Ի՞նչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը և Կարեն Կարապետյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11-05-2020 19:37:50 | Հայաստան | Մամուլի տեսություն
News.am-ը գրում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ պայմանավորվել ենք, դա մեր ներքին պայմանավորվածությունն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ է խոսել, արդյոք ինքն առաջարկե՞լ է՝ Փաշինյանի հետ գնալ հրապարակ հարթակ, եւ, արդյոք Փաշինյանն իրեն պատասխանե՞լ է՝ նման բան հնարավոր չի, քանի որ տպավորություն կստեղծվի, թե կուլիսային պայմանավորվածություններ են եղել՝ Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխելու համար։
Հարցին՝ արդյոք պայմանավորվածությունը խախտվե՞լ է, Կարեն Կարապետյանը պատասխանեց՝ ոչ։
Հարցին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ի՞նչ հարցեր են տրվել իրեն, նախկին վարչապետն ասաց. «Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղղել է հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը փակ է եւ պարունակում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավելին չեմ կարող ասել»։
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ քաղաքականությամբ չի զբաղվելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կարապետյանը նշեց մայիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Քաղաքականությամբ չեմ զբաղվելու»,- ասաց նախկին վարչապետը:
Նա նշեց, որ որոշակի առումով այժմ հետևում է գործող կառավարության աշխատանքներին և մաղթեց, որպեսզի կորոնավիրուսի պայմաններում գործադիրը հնարավորինս քիչ կորուստներ ունենա:
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որին հրավիրվել էր հաձնաժողով կողմից:
1in.am-ը գրում է․ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավապահ բլոկի հարցը եղել է արդիական ու արդիական է շարունակում լինել առ այսօր: Այդ բլոկում չի եղել խորքային բարեփոխում, իսկ դա նշանակում է, որ իրավապահ-ուժային տիրույթի կառույցներում այսօր որոշակիորեն հիբրիդային վիճակ է, ինչն, ըստ էության, արձանագրում են ոչ միայն կառավարող մեծամասնության պատգամավորները, այլև վարչապետ Փաշինյանը: Այդ հիբրիդային վիճակը փորձ է անում օգտագործել նախկին կառավարող համակարգը, առնվազն տեղեկատվա-քարոզչական տեսանկյունից:
Այդ իմաստով, Արգիշտի Քյարամյանի նշանակումը ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում, որի քաղաքական կարևորության մասին բարձրաձայնեց անձամբ վարչապետը, տվել է հակառակ գործողությունների նոր առիթ:
Նկատելի է արշավ, որի նպատակն է ստեղծել իրավապահ կառույցներում, այսպես ասած, ընդվզման տրամադրության տպավորություն: Պետք չէ բացառել նաև, որ, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը հենց այդ նկատառումով է կատարել նշանակումը, այդ տրամադրությունները կառավարելու կամ դրանց առավելագույնս տիրապետելու համար:
Ասել կուզի, իրավապահ-ուժայինների շրջանակում որոշակի ըմբոստ և դժգոհ տրամադրությունների մասին տեղեկատվա-քարոզչական ալիքը այնքան էլ մտացածին չէ: Մյուս կողմից, սակայն, այստեղ հստակ է տարբերակել՝ մի բան է համակարգի այդպիսի տրամադրությունը, մեկ այլ բան՝ համակարգում այդպիսի տրամադրություն ունեցող անձանց կամ խմբերի առկայությունը: Ի վերջո, շատ կարևոր է հասկանալ՝ Հայաստանում ներկայումս կա՞ քաղաքական կառավարող մեծամասնության և իրավապահ-ուժային բլոկի միջև հակադրություն, թե՞ ոչ: Այստեղ է էական տարբերությունը համակարգի դժգոհության, և համակարգում առանձին խմբերի դժգոհության միջև: Իր հերթին հատկանշական է, որ կառավարող ուժը չի շտապում ռեֆորմացիոն քայլերի հարցում և չի գնում կադրային էական փոփոխությունների: Արդյոք այստեղ պատճառն ա՞յն է, որ, մեծ հաշվով, «ընդվզումը» կառավարելի է, որքան էլ փորձ է արվում ստեղծել անկառավարելիության տպավորություն քարոզչական տիրույթում, և անկառավարելիության այդ տպավորությունն իրականում իշխանությունն օգտագործում է «ըմբոստների» զգոնությունը թուլացնելու և այդպիսով կառավարելիությունն ու վերահսկելիությունը ապահովելու համար:
Ըստ այդմ, համակարգում նրանց պահում են այսպես ասած՝ մշտադիտարկման ներքո, աչքի առաջ՝ հասկանալով, որ ինքնին այդ շրջանակները կամ խմբերը խնդիր չեն՝ այլ նրանք դիտարկվում են նախկին համակարգի առանձին խմբերի խաղաքարտ: Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, փորձում է ընտրել այդ խմբերին, կամ նրանցից որևէ մեկին խաղաքարտից զրկելու առավելագույն արդյունավետ և հարմար պահը: Հակառակ պարագայում վիճակը կլինի իսկապես տարօրինակ, եթե իրավապահ-ուժային բլոկը քաղաքական մեծամասնության համար լիարժեք տիրապետելի չէ:
Lragir.am-ը գրում է․ Իրանի ռազմածովային ուժերը զորավարժության ընթացքում սխալմամբ խոցել են իրենց իսկ ռազմանավերից մեկը, ինչի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր: Պաշտոնական Թեհրանն առայժմ մանրամասներ եւ բացատրություն չի ներկայացրել տեղի ունեցածի կապակցությամբ: Տեղի ունեցածը 2020 թվականին Իրանի զինուժի երկրորդ խոշոր եւ ողբերգական վրիպումն է, որ հանգեցնում է մեծ թվով մարդկանց մահվան:
Առաջինի «թիրախում» հայտնվեց քաղաքացիական օբյեկտ՝ Ուկրաինական ավիաուղիների օդանավը, որը Թեհրանի օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց հայտնվեց իրանական ՀՕՊ թիրախում: Դրա հետեւանքով զոհվեցին բոլոր ուղեւորներն ու անձնակազմը:
Թեհրանը նախ չէր ընդունում, որ աղետը ՀՕՊ հարվածի հետեւանք է, հետո սակայն ստիպված էր ընդունել այդ փաստը: Բացատրությունն այն էր, որ իրանական ՀՕՊ համակարգ բերվել էր մարտական պատրաստության, քանի որ Թեհրանի զինուժը ի պատասխան գեներալ Սոլեյմանիի սպանության հրթիռակոծել էր Իրաքի ամերիկյան ռազմակայանները, եւ սպասում էին ամերիկացիների պատասխան հարված: Ուկրաինական օդանավը ՀՕՊ համաիարգում դիտարկվել է հնարավոր ամերիկյան անօդաչու եւ թիրախավորվել:
Թեհրանը հայտարարեց, որ կլինի հետաքննություն եւ քաղաքացիական օդանավը խոցած անձին կենթարկեն պատասխանատվության: Ինչ է պարզել հետաքննությունը, հայտնի չէ: Ի վերջո, տեղի ունեցածը եղել է սխալի՞, թե՞ այդուհանդերձ որոշակի ներգործության արդյունք: Բանն այն է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը «զոհի դերում» հայտնվելով, գործնականում հայտնվել էր քաղաքական մի միջավայրում, որը կարող էր արձանագրել դիրքային որոշակի հաջողություն: Քաղաքացիական օդանավի խոցումը Թեհրանին «զոհի դերից» դրեց «պատասխանատուի դերի» մեջ, որոշակիորեն փոխելով իրավիճակը:
Այժմ, տեղի ունեցածից ամիսներ անց, ռազմածովային վարժանքի ընթացքում տեղի է ունենում փաստորեն եւս մեկ խոշոր վրիպում, տասնյակ զոհերով:
Ի՞նչ է կատարվում իրանական զինուժում:
Անշուշտ, որեւէ խոշոր զորավարժություն ապահովագրված չէ վրիպումներից, այդուհանդերձ՝ տխուր եւ ողբերգական հատկանշականությամբ իրանական զինուժը մի քանի ամիսների ընթացքում արձանագրում է երկու խոշոր վրիպում, որը հանգեցնում է բազմաթիվ զոհերի:
ArmLur.am-ը գրում է․ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը երկու նոր տեղակալ ունի: Խոսքը Վրեժ Գալոյանի եւ Գնել Հասրաթյանի մասին է: Պարզվում է՝ այս տեսչական մարմնում ոչինչ չի փոխվել. բարձր պաշտոնի նշանակվում են նախկին իշխանությունների կադրերը:
Օրինակ՝ Վրեժ Գալոյանը ՀՀ բնապահպանության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ , բացի այս, Գալոյանը դարձյալ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի ազգականն է եւ բնապահպանության ոլորտում առհասարակ հայտնվել է հենց Այվազյանի շնորհիվ: Եւ այս ոլորտում աշխատանքի անցել է 2003 թվականից: Մինչ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը, Գալոյանը եղել է տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի թափոբննների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետը: Ավելին մեզ հայտնի դարձավ, որ Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել է Վիգեն Ավետիսյանը: Եւ զարմանալի չէ, քանի որ Վիգեն Ավետիսյանը եւս Արամ Հարությունյանի «մարդն» է:
Իսկ ահա մյուս՝ նորանշանակ տեղակալը՝ Գնել Հասրաթյանը, 2009 թվականից մինչեւ 2013 թվականը «Մարմարի աշխարհում» աշխատել է որպես վաճառող, գանձապահ, 2014-ից 2019 թվականը «Սանար» ընկերությունում որպես տնօրեն, մենեջեր: Իսկ ահա 2020 թվականի փետրավրի 4-ից զբաղեցրել է տեսչական մարմնի ղեկավարի օգնականի հաստիքը: Ի դեպ, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակվել է մի անձ, որն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը:
168 Ժամ-ը գրում է․ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար, ներկայում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցությամբ ստեղծվեց «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը, որը, ըստ Տիգրան Ավինյանի, պետք է նպաստեր կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը:
Եվ ահա այս հիմնադրամը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է 1,000,000 ԱՄՆ դոլար՝ զբաղեցնելով նվիրատուների առաջին հորիզոնականը:
«Իմ քայլը» հիմնադրամի հաջորդ խոշոր նվիրատուն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսներն են՝ մասնավորապես, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրամին նվիրել է 34 միլիոն 500 հազար դրամ, «Ալեքս Հոլդինգ»-ը՝ 33 միլիոն 600 հազար դրամ, իսկ ահա «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն՝ 10 միլիոն դրամ:
Նվիրատուների շարքում հաջորդը խոշոր գումարի նվիրատվությունն արել է «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը:
«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը նվիրաբերություն է արել երկու անգամ՝ 45 միլիոն և 42 միլիոն 834 հազար դրամի չափով:
Այս հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին, առավել ակտիվ գործունեություն սկսել Արցախում: Օրինակ՝ Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար կառուցել է բազմաբնակարան շենք, մեքենաներ նվիրել Արցախի Կառավարությանը, ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ գյուղերի խնդիրները, և սա կատարվել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը:
Հիմա այս հիմնադրամն առավել ակտիվ է «Իմ քայլի» հետ համագործակցության շրջանակներում:
Վիտալի Գրիգրոյանցը նաև «Հայբիզնեսբանկ»-ի խորհրդի նախագահն է։ «Հայբիզնեսբանկ»-ը «Իմ քայլի» կազմակերպած ներդրումային համաժողովների հովանավորն էր:
«Իմ քայլը» հիմնադրամի հաջորդ խոշոր նվիրատուն «Արմենիա լայթհաուս» բարեգործական հիմնադրամն է՝ 48 միլիոն, 350 հազար դրամ նվիրատվությամբ:
Նշենք, որ «Արմենիա լայթհաուս»-ը բարեգործական հիմնադրամ է, ստեղծվել է 2016 թվականին, իրականացնում է տարբեր ծրագրեր, մասնավորապես՝ անապահով ընտանիքներին բնակարանների տրամադրում, բժշկական հետազոտության և միջամտության ծրագրեր, ուսման համար տրված փոխառություններ, նվիրաբերություն:
Նվիրատուների առաջատարների հնգյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 33 միլիոն 500 հազար դրամ նվիրատվությամբ:
Այս հնգյակին հաջորդում է «Ամերիաբանկ»-ը՝ 34 միլիոն 125 հազար դրամ նվիրատվությամբ, «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերությունը՝ 15 միլիոն դրամ նվիրատվությամբ, և այլն:
Նկատենք, որ, ի տարբերություն նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզնեսների, մեկ այլ նախկին ՀՀԿ-ական պատգամավորի՝ Արտակ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Սաս Գրուպի» նվիրատվությունը շատ ավելի համեստ է՝ ընդամենը 5 միլիոն դրամ:
Ի դեպ՝ հիմնադրամին արված են նաև 15, 20 և 30 միլիոն դրամի անանուն նվիրատվություններ:
Iravaban.net-ը գրում է․ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։
Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։
Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում։
Hraparak.am-ը գրում է․
Մայիսի 11-ին Ազգային ժողովը 79 կողմ, 12 դեմ ձայներով ընդունեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը կամ այլ կերպ ասած Լանզարոտի կոնվենցիան։
Կողմ էին իշխող «Իմ Քայլի» պատգամավորները, դեմ՝ ԲՀԿ-ականները, ԼՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը։ Քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ կոնվենցիան չի բխում երեխաների պաշտպանության իրական շահերից․
«Կան դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը», ասաց նա՝ հիշեցնելով, որ կոնվենցիային դեմ է Հայ առաքելական եկեղեցին, այսօր էլ մի խումբ քաղաքացիներ են ԱԺ-ի բակում բողոքի ակցիա իրականացնում։ Սակայն «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում կոնվենցիան ստացել է բոլոր խմբակցությունների դրական քվեարկությունը եւ հիմա ազնիվ չէ «որոշ մարդկանց» ճնշման ներքո կարծիք փոխել։
Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովում ԲՀԿ-ից ներկայացված են Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը եւ նրանք, իսկապես, կողմ են քվեարկել։ Մակունցին ի պատասխան Վահե Էնֆիաջյանը ասաց, որ հանձնաժողում հայտնած դիրքորոշումը չի կարող քվեարկության համար վերջնական որոշում լինել։ Ինչեւէ, կոնվենցիան դրվեց քվեարկության, ԲՀԿ-ական ներկաները դեմ քվեարկեցին, դահլիճում չէին Զոհրաբյանն ու Իսայանը։
Հիշեցնենք, որ կոնվենցիան խորհրդարանում քննարկվել էր մայիսի 8-ին։ Կոնվենցիայի ընդունման դեպքում ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:Կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են նաև ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված արարքների քրեականացումը: Դրանք են՝ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխաների մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրություններին, երեխային սեռական բնույթի գործողություններին դրդելը, երեխայի սեռական այլասերումը և այլն։ Այդուհանդերձ, օրենսդիրներից ոմանք խնդրահարույց դրույթներ են նաեւ մատնանշում։
Օրինակ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը մի քանի օր առաջ իր ելույթում առանձնացրեց 6-րդ հոդվածը եւ զգուշացրեց, որ կոնվենցիան ունի նաև վտանգներ պարունակող դրույթներ: «Օրինակ՝ 6-րդ հոդվածը։ Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխան տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանա սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ: Հետո խոսվում է քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Ի՞նչ ծրագիր»,- ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին․ բայց մինչ օրս այն չի վավերացվել։