Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց


Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց

  • 09-06-2020 16:42:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Հարվարդի Բժշկական քոլեջի, Բոստոնի հանրային առողջապահության համալսարանի, Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները, վերլուծելով չինական Ուհան քաղաքի խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային լուսանկարները, արել են ուշագրավ եզրահանգում: Ըստ նրանց, Ուհանում, որը համարվում է կորոնավիրուսի «էպիկենտրոն», վարակը հնարավոր է տարածվել է ոչ թե 2019-ի նոյեմբերի վերջին, այլ դեռեւս օգոստոսին:
 
Այդ եզրակացության հիմք է եղել այն, որ արբանյակային լուսանկարները արձանագրել են օգոստոսից սկսած կայանատեղիներում տրանսպորտի քանակի կտրուկ աճ, որը առավելագույնին է հասել արդեն դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ, ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ չինական Baidu որոնողական համակարգում 2019 թվականի վերջին կտրուկ ավելացել են հազ, փորլուծություն բառերի որոնումները։ Բանն այն է, որ դրանք կորոնավիրուսի վարակվածության ախտանիշներից են:
 
Հայտնի է, որ կորոնավիրուսի այսպես ասած պաշտոնական «մեկնարկը» 2019-ի նոյեմբերի վերջին օրերն են, թեեւ Միացյալ Նահանգներն ու աշխարհի մի շարք այլ երկրներ այդ կապակցությամբ կասկած ունեն, որ ամեն ինչ եղել է շատ ավելի վաղուց, եւ Չինաստանը պարզապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է վարակը աշխարհից, այդպիսով նպաստելով դրա համաշխարհային տարածմանը: Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է ադ առնչությամբ քննություն սկսելու մասին: Միաժամանակ, Թրամփը հայտարարեց, որ Նահանգները խզում է կապը ԱՀԿ հետ:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ ընթացքում աչքի է ընկել վարակի վերաբերյալ հակասական հայտարարություններով: Մասնավորապես, դեռեւս 2020-ի սկզբին ԱՀԿ-ն հայտարարում էր, թե աշխարհում ոչ թե պանդեմիա է, այլ ինֆոդեմիա, որի դեմ պետք է պայքարել: Հետո ԱՀԿ ինքն էր սնուցում ինֆոդեմիան հակասական հորդորներով եւ հանձնարարականնորվ:
 
ԱՄՆ կասկածներից ու մեղադրանքներից ԱՀԿ-ին պաշտպանում էին Չինաստանը, Ռուսաստանը: Ի դեպ, կան նաեւ կասկածներ, այդ թվում ռուսական փորձագիտական շրջանակներում, որ Ռուսաստանում էլ կորոնավիրուսի ճարակը եղել է շատ ավելի վաղ, քան մարտ-ապրիլը: Համենայն դեպս հարցեր են առաջ գալիս դեռեւս ամիսներ առաջ Նովոսիբիրսկում լաբորատորիայի վթարի եւ քաղաքում ատիպիկ թոքաբորբի տարածվածության վերաբերյալ: Ի դեպ, բավականին ինտենսիվ է Չինաստանի հետ հաղորդակցությունը հենց Նովոսիբիրսկից:
 
Ավելին, հատկանշական է, որ արդեն համաշխարհային ճարակի շրջանում, երբ Չինաստանը հայտարարեց, թե հաղթահարել է վարակը, Պեկինը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիների վերադարձի կապակցությամբ, նշելով, թե ավելի քան 100 հազար քաղաքացիներ կարող են իրենց հետ Նովոսիբիրսկից դարձյալ վարակ բերել Չինաստան:
 
Եթե Ուհանում կորոնավիրուսը իսկապես եղել է ավելի վաղ՝ օգոստոսից սկսած, ապա դա կնշանակի, որ կորոնավիրուսը ավելի վաղ է տարածվել նաեւ աշխարհում: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր էր շաբաթներ առաջ ֆրանսիական կլինիկաներից մեկի հետազոտությունը: Թեստավորվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այլ պատճառով հոսպիտալացված քաղաքացու տվյալներ, եւ արձանագրվել էր, որ դեռեւս 2019-ի դեկտեմբերին Ֆրանսիայի այդ քաղաքացու մոտ եղել է կորոնավիրուս, այսինքն դեռեւս այդ ժամանակ վարակը եղել է Եվրոպայում:
 
ԱՀԿ-ն այդ առնչությամբ տվեց իր հերթական ռեկոմենդացիան՝ ուսումնասիրել այդ շրջանի այլ հոսպիտալացվածների տվյալներ, հասկանալու համար, արդյոք դա եզակի դեպք է, թե ոչ:
 
Կորոնավիրուսային համաճարակը կարծես թե բացվում է շերտ առ շերտ, ի հայտ բերելով նոր հարցեր, կասկածներ, նոր եզրահանգումներ: Մասնավորապես, արդյոք համաշխարհային ավելի վաղ տարածվածությունը չէ նաեւ պատճառը, որ այսպես կոչված պիկը կամ պլատոն այդպիսի «արագացված» տարածման եւ մասշտաբայնության պայմաններում արձանագրվում է ընդամենը երեք-չորս շաբաթում, երբեմն նաեւ ավելի կարճ: Իհարկե, հարցերը գտնվում են նեղ մասնագիտական տիրույթում, եւ միաժամանակ ակնհայտ է, որ գործին վաղուց խառնվել է մեծ քաղաքականությունը: Բայց դա էլ թերեւս բերի նրան, որ կծիկը կամաց կամաց-քանդվի, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալի առումով հասկանալի դարձնելով, թե ինչ մարտահրավերի հետ գործ ուներ կամ ունի մարդկությունը, եւ ինչ քայլեր են անհրաժեշտ այդպիսի փաստերի առաջ ավելի ամուր կանգնելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն