Նամակ, որ մտահոգել է նախկիններին և Լավրովի խորհրդավոր զանգը․ ինչ է կատարվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նամակ, որ մտահոգել է նախկիններին և Լավրովի խորհրդավոր զանգը․ ինչ է կատարվում․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-05-2020 17:39:20   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․
Հայաստանում արտակարգ դրությունը շարունակելու որոշումը նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներ գնահատում են իշխանության համար Սահմանադրական դատարանի հանրաքվեից խուսափելու հնարավորություն:
Այդ մասին գրվում է այդ շրջանակները սպասարկող լրատվամիջոցներում, այդ մասին հնչում է տարբեր գործիչների շուրթերից կամ գրառումներից: Բացատրությունն այն է, որ իշխանությունը չի կարող այլևս հավաքել «Այո»-ի համար անհրաժեշտ 650 հազար ձայն և, ըստ այդմ, ունի հանրաքվեից խուսանավելու կարիք, որն էլ անում է արտակարգ դրությունը երկարաձգելու միջոցով: Այդ պնդումը կարող էր շատ, թե քիչ հիմնավոր թվալ, եթե ակնառու չլիներ, որ կորոնավիրուսի վարակի պայմաններում կա արտակարգ դրության անհրաժեշտություն: Ավելին, այդպես վարվում են ոչ միայն Հայաստանում:
Այսօր գրեթե բոլոր երկրները՝ ռեգիոնում, Ռուսաստանը, Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները թուլացնում են տնտեսական սահմանափակումները, սակայն պահպանում են արտակարգ դրության ռեժիմը: Բացատրությունը շատ պարզ է՝ վարակի հարցում համաշխարհային անորոշությունը պահպանվում է, միաժամանակ շարունակվում է կորոնավիրուսի քողի տակ թեժ աշխարհաքաղաքական պայքարը ուժային կենտրոնների միջև, նոր դիրքերի համար, ազդեցության գոտիների համար, և այդ պայմաններում պետությունների համար արտակարգ դրության ռեժիմը տալիս է արագ գործելու հնարավորություն, ընդ որում՝ ոչ միայն վարակի, այլ գուցե հենց նաև միջազգային իրադրության առումով: Հետևաբար՝ ակնառու է, որ Հայաստանում արտակարգ դրության անհրաժեշտությունը կա: Անգամ հարևան Վրաստանը, որ ունի վարակի պաշտոնական շատ ավելի փոքր վիճակագրություն, շարունակում է արտակարգ դրությունն ու սահմանափակումների ռեժիմը: Այդ դեպքում ի՞նչ հարց է լուծվում, հանրաքվեի հանգամանքը խաղարկելով, զուտ քարոզչական խնդիրներից բացի: Արդյո՞ք փորձ է արվում կառավարող մեծամասնությանը մղել ինչ-որ քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի:
Բավականին բարդ է ասել, սակայն հատկանշական է, որ շրջանակներ, որոնք մինչ այդ պահանջում էին չանել հանրաքվե, դադարեցնել, հայտարարել արտակարգ դրություն, այժմ փաստորեն անում են հակառակ տրամաբանություն պարունակող հայտարարություններ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ նախկին համակարգը տեսնում է իրադարձություների զարգացման այլ հնարավորություն, որ կարող է առաջանալ ՍԴ հարցում հանգուցալուծման առումով: Համենայնդեպս, այդ շեշտադրումները հետաքրքրական են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահին հղած նամակի և ՍԴ հարցի հանգուցալուծման վերաբերյալ հարցերի ֆոնին, կամ հակառակը՝ այդ նամակն ու հարցերն են հետաքրքիր դառնում նախկին համակարգից եկող «թեզերի» ֆոնին: Համենայնդեպս, իրավիճակն իսկապես հետաքրքիր է: Ի՞նչ քննարկումներ են սկսում պաշտոնական Երևանի և Վենետիկի հանձնաժողովի միջև:
 
Lragir.am-ը գրում է․
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 14-ին զանգահարել է Երեւան՝ Զոհրաբ Մնացականյանի հետ խոսելու համար: Լավրովը զանգել էր նաեւ մայիսի 6-ին:
Ըստ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, Լավրովի հետ Զոհրաբ Մնացականյանը խոսել է երկկողմ հարաբերության, նաեւ այսպես ասած ինտեգրացիոն կառույցների ու Արցախի հարցի մասին: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Զոհրաբ Մնացականյանն այդ համատեքստում կարեւոր է համարել Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 21-ին հնգակողմ հայտարարության դրույթներին հավատարմությունը:
Ապրիլի 21-ին տեսակոնֆերանս էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: Բայց ամենահետաքրքիրն այն էր, թե ինչ տեղի ունեցավ դրան ընդառաջ: 21-ի առավոտյան Լավրովը արեց իր հայտնի հայտարարությունները փուլային տարբերակի, հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ: Դրանք «զինեցին» Հայաստանի նախկին իշխող համակարգին, որը սկսեց Լավրովի հայտարարություններն օգտագործել Հայաստանի քաղաքական ղեկավարության հանդեպ մեղադրանքի եւ քննադատության համար:
Դա տեղի էր ունենում նաեւ նախօրեին, երբ ինչ որ մի քաղաքացի կեսգիշերին մոտեցել եւ սադրում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարին, փորձելով նրան հանել հունից եւ հայտարարելով, որ ինքը հավատում է Լավրովին, ոչ թե Մնացականյանին:
Լավրովը փաստորեն զանգահարում է կեսգիշերային սադրանքից հետո: Հետաքրքիր է, զանգահարում է սադրանքի «պտուղները» քաղելու՞, թե՞ Զոհրաբ Մնացականյանին հավաստիացնելու, որ ինքը կամ պաշտոնական Մոսկվան ընդհանրապես որեւէ կապ չունի այդ սադրանքի հետ:
Մեծ հաշվով, սադրանքը սկսել է իհարկե հենց Լավրովը՝ ապրիլի 21-ի հնգակողմ հանդիպումից առաջ արված հայտարարությամբ: Երեւանը դրան պատասխանեց բավական կոշտ, բացառելով փուլային տարբերակի քննարկումը, հայտարարեց կարգավիճակի եւ անվտանգության առաջնայնության մասին, նշելով, որ տարածքներ ասվածը հայկական կողմի համար պաշտպանական գիծ է, որը ենթակա չէ զիջման:
Ավելի ուշ, արդեն համանախագահների եւ նախարարների տեսակոնֆերանսից հետո, Մնացականյանը խորհրդարանում ակնարկեց, որ Լավրովի հայտարարությունն ադրբեջանցիներին բավարարելու համար էր: Հատկանշական է, որ Բաքուն չմնաց բավարարված: Լավրովի հայտարարությունն Ադրբեջանում առաջացրեց դժգոհություն Մամեդյարովի հանդեպ՝ անգամ Ալիեւի շրջապատի բացահայտ դժգոհությունը: Իսկ նախկին արտգործնախարար Զուլֆուղարովը հայտարարեց, թե Լավրովն ընդամենը Երեւանին տվել է դիրքորոշումը կոշտացնելու առիթ, եւ Ադրբեջանը չունի դիվանագիտական հաջողության որեւէ հեռանկար:
Ընդ որում, իբրեւ դրա վկայություն Ադրբեջանում մատնանշում էին հենց ապրիլի 21-ի հնգակողմ հայտարարությունը, որտեղ չկա Երեւանի՝ դրանից ժամեր առաջ արտահայտած կոշտ դիրքորոշման որեւէ գնահատական, կամ այլ կերպ ասած՝ կա այդ կոշտությանը համանախագահների համաձայնության նշան դիտարկվող լռություն:
Բաքուն ուժգնացրել է ռազմական հռետորաբանությունը, ինչն այդ հեռանկարի բացակայության հետեւանք է: Մյուս կողմից սակայն, ստացվում է, որ Լավրովը նաեւ Բաքվին տվել է այդ հռետորաբանությունը ուժգնացնելու «լեգիտիմ» առիթ:
Ըստ այդմ, փաստացի ստացվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարը բաց է թողել երկակի նշանակության սադրանք, թերեւս հետեւելով, թե այն ինչ ծավալում ու ազդեցություն է ունենում հայկական եւ ադրբեջանական ուղղություններում: Հանգամանքը, որ Լավրովն արդեն երկրորդ անգամ զանգահարում է Երեւան, հուշում է, որ հայկական ուղղությամբ նրա ակնկալիքը կամ սպասումը պաշտոնական Երեւանի մակարդակում արդարացված չէ:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս դիմել է Հատուկ քննչական ծառայություն և այդ կառույցի հետ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել և որոշել, թե ինչ է լինելու իր դեմ հարուցված քրեական գործի ճակատագիրը: Ասել է թե՝ առաջիկայում պարզ կլինի՝ Ալիկ Սարգսյանի մասով ինչ քայլերի կգնա Հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ 2020 թվականի փետրվարի 17-ին գրել էինք, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը ՀՔԾ-ում «կռիվ է տվել»:
Բանն այն է, որ ՀՔԾ-ն Ալիկ Սարգսյանին հրավիրել է և առաջարկել` արդյոք համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը: Սակայն Ալիկ Սարգսյանը հրաժարվել է առաջարկից և հիմնավորել՝ իր նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո մի օր հարցաքննության չի հրավիրվել, որպեսզի հասկանալի լինի, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, ինչ է հայտնել քննիչներին, և դրանց մեջ կա արդյոք ճշմարտության հատիկ, թե ոչ: Եվ այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ Ալիկ Սարգսյանին ՀՔԾ քննիչներն անգամ չեն էլ հարցաքննել առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստացված տեղեկությունները պարզել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից, սակայն նա համառորեն չի պատասխանել հեռախոսազանգերին: Ի դեպ, չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանը այսօր էլ հրավիրվի ՀՔԾ, իսկ թե այդ հանդիպման արդյունքում ինչ կլինի, սպասենք զարգացումներին»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունը տեղի կունենա եկող շաբաթ:
Մինչ այդ ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում հնարավոր փոփոխությունների թեման՝ շրջանառելով նաև մի շարք անուններ: Օրերս որոշակի շրջանակներում խոսվում է նաև այն մասին, թե որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ Սամվել Բաբայանը կարող է նշանակվել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ առկա է մի կարևոր խնդիր:
Դեռևս ընտրությունների շրջանում տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, թե Բաբայանը խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված: Տեղեկություններ շրջանառվեցին նաև, որ վերջինս ամեն ջանք գործադրում է խնդիրը կարգավորելու համար, սակայն առայժմ՝ անարդյունք:
Սամվել Բաբայանի գրասենյակն այդ օրերին ընդամենը հայտարարություն տարածեց, թե «նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Ս. Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին»:
Այդուամենայնիվ, այդպես էլ չհնչեց «իրականությանը չեն համապատասխանում» ձևակերպումը:
Ըստ այդմ, մեր աղբյուրները պնդում են, որ Արցախում լուրջ խնդիր են տեսնում Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի հետ խնդիր ունեցող անձի՝ նման կարևոր պաշտոնում նշանակման հետ կապված»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանահայերը, ովքեր մշտական բնակության էին եկել Հայաստան, կորոնովիրուսային համաճարակի պատճառով կրկին վերադառնում են Լիբանան:
Ինչպես մեզ հայտնեց նրանցից մեկը, այս պահին ինքնաթիռի է սպասում 148 լիբանանահայ, ևս 140-ը Հայաստանից մեկնել է մայիսի 4-ին: Պատճառները տնտեսական են, աշխատանք և եկամուտ չկա, իսկ իրենք պետք է վճարեն բնակարանի վարձ, մինչդեռ Բեյրութում կարող են ապրել իրենց բնակարաններում: Նրանք բողոքում են, որ չնայած տնտեսական դժվարություններին, բնակարանների սեփականատերերը հրաժարվում են վարձի զեղչեր անել»:
 
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, դատական համակարգում համընդհանուր վեթինգից հետքայլ անելու շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել իշխանության ներսում, քանի որ, ըստ մեր ունեցած տվյալների, իշխանության ավելի ծայրահեղական հատվածը հակված է եղել կոշտ մեթոդներով իրավակարգավորումներին և երկու ձեռքով նպատակադրված է եղել անցումային արդարադատության և դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու հարցում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս հարցը հատկապես ցավոտ են ընդունել ՀԱԿ շրջանակները, քանի որ դա նրանց համար օրակարգային նշանակություն ունեցող հարց է եղել: Արդյունքում հենց ՀԱԿ ներկայացուցիչներն ու հակամերձ անձինք են ամենասուր քննադատության ենթարկում արդարադատության նախարարին:
Նախօրեին տեղի ունեցած մի փակ քննարկման ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ոչ ծայրահեղական ճանապարհի կողմնակիցները իրենց հակառակ բևեռի ներկայացուցիչներին փորձել են վստահեցնել, որ համատարած վեթինգի դեպքում դատական համակարգը կկանգներ կոլապսի առաջ:
Շահագրգիռ մյուս կողմը, այսպես կոչված, «սորոսական» գծի ներկայացուցիչներն են։ Ըստ տեղեկությունների, նրանք ևս բավականին ցավոտ են տարել այս լուրը, անգամ հայտարարել, թե «ամբողջությամբ հիասթափված են կառավարությունից ու անձամբ Փաշինյանից», որը, նրանց բնորոշմամբ, «դավաճանել է հեղափոխությանն ու նրա արժեքներին»։
Ըստ այդ շրջանակների, եթե համընդհանուր վեթինգ չի անցկացվում, նշանակում է՝ կառավարությունը լրիվ ձախողված է իր բոլոր ծրագրերով հանդերձ»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 13-ին դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին («Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով))՝ ուղղելով հարցեր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի կողմից ուղարկված պատասխանին սպասում են մեկ ամսվա ընթացքում: Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանություններն ամեն կերպ փորձում են լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամը, բայց այդպես էլ չի ստացվում, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էլ չեղարկվեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում: Եվ այս պայմաններում, երբ արտակարգ դրությունը կրկին ու կրկին երկարաձգվում է, իշխանությունները չգիտեն՝ ինչպես վարվել, ինչպես հանգուցալուծել ճգնաժամը, և այդ պատճառով էլ դիմել են եվրոպացիների օգնությանը: Սակայն չի բացառվում, որ վերջիններիս պատասխանը կարող է իշխանությունների սրտով չլինել, մանավանդ որ վերջին շրջանում հաճախ են այդ կողմից քննադատություններ հնչում: Այդպես եղավ նաև հայտնի վեթթինգի նախագծի դեպքում, և ստիպված եղան դրույթներ փոխել, մեղմացնել գործընթացները: Ամեն դեպքում, նկատենք, որ արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ, և օրենսդրորեն այդպես էլ իշխանությունները չեն կարողանում ճանապարհ գտնել: Այժմ նրանք սպասում են Եվրոպայի արձագանքին՝ հուսալով, որ ելք կգտնեն»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը անվավեր է ճանաչել վերելակների գնման մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից:
Նոր հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել այլ ընկերություն, որն առաջարկել է նախորդից ավելի բարձր գին, սակայն վերելակները ներմուծվելու են Բելառուսից, որոնք անհամեմատ ավելի որակով են թուրքականից և ունեն շահագործման շատ մեծ ռեսուրս»:
9․ Անհուսալի վրիժառուները. Որտեղից է գալիս Վովա Գասպարյանի հարազատների ինքնավստահությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հարազատներն աջ ու ձախ վստահեցնում են, որ «քիչ է մնացել»։
Գասպարյանի հարազատների մոտ մի ուրիշ կարգի վստահություն է առաջացել։ Նրանք սկսել են վարել 2019-2020թթ. գերթանկարժեք մեքենաներ։ Շրջապատին էլ վստահեցնում են, որ հարուցված քրեական գործերը իրենց համար խնդիր չեն։ Այդ «ժամկետանց» քրեական գործերը հարուցված են իրենց գիտությամբ՝ վարչապետին հանգստացնելու համար։ Քանզի նախապես հայտնի էր, որ դրանք մինչև հասնեն դատարան՝ վաղեմության ժամկետի խնդիր կառաջանա արդեն։
Իսկ նրանց վստահությունը գալիս է նրանից, որ կոնկրետ հարցերի վերաբերյալ ինֆորմացիաները «խորը թաղված» են իրավապահների համար։ Իսկ, ասենք, «Դայմոնդ» խաղատնից մինչև Զեյթունցի Պախանի հետ Հրազդանի ձորի ռեստորանում փայատեր լինելը և նման մի շարք ապօրինի հարստացման դեպքերը հայտնի են սակավաթիվ վստահելիների»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 18-ին՝ երկուշաբթի օրը, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ հնարավոր է՝ հենց այդ օրը հանձնաժողովը տեսակապով հարցաքննի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Սակայն չի բացառվում, որ երկուշաբթի օրը հանձնաժողովականներին «հյուընկալվի» այլ անձ, իսկ Նալբանդյանի հետ տեսակապն այլ օր նշանակվի:
Բանն այն է, որ արտաքին գործերի նախկին նախարարն արդեն իր համաձայնությունը տվել է քննիչ հանձնաժողովի հետ տեսակապով հարցերին պատասխանելու, քանի որ Նալբանդյանն այս պահին Ռուսաստանի Դաշնությունում է բնակվում ու չի կարող գալ Հայաստան: Բանն այն է, որ քննիչ հանձնաժողովի անդամները փորձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:
Նշենք նաև, որ հնարավոր է՝ այս հանդիպում-զրույցը վերջինը լինի քննիչ հանձնաժողովի համար, որից հետո հանձնաժողովականները պատրաստվում են մեկնել Արցախ, որտեղ կրկին կհանդիպեն ներկա և նախկին պաշտոնյաների հետ, ովքեր տեղյակ են Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներից: Հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին, և Արցախ այցելությունից հետո նրանք պետք է արդեն ներկայացնեն հանձնաժողովի զեկույցը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին Քոչարյանի աջակիցների մնացորդները աչքները հառել են «փրկիչներին»։ Ոչ մի կողմից լուրջ «աջակցություն» չկա։
Որոշ հույսեր թերևս կապվում էին Աղվան Վարդանյանի ստեղծած հանձնախմբի հետ, սակայն այդ հանձնախումբը ստեղծման օրվանից մինչ դատարանի կողմից Քոչարյանին ազատելու երաշխավորության հերթական մերժումը քիչ թե շատ տեսանելի, շոշափելի ոչինչ չի արել։
Ուշագրավ է, որ մինչ օրս հանրությունը այդ հանձնախմբում Աղվան Վարդանյանից բացի՝ որևէ այլ անդամի չի տեսել և չի ճանաչում»։
 
«Իրատես» թերթը գրում է. «Նոր «որակի» Ազգային ժողովը, որ կիսադատարկ կամ գրեթե դատարկ դահլիճում է հաճախ նիստեր անցկացնում, մարդաշատ է բացառապես այն օրերին, երբ իշխանության համար հույժ կարեւոր նշանակության օրինագծի քվեարկություն է տեղի ունենալու, կամ էլ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է: Պատգամավորները մեկ մարդու նման, շունչները պահած, սպասում են, թե երբ է ընդմիջում լինելու կամ ավարտվելու նիստը, որ կարողանան դուրս գալ դահլիճից: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն է զբաղվում նիստից «թռնող» թիմակիցներով ու հրահանգում՝ անհապաղ դահլիճ գնալ:
«Երբ Փաշինյանը ներսում է, բոլորս պետք է ներկա լինենք: Դա, նախ, հարգանք է նրա նկատմամբ, մյուս կողմից էլ՝ չպետք է այնպիսի տպավորություն լինի, թե նիստերի չենք գալիս»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց պատգամավորներից մեկը:
«Ի՞նչ հարգանքի մասին է խոսքը, եթե վարչապետի ներկայությամբ ծեծկռտուք է տեղի ունենում»,- հիշեցրինք նրան: «Դե դա խայտառակություն էր: Խարան է, որ միշտ կմնա այս խորհրդարանի վրա»,- պատասխանեց իմքայլականը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն