Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց իր մասին․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց իր մասին․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-06-2020 17:09:31   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․
 
Ռուսական «Վեստին» դարձյալ ռեպորտաժ է պատրաստել Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, որում անդրադարձել է նաև ՄԻԵԴ խորհրդատվությանը, որ տրամադրվել էր Սահմանադրական դատարանին: Ռոբերտ Քոչարյա՞նն է ռուսական ալիքով հիշեցնում իր մասին, թե՞ ՄԻԵԴ խորհրդատվությունից հետո իր մասին հիշեցնում է Ռուսաստանը՝ ունենալով կասկած, որ Երևանը կարող է ծավալել որոշակի գործընթաց, որում Մոսկվան կհայտնվի լուսանցքում: Բանն այն է, որ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվությունը փաստորեն զուգորդվել է սահմանադրական հանրաքվեի գործով Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի կառավարության երկխոսության հետ: Ավելի շուտ, ոչ թե հանրաքվեի, այլ դրա չեղարկման: Հայտնի է, որ Երևանը հրաժարվում է հանրաքվեի միջոցով ՍԴ կազմի հարցը լուծելու մեխանիզմից և այն կարող է լուծել խորհրդարանական ձևաչափով: Ընդ որում՝ փոխվում է ոչ միայն մեխանիզմը, այլև լուծման բովանդակությունը, և ՍԴ-ից հեռանում է ոչ թե Հրայր Թովմասյանը, այլ այն դատավորները, որոնց պաշտոնավարումը սպառվում է ըստ նոր Սահմանադրությամբ: Հետո արդեն ՍԴ-ն կընտրի նոր նախագահ, որը, ըստ իշխանության, չի լինի Հրայր Թովմասյանը:
Վենետիկին այդ հարցով դիմելու հորդոր Հայաստանի իշխանությանը հնչեցրել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի օգնական Ջորջ Քենթը: Ինչով կավարտվի այդ գործընթացը, դեռ պարզ չէ, սակայն դրա ֆոնին էլ ստացվեց ՍԴ-ին ՄԻԵԴ խորհրդատվությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով, որն էլ իր հերթին ստեղծեց հարաբերական վիճակ, որովհետև ՄԻԵԴ-ը փաստորեն արձանագրել էր, որ եզրակացության համար պետք է, որ ընթանա դատական գործընթացը և միայն դրա ընթացքից հնարավոր կլինի եզրակացնել, թե արդյո՞ք տեղի է ունենում երկրորդ նախագահի իրավունքի խախտում: Այլ կերպ ասած, ՄԻԵԴ գործնականում ազատել է Հրայր Թովմասյանին Ռոբերտ Քոչարյանի առաջ պատասխանատվությունից, իսկ գուցե նույնիսկ Ռուսաստանի առաջ պատասխանատվությունից:
Ի վերջո, արժե հիշել, որ 2019-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո, հունիսին նրա հետ հանդիպեց Հայաստանում ՌԴ դեսպանը, իսկ մեկ շաբաթ անց դեսպանը հանդիպեց Հրայր Թովմասյանին: Բանն այն է, որ Ռուսաստանի համար Ռոբերտ Քոչարյանի պարագան հետհեղափոխական Հայաստանի վրա ազդեցության հնարավորություն է, ներքաղաքական ներգործության միջոց: Եթե այդ առնչությամբ ընթացող զարգացումներում ստեղծվում է իրավիճակ, երբ կարող է ձևավորվել այսպես ասած՝ կայուն դատական գործընթացի միջավայր, դա Ռուսաստանին կարող է զգալիորեն թողնել խաղից դուրս: Ըստ այդմ, Մոսկվան կարող է հիշեցնել իր մասին, առնվազն գործընթացի որոշ մասնակիցների: Միևնույն ժամանակ, իր մասին հիշեցնելու կարիք կարող է ունենալ երկրորդ նախագահը, իրադարձությունների մեկ այլ տրամաբանության բերումով: Եթե Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ ՍԴ-ն ՄԻԵԴ միջոցով հրաշալի կերպով ազատվեց իր բեռից, կարող է վերստին դիմել Մոսկվային, հատկապես դիտարկելով ներքաղաքական վերջին զարգացումները: Դրանք ստացել են բավականին բուռն ընթացք, և այստեղ դիմակայության առաջնային պլան է դուրս գալիս «Բարգավաճ Հայաստանը»: Այդ կուսակցությունն իր ծագման փուլում, իհարկե, կապված էր Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց հետագա ավելի քան տասնամյակի ընթացքում հոսել են շատ ջրեր, որոնք բերել են փոփոխություններ: Մասնավորապես, 2015 թվականի հայտնի փետրվարից հետո ԲՀԿ-ն լքեց «քոչարյանական» թևը, որն այժմ ներկայանում է այլ ձևաչափերով: Հնարավոր է երկրորդ նախագահը Մոսկվայի «ալիքով» Ծառուկյանին հիշեցնում է իր մասին՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ նախագահն անտարբեր չի լինելու «ռուսական հեռուստատեսությանը»: Կամ Մոսկվային է փորձում հիշեցնել իր մասին՝ ակնարկելով, որ ինքը կարող է լինել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ գլխավոր ընդդիմադիր ուժ, և ԲՀԿ վրա խաղադրույքը կլինի վրիպում:
 
Lragir.am-ը գրում է․
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կիրգիզիայի նախագահ Ժեենբեկովի հետ, նրա նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարը, երկու երկրներում առկա վիճակը: Հայաստանի վարչապետն ու Կիրգիզիայի նախագահը փոխադարձաբար ակնկալել են զրույցի շարունակություն Մոսկվայում՝ հունիսի 24-ին, ուր մեկնելու են Պուտինի հրավերով: Այդ օրը նշանակված է մայիսի 9-ից կորոնավիրուսի պատճառով հետաձգված Հաղթանակի 75-ամյակի շքերթը:
Իրադարձություն, որը ՌԴ նախագահի համար ունի մեծ քաղաքական նշանակություն: Դրա մասին է վկայում այն, որ շքերթը անցկացնելու հրահանգ է տրվել չնայած այն բանին, որ Ռուսաստանում գործնականում շարունակվում է կորոնավիրուսի համաճարակն ու օրական մի քանի հազար վարակակրի հայտնաբերումը: Բայց Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանում պիկն անցնում է, իսկ հունիսի 9-ից էլ փաստացի վերացվել են սահմանափակումները Մոսկվայում: Ի դեպ, այստեղ անհրաժեշտ է նկատել, որ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը հակված չէր մայրաքաղաքում սահմանափակումները վերացնելուն: Ավելին, շքերթից մեկ շաբաթ անց էլ Պուտինը նշանակել է նախագահական ժամկետները զրոյացնող սահմանադրական հանրաքվեն:
Պուտինի քաղաքական նշանակության մաս է կազմելու նաեւ շքերթին հրավիրյալ ղեկավարների ցանկը, այդ թվում բնականաբար Եվրասիական միության, որը Ռուսաստանի «աշխարհքաղաքական ձեռքբերման» գոտին է: Իհարկե հարաբերական իմաստով, որովհետեւ Մոսկվան ներկայում գործնականում գտնվում է այդ գոտու գրեթե բոլոր անդամների հետ սկզբունքային անհամաձայնությունների փուլում: Դա ակնառու դարձավ օրեր առաջ տեսավեհաժողովում, որտեղ փաստացի մերժվեց ԵՏՄ հնգամյա զարգացման ռազմավարության ընդունումը:
Հայաստանն ու Բելառուսը դնում են միասնական էներգետիկ շուկայի, գազի գնի նվազեցման հարց, ինչն անընդունելի է Մոսկվայի համար: Կրեմլը պահանջում է ավելի խորը ինտեգրացիա, ինչն էլ մերժում են ԵՏՄ անդամները: Իսկ Ղազախստանի նախագահ Տոկաեւն էլ հայտարարեց, թե առաջարկում է ռազմավարության հարցը հետաձգել, մինչեւ կլինի դեմ առ դեմ հավաքի հնարավորություն:
Պուտինը շքերթի է հավաքում այդ պայմաններում: Իսկ արդյոք նրա առաջ որեւէ պայման կդնեն շքերթի մասնակիցները, մասնավորապես ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները: Երկու օր անց Բելառուս կհասնի ամերիկյան նավթի առաջին խմբաքանակը՝ 77 հազար տոննա: Այն բանից հետո, երբ Մոսկվան չհամաձայնեց զիջել նավթի գնի հարցում, Լուկաշենկոն հայտարարեց, որ Ռուսաստանը նավթի էժան գնի դիմաց պահանջում է ինքնիշխանությունը, ինչին ինքը չի գնա: Մինսկ այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ պատրաստ է ապահովել Բելառուսին նավթով:
Մեծ հաշվով, իրավիճակն արտառոց է՝ ԵՏՄ անդամ պետությունը նավթ է գնում ԱՄՆ-ից, այն դեպքում, երբ ԵՏՄ կազմում է նավթարդյունաբերող խոշոր երկիր՝ Ռուսաստանը:
Կարո՞ղ է արդյոք Բելառուսի օրինակը դառնալ «նորմ» ԵՏՄ համար, երբ Ռուսաստանի հավելյալ քաղաքական պահանջները մերժող մյուս անդամները կփորձեն գտնել խոշոր տնտեսական այլընտրանքներ: Եվ կա՞ն արդյոք դրանք բավարարելու պատրաստ այլ ռեսուրսներ, առանց այնպիսի քաղաքական պահանջների, ինչպիսիք դնում է Ռուսաստանը:
Եվ, ի վերջո, ի վիճակի՞ են ԵՏՄ անդամները ընդհանուր քաղաքական պահանջներ դնել ՌԴ առաջ՝ հավասարազոր գործակցության եւ համատեղ աշխատանքի սկզբունքների: Թե՞ ռուսական աշխարհքաղաքական մշակույթը արտացոլում է ռազմական շքերթի տրամաբանությունը, ոչ մի այլ արդիական ու գրավիչ տեխնոլոգիա, եւ ոչ մի այլ փոխըմբռնում:
Այդ դեպքում ո՞րն է Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու իմաստը, երբ Պուտինն այն քաղաքական առումով դիտարկում է միայն իր հաղթանակի տրամաբանության մեջ, այն էլ առավելապես հենց դաշնակից դիտարկվողների նկատմամբ:
 
«Փաստ» թերթը գրում է.
 
«Լրատվամիջոցներն օրերս տեղեկացրեցին, որ Երևանում տեղի է ունեցել ՀՀ երեք նախկին վարչապետների՝ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Կարեն Կարապետյանի հանդիպումը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանդիպումը պլանավորված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ երեք վարչապետների հանդիպման հիմնական թեման ու խոսակցության առարկան ստեղծված ճգնաժամային և էքստրեմալ իրավիճակն են եղել:
Մամուլում արդեն իսկ նշվել է, որ երեք վարչապետները մտադիր են ձևավորել հակաճգնաժամային կենտրոն, որպեսզի կարողանան առկա խնդիրների հետ կապված լուծումների հստակ կոորդինացիա իրականացնել։
Տվյալ հանդիպումից թերթին բավական ուշագրավ մանրամասն է հայտնի դարձել, համաձայն որի՝ Մանուկյանը, Բագրատյանը և Կարապետյանը մտադիր են լայն թափով լծվել գործի. յուրաքանչյուրը հստակ ուղղությամբ կոնկրետ քայլեր կիրականացնի՝ պետությունը կոլապսից դուրս բերելու ուղղությամբ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ նախատեսվում է առանձնացնել երեք ուղղություն, որոնք ՀՀ համար ունեն առանցքային նշանակություն, որոնց հետ էլ առաջիկայում պատրաստվում են աշխատել երեք վարչապետները։
Այսպիսով, ՌԴ հետ նախատեսված քայլերի ու խնդիրների հստակեցման ուղղությամբ պատրաստվում է զբաղվել Կարեն Կարապետյանը, ԵՄ հետ ճգնաժամային թեմաների հետ տարվող աշխատանքների պարտականությունները դրվել են Հրանտ Բագրատյանի վրա, իսկ Չինաստանի հետ փորձի փոխանակման ու ճգնաժամային քաղաքականության պատասխանատուն կլինի Վազգեն Մանուկյանը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Չնայած երեկ հայտարարվեց, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարվել է, թե կուսակցությունը պահանջում է, որ լինեն հրաժարականներ, սակայն ԲՀԿ մեր աղբյուրը նշեց, որ կոնկրետ գործողություններ այդ պահանջին հասնելու համար չեն իրականացվելու:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու հարց, մեր աղբյուրը նշեց, որ նման հարց իրենց օրակարգում չկա: «Մենք ընդամենը արձանագրում ենք, որ դժգոհ ենք կառավարության գործունեությունից, և անկալում ենք, որ իշխանությունները իրենք որոշակի հետևություններ կանեն»»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի և հեռանա համակարգից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Ու դա է պատճառը, որ իշխանությունները չեն ընդունում Վարդազարյանին, ու հստակ է, որ նա ևս պետք է առաջիկայում հրաժեշտ տա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որը հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի:
Գաղտնիք չէ, որ դատավորները, այդ թվում՝ ԲԴԽ անդամները, այսպես ասած, վեթինգի են ենթարկվելու, կամ ինչպես իշխանության անդամներն են սիրում ասել, ստուգվելու է նրանց ունեցվածքը, բարեվարքությունը: Սակայն, մյուս կողմից, նրանք չեն ցանկանում այդքան երկար սպասել, մինչ գործընթացը կսկսվի, և փորձում են համակարգը «մաքրել» նախ այլ մեթոդներով և ճնշել նախկին իշխանությունների հետ կապեր ունեցող դատավորներին: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նրանցից մեկն է: Վերջինիս «ամենաբացասական» կողմն էլ Արթուր Վանեցյանի հետ մտերիմ լինելն է»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«ԵԿՄ վարչության անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը իր համախոհ ընկերների հետ նախաձեռնություն է ստեղծում, քանի որ համարում է, որ երկիրը գնում է դեպի կործանում, կանգնած է անդունդի եզրին։
Գասպարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք չեն միանալու այն ուժերին, որոնք պայքարելու են նախկինների վերադարձի համար, բայց նաև համակարծիք ենք Ծառուկյանի ու Վանեցյանի հետ։ Նոր նախաձեռնության մասին թերևս կհայտարարվի մոտ օրերս։ Գասպարյանը նաև ասել է, որ իրենց քայլերը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ չեն քննարկել»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Առողջապահության նախարարությունը հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանում են նաեւ մարզային հիվանդանոցները, եւ վերապրոֆիլացումից հետո այնտեղ կկարողանան ընդունել կորոնավիրուսով վարակվածներին: Ընդ որում, նշվում էին կարճ ժամկետներ՝ ասելով, թե երկու-երեք օրում այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի եւ Վեդու բժշկական կենտրոններում համապատասխան աշխատանքները շարունակվում են: Մամուլի խոսնակը նաեւ դժվարացավ ժամկետներ նշել, թե, ի վերջո, երբ այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն:
Ինչպես հայտնի է, եւ ինչպես նշել էր Փաշինյանը, շուրջ 200 կորոնավիրուսով վարակված անձ սպասում է իր հոսպիտալացման հերթին, եւ ուրեմն ստացվում է՝ նոր մահճակալների եւ հիվանդանոցների կարիքը պետք է օր առաջ լրացնել: Սակայն, ինչպես արդեն հայտնեց մամուլի խոսնակը, դեռ հստակ ժամկետներ չկան: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային հիվանդանոցներում վերապրոֆիլացումը խնդիրների է հանգեցնում, եւ հնարավոր չէ 2-3 օրում դրանք արագ կազմակերպել, եւ անգամ նշվում է, որ դրանք պատրաստ կլինեն հիվանդ ընդունել միայն 20-30 օր հետո: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել տվյալ բուժհաստատությունների տնօրենների հետ, սակայն նրանք մշտապես զբաղված էին այդ աշխատանքներով, իսկ ներկայացուցիչներն էլ մեզ հետ զրույցում նշում էին, թե քննարկումներն ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ինչեւէ, փորձեցինք ոլորտի մասնագետ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից պարզել՝ ինչ է պետք հիվանդանոցները վերապրոֆիլացնելու համար, եւ արդյոք ուշացած չէր այն հիմա իրականացնելը: «Այո, կարելի է նախապատրաստել, այնքան էլ բարդ գործընթաց չէ: Հիվանդանոցներում հիմնականում պետք է հոսքերի տարանջատման խնդիր լինի, քանի որ այլ հիվանդներ են ընդունվում: Պետք է համապատասխան ախտորոշման եւ ախտահանման համար ստորաբաժանումներ ստեղծվեն, արտահագուստներ տրամադրվեն, շնչառական սարքավորումների տրամադրում, նաեւ մոնիտորներ»,- նշեց նա: Մկրտչյանն ամեն դեպքում նկատեց, որ սա պետք է վաղուց արվեր, եւ ընդգծեց, որ վերապրոֆիլացումը կախված է նաեւ հիվանդանոցների մեկնարկային վիճակից: Հավելենք, որ այս հարցում պետք է հիվանդանոցներին օգնի Առողջապահության նախարարությունը, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Կառավարությունը փորձում է թույլ չտալ երկիր անորակ պողպատյա ամրանների և ամրալարի ներմուծումը, որոնք օգտագործվում են շինարարության մեջ:
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող տեխնիկական նոր պահանջները՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 2006թ. ընդունվածը:
Ներկայումս Հայաստան է ներկրվում իրանական արտադրության պողպատյա ամրան և ամրալար, որն օգտագործվում է ոչ բարձրահարկ շենքերի շինարարության մեջ: Այս նոր կանոնակարգը ընդունվելու դեպքում իրանական արտադրանքի ներմուծումը կարող է ընդհանրապես արգելվել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում սպանդանոցային մորթի մասին օրենքը: Սակայն մսավաճառները և ֆերմերները հույս ունեն, որ Հայաստանի կառավարությունը ևս որոշ ժամանակով կհետաձգի օրենքի կիրառումը:
Ֆերմերները նշում են, որ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ իրենցից շատերը չեն կարողացել կառուցել կամ ավարտին հասցնել սպանդանոցների շինարարությունը»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կարող է հետևանքներ ունենալ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար:
Նախ նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 8-ին որոշում էր կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ: Դատավոր Դավիթ Բալայանի որոշման համար հիմք էր հանդիսացել հանցակազմի բացակայությունը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գործի կարճման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ քրեական հետապնդումը դատավորի նկատմամբ սկսվել է շատ ավելի շուտ, քան դիմել են Բարձրագույն դատական խորհուրդ:
Այսինքն, իրենք պետք է դիմեին ԲԴԽ, ապա նոր դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեին, ինչը, սակայն, չի արվել: Այս ամենից հետո դատական համակարգում քննարկում են, որ այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է:
Եվ եթե պարզվի, որ Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը սկսել են ավելի շուտ, քան դիմել են ԲԴԽ, ապա այս ամենի պատասխանատվությունը կրելու է հենց Դավթյանը: Եվ հիմա բոլորը շունչը պահած սպասում են հետագա զարգացումներին»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առևտրի ծավալը կազմել է 26 մլրդ 923 մլն 600 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 5.9 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուրը կանգնած է: Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել:
Կհիշեք՝ ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երևույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Բացի այս, Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 8.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առևտրի շրջանառությունը ևս նվազել է՝ կազմելով 10.1 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին պակասել է 7.3 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չի կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»:
 
«Հրապարակ» թերթը գրում է.
 
«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018 թվականից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է:
Երկրի անվտանգությունը եւ սահմանները պաշտպանելու համար ամենեւին էլ կարիք չկա երկու տարին մեկ այդ մասին բարձրաձայնել: Փաստացի պատերազմական իրավիճակը ենթադրում է ամենից առաջ խիստ գաղտնապահություն: Կարճ ասած, պաշտպանության եւ բանակաշինության ասպարեզներում ավելի շատ պետք է գործել, քան խոսել:
Հիմա երեւի Ադրբեջանի ռազմական փորձագետները բառ առ բառ քննում են Տոնոյանի տեսլականը: Պաշտպանության նախարարը հազիվ թե չգիտի, որ իր ցանկացած միտք ոլորտի մասնագետներին որոշակի տեղեկատվություն է փոխանցում: Եվ եթե գնացել է սեփական պատկերացումները կիսելու ճանապարհով, ուրեմն բավականին ծանրակշիռ պատճառ է ունեցել:
Վերջին իրադարձությունների կոնտեքստում եւ դատելով հրապարակված փաստաթղթի բովանդակությունից, դա մեկն է՝ վարչապետ Փաշինյանին հավաստիացնել, որ պաշտպանության նախարարությունը չի խառնվում ներքաղաքական գործընթացներին, եւ ինքը երաշխավորում է բանակի չեզոքությունը:
Այլ կերպ ասած, դա տեսլական է քաղաքական դասավորությունների տեսլականի մասին, որտեղ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնում է իրեն եւ հավատացնում է, որ ինքը հուսախաբ չի անի:
Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը դրանում համոզվի: Դատելով նաեւ լուրերից, որ հաջորդ պաշտոնանկությունը կատարվելու է ՊՆ-ում, եւ նախարարն է լինելու հրաժեշտ տվողը, առավել ինտրիգային է դառնում այս 15 էջանոց փաստաթղթի հրապարակումը»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն