Քննարկվո՞ւմ է իշխանությունը հանձնելու փուլային տարբերակը․ ինչու է պարետատան նիստերը վարում Փաշինյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26-05-2020 15:15:54 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման և հանրային վստահության աստիճանական անկման պայմաններում իշխանության բարձր էշելոններում ակտիվորեն քննարկվում է իշխանության «տրանզիտի» հարցը։ Հարցն առավել ակտուալ է դարձել Ռուսաստանի (ու ոչ միայն) հետ Հայաստանի իշխանության լարված հարաբերությունների ֆոնին, երբ արդեն սպառվում են արտաքին լեգիտիմության ռեսուրսները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկվող տարբերակները մի քանիսն են, իսկ դրանից մեկն էլ առնչվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Փաշինյանն իր կառավարման 2 տարվա ընթացքում հասցրել է այրել բոլոր կամուրջները և հատել հնարավոր բոլոր գծերը քաղաքական ամբողջ դաշտի հետ։
Միակ «կամուրջը», որ մնացել է անվնաս, նախագահ Արմեն Սարգսյանի հետ իր կապն է, ինչը և ներկայումս փորձ է արվում օգտագործել։
Ըստ մեր աղբյուրների, քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը, որի առաջին քայլը պետք է լինի Տիգրան Ավինյանի պաշտոնը Սարգսյանին «հանձնելը»։
Եթե այդ համաձայնությունը կայանա, ապա փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Արմեն Սարգսյանի մատնանշած անձը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունների ներսում ճաքերի մասին հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի լարված հարաբերությունների մասին բազում հրապարակումներ են լինում: Նույնիսկ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի և Տիգրան Ավինյանի միջև միջադեպն ընկալվեց այդ կոնտեքստում: Ու երբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի վերջին մի քանի նիստերն էլ վարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանություններն ավելի շատացան:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք Ավինյան-Փաշինյան լարվածությամբ է պայմանավորված վարչապետի՝ նիստեր վարելը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ լարվածությունն իրականում գոյություն չունի: Խոսնակը հավելեց, որ ի սկզբանե, երբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամ է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստերը գլխավորել: Կարճ ասած, այդ փաստի մեջ այլ բաներ փնտրելը ճիշտ չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է հետևել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկա օրերին ռեկտորի պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ: Ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու սկզբունքից՝ հովանավորչության վերաբերյալ տարբեր ասեկոսեներից զերծ մնալու համար նա հորդորել էր Դիանա Գալոյանին հրաժարվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Երբ որ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները, բայց և անպայմանորեն կմասնակցեմ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին՝ որպես թեկնածու»,- ասաց Գալոյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը համագործակցության հուշագիր է ստորագրել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հետ:
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ համագործակցությունը չի ենթադրում որևէ պարտավորություն, այն ծրագրային դրույթների շուրջ համագործակցություն է՝ հիմնականում օրենսդիր մարմնում, և ենթադրում է համատեղ պատասխանատվություն: Կոալիցիա ձևակերպում այս համագործակցությանը տրված չէ:
Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի ԱԽ քարտուղար, սակայն Վահրամ Պողոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ պաշտոնի հարց չկա օրակարգում, կադրային հարցեր չեն քննարկել. «Ոչինչ չեմ ուզում բացառել, քանի որ քաղաքական համագործակցությունը ենթադրում է, որ հնարավոր է պաշտոնների հարցում համագործակցություն լինի, բայց կրկնում եմ՝ այսօր կադրային քաղաքականության մասով ոչինչ չի քննարկվել»»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած զանգվածային գործողությունները այս երկու օրերին տարաբնույթ մեկնաբանություններ ստացան։ Ոմանք կատարվածը դիտարկեցին որպես մերժված ուժերի ռևանշի փորձ, ոմանք՝ զուտ սյունեցիների բարկության դրսևորում։ Սակայն կատարվածն իրականում ակնհայտորեն կուտակված ցասում էր, որի բռնկված կրակի վրա կարող էին շատերը տաքացնել իրենց ձեռքերը։
Հիշեցնենք՝ Քաջարանից ձերբակալված և ՀՀ ոստիկանության կողմից բռնության ենթարկված 3 քաղաքացիների ազատության համար հարյուրավոր քաղաքացիներ խմբվել էին Կապանի ոստիկանության մոտ։ Երեկ ողջ օրը քաղաքական շրջանակներում քննարկվում էր վարկածը, թե ակցիայի իրական կազմակերպիչը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վահե Հակոբյանի հետ միասին։ Ինչպես հայտնի է, Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել և իշխանափոխության պահանջ ու ցանկություն բարձրաձայնել։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն էր քաջարանցիներին հավաքել Կապանում։ Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Բոլոր այդ լուրերը մտացածին են։ Ես կապ չունեմ այդ գործողությունների հետ»»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Արցախում ընտրական գործընթացներն արդեն անցյալում են, սակայն քաղաքական թեժ զարգացումները դեռ առջևում են: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տանելուց հետո նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է լծվի կադրային փոփոխությունների և նոր համակարգ ձևավորելու գործին: Եվ հենց այստեղ էլ թաքնված են խնդիրները: Բանն այն է, որ երեկ համագործակցության հուշագիր ստորագրվեց Արայիկ Հարությունյանի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի միջև: Համաձայն պայմանավորվածության՝ Սամվել Բաբայանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ փոխարինելով Արշավիր Ղահրամյանին:
Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը դեռևս չի ցանկանում բավարարվել իրեն առաջարկված պաշտոնով, ցանկանում է ավելի մեծացնել իր լիազորությունները և դառնալ Արցախում գործոն: Սակայն այս նշանակման մասին տեղեկություններն արդեն իրարանցում են առաջացրել Արցախում, քանի որ այդ երկրի էլիտան չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու, աշխատելու մի երկրում, որտեղ Սամվել Բաբայանը բարձր պաշտոն է զբաղեցնում: Անհանգստացած են բոլորը՝ առանց բացառությունների՝ Սամվել Կարապետյան (Օգանովսկի), Արշավիր Ղահրամյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան ու էլի շատ շատերը:
Բանն այն է, որ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած մահափորձից հետո տարիներ շարունակ Արցախի իշխանական էլիտան Բաբայանին, կարելի է ասել, վտարել էր Արցախից: Նաև Բաբայանի առանձնատունն էին պետականացրել՝ վերածելով մանկապարտեզի: Հիմա պայմանավորվածություն կա, որ Բաբայանին կվերադարձվի նաև նրա առանձնատունը: Ու սա դեռ սկիզբն է, ինչն էլ հենց անհանգստացնում է Արցախի էլիտային: Նրանք երաշխիքներ են պահանջում Արայիկ Հարությունյանից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ից, ամենայն հավանականությամբ, կվերականգնվի Փարիզի հետ օդային կապը:
Փարիզ-Երևան չվերթներ իրականացնող Air France ավիաընկերությունը արդեն երկու շաբաթ է՝ սկսել է դեպի Երևան տոմսերի վաճառքը, և ըստ ֆրանսիաբնակ մեր ընթերցողների՝ առաջիկա չվերթների համար օդանավի բոլոր տոմսերը գնված են, մնում է, որ ավիաընկերությունը չհետաձգի դրանք»:
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ գործող իշխանությունը բազմաշերտ է և կազմված է տարբեր շրջանակներ ներկայացնող ներկայացուցիչներից, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո տվյալ շրջանակներն իրենց «փայն» էին ցանկանում ստանալ իշխանական «տորթից», ինչի մասին, ի դեպ, վերջերս խոսեց նաև վարչապետը։
Իշխանափոխությանն աջակցած շրջանակների մեջ առանցքային դերակատարություն են ունեցել արևմտյան դրամաշնորհներով սնվող կառույցներն ու անհատները, մասնավորաբար, այսպես կոչված, «սորոսականները»։
Արդյունքում այդ միավորներից շատերն ընդգրկվեցին գործադիրում, մի զգալի հատված՝ նաև օրենսդիրում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանափոխությունից երկու տարի անց, սակայն, այսպես կոչված, «սորոսականների» և Փաշինյանի ջրերը մի առվով չեն գնում, և տարբեր հարցերի շուրջ տեղի են ունենում բավականին լուրջ բախումներ։
Կառավարության մեր աղբյուրը փոխանցել է, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանը լծվել է իշխանությունից նշյալ անձանց աստիճանաբար օտարելու գործընթացին։ Մի քանի ազատումներ արդեն եղել են, սակայն շարքը շարունակական է լինելու:
Այս հանգամանքը նյարդայնացնում է նշյալ շրջանակներին, և հենց դրանով է պայմանավորված, որ դրանց որոշ ներկայացուցիչներ ակնհայտ գրոհ են սկսել Փաշինյանի և նրա թիմի դեմ՝ դարձնելով բացահայտ թիրախ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առաջիկայում հարցաքննության հրավիրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Միայն թե հստակ չէ՝ ինչ կարգավիճակով են նրան կանչելու հարցաքննության:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժին, որտեղից բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց տվյալները, նախաքննության գաղտնիությունից ելնելով, հրապարակման ենթակա չեն: Տիգրան Արզաքանցյանը քրեական գործով դեռևս չի հարցաքննվել»:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ընկերություններից մեկի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ: Մեր տեղեկություններով՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է, որին մեղադարանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, այս գործով էլ Տիգրան Արզաքանցյանին կանչելու են հարցաքննության: Փորձեցինք խոսել Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքային հիվանդանոցում այնպիսի հերթեր են, որ մարդիկ առավոտյան հերթ կանգնելով՝ չեն հասցնում մինչև երեկո անալիզներ հանձնել:
Հիվանդանոց դիմածների մեծ մասը կասկածում է, որ վարակված է կորոնավիրուսով, քանի որ ունի համապատասխան սիմպտոմներ՝ ջերմություն, հազ և շնչառության խանգարումներ: Բժիշկներն աշխատում են առաջնահերթ սպասարկել ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին»: