Հայաստանը հրաժարվեց ռուսական առաջարկից․ Փաշինյանը կասեցնում է փլուզումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանը հրաժարվեց ռուսական առաջարկից․ Փաշինյանը կասեցնում է փլուզումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 09-06-2020 15:17:51   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է. 
 
Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար աշխատանքի ռուսական վարկից: Հայաստանն աշխատանքը կշարունակի բյուջեի միջոցներով: Նախարարը հայտնել է, որ չեն եկել համաձայնության վարկի հետագա ժամանակացույցի առումով, եւ կայացվել է վարկի շարունակությունից հրաժարվելու մասին որոշում:
Պարզ չէ, թե  հատկապես ինչ ծավալի փողի մասին է խոսքը, որովհետեւ ատոմակայանի վարկի միջոցով աշխատանքը ընթանում է արդեն մի քանի տարի, դեռեւս հեղափոխությունից առաջ: Ըստ ավելի վաղ եղած տեղեկությունների, որոնք վկայակոչում է ռուսական Ինտերֆաքսը, մինչ այժմ կատարվել է մոտ 200 միլիոն դոլարի աշխատանք:
Ռուսական վարկը լինելու էր 270 միլիոն դոլար, եւ 30 միլիոն դոլար էր ՌԴ-ն տրամադրելու էր որպես դրամաշնորհ: Այդ ամենի նպատակն ատոմակայանի նորոգումն է, որը թույլ կտա մինչեւ 2026 թվականը երկարաձգել հայկական ատոմակայանի աշխատանքը:
Ինչու համաձայնության չեն եկել հայկական ու ռուսական կողմերը, եթե նախկինում աշխատանքը ընթացել է կարծես թե սահուն: Արդյոք ռուսական կողմը որոշել է կոշտացնել վարկի պայմանները, հայ-ռուսական հարաբերության ներկայիս բարդ շրջափուլի պայմաններում, երբ խնդիրների առկայությունը չի թաքցնում արդեն որեւէ կողմ: Այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացրեց էներգետիկ միջազգային շուկայում գնանկման ֆոնին Հայաստանի սահմանին ռուսական գազի գինն իջեցնելու առաջարկ, Ռուսաստանը բավականին բաց տեքստով սկսեց անբարյացկամ վերաբերմունք Երեւանի նկատմամբ:
Խնդիրը սակայն ամենեւին գազի հարցը չէ: Հայ-ռուսական հարաբերության խնդիրը շատ ավելի խորն է, միաժամանակ թերեւս պարզ՝ Հայաստանի ինքնիշխանություն: Ռուսաստանը չի ընդունում խաղի այն կանոնը, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջ է քաշում Հայաստանը՝ հարաբերություն ինքնիշխանության սկզբունքով: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունը «գենետիկ անհամատեղելիության» մակարդակի է, այսինքն ինքնիշխան Հայաստանը մոսկովյան գոնե վերջին հարյուրամյակի քաղաքական ստրատեգները դիտարկում են իբրեւ ռուսական կայսրության սպառնալիք:
Թավշյա հեղափոխության օրերին, եւ առ այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունը եղել է առանց արտաքին որեւէ ուղղվածության: Այդ հայտարարությունն անշուշտ արվում է նաեւ Ռուսաստանից որեւէ քեն զսպելու համար: Սակայն, բանն այն է, որ Մոսկվայի համար խնդիրը ամենեւին այն չէ, որ Հայաստանը կարող է գնալ Արեւմուտք: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունն է խնդիրը, երբ որեւէ հարցում Հայաստանը կարող է ասել՝ ոչ: Իսկ բանն այն է, որ ռուսական կայսրությունը, կամ կայսրության նոստալգիան «հեծնած» վերնախավը ռեգիոնալ քաղաքականության իր գլխավոր գործընկեր դիտարկում է Թուրքիային: Ու քանի որ գլխավոր գործընկեր դիտարկվում է Թուրքիան, Հայաստանի ինքնիշխանությունը միշտ դիտարկվելու է խոչընդոտ:
Միեւնույն ժամանակ, ամբողջ հարցն այն է, որ այդ մոտեցումն ու քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական պետականությանը, որը քայլ առ քայլ կուլ է գնալու թյուրքական տարրին, եթե արդեն իսկ այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, թե կա՞ Ռուսաստանում որեւէ շատ թե քիչ ազդեցիկ խումբ, որը կարող է մտածել այլ կերպ՝ թուրքական խնամակալության ծիրից դուրս:
Հայաստանի համար այդ հարցը կարեւոր է, սակայն անկախ դրա պատասխանից, անկասկած է, որ Հայաստանը պետք է կարողանա ՈՉ ասել Ռուսաստանին՝ ինքնիշխանության հաշվին ներկայացվող պահանջների դեպքում: Այդ իմաստով, ատոմակայանի վարկը գուցե փոքր, սակայն խորհրդանշական դրվագ է, թեեւ հնարավոր է այդպիսի դրվագի ականատես լինել նաեւ գազի ներքին գնի եւ մի քանի այլ հարցերում: Հայաստանը պետք է կարողանա ստեղծել այն վիճակը, երբ Ռուսաստանում ռեգիոնալ գործընկեր կդիտարկեն Հայաստանը, ոչ թե Թուրքիան:
Դաշնակցի մասին խոսել դեռեւս վաղ է, եւ այստեղ խնդիրը Հայաստանում չէ, այլ Ռուսաստանում: Այնտեղ դաշնակցի ընկալման խնդիրը եւս «գենետիկ» է, եւ ոչ միայն Հայաստանի առումով, այլ ընդհանրապես:
 
1in.am-ը գրում է. 
 
Ուժային բլոկում տեղի ունեցող կադրային նշանակալի փոփոխությունները սովորաբար արտացոլում են քաղաքական ղեկավարության վճռորոշ և կոշտ կամք և ընկալվում այդ տրամաբանության շրջանակում: Այդպես է գործնականում բոլոր պետություններում: Ըստ այդմ, Հայաստանում նախօրեին տեղի ունեցած ԱԱԾ պետի, ոստիկանապետի և ԶՈՒ ԳՇ պետի փոփոխությունը, անկախ կոնկրետ կամ հավաքական բուն շարժառիթներից, դրանց նմանությունից ու տարբերություններից, կարող է դիտարկվել հենց այդ տրամաբանության շրջանակում: Համենայնդեպս, այդպիսի հաղորդագրություն հղելու անհրաժեշտություն վարչապետ Փաշինյանի համար առաջացրին նրա ընդդիմախոսները, այսպես ասած՝ ընդդիմադիր դաշտում գործող տարբեր ուժեր՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, որոնք վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում բավականին ուժգնացրել էին Փաշինյանի և նոր իշխանության դեմ հռետորաբանությունը՝ ընդհուպ պաշտոնանկության և հրաժարականների «օրակարգով»: Հետևողական այդ մարտավարությունը պետք է բերեր որևէ արձագանքի, քանի որ լռությունը հանրության մոտ ընկալվելու էր իբրև Փաշինյանի թուլություն, ինչն էլ իր հերթին կարող էր ունենալ հանրային հոգեբանական շղթայական արձագանք:
Կորոնավիրուսի վարակի հաղթահարումից անմիջապես հետո ուժային բլոկի երեք առանցքային պաշտոնյաների փոփոխությամբ վարչապետ Փաշինյանը ակնհայտորեն լուծում է հանրային հոգեբանության փլուզում թույլ չտալու հարցը: Դա, իհարկե, միակ հարցը չէ, որ լուծվում է, առավել ևս հայտնի չեն փոփոխությունների բույն այլ շարժառիթներ, և մենք գնահատում ենք միջավայրային պատճառահետևանքային առերևույթ դաշտը: Հանրային հոգեբանության խնդիրը չափազանց կարևոր է ոչ միայն զուտ հեղափոխական-քաղաքական իրողություններից բխող տեսանկյունից, այլ նաև համաճարակային իրադրության, որտեղ իրավիճակի կառավարելիության առումով էական նշանակություն ունի այն, թե հանրությունն ինքը որքանով է համարում, որ իշխանությունը իր ձեռքն է պահում կառավարելիության թելը կամ ղեկը: Ուժային բլոկի փոփոխության հաղորդագրային թիրախներից մեկը, թերևս, նաև հենց դա էր: Մյուս կողմից, էական է դառնում այն, թե ինչ խնդիրներ են դրված նոր պաշտոնյաների առաջ, ինչն է, որ չեն իրականացրել նախկին, հեռացված պաշտոնյաները՝ կա՛մ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով անկարող լինելու, կա՛մ պարզապես չցանկանալու պատճառով:
Որքանով է չկատարվածը կամ դրվող խնդիրը ընդհանուր երեք ուժային բլոկների համար, և միաժամանակ տարբեր, քանի որ գործ ունենք միասնական ուժային տիրույթի, սակայն ֆունկցիոնալ էական տարբերությունների կամ տարբերակումների հետ: Ի՞նչ նոր խնդիրներ են դրված ԱԱԾ նոր պետի, ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի և նոր ոստիկանապետի առաջ, որքանով են դրանք երկարաժամկետ: Խոշոր հաշվով, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ներկայումս, քայլ առ քայլ առավել խորն է ընկղմվում խորհրդարանի հաջորդ ընտրության տրամաբանության մեջ, ըստ այդմ՝ ներկայիս քայլերում ավելի ու ավելի մեծ բաժին է ունենալու այդ հեռանկարով արվող հաշվարկը: Խոսքն այդ իմաստով վերաբերում է թե՛ կառավարող մեծամասնությանը՝ մասնավորապես վարչապետ Փաշինյանին, թե՛ նրան ընդդիմադիր դաշտում գործող ամենատարբեր քաղաքական ուժերին:
Եվ այդ տեսանկյունից բավականին հատկանշական է հենց ԱԱԾ պետի պաշտոնում դեռևս 30 տարին չբոլորած Արգիշտի Քյարամյանի նշանակումը, ինչը վկայում է, որ Փաշինյանը կատարում է երկարաժամկետ հաշվարկով նշանակում, երբ խորհրդարանի հաջորդ ընտրությանը մոտ Արգիշտի Քյարամյանը առավելագույնս ադապտացված կարող է լինել համակարգին, համակարգն էլ իրեն: Բանն այն է, որ կասկած չկա այն հարցում, որ ԱԱԾ-ն խորհրդարանի հաջորդ ընտրությանն ունենալու է առանցքային նշանակություն: Խոսքը իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործիք լինելու մասին չէ, ինչը կլինի ծայրահեղ անթույլատրելի և սխալ քայլ: Բայց Հայաստանի ԱԱԾ-ն պետք է ուժեղ գործիք լինի Հայաստանի դեմ ընթացող հիբրիդային պատերազմի պայմաններում, Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացը այդ պատերազմի ազդեցությունից զերծ պահելու համար: Կարո՞ղ է լուծել ԱԱԾ երիտասարդ նոր պետն այդ հարցը:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Պարզվում է՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհել է նաև Արշակունյաց պողոտայի վրա գտնվող Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի շենքը, ճիշտ է՝ ոչ իր անունով:
Բայց փաստն այն է, որ այն ԵԿՄ սեփականությունը չէ, և այս կառույցում ուղիներ են փնտրում այն կազմակերպությանը վերադարձնելու համար»:
 
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Մեր տեղեկություններով՝ այս գործով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդիրների առջև: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով հստակեցված է, որ Գագիկ Խաչատրյանը պետությանը պատճառել է 7.5 մլրդ դրամի վնաս: Եվ ուշագրավ է, որ այս օրերին ֆինանսների նախկին նախարարին իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ նա պետք է բերի և այդ ամբողջ գումարը վերադարձնի պետությանը՝ ըստ էության գործարք առաջարկելով և ասելով՝ գումարը վերադարձրո՛ւ, քրեական հետապնդումից ազատվիր:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, գործարքին ի պատասխան, Գագիկ Խաչատրյանը հայտնել է, թե չի կարող 7.5 մլրդ դրամ վերադարձնել, այլ միայն 3.5 մլրդ դրամ, սակայն իրավապահ համակարգում չեն համաձայնել և ասել են՝ պետք է ամբողջը վերադարձնի: Սակայն Խաչատրյանն էլ հրաժարվել է՝ ասելով, թե այդ դեպքում ոչինչ էլ չի վերադարձնի, և հայտարարել է՝ թող ապացուցեն իր մեղավորությունը, հիմնավորեն, որ 7.5 մլրդ դրամի վնաս է հասցրել պետությանը: Հետաքրքիր է՝ ինչպես կավարտվի Խաչատրյաններ-ԱԱԾ մենամարտը»:
 
«Փաստ» թերթը գրում է.
 
«Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսում են ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է զբաղվի, ինչպես հայտնի է դառնում պաշտոնական աղբյուրներից, 1991-ից մինչև 2018-ի մայիս տեղի ունեցած անօրինականությունների, մարդու իրավունքների խախտման, ունեզրկման և այլ դեպքերի ուսումնասիրությամբ:
Արդեն հայտնի է, որ հանձնաժողովը ձևավորելու է խորհրդարանը, իսկ անդամներին ներկայացնելու են խմբակցությունները, կառավարությունը, ԲԴԽ-ն և մարդու իրավունքի պաշտպանը. ընդհանուր առմամբ հանձնաժողովն ունենալու է 9 անդամ։
Մասնագետների ու փորձագիտական սեկտորի կարծիքներն ուսումնասիրելուց ակնհայտ է դառնում, որ հանձնաժողովի ուսումնասիրած տվյալներն էլ հենց հիմք են դառնալու առաջիկայում պլանավորած անցումային արդարադատություն անցկացնելու գործընթացի համար, որի գաղափարից իշխանությունը չի հրաժարվել։
Թերթի տեղեկություններով, իրականում հանձնաժողովը ստեղծվում է այն բանի համար, որ իր վրա վերցնի «անցյալի հարցը», իսկ պետական կառավարման և հանրային ռեսուրսներն ազատի ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ իշխանության ներսում այս հարցով հատուկ խումբ է ստեղծվել, որ «աշխատի» հանձնաժողովի հետ, թե առավել շատ ինչ հարցերի վրա ուշադրություն դարձնեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս հանձնաժողովին տրվելու են աննախադեպ իրավասություններ՝ նվազագույն պատասխանատվությամբ»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Այն, որ ՊԵԿ-ում ՀՀԿ իշխանության բարքերը շարունակվում են նաև հեղափոխությունից հետո, բազմիցս ենք գրել։ Օրերս էլ հանդիպեցինք նման մի օրինակի ևս։ Պարզվում է՝ ՊԵԿ-ը իր կարիքների համար մեկ անձից գնման ընթացակարգով վարձակալել է Երևան քաղաքի Քեռու փողոցի 35 շենքի 31 բնակարանը՝ 171 միլիոն 819 հազար 530 դրամով։ Թե ինչ նպատակով է ՊԵԿ-ը վարձակալել այդ բնակարանը, մեզ չհաջողվեց պարզել։
Փոխարենը պարզեցինք, որ այդ հասցեում գրանցված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի աղջիկը՝ Լիլիթ Վաչեի Տերտերյանը»։
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Կառավարությունը պատրաստվում է «Կրթության մասին» օրենքում ավելացնել այսպիսի պարբերություն՝ «Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու արգելքը չի գործում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, և կարող է հաստատվել նոր ցանկ»: Գործող օրենքը սահմանում է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է»:
Այս փոփոխությունը հնարավորություն կտա փոփոխություն կատարել ընդունելության քննությունների ցանկում և ընդունելությունը կազմակերպել ընդունելության ընդամենը մեկ քննության արդյունքների հիման վրա»:
 
«Փաստ» թերթը գրում է.
 
«Կորոնավիրուսով վարակվածության թվերն օրեցօր մեր երկրում ահագնացող չափեր են ստանում: Հաշվի առնելով առկա վիճակը՝ ենթադրելի էր, որ համապատասխան կառույցները պետք է որոշակի վերլուծություն կատարեն, ըստ այդմ՝ եզրահանգումների գան, լուծումներ գտնեն:
Մասնավորաբար, հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների: Ըստ այդմ, գրավոր հարցում ենք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առևտուր և այլն):
Երեկ ստացել ենք պատասխան, ուր նշված է.
«Ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային և տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ:
Սակայն, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների, հնարավորության սահմաններում, կիրականացվի հաստատված COVID-19 պացիենտների հետ շփված անձանց (կոնտակտավորներ) արագ հայտնաբերում և մեկուսացում՝ հիվանդության նոր դեպքերի և «օջախների» ձևավորումը կանխելու համար»:
Սա մի պատասխան է, որը բազմաթիվ նոր հարցեր է ծնում, հատկապես երկրորդ պաբերությունը: Այնպիսի տպավորություն է, որ այդ հատվածը գրված է, ասենք, մարտի սկզբներին: Սա այն դեպքերից է, երբ պարզապես մնում է հավելել՝ «առանց մեկնաբանության»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի 2020-2025թթ. թվայնացման ռազմավարությունը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության, տնտեսության թվային փոխակերպումը՝ թվայնացումը:
Ըստ ներկայացված ծրագրի՝ առցանց հանրային ծառայությունների զարգացման ցուցանիշով 193 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը՝ զիջելով ՌԴ-ին, Ղազախստանին և Բելառուսին։ 2019թ. դրությամբ Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքներից օգտվում է բնակչության 15%-ը»:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
 
«Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, կարծես թե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սմբատ Գոգյանի հետ ու զրուցել նրա հրաժարականի պատճառների մասին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը շատ է հավանել Գոգյանին ու նրա պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատել, ինչի համար էլ չի ստորագրում նրա հրաժարականի դիմումը: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ վերջին ժամանակահատվածում վարչապետն անձամբ է հանդիպում, հարցազրույց անցկացնում այն անձանց հետ, ում պետք է պաշտոնի նշանակի՝ հասկանալու համար, թե ով ինչ անցած ուղի ունի: Անգամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երկտասարդության հարցերի փոխնախարարներին այդ պաշտոններում նշանակելը կատարվում է անձամբ վարչապետի հսկողությամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք ճիշտ է այն, որ վարչապետը չի ստորագրում դեռևս մայիսի 22-ին ներկայացված իր հրաժարականի դիմումը: Այն, որ վարչապետի հետ հանդիպել է, Գոգյանը հաստատեց, իսկ արդյոք վարչապետին հաջողվել է համոզել Գոգյանին չհեռանալ իր պաշտոնից, նշեց. «Զրույցի բովանդակությունը ես իրավասու չեմ ներկայացնելու, ես հիմա ԲՈԿ-ում եմ, աշխատանքի եմ»:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն