ժամ անընդմեջ՝ տեսախցիկի առաջ պատմել է իրենց բիզնեսը խլելու պատմությունը, թե ինչպես են ՀՀ նորանկախ պետությունում՝ իշխանությունների անմիջական մասնակցությամբ մասնավոր սեփականությունը խլելու փորձեր արել՝ հիշատակել է անուններ եւ նկարագրել ողջ գործընթացը։
Հաջորդ օրն արդեն ԱԱԾ-ն հետախուզում հայտարարեց՝ հետախուզման պաշտոնական հայտարարության մեջ չնշելով նրա անունը։ Բոլորը քաջատեղյակ են, որ Ucom -ի ընկերության տնօրենների խորհրդի նախագահը քրեական հետապնդման է ենթարկվում հոր՝ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պատճառով։ Մամուլը բամիցս գրել է, որ իշխանությունները Խաչատրյանին առաջարկել են խիստ պատկառելի գումար վճարել՝ ազատության դիմաց (խոսք է գնում մոտ 300 միլիոն դոլարի մասին)։ Նա անցած տարվա օգոստոսից կալանավորված է եւ մեր տեղեկություններով՝ ոչ մի քննչական գործողություն այս ընթացքում չի կատարվում։ Նրան ուղղակի պահում են բանտում եւ կպահեն այնքան ժամանակ՝ մինչեւ կմուծվի։
Եւ որպեսզի «մուծվելու» պրոցեսն արագացնեն, չեն սահմանափակվել միայն Գագիկ Խաչատրյանի կալանավորմամբ (չնայած տարիքին եւ առողջական վիճակին), նրա եղբոր որդուն էլ են կալանավորել։ Հիմա էլ հրահանգ է իջեցվել «գնալ Խաչատրյանի որդու հետեւից»։ Մինչ այդ էլ «Յուքոմը» խլելու գործընթաց է ծավալվել։
Ի դեպ, Գուրգեն Խաչատրյանը երբեք պետական կամ քաղաքական ասպարեզում չի եղել եւ նրա կալանավորման պատճառով ՀՀ պետական մարմինները ամեն օր զանգեր են ստանում տարբեր միջազգային հարթակներից ու պաշտոնյաներից, իրենք են ստիպված լինում զանգեր անել տարբեր ուղղություններով եւ բացատրություններ տալ։ Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Գագիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն է։
Վերադառնանք Գուրգեն Խաչատրյանի անհետացման պատմությանը։ Անհետանալուց առաջ նա մի նամակ-բացատրություն տարածեց, որով հայտնում էր, որ գործընթացն իրավական չէ։ Հասկանալի է, որ երբ քննություն չի ընթանում, մարդու իրավունքները պաշտպանված չեն, հանձնվել նշանակում է անորոշ ու երկար ժամանակով հայտնվել բանտում՝ առանց օրինական քննության հույսի։ Իսկ իրավունքի միջազգային նորմերն ասում են, որ անգամ մարդասպաններն իրավունք ունեն անաչառ, օբյեկտիվ քննության եւ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պետք է հարգվեն անգամ բանտում։ 
Եւ վերջապես ամենակարեւոր հարցը՝ իսկ որտեղ է Գուրգեն Խաչատրյանը եւ ինչ պլաններ ունի։ Չէ որ յուրաքանչյուր անձ, որը փախուստի է դիմում, պետք է աչքի առաջ ունենա Վանո Սիրադեղյանի կամ Միհրան Պողոսյանի, Միքայել Հարությունյանի, Գեւորգ Կոստանյանի ու Գագիկ Բեգլարյանի ճակատագիրը։ Հավերժ թաքնվել ՀՀ իրավապահներից, նշանակում է ապրել թաքուն կյանքով, երկրից հեռու, կամ՝ մի նկուղում թաքնված։ 
Մեզ հայտնի է դարձել, որ Գուրգենը Խաչատրյանը Հայաստանից չի հեռացել, նա պաշտպանված մի կառույցում է եւ պատրաստվում է ներկայանալ։ Ընդ որում, դա արվելու է կինոյի նման՝ անակնկալի բերելով հետաքրքրվածներին եւ մոտ ապագայում։ Այսինքն, մեզ սպասվում են դիտարժան օրեր։ Մեզ ասացին, որ մինչ այդ եւ դրանից հետո էլ կլինեն աղմկոտ բացահայտումներ՝ ձայնագրությունների, տեսանյութերի տեսքով, որոնք կապացուցեն Գուրգեն Խաչատրյանի պնդումների ճշմարտացիությունը»:
 
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնանկ չի արվել: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: 
Կառույցից նաև ասացին, որ որևէ աշխատակից ազատման դիմում չի գրել: 
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո մամուլը գրեց, որ կառույցում բունտ է հասունացել: Շատերը չեն ցանկանում նրա հետ աշխատել և դիմումներ են գրել: Նաև շրջանառվեց տեղեկություն, որ Էդուարդ Մարտիրոսյանի համար Քյարամյանի նշանակումն անականկալ է եղել:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկը ցուցմունք է տվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:
Խոսքը 20 հազար դոլար կաշառքի մասին է: Ըստ մեր աղբյուրի՝ գումարը տրվել է որպես ճանապարհային գծանշումների աշխատանքների իրականացման «ատկատ»»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը համակարգում պաշտոնի է տանում իր հարազատներին: Հիշեցնենք, որ նա արդեն 1,5 ամիս է, ինչ գլխավոր հարկադիր կատարողն է և համակարգում արդեն կադրային ջարդ է սկսել: Մասնավորապես, Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից մեզ հասած տեղեկութունների համաձայն՝ Սերգեյ Մեղրյանն այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի բաժնի պետի հետ չի հանդիպել, փոխարենը կոնկրետ բաժնի պետերի միջնորդավորված ասել է՝ ազատման դիմում գրեն գնան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազատման դիմում են գրել Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ Արմեն Սարգսյանը, Արմավիրի բաժնի պետ Համբարձումյան Ալեքսանդրը, Ծառայության օգնականներ Արթուր Սաֆարյանը, Վահագ Ֆահրադյանը: Պարզ է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաների փոխարեն պետք է նոր անձինք նշանակվեն: և, ահա, գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանն իր հորեղբոր որդուն` Մեղրյան Ֆրիդոմին, նշանակել է Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ:
Ինչո՞ւ են ԴԱՀԿ պետի գործողությունները հակասում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած սկզբունքներին ու արված հայտարարություններին: Այս հարցի պարզաբանման համար դիմեցինք գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանին, որը մեկնաբանեց. «Նա հեռու ազգական է, ով երկար տարիներ աշխատել է Ծառայության տարբեր ստորաբաժանումներում: Հաշվի առնելով Ծառայությունում առկա թափուր պաշտոնի հանգամանքը, ինչպես նաև Ֆրիդոն Մեղրյանի բանիմացությունը, հարկադիր կատարողի աշխատանքի փորձառությունը՝ վերջինս նշանակվել է Կոտայքի մարզի բաժնի պետի պաշտոնում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերին 1 միլիոն դրամ կաշառքը ձեռքին ձերբակալված Արմավիրի հարկայինի պետի տեղակալի թելերը տանում էին դեպի Ռաֆիկ Մաշադյանի ամենամտերիմ ընկեր Մարատ Մարգարյանը, ուստի նրան հունվարին ազատեցին հարկայինի պետի պաշտոնից։ Դրանից հետո նա 4 ամիս, ըստ էության, աշխատեց հարկային տեսուչ։ Եվ հիմա, երբ վերը հիշատակված կաշառքի գործը, ըստ էության, փակվել է, Մաշադյանի ընկերը կրկին հարկայինի պետ է՝ արդեն Արագածոտնում։
Ուշագրավ է, որ օրենքը հարմարեցրել են Մարգարյանին։ Նա հիմա Ժամանակավոր պաշտոնակատար է, քանի որ հարկային տեսուչից անմիջապես պետ թռիչք օրենքը թույլ չի տալիս։ Բացառված չէ, սակայն, որ այս ամիսների ընթացքում Արգիշտի Քյարամյանի նշանակման օրինակով Մարգարյանին էլ հարկայինի պետ նշանակելու համար մի շրջանցող լուծում գտնվի»։
 
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ-ում գործող քաղհասարակության ներկայացուցիչները, բավական մեծ թվով իրավաբաններ, ինչպես նաև հենց իշխանության մեջ գտնվող առանձին անհատներ գործող իշխանության կառավարման երկու տարիների ընթացքում հասցրել են հիասթափվել իշխանությունների՝ դատաիրավական համակարգում վեթթինգ իրականացնելու հետ կապված խոստումների չկատարումից։
Ավելին, դժգոհության ալիքն այնքան է մեծացել, որ երեկ այս հարցին ԱԺ-ում անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը՝ ընդունելով, որ «կառավարությունը 2019 թվականի ընթացքում չի կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը»։ Որպես պատճառ նշվեց, թե իշխանությունները չեն ուզում ունենալ խամաճիկային դատարան, և թե իրենց նպատակն է, որ Հայաստանում լինի անկախ դատական համակարգ:
Սակայն, թերթի՝ կառավարության աղբյուրի փոխանցմամբ, իրականում «կառավարությունը դատաիրավական համակարգը քարուքանդ չի արել, չի ավերել» ոչ թե «արդարների շնորհիվ», իսկ իշխանություններն էլ երկմտում են ոչ թե վերոնշալ պատճառներով, այլ քանի որ գործող դատավորներին վեթթինգի ենթարկելու դեպքում կանգնելու են բավականին լուրջ փաստի առաջ. բանն այն է, որ, ըստ էության, չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչներ քանիցս հայտարարել են վեթթինգի «անհրաժեշտության» ու «ոլորտում օր առաջ կարգավորում մտցնելու մասին», սակայն չունեն դատավորների նոր բազա, որպեսզի վեթթինգ իրականացնելուց հետո նոր դատավորներ նշանակեն։
Ուստի, իշխանությունները շարունակում են «աշխատել» գործող դատավորների հետ՝ ում հնարավոր է՝ «իրենցով» անելու ճանապարհով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն և այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության առանձին ներկայացուցիչներ փորձում են ամբողջ ուժով պոպուլիստական ելույթներ ունենալ կամ պոպուլիստական նախագծեր ներկայացնել՝ դրանով ի ցույց դնելով իրենց հոգատարությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:
Երեկ նման պոռթկմամբ հանդես եկավ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով փորձեց վարչապետ Փաշինյանին բացատրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության «ֆունդամենտը» արցախյան բանակցություններում պետք է լինի «Արցախի դե ֆակտո անկախության դե յուրե միջազգային ճանաչումը», դա ներկայացնելով իբրև ԲՀԿ դիրքորոշում:
Ինչպես ընդունված է ասել, Փաշինյանը ասֆալտին փռեց Աբովյանին՝ հայտարարելով, որ դա ոչ թե ԲՀԿ-ի, այլ հայ ժողովրդի դիրքորոշումն է:
Մյուս կողմից՝ ով-ով, բայց ԲՀԿ-ն գոնե իրավունք չպետք է ունենա խաղալ հանրության հայրենասիրական զգացմունքների վրա՝ նկատի ունենալով բյուջեից, այդ թվում՝ բանակից տարված միլիոնավոր դոլար գումարների մասին վերջին բացահայտումները»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից:
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ առկա մեղադրանքը լրացվել է, և նա մեղադրվում է կաշառք ստանալուն աջակցելու համար, մինչդեռ մի քանի օր առաջ Գուրգեն Խաչատրյանը անարգել հարցազրույցներ էր տալիս, հանդիպումներ ունենում և խոսում իրենց ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության մասին:
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Խաչատրյանը հանկարծ հասցրեց անհետանալ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս հարցը հնչում է արդեն մի քանի օր, և իրավապահները դարձյալ քննադատության թիրախում են:
«Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ Խաչատրյանի մասով հստակ ինֆորմացիա կա. նա երկրից դուրս չի եկել, ստուգվել են և՛ պետական սահմանները, և՛ ՀՀ սահմանները զարտուղի ճանապարհով հատելու բոլոր հնարավորությունները, անգամ գետերի միջով անցնելու տարբերակները. Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում: Թե որտեղ է թաքնվում, առաջիկայում կա՛մ կպարզվի, կա՛մ այդպես էլ կշարունակվի հետախուզումը, ինչպես ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքում, որի մասին ևս ինֆորմացիա եղավ, որ Հայաստանում է մնում, սակայն այդպես էլ չեն գտնում նրան արդեն 2 տարի»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավելի քան երկու ամիս է, այսինքն՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր, ինչ ՀՀ-ում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին և մինչ այդ դեղատներում այն նույնիսկ 30 դրամով վաճառելուն՝ այսօր դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարևորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլև որակը. որևէ կառույց չկա, որը պետք է ստուգի կամ վերահսկի դրանց որակը, իսկ ՏՄՊՊՀ-ն միայն զբաղվում է խոշոր ցանցերում առկա գների ուսումնասիրմամբ: Եվ, չնայած դրան, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական դիմակներ վաճառվում են անգամ list.am կայքէջում. ունեն տարբեր գներ՝ 70 դրամից սկսած մինչև 180 դրամ: Մի քանի հեռախոսազանգեր անելուց հետո պարզվեց, որ 70, 110 դրամանոց բժշկական դիմակը դեղատներում վաճառվում է 210-220 դրամով: list.am հայտարարություն տեղադրողները դիմակ վաճառում են մեծածախ տարբերակով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ, պարետի որոշմամբ, մայիսի 4-ից արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների և այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել և անվտանգ ապրել»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ կրթական համակարգը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով, որոշումներն էլ ընդունվում են հրատապ: «Հայկական կրթական միջավայր» պորտալում արդեն իսկ հրապարակվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 2020- 2021 թվականների առկա ուստարվա ընդունելության սկզբունքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ուստարվա ավարտի ու ընդունելության գործընթացի կազմակերպմանը վերաբերող դրույթները:
Մի դեպքում նշված է, որ այս տարի ոսկե մեդալի քննություններ չեն անցկացվելու, և այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների, մեկ այլ դեպքում էլ ասվում է, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվելու, ուշադրություն, առաջինը՝ մեդալակիր դիմորդներին…
Այս հակասության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը: «Մեդալի քննությունների մասով նախարարի տեղակալն արդեն ասել է, որ քննարկվում է քննության անցկացման հնարավորությունը:
Նախարարությունը բավական բողոքներ է ստացել այս մասով և հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի, քննությունների անցկացման մասով ընթանում են քննարկումներ»,-հայտնեցին վարչությունից:
Փաստացի հերթական անգամ գործ ունենք բոլորիս ծանոթ երևույթի հետ, երբ իրար հակասող որոշումներ են ընդունվում, հետո նոր սկսվում է «դզել-փչելու» գործընթացը»:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար իշխանությունները եւ մասնավորապես ԱԱԾ-ն գերագույն ճիգեր են գործադրում։
Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ամեն գնով հայտնաբերել նրան, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։ Վարչապետի հրահանգը կատարելու համար ԱԱԾ-ն հուսահատ քայլեր է ձեռնարկում։ Երեկ բերման են ենթարկվել մի քանի անձ, որոնց կասկածում են Գուրգեն Խաչատրյանի փախուստը կազմակերպելու հարցում, չնայած ապացույցներ չունեն։
Հավանաբար, հույս ունեն, որ բերման ենթարկված անձինք ԱԱԾ «պադվալներում» մնալով կորոշեն օգնել քննիչներին հայտնաբերելու Գ․ Խաչատրյանին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն