Սերժի հեղափոխությունը Սփյուռքում. Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սերժի հեղափոխությունը Սփյուռքում. Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 01-06-2020 14:34:19   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․Օրերս Թումո լայվի հատուկ թողարկմանը հանրահայտ ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանն, անդրադառնալով Հայաստանի թավշյա հեղափոխությանը, նշել էր, որ դա ամենամեծ նվերն էր հայ ժողովրդի վերջին հարյուրամյակների ընթացքում: Շատերն անշուշտ կարող են վիճարկել Թանկյանի այդ գնահատականն ու եզրակացությունը, և գուցե իրավացիորեն, քանի որ հայ ժողովուրդը բավականին բարդ և ողբերգական պատմությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նաև ունեցել է ծանրակշիռ հաջողություններ: Բայց Սերժ Թանկյանի պատասխաններում դա չէ էականը: Նա խոսել է մի առավել կարևոր բանի մասին: «Երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, ու ես վերադարձա Լոս Անջելես, և բոլորն ինձ հարցնում էին՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, իմ առաջին ու անկեղծ արձագանքն այն էր, որ մենք ունեցանք հեղափոխություն Հայաստանում, հիմա ժամանակն է, որ անենք դա Սփյուռքում։ Մեզ պետք է նոր հայացք՝ նայելու Հայաստանին, մեր ժողովրդին, մեզ պետք է Հայաստանի հետ կապվելու նոր եղանակ»,- ասել է Սերժ Թանկյանը: Թանկյանը Հայաստանում թավշյա հեղափոխության, այսպես ասած, ուղեկցող դեմքերից, անգամ «բրենդներից» մեկն էր, որը հաղորդում էր գործընթացին մեծ էներգետիկա: Նա անգամ հայտարարեց Հայաստանում տուն գնելու և տարվա մի զգալի մաս այստեղ գտնվելու, այստեղ աշխատելու մտադրության մասին: Բայց ներկայումս հարցն այն չէ, թե ինչ փուլում է այդ մտադրությունը: Առավել ևս, որ ընդհանրապես այստեղ կա նաև էական խնդիր:
Հիանալի է, երբ մեր հայրենակիցները տուն են ձեռք բերում Հայաստանում, բայց դա, լինելով բարոյական ոգևորության աղբյուր, զուտ տնտեսական ազդեցության իմաստով այնքան էլ նպաստավոր չէ, քանի որ բերում է անշարժ գույքի գների արհեստական աճի, ինչը բարդություններ է ստեղծում արդեն Հայաստանում մշտապես ապրող ընտանիքների համար՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան բնակֆոնդի ճնշող մեծամասնությունն էլ բավականին հին է և գրեթե մեծ մասն ունի բնակարանի թարմացման, նաև ընդլայնման խնդիր: Ըստ այդմ, երբ մենք խոսում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերության մասին, ապա հեղափոխությունն ամենևին պետք չէ արտահայտել Հայաստանում տուն գնելով՝ եթե դա չի ենթադրում պարզապես նաև տեղափոխում Հայաստան և մշտական բնակության հաստատում այստեղ: Շատ ավելի կարևոր է հենց այն հեղափոխությունը, որի մասին խոսում է Սերժ Թանկյանը: Եվ դա ամենևին այն հեղափոխությունը չէ, որ տեղի է ունեցել Հայաստանում: Այսինքն՝ խոսքը դրա օրգանական շարունակության մասին չէ, քանի որ Սփյուռքում դա հնարավոր չէ ուղղակի առկա իրողությունների բերումով: Պետք է պարզապես մտածողության, Հայաստանի հանդեպ վերաբերմունքի և այդ վերաբերմունքի համատեքստում նաև սեփական կյանքում Հայաստանի դերի վերարժևորման հեղափոխություն:
Այլ կերպ ասած, Սփյուռքում, թերևս, խոսքը որոշակի պայմանականությամբ, բայց գուցե ինքնության հեղափոխության մասին է, որ փոխադարձաբար ամրացնելու է Հայաստանն ու հենց Սփյուռքը: Այդ ամբողջության մեջ է բնականաբար նաև Արցախը: Դա նշանակում է գաղափար, գաղափարներ, աշխատանք, գործողություններ, նախաձեռնություններ: Ո՞վ պետք է Սփյուռքում առաջնորդի այդ հեղափոխությունը: Հայաստանը պետք է լինի գաղափարական աջակից, ոգեշնչող, ոգևորող, էներգետիկ աղբյուր, բայց առաջնորդները պետք է այլ լինեն, որովհետև հեղափոխության բնույթն է այլ լինելու: Սերժ Թանկյանն ինքը կառաջնորդի՞ Սփյուռքի հեղափոխությունը, ստանձնելով երկարաժամկետ պատասխանատվություն այդ մեծ վերափոխման գործընթացի համար, գտնելով, իհարկե, այդ գործում ամենատարբեր համախոհներ: Դա շատ ավելի կարևոր է, քան տունը Հայաստանում, քան Հայաստանի հեղափոխության որևէ երկրպագություն: Այդ ամենի ժամանակն անցել է, այժմ կոնկրետ և առարկայական գաղափարների ու նախաձեռնությունների ժամանակն է:
 
Lragir.am-ը գրում է. 
Ինչու է Ալիեւն ուժգնացնում ռազմական հռետորաբանությունն ու պատմական նկրտումները, որոնք այլ կերպ, քան պարզապես զառանցանք հնարավոր չէ գնահատել: Բայց նաեւ կասկածից վեր է, որ դա զառանցանք չէ, այլ նպատակային քաղաքականություն:
Այդ քաղաքականության ներքին մոտիվը հասկանալի է: Ալիեւը հորից իշխանությունը ժառանգելուց ի վեր գործնականում ունի մեծ խնդիր՝ ադրբեջանցիների ինքնության հարցը: Ադրբեջանն ըստ էության արհեստական կազմավորում է, որի գլխին հանգամանքների բերումով հայտնվել է Իլհամ Ալիեւը եւ ստիպված է պահել իշխանության հարցը: Իշխանության հարցը լուծելու համար նա պետք է լուծի արհեստական կազմավորման բնակչության ինքնության հարց, առավել եւս, երբ կա մեկ այլ նուրբ հանգամանք: Ադրբեջանն ունի էթնիկ փոքրամասնություններ, որոնք ինքնության խնդրի առումով առաջ են Ադրբեջան կոչված պետությունից: Դա մահացու վտանգ է Ալիեւի համար, թե ներքին, թե արտաքին առումով, որովհետեւ արհեստական կազմավորումը պարզապես կարող է չդիմանալ նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ գործընթացներին:
Ալիեւը լավ է հասկանում, որ այդ գործընթացում Արցախը կորցրել է վաղուց, նա այժմ փորձում է լուծել Ադրբեջանը պահելու խնդիր: Առանց այդ ինքնության Ադրբեջանը քանդվելու է, կամ Ալիեւը վերածվելու է պարզապես նոր աշխարհակարգի խամաճիկի, ինչի վտանգները նա լավ է պատկերացնում, եթե անգամ խամաճիկ է Թուրքիայի ձեռքին:
Ադրբեջանական ինքնության խնդրի այլ հիմք, քան հայերի հանդեպ նկրտումները, Ալիեւը չունի: Լավ է դա, թե վատ, քննարկելը թերեւս ավելորդ է: Դա փաստ է, որն ունի օբյեկտիվ հիմքեր, մասնավորապես հայկական հաղթանակի տեսքով:
Ալիեւը ինքնությունը փորձում է կառուցել նաեւ հայերի հանդեպ ատելության վրա, բայց դա կարճաժամկետ հանգամանքն է, քանի որ անընդհատ ատելությունը ի վերջո գեներացնում է նաեւ շատ կոնկրետ գործողության սպասում, իսկ Ալիեւը պատկերացնում է, որ գործողության հնարավորությունը սուղ է մի շարք պատճառներով: Ըստ այդմ, պետք է կատարվի անցումը ակտիվ ատելությունից ակտիվ պատմական նկրտումների, ատելությունն այսպես ասած կառավարելի պահելու համար:
Ինքնության այդ հիմքը Ալիեւի համար հղի է արտաքին լուրջ խնդիրներով, բայց փոխարենը կօգնի լուծել ներքին խնդիրներ: Իսկ նրա համար կարեւոր է հենց դա:
Երեւանի համար դա չի փոխում իրերի դրությունն ու գլխավոր անելիքը՝ առաջնորդվել Ադրբեջանի հարձակողականության կանխավարկածով եւ մշտապես, ամեն րոպե ունակ լինել հարձակում կամ գրոհ կասեցնելու եւ հակահարվածի:
Չի կարող լինել որեւէ երկարաժամկետ պայմանավորվածության եւ համակեցության պատրանք, դա կախված չէ անգամ Ալիեւի ցանկությունից, նա բաց է թողել գնացքը բավական հեռու: Այնքան, որ նույնիսկ իր որեւէ հաջորդի համար գործնականում բացառել է այլ բանի մասին մտածելը: Դա ըստ էության նաեւ անձնական անվտանգության երաշխիք է:
 
168.am-ը գրում է․ «Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է, ընդ որում՝ որևէ ախտանշան չեմ ունեցել, պարազապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ։ Ընդ որում՝ դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք, այսինքն՝ վարակված ենք կորոնավիրուսով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ ընտանիքով որևէ ախտանշան չունեն։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ, ինչպես կարգն է՝ ջերմաչափվել եմ և ջերմություն չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է իմ վարակվելու հանգամանքին, ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից և ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել։ Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը շատ տպավորվել է իմ մեջ և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված։
Խորհրդակցությունների ժամանակ, գիտեք, որ ջրի բաժակներ են դնում, ես մի օր ֆիքսեցի այդ բաժակն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Իհարկե, տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել։ Եվ այդ աշխատողը՝ մատուցողը, ով մատուցում էր այդ բաժակը, նրա մոտ նույնպես հաստատվել է դրական։ Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից․ «Այստեղ ունեմ բոլոր պայմանները, կապի միջոցները՝ կառավարական կապ, մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները և ինչքան որ հնարավոր կլինի՝ կաշխատեմ, նույնիսկ հնարավոր է՝ սպասվածից ավելի շատ, բայց, իհարկե, մեկուսացվածության պայմաններում։ Կոչ եմ անում բոլորիդ անպայման պահել հակահամաճարագային կանոնները։ Այնպես ստացվեց, որ որ հակահամաճարակային կանոնները մեզ կոնկրետ դեպքում չօգնեցին, բայց համոզված եմ, որ այդ կանոնների պահպանման արդյունքում առնվազն կառավարությունում ինձնից մարդ չի վարակվել կամ հնարավորինս քիչ մարդ է վարակվել։ Ամեն դեպքում, շատ ցավում եմ, որ այսպես եղավ։ Մեր ռազմավարությունը և մարտավարությունը մնում է նույնը, մենք պետք է սովորենք կորոնավիրուսին զուգահեռ ապրել։ Ասեմ, որ բոլորիս մոտ նույն վիճակն է՝ ջերմություն չունենք, ախտանշաններ չունենք, բայց նաև պետք է հետևենք, կարող է՝ ինչ-որ մի պահի այդ ախտանշաններն ի հայտ գան։ Մեր ամենամեծ մտահոգությունն այսօր այն է, որ մեր տատիկ-պապիկներին վարակած չլինենք։ Ճիշտն ասած՝ դրա համար ենք մի քիչ լարված՝ միջնորդավորված կամ անմիջական վարակի աղբյուր դարձած չլինենք»։
Վարչապետը կոչ արեց դիմակ կրել, ձեռքերը պաբերաբար ախտահանել․ «Կորոնավիրուսով վարակված՝ առանց դիմակի եմ եթեր մտել, հուսով եմ՝ ներողամիտ կգտնվեք, մանավանդ, որ բաց տարածքից եմ եթեր մտել, մեկուսացած պայմաններում եմ»։
 
Armlur.am-ը գրում է․ Ինչպես արդեն հայտնել էինք,  այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ վարակվել է կորոնավիրուս հիվանդությամբ։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտնեց, որ կառավարության անդամների համատարած թեստավորում չի իրականացվելու: «Որպես այդպիսին Կառավարության անդամեների համատարած թեստավորում չի իրականացվի, քանի որ թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, իսկ Կառավարության աշխատակիցների շփումը վարչապետի հետ եղել են անվտանգ, այդ թվում դիմակների, սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Նրանք, ովքեր  չունեն ախտանիշներ, շփում կամ շփվելիս պահել են անվտանգության կանոնները չեն մեկուսացվի, քանի որ դրա անհարաժեշտությունը չկա»,- նշեց նա։
Մանե Գեւորգյանի խոսքով ՝ նա երկու առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, որի պատասխանը եղել է բացասական։ «Հնարավոր երկու կամ երեք օրից անվտանգությունից ելնելով ես էլ թեստ հանձնեմ։ Այս պահին վարչապետը մեկուսացված է եւ նրա մոտ վիրուսն անսիմտոմ է ընթանում»,- հավելեց նա։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն