Իրանի «խորքային պետությունը» երբեմն առճակատման է գնում քաղաքական իշխանությանը


Իրանի «խորքային պետությունը» երբեմն առճակատման է գնում քաղաքական իշխանությանը

  • 12-06-2020 18:26:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir. am- ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը
 
 
Օրերս Թեհրանում ՀՀ դեսպանատան մոտ 2 տասնյակ երիտասարդների մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքել են Թել–Ավիվում ՀՀ դեսպանություն բացելու դեմ: Նշվում է, որ դա կարող է հայ-իրանական հարաբերությունների վրա ստվեր նետել: Ձեր կարծիքով ի՞նչ ազդեցություն կունենա այս ակցիան:
 
Մի քիչ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, բայց ես կարծում եմ, որ հաշվի առնելով ակցիայի մասնակիցների քանակը,  այն չի ծավալվի: Ես կարծում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն, Իրանում ՀՀ դեսպանությունը կփորձեն մարել այդ դժգոհությունների ալիքը: Չնայած, Իրանը մի քիչ անկանխատեսելի երկիր է, և չես կարող 100%-ով վստահ լինել, թե այնտեղ ինչ կկատարվի:
 
Այդուհանդերձ, Թել-Ավիվում դեսպանություն բացելուց հետո հնարավո՞ր է հայ-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն առաջանա:
 
Ես վստահ եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն խորհրդակցություններ է անցկացրել իրանական կողմի հետ: Իհարկե, Իրանը մեր բարեկամն է, մենք գիտենք նրանց զգայունությունները որոշ հարցերում, և բավարար չափով բացատրություններ տրվել է իրանական կողմին, որ Հայաստանն Իսրայելում ունի շատ լուրջ կենսական շահեր, բացի այդ, մենք ինքնիշխան պետություն ենք և ինքներս ենք որոշում, թե որ պետության հետ ենք հարաբերություններ հաստատում և զարգացնում: Այդ հարաբերությունները չեն կարող ուղղված լինել Իրանի դեմ: Ես վստահ եմ, որ այս հարցում հայկական և իրանական կողմերը խորհրդակցություններ ունեցել են: Բայց Իրանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ «որոշ» շրջանակներում կարող են մտահոգություններ լինել Իրանի հարևան երկրում Իսրայելի ազդեցության ուժեղացման առնչությամբ: Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Թեհրանին հայկական կողմի նախկինում տրված բացատրությունը բավարարել է, և այս բողոքի ակցիան անցկացվել է Իրանում գոյություն ունեցող «խորքային պետության»՝ Իսլամական հեղափոխության պահապաննների կորպուսի ստորաբաժանումներից մեկի՝ Բասիջի կողմից: Այդ կառույցը շատ հաճախ նույնիսկ Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հետ է առճակատման գնում: Այնտեղ արմատական տրամադրություններ ունեցող մարդիկ են, և Իսրայելի, ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ ծայրահեղ թշնամաբար են տրամադրված:
 
Ամեն դեպքում, կարծում եք, որ դեսպանատան արձագանքը որոշակի առումով հստակեցում կմտցնի և կրքերը կհանդարտվե՞ն:
 
Հուսով եմ, որովհետև դեսպանատան հաղորդագրությունը մեսիջներ է պարունակում, որ իրանական կողմն ըմբռնումով է մոտեցել հայկական կողմի գործողություններին: Բայց նաև չեմ կարող 100 տոկոսով վստահ լինել, որ կրքերը վերջնականապես կհանդարտվեն, որովհետև Իրանում կա «խորքային պետություն» կոչվածը: Հայաստանում այնքան էլ լավ չեն պատկերացնում՝ ինչ է դա: Դա պետություն է պետության մեջ, որը հաճախ առճակատման մեջ է մտնում նաև երկրի քաղաքական իշխանության հետ, նույնիսկ  հաճախ ավելի ազդեցիկ է լինում և կարողանում է որոշ հարցեր, այդ թվում արտաքին քաղաքական հարցեր, իր ուզած ձևով լուծել: Սա չափազանց ուժեղ և խորքային կառույց է, որը չի ենթարկվում երկրի քաղաքական իշխանություններին, այլ ուղիղ ենթարկվում է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին: Այդ տեսանկյունից այդ կառույցի գործողությունները անկանխատեսելի են: Բայց ես հույս ունեմ, որ Իրանում ՀՀ դեսպանությունը նաև իր խողովակներով այդ կառույցի հետ կաշխատի և կփորձի նաև նրանց բացատրել, որ Իսրայելում դեսպանատուն բացելը ուղղված չէ Իրանի դեմ:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play