Լուկաշենկոյի աղմկոտ հայտարարությունը. Պուտինն այլևս իշխանություն չէ՞ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Լուկաշենկոյի աղմկոտ հայտարարությունը. Պուտինն այլևս իշխանություն չէ՞ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-06-2020 15:56:35   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է. 
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանյան օլիգարխների փողերով Բելառուսում փորձում են իշխանության բերել արմատական ընդդիմությանը: Լուկաշենկոն պատրաստվում է նախագահի ընտրությանը և պատրաստվում է բավականին բարդ պայմաններում:
Մյուս կողմից՝ միշտ էլ բարդ է, իհարկե, մնալ իշխանության ֆորմալ ընտրության միջոցով: Բայց ներկայումս առավել բարդ է աշխարհաքաղաքական միջավայրը, որում Լուկաշենկոն է, որովհետև բազմակի բարդ է այդօրինակ հարցեր լուծել նոր աշխարհակարգի ձևավորման ակտիվ փուլում, երբ խոսքը ամենևին էլ որևէ փակուղում կամ ծայրամասում ընկած պետության մասին չէ, այլ առանցքային երկրի:
Խոսել ռուսաստանյան օլիգարխների փողերով արմատական ընդդիմության մասին, նշանակում է ուղիղ մեղադրել Կրեմլին՝ Բելառուսում իշխանափոխություն ֆինանսավորելու համար: Դա հնարավոր է անել երկու պարագայում: Կա՛մ Լուկաշենկոն փորձում է Կրեմլի գիտությամբ, իսկ Կրեմլը հրեշ հռչակելով լուծել վերարտադրության հարցը, կա՛մ Կրեմլը իսկապես դրել է այդպիսի խնդիր՝ նվազագույնը Լուկաշենկոյին սաստելու և նրան, այսպես ասած, ենթարկեցնելու համար, առավելագույնը՝ նրան իսկապես իշխանությունից հեռացնելու համար, քանի որ դարձել է անվստահելի, անկանխատեսելի: Թե հատկապես ինչի հետ գործ ունենք այդ առումով՝ միարժեք ասելը իհարկե բավականին բարդ է:
Ի վերջո, ակնառու է նաև մի բան՝ արդեն տևական ժամանակ Մոսկվան չունի, այսպես ասած, հետխորհրդային ազդեցության գոտում աներկբա գերակայության և այդ գործիքակազմով հարցեր լուծելու հնարավորություն, ըստ այդմ՝ ներկայիս իրավիճակում միանգամայն կարելի է դիտարկել տարբերակ, երբ Մոսկվան կարող է խնդիրներ լուծել՝ համաձայնելով ժամանակավորապես հայտնվել «հրեշի» կերպարում, միայն թե Բելառուսում պահի գոնե Լուկաշենկոյին, Բելառուսի հանրությանը հնարավոր լինի հավատացնել, որ Լուկաշենկոն է այդ հրեշի դեմ պայքարի ունակ միակ «Լանցելոտը»:
Այսպես թե այնպես ակնառու է մի բան՝ Լուկաշենկոն փաստացի հայտարարում է, որ Պուտինը փորձում է ֆինանսավորել իշխանափոխություն Բելառուսում: Իսկ եթե դա Պուտինը չէ, ապա Լուկաշենկոն ըստ էության հայտարարում է, որ Պուտինը Ռուսաստանում այլևս իշխանություն չէ, եթե որևէ ռուսաստանյան օլիգարխ առանց նրա գիտության կարող է Բելառուսում արմատական ընդդիմություն ֆինանսավորել:
 
Lragir.am-ը գրում է.
 Չգալով հանձնաժողով, Յուրի Խաչատուրովը խորացրեց մեր կասկածները, բայց չասեմ, թե ինչ կասկածների մասին է խոսքը, հայտարարել է ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովը ավարտել է աշխատանքը եւ սկսելու է եզրակացության կազմումը: Քոչարյանը նշել է, որ Խաչատուրովին արդեն հարցեր կունենան իրավապահ մարմինները, այն բանից հետո, երբ նա հրաժարվեց գալ եւ պատասխանել հանձնաժողովի հարցերին:
Հայտնի է, որ Յուրի Խաչատուրովը միակն էր բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից, որ հրաժարվել է ընդունել հանձնաժողովի հրավերն ու պատասխանել հարցերին:
Ինչու՞ չի եկել Յուրի Խաչատուրովը: Ապրիլյան քառօրյայի օրերին նրա վարքագծի վերաբերյալ եղել են տարբեր խոսակցություններ ու հրապարակումներ: Դրանց հիմքով հայտարարությունների համար Խաչատուրովը, որն ինքը անցնում է մարտիմեկյան հայտնի գործով, դատարան է դիմել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ՝ զրպարտության համար:
Ինչու է ԶՈՒ ԳՇ նախկին պետը հրաժարվել հանձնաժողովից: Դա զուտ անձնական հանգամանքներով պայմանավորվա՞ծ որոշում է, թե՞ պայմանավորված է ռազմա-քաղաքական հանգամանքներով:
Այստեղ էական է մեկ այլ հարց էլ: Եթե Խաչատուրովը գար, արդյոք բանը դարձյալ հասնելու էր իրավապահ մարմիններին, թե՞ բանն այդտեղ է հասնում, որովհետեւ Խաչատուրովը չի եկել, ու բաց են մնացել հարցեր:
Դրա պատասխանը գուցե կնշմարվի հանձնաժողովի եզրակացության մեջ, որն ամենայն հավանականությամբ կլինի սեպտեմբերին:
Մինչ այդ Յուրի Խաչատուրովը կլինի՞ Հայաստանում, թե՞ կհամալրի այն անձանց շարքը, որոնք իրավապահների հարցերի շեմին հայտնվում են Ռուսաստանում եւ պատսպարվում այնտեղ: Իհարկե, մարտիմեկյան գործում գեներալ Խաչատուրովը չմնաց այնտեղ, վերադարձավ եւ մասնակցում է գործընթացին: Կլինի՞ նույնն ապրիլյան քառօրյայի առնչությամբ իրավապահների հարցերի պարագայում:
Մյուս կողմից, խորքային առումով կա եւս մեկ հարց՝ Խաչատուրովը վերածվում է «նշանակված գլխավոր մեղավորի»: Դա իհարկե կլինի ամենաանարդյունավետ սցենարը, որովհետեւ բարոյա-հոգեբանական առումով գուցե հագուրդ կտա հանրային որոշակի տրամադրություններին, մյուս կողմից սակայն այդ «նշանակումը» կարող է իրականում նշանակել ոչ թե պատերազմի մեխանիզմի ամբողջական բացահայտում, այլ հակառակը՝ կոծկում Խաչատուրովով:
Մինչդեռ, բանն այն է, որ 2016-ի ապրիլյան ագրեսիան մինչ ռազմական փուլի անցնելը Հայաստանի դեմ սկսել է ծավալվել ռազմա-քաղաքական փուլով, ավելի լայն՝ ռուսական քաղաքականության «տանիքով», որի տակ սկսել է պատերազմի պատրաստվել Ադրբեջանը: Իսկ Հայաստանում այդ գործընթացը ծածկվել է մի շարք քաղաքական սուբյեկտների գործունեության տեսքով, մինչ բանը կհասներ Խաչատուրովին:
Լայնածավալ ստուգումներ՝ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանի հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» 
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց: Դիմումն անակնկալ էր ինչպես ՊԵԿ-ի ներսում, այնպես էլ այդ կառույցից դուրս: ՔՊ-ն այնքան էլ գոհ չի եղել Անանյանից` նրան համարելով փափուկ կառավարիչ, «հներին», օլիգարխներին չպատժող տեսակ, ինչին մի առիթով Անանյանը հակադարձել է. «Բոլոր դեպքերում չէ, որ պետք է պաշտոններից հանենք մարդկանց ու երիտասարդ անփորձ կադրերով փոխարինենք»: Այս արտահայտությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մշտապես հիշվել է ՔՊ վարչության նիստերում թեմատիկ քննարկումների ժամանակ:
Ինչևէ, Անանյանն աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»: Այս ոչինչ չասող տեքստը բազում հարցեր է առաջացնում: Մասնավորապես, արդյոք Անանյա՞նն է ցանկություն հայտնել հեռանալ, թե՞ վարչապետն է այդ մասին ասել։ Սա շատ կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով նաև առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանի ձևակերպումներից մեկը՝ կապված հեռացող պաշտոնյաների հետ: «Դեպքերի շատ մեծ մասում ինձ չի անհանգստացնում, ընդհակառակը, ես շատ ուրախ եմ լինում նման զարգացման համար»,– նշել էր վարչապետը` թիմից հեռացող կադրերի մասին խոսելով: Հետաքրքիր է՝ Անանյանի հեռանալը անհանգստացնո՞ղ դեպքերից է, թե՞ ոչ:
Ամեն դեպքում, ՊԵԿ-ի շուրջ կատարվող գործընթացներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս ստուգումներ է սկսել ՊԵԿ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու մասին տեղեկությունները` ասելով, որ ստուգումներ սկսելու մեկնարկը տրվել է մայիսի 12-ի հրամանագրով: «Որոշակի ռիսկեր են վեր հանվել, որոնց հիման վրա նախաձեռնվել է ուսումնասիրություն: Լայնածավալ ուսումնասիրություն է», – հավելեց նա: Արդյոք այս ստուգումներն ու հնարավոր բացահայտումները կարող էին աշխատանքից հեռացման պատճառ դառնալ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, Անանյանի՝ աշխատանքից ազատման լուրից հետո սկսվեցին խոսակցությունները նրան փոխարինողի մասով: Մեր տեղեկություններով՝ ավելի շատ քննարկվում է Դավիթ Անանյանի տեղակալներից Շուշանիկ Ներսիսյանի անունը՝ որպես նրան ամենահավանական փոխարինող։ Գաղտնիք չէ, որ նա այս իշխանությունների համակրանքն է վայելում, և կարծիքներ կան, թե նրան կառավարելը հեշտ է: Եվ չնայած ՊԵԿ-ում մեծ ազդեցություն ունի նաև Ռաֆիկ Մաշադյանը, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրությունը թերևս նրա վրա կանգ չի առնի: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում չի բացառվում, որ նա ևս կարող է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել»:
Լավ հարևանը. Հայաստանին օգնելու խնդրագրին միացել են Վրաստանի 11 հազար քաղաքացիներ. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վրաստանում հրապարակվել է առցանց խնդրագիր, որի հեղինակները կառավարությանը կոչ են անում օգնել կորոնավիրուսային ճգնաժամում գտնվող Հայաստանին և Վրաստանի բուժհաստատություններում ընդունել Հայաստանի հիվանդ քաղաքացիներին:
Խնդրագրին արդեն միացել են Վրաստանի ավելի քան 11 հազար քաղաքացիներ»:
Փոփոխություն՝ հովանավորչությունը կանխելու համար. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարան է ներկայացրել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:
Նախագծի ընդունումը թույլ կտա կանխելու հովանավորչությունը պետական ոչ առևտրային կազմակերպություններում, երբ կազմակերպության ղեկավարը իր ղեկավարած հիմնարկում աշխատանքի է ընդունում ազգակցական կամ խնամիական կապերով իր հետ փոխկապակցված անձանց:
Որքան էլ իշխանության ներկայացուցիչները բանավոր հայտարարեն նման գործելաոճի անթույլատրելիության մասին, միայն օրենսդրական կարգավորման միջոցով հնարավոր կլինի կանխել նման գործելաոճը»:
Ինչու Ռուսաստանը չի արտահանձնում Ալրաղացի Լյովիկին. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, 2019 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել էր հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Սակայն արդեն երկար ժամանակ է՝ նրան Հայաստանին վերադարձնելու պրոցեսը դոփում է տեղում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներքին կարգով ՌԴ իրավապահ համակարգը ՀՀ իր գործընկերներին հայտնել է, թե բողոքարկման գործընթաց է գնում, և դա է պատճառը, որ առայժմ նրան չեն կարողանում վերադարձնել Հայաստանին:
Ավելին, բողոքի քննությունից հետո միայն պարզ կլինի՝ կվերադարձնեն նրան, թե ոչ: Միևնույն ժամանակ իրավապահ մարմիններին ՌԴ-ից վստահեցրել են, թե իր հանձնման գործընթացը տեղի կունենա, եթե բողոքարկման գործընթացը չձգձգվի:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երբեմնի ամենավստահելի պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։ Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար (12 տարի առաջ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու համար)»:
Հնից հրաժարվելու և ամբողջովին նորն ընդունելու պատճառը հակասություններն են. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«Քրեական օրենսգրքի նախագծից հետո կառավարությունը խորհրդարան է ուղարկել նաև Քրեադատավարական օրենսգրքի նախագիծը: Նախորդ նախագիծն ընդունվել էր 1998թ. և ուժի մեջ մեջ մտել 1999թ. հունվարից: Կառավարությունը նախընտրում է ոչ թե փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող օրենսգրքում, այլ մշակել է ամբողջովին նորը: Ըստ կառավարության՝ դրա պատճառը գործող օրենսգրքում առկա հակասություններն են:
Մասնավորապես՝ հնից հրաժարվելու և նորը ընդունելու հիմնավորման մեջ ասվում է, որ միայն «Սահմանադրական դատարանը երկու տասնյակից ավելի որոշումներով Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենսգրքի տարբեր նորմեր, որոնք վերաբերում են քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելուն, կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, պաշտպանի իրավունքներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդությունների քննությանը, բողոքարկման ժամկետներին և կարգին, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորություններին, քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին»:
Հանրության տրամադրություններն են ստուգում. Ինչու Արցախում փակվեցին մի քանի հեռուստաալիքներ. «Փաստ»
 
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Արցախում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների (այդ թվում՝ «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա ԹԻ ՎԻ») հեռարձակումը:
Արցախի համապատասխան պատասխանատուները պնդում էին, որ խնդիրը տեխնիկական է, բայց թե երբ կլուծվի, չեն կարող ասել: Սակայն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերն այստեղ դիտավորություն էին տեսնում, մասնավորապես կապված «5-րդ ալիքի» հետ:
Ուշագրավ է, որ, չնայած պաշտոնապես նշվում է «տեխնիկական պատճառների» մասին, իշխանության որոշ սատելիտներ ոգևորությամբ արձագանքեցին՝ գտնելով, որ Արցախում «հեղափոխությունը հաղթում է»: Այսինքն, ստացվում է, որ «հեղափոխության» հաղթանակը ասոցացվում է որևէ լրատվամիջոցի գործունեության կամ թեկուզ լոկալ տարածքում հեռարձակման դադարեցման հետ:
«Փաստ» թերթի արցախյան աղբյուրները պնդում են, որ գործ ունենք հանրային տրամադրությունների ուսումնասիրման հետ, թե ինչպիսի արձագանք կտրվի, հետագայում առավել տոտալ միջոցների ձեռնարկման նպատակով, ընդ որում՝ ոչ միայն որևէ հեռուստաալիքի հեռարձակման արգելափակման առումով»:
Էկոլոգիական աղետ. Ախուրյանի ջրամբար լցվելու փոխարեն՝ ջուրը կուտակվում է Թուրքիայի տարածքում. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած անձրևառատ գարնանը՝ Արարատյան դաշտը ոռոգման ջրով սնող Ախուրյանի ջրամբարում այս տարի կուտակվել է 30 մլն խորանարդով ավելի պակաս ջուր, քան նախորդ տարի:
Ախուրյանի ջրամբարը սնվում է Թուրքիայի և Հայաստանի տարածքի գետերից, և ջուրն էլ կիսվում է երկու երկրների միջև: Սակայն նախորդ տարի Թուրքիայի տարածքով անցնող Կարս գետի վրա կառուցվել է ջրամբար, և ջուրը Ախուրյանի ջրամբար լցվելու փոխարեն, կուտակվում է Թուրքիայի տարածքում ու օգտագործվում միայն թուրքերի կողմից:
Արարատյան դաշտը էկոլոգիական և տնտեսական աղետից փրկելու համար Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն համարժեք քայլերի, որոնք, ըստ մասնագետների, գոյություն ունեն»:
Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին, և ինչու տապալվեց Զեյնալյանի նախագիծը. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը երեկ հանկարծակի ԱԺ ամբիոնից խնդրեց «դեմ» քվեարկել իր իսկ բերած նախագծին: Խոսքը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում էր մեկուսացման նպաստ սահմանել այն անձանց համար, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույն իրենց աշխատանքով ապահովված անձինք և պարետատան ցուցումով մեկուսացել կամ ինքնամեկուսացվել են։ Եվ այդ նախագիծն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն երեկ Զեյնալյանը հայտարարեց, թե լրացուցիչ հաշվարկների և լրամշակումների կարիք կա, պետք է դեմ քվեարկել նախագծին, որն էլ հարուցեց ընդդիմադիրների դժգոհությունը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի չընդունման թիվ մեկ պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է, քանի որ վերջինիս ղեկակավարած գերատեսչությունը չի կարողացել ճիշտ հավաքագրել տվյալները, բոլոր գերատեսչությունների հետ համաձայնության գալ, ինչի համար Զեյնալյանը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում:
Ըստ մեր տեղեկությունների՝ միայն նախօրեին է այս նախագիծն ուղարկվել կառավարության սոցիալական գծով նիստին, որի ժամանակ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հայտարարելով, որ հաշվարկներ չեն արվել, ինչի համար իրենք չեն կարող իրենց համաձայնությունը տալ: Եվ դրա համար Զեյնալյանին խնդրել են դադար տալ, որպեսզի կարողանան հարցերին լուծում գտնել և հետագայում ընդունել այն»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն