Կառավարության հրաժարականի պահանջները. ինչ խաղաքարտեր են բացվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կառավարության հրաժարականի պահանջները. ինչ խաղաքարտեր են բացվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-06-2020 14:24:25   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է. 
 
Կձևավորվի՞ կառավարության դեմ միասնական քաղաքական «ճակատ», որը կդնի վարչապետի և կառավարության անվստահության հարց: Անցնող օրերին վարչապետի և կառավարության հրաժարականի մասին տարբեր ուժերի հայտարարությունների շղթան առաջացնում է այդ հարցը:
Դրա պատասխանը գտնելու համար, սակայն, նախ անհրաժեշտ է հասկանալ, թե տվյալ դեպքում ինչ ենք հասկանում ասելով «ճակատ»: Եթե, օրինակ, հավաքվում են մի խումբ ուժեր՝ հրաժարականի կամ անվստահության պահանջի շուրջ, դա արդեն ճակա՞տ է, թե՞ ճակատը ենթադրելու է գործողությունների որոշակի պլան, դրա հանրայնացում:
Հնարավոր է, իհարկե, որ պլանը կարող է ներառել ավելի շատ ոչ հանրային քայլեր, այսպես ասած՝ «պարտիզանություն», ինչպես մի շրջափուլում ոչ իշխանական բևեռ կոչված ընդդիմությունը փորձում էր կիրառել Սերժ Սարգսյանի դեմ: Իհարկե, այդ մարտավարությունը տապալվեց փառավորապես, որի փլատակների տակ, ի դեպ, մնալու էր Գագիկ Ծառուկյանը, որն այժմ էլ կարծես թե ակնարկում է «բարիկադներ բարձրանալու» պատրաստակամության մասին, բայց այդուհանդերձ ոչ լեգիտիմ, հանրային վստահություն չունցող իշխանության հանդեպ այդօրինակ մարտավարությունը տրամաբանություն ունենալ կարող է:
Բայց ինչպե՞ս կարող է ոչ հանրային պայքարի մեթոդաբանությունը կամ մարտավարությունը տրամաբանություն ունենալ մի պարագայում, երբ ուղղված է լինելու հանրային վստահության շոշափելի պաշար ունեցող կառավարության և վարչապետի դեմ: Ինչքան է այդ պաշարն այժմ իրականում՝ բարդ է ասել, հատկապես, երբ սոցիոլոգիան այդպես էլ ձեռք չի բերում հանրային վստահություն, բայց համենայնդեպս հնարավոր է հաստատապես նկատել, որ կառավարությունն ունի հանրային հենարան, և ավելին՝ կարծես թե հենց միայն հանրային հենարանն է, որ պահում է կառավարությանն ավելի կոշտ հարվածներից:
Հետևաբար «ընդդիմադիր» դաշտում կամ պետք է սպասեն, որ կառավարությունը կորցնի այդ հենարանը՝ իհարկե նաև աշխատելով այդ ուղղությամբ, կամ հրաժարական և միասնական ճակատ հասկացությունները ստանում են քաղաքական բուտաֆորիայի իմաստ, իսկ բուն խնդիրն ընդամենը դիրքային պայքարն է քաղաքական դաշտում ընդդիմադիր գերակա դիրքի համար:
Այո, այդ դիրքային պայքարը կարող է ենթադրել որոշակի «միասնականացում» այն ուժերի միջև, որոնք իրականում միմյանց հետ ունեն ավելի շատ խնդիրներ, քան խնդիրներ կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես ասվում է հայտնի խոսքում՝ եթե չես կարող հաղթել, ընկերացիր:
Կառավարության հրաժարականի պահանջները. խաղաքարտերը բացվում են
 
Lragir.am-ը գրում է. 
 
Հունիսի սկզբից, երբ կորոնավիրուսով վարակվածության ու մահացության դեպքերը կտրուկ աճեցին, Հայաստանում սկսեցին պարբերաբար հրաժարականի պահանջներ հնչել՝ նախարարի, պարետի, վարչապետի։ Այդ պահանջները ներկայացնում են խորհրդարանական ընդդիմությունը, ՀՀԿ-ն, Արթուր Վանեցյանը, Ժառանգությունը եւ քաղաքական կողմնորոշում չունեցող շատ մարդիկ։
Նման արձագանքը բնական է։ Մեկուսացման, զսպման ու տագնապի մի քանի շաբաթվանից հետո գալիս է ագրեսիվ թուլացման պահը։ ԱՄՆ-ում դա վերաճել է զանգվածային անկարգությունների, Ռուսաստանում կանխատեսում են բողոքի ալիք։ Հարեւան Վրաստանում նույնպես խոսում են կառավարության հրաժարականի մասին, իսկ Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով կարանտինից, ճնշումներ են սկսել ընդդիմության դեմ։
Բայց Հայաստանում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել, եւ կառավարության հրաժարականն արդեն այդքան էլ անհնար չի թվում, ինչպես մեկ շաբաթ առաջ։ Առավել եւս, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականից հետո։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ կառավարությունում մեծ փոփոխությունների նշաններ կան, իսկ նա հենց այնպես չէր ասի։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անսպասելի խոսել է ու ասել, որ այս շրջանում ով կառավարության դեմ է, պետության դեմ է։ Նա նույնպես հենց այնպես բան չի ասում։
Բայց առանձնակի աչքի է ընկել Գագիկ Ծառուկյանը, որը հունիսի 5-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության արտակարգ նիստ է հրավիրել ու ասել, որ կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով։ Ծառուկյանը, ըստ երեւույթին, նկատի ունի, որ եթե նախկինում չէր պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա հիմա Փաշինյանն էլ պիտի հեռանա։ Ծառուկյանի խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք իրական կյանքում մատը մատին չեն խփել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս։ Պետք է լինեն փորձառու մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ արդյունք են ցույց տվել եւ կարեւոր չէ քաղաքական պատկանելությունը, որովհետեւ բոլոր ոլորտներում ձախողվել են, ասել է Ծառուկյանը։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ մտահոգություն հայտնել կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի հետ։
Այս շաբաթ եւս երկու հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել՝ նախ դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ համավարակի ավարտը պետք է հիվանդանոցում մնա, իսկ Վերաքննիչ դատարանը չեղարկել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը։ Սա առաջ է բերել ամենատարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը։
Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ չի վախենում մենակ մնալուց, իսկ Աննա Հակոբյանը կարոտով հիշել էր նախկին բնակարանը։ Թե՞ Փաշինյանը նոր փասյանս է դասավորում եւ սպասում է, թե երբ բոլորը կբացեն խաղաքարտերը։
 
168.am-ը գրում է. 
 
Նիկոլ Փաշինյանը դադարել է տնտեսական ցուցանիշներ հրապարակել։ Մինչդեռ ժամանակին մեծ ոգևորությամբ էր դա անում։ Նույնիսկ չէր սպասում, մինչև կհրապարակվեին պաշտոնական տվյալները։
Իր շտապողականության պատճառով երբեմն վարչապետն ընկնում էր նույնիսկ անհարմար դրության մեջ։ Բայց միևնույն է, չէր հրաժարվում այդ սովորությունից։
Հիմա արդեն այդպես չի անում։ Սակայն ոչ այն պատճառով, որ հրաժարվել է իր սովորությունից. ուղղակի ասելու բան չկա։ Ավելի շուտ կա, բայց իշխանությունների օգտին չէ։ Դրա համար էլ վարչապետը դադարել է տնտեսական ցուցանիշներ հրապարակել կամ դրանց մասին գրառում անել ու լայվ մտնել, ներկայացնել կառավարության նիստերի ժամանակ։
Տնտեսությունը փլուզվում է։ Ոչ միայն աճ չկա, այլև հայտնվել ենք անկման մեջ։ Մտնում ենք ռեցեսիայի փուլ։
Թե ո՞ւր մնացին այդքան գովերգած տնտեսական հաջողությունները, ռեկորդային աճերը, ակտիվ կառուցվածքային փոփոխություններն ու զարգացումները, որոնք պիտի բերեին տնտեսության դիմադրողականության բարձրացմանը, մնում է միայն գուշակել։ Ընդամենը 2 ամիս էր պետք, որպեսզի նախկին «աննախադեպ» աճերից ոչինչ չմնար։
Հայաստանի տնտեսությունը հիմա արդեն անկումային է։ Նման բան շատ վաղուց չէր եղել։ 2 ամիս անընդմեջ տնտեսությունը մեծ վնասներ է կրում։ Ընդ որում, անխտիր գրեթե բոլոր ոլորտներում։
Եթե առաջին եռամսյակում դեռ որոշ աճ ունեինք, ապա այժմ դա էլ չկա։ Ու դեռ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ չի լինելու, և մինչև ուր է գլորվելու տնտեսությունը։
Այս պահին՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին զարգացումները տնտեսության օգտին չեն։ Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի համավարակը դառնա լրջագույն չարիք Հայաստանի տնտեսության համար։ Ու եթե այսօր ունենք տնտեսական անկում, հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ձախողել ենք համավարակի դեմ պայքարը։ Դրա տարածումն էապես ավելացրել է տնտեսության անորոշությունները։
Ցանկացած պահի հնարավոր են անկանխատեսելի իրավիճակներ։ Վերջին շրջանում վարչապետը հաճախ է սկսել սպառնալ՝ տնտեսական սահմանափակումների խստացմամբ։ Մինչդեռ, այդ մասին ժամանակին էր պետք մտածել՝ երկիրն այսպիսի փորձության առաջ չկանգնեցնելու համար։
Այսօր արդեն այդպիսի սահմանափակումների հետևանքները շատ ավելի ծանր են լինելու, քան կարող էին լինել նախկինում։ Այսօր համավարակը Հայաստանում այնքան է ընդլայնվել, որ սպառնալիք է դարձել ոչ միայն՝ տնտեսության, այլև՝ ազգային անվտանգության համար։ Զարմանալի է, որ այդքանից հետո մեղավորներին ուրիշ տեղ են փնտրում։
Այս իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է և, առաջին հերթին՝ կառավարությունը։ Նրա անպատասխանատու գործողությունների հետևանք է նաև տնտեսության մեջ սկսված փլուզումը։
Ներքին միջավայրն այս պահին ամենևին էլ տնտեսության զարգացումների օգտին չէ։ Քիչ էին արտաքին հատվածից փոխանցված բացասական ազդեցությունները, մի բան էլ կառավարությունն է իր ապաշնորհությամբ խնդիրներ ստեղծել։
Դրա հետևանք է այն, որ տնտեսության առանձին հատվածներ շարունակում են փակի տակ մնալ։ Այն պարագայում, երբ սոցիալական իրավիճակը գնալով ահագնանում է։ Մարդիկ զրկված են եկամուտ ստանալու հնարավորությունից։
Կառավարությունը մի քանի հազար դրամի մեկանգամյա միանվագ օգնություն տրամադրեց հասարակության որոշ խավերին և սոցիալական հատվածում իր հակաճգնաժամային առաքելությունը համարեց ավարտված։ Մինչդեռ նախկինում աշխատանք ունեցող հազարավոր քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ զրկված են իրենց եկամուտներից։ Եվ ի՞նչ անեն հիմա այդ մարդիկ, երբ կառավարությունն իր անհետևողականությամբ խնդիրներ է ստեղծել նրանց գործունեության համար։
Այդքանից հետո, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլև հնարավորություններ, ուստի, մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, և մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա։ Համաշխարհային տնտեսության մեջ ու շուկաներում տրիլիոն դոլարների ազատ դաշտ է բացվում, ու պետք է Հայաստանը վերցնի իր բաժին։
Թե ինչքանո՞վ է դա մեզ հաջողվում, ցույց է տալիս այն իրավիճակը, որին բախվել է տնտեսությունը։
Արտաքին շուկաներ նվաճելու մասին էինք խոսում, մինչդեռ կանգնել ենք եղածն էլ կորցնելու վտանգի առաջ։ Մարտին արտահանումը կրճատվեց 17 տոկոսով, ապրիլին արդեն անկումն անցավ 30 տոկոսից։
Արտաքին շուկաներում Հայաստանի տնտեսության դիրքերը թուլանում են։ Դա նկատելի է հատկապես հիմնական գործընկեր երկրներից մեկի՝ Ռուսաստանի պարագայում, որին բաժին է ընկնում արտահանման գրեթե 30 տոկոսը։
Արժեզրկվել է ռուսական ռուբլին՝ հերթական անգամ խնդիրներ ստեղծելով հայկական ապրանքների մրցունակության համար։ Տնտեսական ու ֆինանսական դժվարություններով պայմանավորված՝ ռուսական շուկայում նվազել է նաև սպառողական պահանջարկը, ինչը լրացուցիչ գործոն է իրացման ծավալների կրճատման համար։
Արտաքին շուկաներում Հայաստանի տնտեսությունը տուժում է նաև հումքային ապրանքների գների նվազումից։ Որքան էլ փորձ է արվում ֆինանսական կորուստները փոխհատուցել արդյունահանման ավելացման հաշվին, միևնույն է, դա ապագա չէ տնտեսության համար։ Տնտեսության ապագան մրցունակ արտադրանքի ստեղծումն է ու արտադրության ընդլայնումը։
Ցավոք, Հայաստանում նոր արտադրություններ շատ քիչ են ստեղծվում։ Ստեղծվելուց հետո էլ շատ հաճախ չեն դիմանում մրցակցությանը և արագ փակվում են։
Տնտեսության համար արտաքին հատվածում տեղի ունեցող դրսևորումները մտահոգիչ են նաև այլ առումներով. չեն լինելու տրանսֆերտների տեսքով ստացվող ֆինանսական այն հոսքերը, որոնք մտնելով շրջանառության մեջ՝ աշխուժություն են հաղորդում տնտեսությանը։ Տրանսֆերտները 4 ամսում հասցրել են կրճատվել գրեթե 10 տոկոսով։ Բայց դա դեռ ոչինչ է այն սպասումների համեմատ, որոնք կան։
Եվ ինչ է անում կառավարությունը՝ մեղմելու տնտեսության վնասները. վարկերի տոկոսներն է սուբսիդավորում, որից, դեռ հայտնի չէ՝ ավելի շատ տնտեսությո՞ւնն է շահում, թե՞ բանկային համակարգը։ Այսպիսի քաղաքականությամբ հազիվ էլ տնտեսությունը նման վիճակում լինի։
Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին
 
Armtimes.com-ը գրում է. 
 
Ծանրագույն պահերին մեր ժողովուրդը միշտ էլ կարողացել է համախմբվել ու դուրս գալ անելանելի թվացող իրավիճակներից։ Ճիշտ է, եթե համախմբված լինեինք ոչ միայն ծանրագույն պահերին, այլեւ միշտ, անելանելի թվացող իրավիճակներում  երեւի չէինք էլ հայտնվի, բայց սա այլ թեմա է։ Ու թվում էր, թե հիմա, երբ համաճարակային իրավիճակն ահագնացող չափերի է հասել ու սպառնում է վերածվել լայնամասշտաբ աղետի, մեզ դարձյալ կհաջողվեր համախմբվել ու միասնական ջանքերով շատ արագ հաղթահարել այս վիճակը։ Ցավոք՝ դա, մեղմ ասած, առայժմ այնքան էլ այդպես չէ։ Այնպիսի տպավորություն է, թե մենք ունակ ենք համախմբվել միայն արտաքին սպառնալիքի դեպքում, այն էլ՝ եթե վտանգված է ազգի ֆիզիկական գոյությունը, իսկ եթե ամեն մեկը մտածում է, որ անձամբ իրեն վտանգը կարող է շրջանցել՝ համախմբման մասին խոսք լինել չի կարող։
Իրականությունն այն է, որ կորոնավիրուսի համաճարակը Հայաստանի համար անուղղակիորեն նաեւ արտաքին սպառնալիքներ է պարունակում։ Որովհետեւ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարանում է, ու ադրբեջանցիները կարող են փորձել օգտվել առիթից՝ համարելով, որ նոր պատերազմ սկսելու ամենահարմար պահն է։ Համենայն դեպս նրանց հռետորաբանությունն օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, հավակնություններն էլ տարածվում են արդեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության վրա։
Ադրբեջանի պահվածքը հասկանալի է. թշնամի է՝ պիտի փորձի օգտվել մեր դժվարություններից, բա ուրիշ ի՞նչ պիտի անի։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ համախմբվելու փոխարեն։ Սերժ Սարգսյանի փեսան հերթական խոհանոցային բամբասանքներն է տարածում, թե բա գիտե՞ք, Հայաստանը ոչ մի ժամանակակից զինատեսակ էլ ձեռք չի բերել, եղածը մետաղի ջարդոն է, որն աշխարհի շատ երկրներ ձրի են տալիս՝ վերցնող չկա, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանը ներքաշել է զենքի ապօրինի վաճառքի միջազգային հանցավոր սխեմաների մեջ։ Թվում է՝ քանի որ խոսքը հայերեն է, փեսան հայ ժողովրդին է դիմում։ Իրականում նրա «ուղերձը» երկու այլ հասցեատերեր ունի։ Առաջինն ուղղված է Ռուսաստանին. «Էլ Հայաստանին զենք չծախեք, դրանք զենքը ձեր ներքին գներով առնում են ու ավելի թանկ վաճառում երրորդ երկրներին»։ Իսկ երկրորդ ուղերձն Ադրբեջանին է ուղղված. «Չհավատաք ժամանակակից զինատեսակներին, բան ունեք անելու՝ արեք, որ մենք էլ ներսում առիթից օգտվենք ու մեր գործն անենք, սրանից հարմար պահ էլ ե՞րբ եք ունենալու»։ Սա է, չէ՞, ըստ էության, Միքայել Մինասյանի ասածը, եթե մի կողմ ենք թողնում կեղծ հայրենասիրական դատարկաբանությունները։ Այսինքն՝ մարդը հստակ, հետեւողականորեն աշխատում է իր երկրի դեմ, թե ինչ է՝ թույլ չեն տալիս հանգիստ վայելել կուտակած միլիոնները ու դեռ մի բան էլ (ինչպիսի լկտիություն) քրեական գործեր են հարուցել։
Սխեման, իհարկե, նոր չէ։ Բոլոր ժամանակներում էլ հօգուտ թշնամիների սեփական երկրի դեմ աշխատողներին այդպես են հավաքագրել՝ ընտրել են նրանց, ովքեր իրենց հայրենիքում պրոբլեմներ ունեն, ծանր հանցանքներ են գործել, ատում են իշխանություններին եւ այլն։ Բայց զուտ մարդկայնորեն ամենաողորմելիները նրանք են, ովքեր ինքնակամ են հավաքագրվում, թեեւ մոտիվացիան մոտավորապես նույնն է. ի՞նչ տարբերություն՝ դրա դիմաց փո՞ղ են ստանում, թե՞ դա անում են արդեն իսկ սեփական երկրից թալանածը պահպանելու համար։ 
Հ.Գ. Իսկ այդ ընթացքում հանրապետականներն իշխանություններին մեղադրում են Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը համարժեք արձագանք չտալու մեջ։ Իրենց կուսակցական առաջնորդի փեսայի հորինովի «դանոսները» տարածելուն զուգահեռ։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն