Հայաստանը գտել է գազի պայմանագրի բանալին. այն, ինչը մեզ խանգարում էր, հիմա կօգնի


Հայաստանը գտել է գազի պայմանագրի բանալին. այն, ինչը մեզ խանգարում էր, հիմա կօգնի

  • 11-06-2020 18:40:33   | Հայաստան  |  Վերլուծություն

Հարցին, թե արդյոք չպե՞տք է քննարկել եւ վերանայել 2013-ի գազային համաձայնագրերը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում տվել է ուշագրավ պատասխան. «Իսկ ով ասաց, որ որեւէ մեկը չի զբաղվում պայմանագրերի խնդիրներով: Երբ ես խոսում եմ հարթակների եւ լուծումների մասին, դուք պետք է նաեւ զգաք, թե իրավական ուժ ունենալու ինչ որոշակիություն կարող է լինել, այսինքն ինչ մակարդակի պայմանավորվածություններ եւ ինչ փաստաթուղթ պետք է լինի», հայտարարել է Մհեր Գրիգորյանը:
 
Փաստացի, նա ազդարարում է, որ Հայաստանի ինքնիշխանության հաշվին կնքված գազի պայմանագիրը վերանայելու հարցը պաշտոնական Երեւանի օրակարգում է: Մյուս կողմից, Մհեր Գրիգորյանը փաստացի մատնացույց է անում պայմանագրի վերանայման «բանալին»՝ ԵՏՄ ձեւաչափ: Գրիգորյանը նշում է, որ գազի գնի հարցում Երեւանը նպատակահարմար է դիտարկում գտնել ԵՏՄ ձեւաչափի ինստիտուցիոնալ լուծումներ:
 
Ինչպես հայտնի է, Հայաստանը բարձրացնում է միասնական էներգետիկ շուկայի, միասնական գնագոյացման մեխանիզմի հարցը, ասելով, թե հակառակ դեպքում ԵՏՄ-ն դառնում է անիմաստ, քանի որ տնտեսվարողների համար չի ստացվում հավասար մրցակցային պայման: Այդ հարցում գործնականում Հայաստանի դաշնակից են ԵՏՄ բոլոր երկրները, իսկ Ռուսաստանը դիմադրում է, կամ պահանջում ավելի սերտ ինտեգրացիա, այսինքն ավելի նվազ ինքնիշխանություն:
 
ԵՏՄ մյուս երկրները դիմադրում են եւ պահանջում: Երեւանը փաստորեն հարցը գերադասում է դիտարկել այդ բազմակողմ հարթության վրա, երկկողմի փոխարեն: Հայաստանն ըստ ամենայնի այդ միջավայրը դիտարկում է նպատակահարմար, քանի որ կան նույն խնդիրն ունեցող այլ երկրներ, ինչը կարող է ավելի մեծացնել Ռուսաստանի դիմադրությունը կոտրելու հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, ԵՏՄ այդ ինստիտուցիոնալ կարգավորումը փաստորեն «ժամանակավրեպ» կդարձնի 2013-ի գազային ամոթալի պայմանագիրը, բերելով դրա վերանայման:
 
Այսինքն, ստացվում է, որ այն, ինչ մեզ խանգարում էր 2013 թվականին՝ ԵՏՄ, կօգնի այժմ: Բայց կաշխատի՞ արդյոք բանալին, թե Հայաստանն ընդամենն անիմաստ ժամանակ կկորցնի: Դա իհարկե կախված է ոչ միայն տվյալ ուղղությամբ աշխատանքից, այլ նաեւ այն հանգամանքից, թե Հայաստանը ժամանակն ինչպես կօգտագործի էներգետիկ այլընտրանքներ, այդ թվում գազային այլընտրանքներ ձեւավորելու ուղղությամբ, որը թույլ կտա առավել հաստատուն կանգնել ՌԴ հետ բանակցությանը:
 
Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ այդ բանակցությանը Հայաստանի փաստարկները չպետք է լինեն լոկ տնտեսական, էներգետիկ կամ գազային: Առավել եւս, որ ՌԴ համար գազի հարցը քաղաքական է: Ըստ այդմ, Երեւանը պետք է ընդլայնի իր փաստարկային փաթեթը, ներառելով հարցեր, որոնք առնչվում են ռեգիոնալ ռազմա-քաղաքական վիճակին, դրանում Հայաստանի պատմա-քաղաքական-իրավական խնդիրներին ու դրանց հանդեպ ՌԴ դերին, թե ներկայիս, թե մեկդարյա վաղեմության Թուրքիայի հետ կնքված այն խայտառակ պայմանագրերի տեսքով, որոնք չեն առնչվում գազին, այլ հայերի կյանքին եւ պետականությանը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան  -   Վերլուծություն