Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

03-06-2020 18:12:56   | Լոռու մարզ  |  Հասարակություն
Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն հաստատել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ 2020 թվականին աշխատանքներ կտարվեն: Իսկ մինչև կոնկրետ քայլերի իրականացումը, ամփոփվում են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները: 
 


Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, LED համակարգերի պաշտոնական գործարկումը մի շարք համայնքներում հետաձգվել էր: Այժմ դրանք իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով՝ տեսազանգով: Գործընկերների առաջին հեռավար շփումը եղել է Երևան-Սյունիք տարածության վրա: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանն ու Լորի վարչական տարածքի ղեկավար Դավիթ Առուստամյանը, փորձել են գնահատել համակարգի արդյունավետությունը: Տեսազանգի ընթացքում քննարկվել են նաև հետագա աշխատանքին առնչվող կազմակերպչական հարցեր:
 
«Ստիպված ենք կիրառել աշխատանքի այնպիսի մեթոդ, որը նվազեցնում է հանդիպման անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է խանգարի ծրագրի արդյունքին: Ֆիզիկապես ձեզ հետ չեմ, բայց նման տեսազանգերով  կապի մեջ կլինենք, մինչև նոր հանդիպում: Այն,
ինչ ժամանակավոր է, կարելի է հաղթահարել: Անհամբեր սպասում եմ իրավիճակի կարգավորմանը՝ մարզեր այցելելու և մեր գործունեությանն առավել մեծ թափ հաղորդելու համար»,-տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
Լոր գյուղը՝ Համո Սահյանի ծննդավայրը, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով և հավակնում է դառնալ էկոտուրիզմի կենտրոն։ Գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայր դարձնելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրակայացրել են առաջին քայլերը. Լորում լուսավորության՝ բնապահպանության պահանջներին համապատասխան LED համակարգ է կառուցվել: Լուսավորվել են գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածն ու երկրորդական փողոցները: Տարածքը ներառել է նաև անվանի բանաստեղծի տուն-թանգարանը: Կառուցվել է 32 լուսարձակ ունեցող փողոցային լուսավորության համակարգ՝ ներառելով մոտ 1,250 մ երկարությամբ փողոց:
 
Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար շատ բնակավայրերում աշխատանքներն իրականացվում են տարիների ընթացքում: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ
երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել և ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ)  ու  ջրընդունիչը:
 
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն ի տարբերություն շիկացման լապերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:  Ամռան ամիսներին Լորի փողոցները լուսավորվեն ժամը 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 311 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար