Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտադիմումներ իր առաջին «Traction» ծրագրի համար
19-05-2020 11:33:11 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին «Traction» ծրագրի համար արդեն ընդունվում են հայտադիմումներ։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։
«Traction» ծրագիրը առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ 10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի
(Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց
ռազմավարությունները և ստանալ աջակցություն` միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագիր և կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։ Բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին, կարող են դիմել ծրագրին․
●Հասցրել են ցուցաբերել որոշակի վաղ արդյունք (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
●Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչև մայիսի 31-ը,
●Ներգրավել են նվազագույնը 20,000 եվրո` դրամաշնորհների, «հրեշտակ» ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
●Նախկինում մասնակցել են որևէ այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։
«Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Աշոտ Արզումանյանը նշում է. «Traction ծրագիրը բխում է էկոհոմակարգում այլ մակարդակի ծրագիր ունենալու անհրաժեշտությունից։ Ծրագիրը մշակված է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են ներդրումներ ներգրավելու և աճի կամ վաճառքների ռազմավարություն
մշակելու ուղղությամբ: Մենք ուրախ ենք օգնել այդ ընկերություններին աճել և ընդլայնվել Հայաստանի սահմաններից դուրս»։
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Յոհաննա Միխայելա Վեբերը Ստարտափ ակադեմիայի այս նոր ծրագիրը համարում է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտնվող այն ստարտափների համար, որոնք պատրաստ են հաջորդ մեծ քայլը կատարել և դուրս գալ համաշխարհային ասպարեզ։ «ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը աջակցել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգին 2016 թվականից ի վեր՝ տրամադրելով շուրջ 1․28 մլն եվրո ներդրում դրամաշնորհների և տեխնիկական աջակցության ձևով, ներառյալ` Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին 4 փուլերը, որոնք իրականացվել են մեր վստահելի գործընկեր «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից: Հետևաբար, մենք ուրախությամբ շարունակում ենք այս աջակցությունը՝ նպատակ ունենալով բացել հայկական նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման նոր հեռանկարներ», - նշեց նա:
«Վերջին տարիներին մենք Հայաստանում նկատել ենք ստարտափների կտրուկ աճ: Եղել են ինչպես հաջողակ նախաձեռնություններ, այնպես էլ ձախողումներ: Նախաձեռնողականությունն ու ստեղծագործական գործունեությունը խիստ կարևոր են, և, այսուհանդեձ, ոչ բավարար հաջող մեկնարկի համար: Վիվա-ՄՏՍ-ը միանում է այս կարևոր նախագծին, որի նպատակն է աջակցել ստարտափներին անցնլու զարգացման հաջորդ փուլ, որպեսզի դրանք վերածվեն կայուն բիզնես կառույցների և ներգրավեն միջազգային ներդրումներ», - ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս նոր ծրագիրը էականորեն տարբերվում է նախորդներից․ մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանք ծավալել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ովքեր ընտրված ընկերությունների հետ կմշակեն համապատասխան ռազմավարություններ, - նշում է «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Համբարձում Քաղկեցյանը, - Այս
կառուցվածքը հնարավորություն կտա մասնակիցներին ավելի սերտորեն համագործակցել մենթորների հետ և առավելագույն արդյունք ստանալ համագործակցությունից»։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, որին կհետևեն հարցազրույցները մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, Տեղեկատվական հանդիպում տեղի կունենա մայիսի 25-ին (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումը իրականացվելու են հեռահար եղանակով՝ COVID-19 համաճարակի բռնկման և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։