Սևանի 20-ամյա բնակիչը կալանավորվել է՝ գեղամավանցի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար


Սևանի 20-ամյա բնակիչը կալանավորվել է՝ գեղամավանցի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

  • 18-05-2020 14:50:42   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում Գեղամավան գյուղի 22-ամյա երիտասարդի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը վիճաբանել էր Գեղամավան գյուղի բնակիչների՝ հայր և որդիների հետ՝ ճանապարհը վերջիններիս պատկանող մանր եղջերավոր անասունների պատճառով անանցանելի լինելու հարցի շուրջ, այնուհետև Սևանի 20-ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված շուրջ 10 անձանց հետ միասին, վիճաբանությունը շարունակել էր Գեղամավան գյուղի մշակույթի պալատի շենքի հարակից հատվածում, որ վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ իր մոտ գտնվող դանակով հարվածներ էր հասցրել 22-ամյա երիտասարդի թիկունքին՝ առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս՝ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքերի ձևով՝ դիմելով փախուստի:
 
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Սևան քաղաքի 20-ամյա բնակիչը ներգրավվել էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
 
Նախաքննության ընթացքում առերևույթ հանցագործություն կատարած անձը ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
 
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք