Իմ հրապարակային կամ ոչ հրապարակային հայտարարությունները չեն կարող տարբերվել, առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. Նիկոլ Փաշինյան


Իմ հրապարակային կամ ոչ հրապարակային հայտարարությունները չեն կարող տարբերվել, առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. Նիկոլ Փաշինյան

  • 16-05-2020 13:37:06   | Հայաստան  |  Հասարակություն

Իմ հրապարակային կամ ոչ հրապարակային հայտարարությունները չեն կարող տարբերվել, առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ 
 
Այս մասին մայիսի 16-ին իր հերթական մեծ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Միքայել Մինասյանի վերջին հայտարարությունները կապված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով որևէ հիմնադրամի գումար փոխանցելու իր առաջարկին, արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։ 
 
Լրագրողը նաև հարց հնչեցրեց, թե ինչպես է վարչապետը վերաբերում նաև իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբոր կողմից ՀՀ-ից ծխախոտ արտահանելու լուրին։ 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ լրագրողի հնչեցրած հարցերով իրավապահ մարմիններն են զբաղվում։ 
 
«Կարծում եմ, որ դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները. ինչ վերաբերում է կնոջս եղբոր հետ կապված դրվագին, ես տեղյակ եմ, որ նույնպես դատական հայց է հարուցված՝ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք և անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում դուք բոլորդ հրապարակայնորեն հնարավորություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ»,- ընդգծեց վարչապետը։ 
 
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում, ոչ մի չարաշահում թույլ չեն տվել, այլ արտահանողներն իրենք են, որ փորձել են ապօրինի կերպով վաճառք իրականացնել մի երկրում, որը չէին կարող անել։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն