Սկանդա՞լ է հասունանում․ ինչ է կատարվում իրավապահ համակարգում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13-05-2020 16:09:11 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում ներքին հակասությունները շարունակում են խորանալ: Ինչպես հայտնի է, դատախազները ՀՀ քրեադատավարական օրենսգրքի համաձայն կարող են քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումներ ներկայացել Կոմիտեի նախագահին՝ խդրելով պատժել քննիչներին:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության կողմից մայիսի 11-ին մի նախաձեռնություն է ներկայացվել ՀՀ ազգային ժողով, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Քննչական կոմիտեի մասին օրենքում և ամրագրել, որ Քննչական կոմիտեի նախագահը ևս կարող է դիմել գլխավոր դատախազին՝ որևէ դատախազի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազության այս լիազորության պատճառով, վերջին տարիներին նկատվում է դատախազների կողմից քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների թվի աճ: Եվ ահա, Քննչական կոմիտեի ներսում դժգոհություն է հասունացել, թե ինչու են դատախազներն իրենց իշխում, իսկ իրենք դատախազների գործողությունները բողոքարկելու շանս չունեն, և հիմա փոփոխությունը հիմնավորվում է այնպես, որ քրեական գործի համար հավասարապես պատասխանատու է ինչպես քննիչը, այնպես էլ դատախազը: Եվ նրանք եզրակացնում են, որ եթե պատասխանատվության միջոցներ կան քննիչների համար, ապա պետք է լինեն նաև դատախազաների համար:
Իհարկե, առաջին հայացքից այս պարզ փոփոխության հիմքում իրականում խորը հակասություն կա. երկու իրավապահ կառույցների ներքին խժդժություններն են: Ըստ էության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի սրտով չէ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրենքով կարողանում է հասնել քննիչների պատժի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մի քանի քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված Երևանի նախկին քաղաքապետ, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Հայաստանում չէ։ ԱԱԾ-ն ևս վերջին քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելիս նշել էր, որ Գագիկ Բեգլարյանը լքել է Հայաստանը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Բեգլարյանի փաստաբանն արդեն իսկ նշել է, որ իր պաշտպանյալը Հայաստանից մեկնել է 2019 թվականի սեպտեմբերին՝ բուժման նպատակով։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Բեգլարյանը ևս ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում։ Ավելին՝ նա արդեն շրջում է ՌԴ քաղաքացու անձնագրով, որը հավաստող լուսանկարը մեր ձեռքի տակ է։ Այսպիսով Բեգլարյանը դարձավ 7-րդ նախկին պաշտոնյան, ով, արդարադատությունից խուսափելով, թաքնվում է Ռուսաստանի Դաշնությունում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ժամը 17:50-ին կկայանա Սահմանադրական կարգի տապալման հարցով հերթական դատաքննությունը, և դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ 3 և Արցախի մեկ վարչապետերի միջնորդությունը մերժո՞ւմ է, թե՞ բավարարում: Այսինքն՝ Քոչարյանը ազատ կարձակվի՞, թե՞ կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանն անձնական երաշխավորությամբ խնդրել էին դատարանից կալանքից ազատել Քոչարյանին՝ խոստանալով, որ նա որևէ տեղ չի գնա, բարեխղճորեն կներկայանա դատաքննությանը:
Մի շարք իրողություններ իրար հետ համադրելով կարելի է ենթադրել, որ Դանիբեկյանը բաց կթողնի Քոչարյանին, որովհետև միջնորդություն ներկայացրել էին նաև Արցախի նախկին ու գործող նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, և անցած տարի մայիսի 18-ին Քոչարյանն ազատ արձակվեց: Բայց, չնայած տվյալ նախադեպին, այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք մարդկայնորեն կարող են դատավորին դրդել կայացնելու այլ որոշում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավորին, վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Սակայն այս դեպքերից հետո Դանիբեկյանի գործընկեր Վազգեն Ռշտունին որոշում էր կայացրել և ազատ էր արձակել մեղադրյալ Սարգիս Օհանջանյանին: Եվ Դանիբեկյանը գործընկերների կողմից սա վիրավորական է համարել: Նաև այս ընթացքում տեղեկատվական ահռելի արշավներ են կազմակերպվել նրա դեմ, որից ևս վիրավորված է: Թե ինչ որոշում կկայացնի, միանշանակ դժվար է կանխատեսել, բայց ամենայն հավանականությամբ, դատելով իրավիճակից, Աննա Դանիբեկյանը կալանքի տակ կթողնի Քոչարյանին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը 5/1 ձայների հարաբերակցությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբորը, ըստ էության, համարել է պատասխանատու 80 միլիոն դրամի չարաշահման հարցում։
«Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ՊԵԿ-ը ստուգում է իրականացրել նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում և հայտնաբերել է չարաշահումներ, որոնք վերաբերում են բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբոր ղեկավարած կառույցում մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն էր հայտնաբերվել։ Բայց դրանից հետո բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն էր ուղարկել Դավիթ Անանյանին և գանգատարկել ակտը, քանի որ եթե անգամ այդ 80 միլիոնի անհամապատասխանությունը իրականում կա, ապա վաղուց անցել է 3 տարի վաղեմության ժամկետը։
Բայց ՊԵԿ-ում փաստացի անդրդվելի են գտնվել, մի բան էլ ակնարկել են, որ Ցոլակյան եղբայրները պետք է շնորհակալ լինեն իրենց «մեղմ» ստուգման համար, և որ չեն արձանագրվել այլ փաստեր՝ կապված հարազատ-բարեկամներին որպես աշխատող գրանցելու և այլնի հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «լայվ»-քննարկումից հետո փորձագիտական շրջանակներն ու հասարակության այլ շրջանակներ եզրահանգման եկան, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի հայտարարած դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու և ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու գաղափարը, կարծես թե, մեռավ՝ դեռ չծնված։
Բադասյանը Փաշինյանին ներկայացրեց, որ դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելը ոչ այդքան արդյունավետ միջոց է և իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն գրել էր, որ ՀՀ իշխանությունները համընդհանուր վեթինգ անցկացնելու ռիսկեր են տեսնում, այդ թվում՝ այն առումով, որ իրենց կադրային «բանկում» չունեն համապատասխան թվով դատավորներ, որոնք կկարողանան լրացնել դատավորների թափուր հաստիքները։
Այս առումով, սակայն, թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, իշխանությունները համապարփակ վեթինգի գաղափարից հրաժարվել են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ «դրսից» ստացած կոշտ տեսակետներից հետո։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի հատուկ մասնագիտական հանձնախմբի կողմից Հայաստանի իշխանություններին է ուղարկվել բավականին կոշտ գնահատականներով ներկայացված մի զեկույց, որում հստակ նշվել է, թե ինչ հետևանքներ կունենա «վեթինգ» ասվածը ՀՀ միջազգային վարկանիշի և դատաիրավական ոլորտի վրա, ընդգծել կոնկրետ թիրախներն ու առանձին դրույթներ։
Վենետիկի հանձնաժողովի գնահատականին գրեթե զուգահեռ, ըստ նույն աղբյուրի, նմանօրինակ մի գնահատական է հնչել նաև ԵԽԽՎ-ից և Եվրահանձնաժողովից՝ հայաստանյան իշխանություններին բաց ակնարկներ անելով ու առաջարկելով «ավելի լուրջ ու կառուցողական գործերով զբաղվել»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ բնակչությունը կքում է վիթխարի կոմունալ վճարների տակ, «Գազպրոմ Արմենիայի» ապահով տանիքը շարունակում է այս կառույցը «ընտանիքի» վերածելու գործընթացը։
«Ժամանակ»-ը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակազմի ղեկավար Լեւոն Միքայելյանի 22-ամյա որդին Աջափնյակի գազի գրասենյակի ղեկավարն է: Այն ժամանակ գրել էինք, որ նա այդպիսով փորձում է հետ չմնալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուց, ով «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրենն է։ Եվ ահա նրանց գումարվեց նաեւ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանը։ Նա էլ նշանակվել է «Տրանսգազ»-ի փոխտնօրեն՝ ֆինանսական գծով։
Ավետիքյանի մաքսայինում աշխատած տարիները աշխատակիցները շատ պատկերավոր են հիշում։ Նրանց խոսքով՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ժամանակին ֆիզիկապես կաշառքը կարող էին տալ երկու հոգի՝ մաքսայինի ստվերային գումարներից Սամվել Ավետիքյանը, հարկայինից՝ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության երկարամյա ղեկավար Ռաֆիկ Մաշադյանը։ Նրանցից Ավետիքյանը փաստացի նվաճում է նորանոր բարձունքներ, իսկ Մաշադյանը՝ պատվով կրում է «պետական օլիգարխի» տիտղոսը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ 2,5 ամիս է, ինչ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է և նրա նշանակումից մինչ օրս ՌՈ-ում ներքին խմորումները չեն դադարում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռազմական ոստիկանությունում կան նախկին իշխանությունների հետ բարեկամական կապ ունեցող տարբեր ստորաբաժանումների պետեր, որոնք, ըստ էության, չեն հաշտվել Ալեքսանդր Աղաջանյանի նշանակման հետ և դեռ ավելին, վերջինս նրանց աշխատանքից ևս գոհ չի եղել: Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Աղաջանյանն իր մոտ է կանչել նրանց և «հաթաթա» տվել՝ եթե աշխատեք նորմալ, կմնաք ՌՈ-ում, չեք աշխատի՝ ազատման դիմում կգրեք: Ավելին, այդ աշխատակիցները դիմել են իշխանության ներսում իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Աղաջանյանին, սակայն նրանց բացատրել են, որ իրավիճակ է փոխվել և պետք է գնան ու գլուխները կախ աշխատեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Պարոն Աղաջանյանն ընդամենը ասել է՝ եթե կթերանան՝ կարժանանան համապատասխան գնահատանքի, այսինքն կիրականացվի տույժ, կիրականացվի ծառայողական քննություն, թե ինչու են թերացել»:
Հավելելնք, որ ՌՈ պետ Ալեքսան Աղաջանյանին ԺՊ պարտականությունները կատարելուն մնացել է 3,5 ամիս և հայտնի չէ, թե արդյոք նա կնշանակվի պետ, թե ոչ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագիծը նախատեսում է Քննչական կոմիտեի լիազորությունների ընդլայնում: Օրենքի 17-րդ հոդվածը առաջարկվում է շարադրել հետևյալ կերպ. «Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք»…
Գործող օրենքը նախատեսում էր, որ պաշտոնի կարող են նշանակվել միայն «պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք», բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք, որ սպանվել էր «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանը, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 45-ամյա Արման Գրիգորյանը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:
Իսկ ինչի՞ համար է նա սպանել «Սովռանո» ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանին: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տարիներ առաջ Արման Գրիգորյանը առևանգել է Ա. Բադոյանի սիրելի աղջկան, որի հետ Բադոյանը նշանված է եղել: Այս արարքի համար Արման Գրիգորյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության և ազատազրկման դատապարտվել: Եվ, ահա, տարիներ անց՝ բանտից դուրս գալուց հետո, գնացել է Ա. Բադոյանի բնակության վայր և հաշվեհարդար տեսել նրան հետ ու սպանել նրան:
Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին բացատրել է, որ այսքան տարիներ անց չի ներել Ա. Բադոյանին, որ նա նշանված է եղել մի աղջկա հետ, որին սիրել է նաև ինքը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը« մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չհամարձակվե՛ք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի վրա, չփորձե՛ք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին»,- դիմելով «քայլող» պատգամավորներից մեկին՝ ԱԺ-ում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Սոցցանցերում շատերին էր զարմացրել այն հանգամանքը, որ պատգամավորը կարող է բղավել ՄԻՊ վրա, սպառնալ նրան:
Իրականում հազիվ թե զարմանալու բան է մի խորհրդարանում, ուր միմյանց վրա բղավելը, միմյանց վիրավորելն ու հայհոյելը դարձել են սովորական երևույթներ, ուր իշխող խմբակցության պատգամավորների զգալի մասն այնպիսի ջանասիրությամբ է տեղավորվել «իշխանության դիրքերում», որ իրենց հետ ինչ-որ հարցում անհամաձայն անխտիր բոլորի հետ կարող են խոսել մեծամտության ու հոխորտանքի լեզվով, սպառնալիքի լեզվով:
Սա էլ զարմանալի չէ, քանի որ ոչ մեկ անգամ նման պահվածքն արդարացվել է հենց թիմի ղեկավարի կողմից, ավելին՝ հենց նրա կողմից են հնչել սպառնալիքներ, այդ թվում՝ «պադյեզդներում ասֆալտին փռելու»:
ՄԻՊ խոսքերի ժամանակ ԱԺ նախագահը կոչ էր անում առավել հարգալից լինել պատգամավորի հետ: ԱԺ նախագահն իրոք պետք է պաշտպանի պատգամավորների շահերը, այստեղ նա իրավացի է: Սակայն ցավալի է, որ կիրառվում են երկակի ստանդարտներ, երբ ոչ մի անգամ նկատողության չեն արժանանում չափերն անցնող, վիրավորական արտահայտություններ անող «իմքայլականները», սակայն նկատողության են արժանանում ընդդիմադիր պատգամավորներն ու ՄԻՊ-ը:
Նույնը վերաբերում է նաև մեծամասնության խմբակցության ղեկավարին, որը յուրատեսակ խրոնոլոգիայով փորձում էր «ապացուցել» Փաշինյանի խոսքերը, թե երկու տարի հենց իշխանություններն են վիրավորանքի արժանանում, ճնշումների ենթարկվում: Այո, անթույլատրելի է ցանկացած վիրավորանք, ճնշում, հայհոյանք:
Բայց էլի գործ ունենք մանիպուլ յատիվ երկակի ստանդարտների հետ, ինչը, ցավոք, այս իշխանությունների համար դառնում է բնավորություն: Հակառակ խրոնոլոգիան անհամեմատ ավելի մեծ ցուցակով է, ինչի արդյունքում ստեղծված մթնոլորտի հետևանքները գնալով խորանում են:
Հ.Գ.-Ի դեպ, երեկ արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը պետք է լինի բացառապես իր թիմի անդամներից որևէ մեկը: Ըստ մեր տեղեկությունների` այժմ քննարկվում է երկու անձի անուն, որոնցից մեկը «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դանիելյանն է, իսկ մյուսը Էլեոնորա Ավանեսյանը, ու հավանական է, որ Արցախն առաջին անգամ ունենա ԱԺ կին նախագահ: Ըստ մեր տեղեկությունների, այժմ Արցախի նոր իշխանությունները պատրաստվում են մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նոր նախագահի երդմնակալության արարողությանը, որը կանցկացվի Շուշիի մշակույթի պալատում:
Նշվում է նաև, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատճառով Արցախի նոր իշխանությունները ամեն ինչ անում են, որ այն մարդաշատ չլինի, բայց այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններին ևս հրավերներ կուղարկվեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո Արցախի նախագահը հանդիպումների երկրորդ փուլ կսկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրություններում հաղթել են: Ու արդեն այդ ժամանակ կhստակեցվի, թե պաշտոններն ինչպես «կբաշխվեն»:
Ըստ մեր տեղեկությունների, Ա. Հարությունյանը դեռևս որևէ քաղաքական ուժի հետ հստակ պայմանավորվածություն չունի, ինչպես բաշխել պաշտոնները: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կրկին Մասիս Մայիլյանին նշանակելու հարցը ևս դեռևս առկախված է՝ վերջնական որոշում չկա: Թեև Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին, դիմել նրան պարոն նախագահ դիմելաձևով: Ըստ մեր տեղեկությունների հստակ է միայն, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն առաջիկայում հրաժարվելու պատգամավորի իր մանդատից:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Ղուլյանը չի ցանկանում խորհրդարան գնալ որպես շարքային պատգամավոր, ու քանի որ Արցախի ԱԺ-ն «երիտասարդացել» է՝ Ղուլյանը ցանկանում է զիջել իր մանդատը երիտասարդներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սոցցանցերում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից տեղեկություն տարածվեց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, ունի ոչ ավանդական կողմնորոշում, ամուսնացած է տղամարդու հետ, որի անունը Ֆարիս է։ Անգամ նրանց համատեղ լուսանկարը տարածվեց։
Մենք այս կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք նախագահի ընտանիքից։ Մեզ տրամադրեցին անձամբ նախագահի որդու՝ Հայկ Սարգսյանի պարզաբանումը, որտեղ նա հերքում է, որ տղամարդու հետ է ամուսնացել։ «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության եւ դրա հեղինակների նեղմտության եւ փոքրոգության աստիճանից: Տեխնոլոգիաները, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես եւ վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները եւ նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները: Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»,- փոխանցել է մեզ Հայկը։
Նկատենք, որ ժամանակին շատ բարձր վարկանիշ ունեցող նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշն էլ է գահավիժում, եւ նրա՝ բարի պապիկի կերպարը մթագնել է, հատկապես կապված մի շարք օրենքներ վավերացնելու հետ։ Ակնհայտ է, որ իր լիազորությունների սահմանափակ լինելուց դժգոհող Սարգսյանն անգամ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից չի օգտվում եւ դարձել է գործադիր իշխանության կցորդը ու Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ ենթական։
Եվ նրա որդու հետ կապված այս սեւ փիառի պատճառը նույնպես այդ մթնոլորտն է ու նրա անհասկանալի պահվածքը ՀՀ նախագահի պաշտոնում։ Մանավանդ խոսքը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վավերացմանը։ Օրենք, որ լրջագույն խնդիրներ ուներ օրենքի ու Սահմանադրության հետ, եւ ենթադրվում է, որ նվազագույնը Արմեն Սարգսյանը պետք է այն ուղարկեր Սահմանադրական դատարան՝ եզրակացության, իսկ առավելագույնը՝ ուղղակի չպետք է վավերացներ։
Սակայն վավերացրեց՝ ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի ապօրինի ճնշումներին։ Պատահական չէ, որ այդ օրենքի վավերացման հենց հաջորդ օրը համացանցում հայտնվեց նրա որդու՝ սեքսուալ կողմնորոշման վերաբերյալ նյութը»: