Ֆրանսիական չափանիշներով պլաստիկ վիրահատություններ հայ մասնագետից


Ֆրանսիական չափանիշներով պլաստիկ վիրահատություններ հայ մասնագետից

  • 15-06-2020 16:51:48   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
 
Բորիս Գեորգիի Միրզոյան. Ֆրանսիայում և Շվեյցարիայում  հավաստագրված պլաստիկ վիրաբույժ: Նա 2015 թվականից համատեղել է պլաստիկ վիրաբուժական գործունեությունը Փարիզի Շանզելիզե կլինիկայում և Մոսկվայի <ԱՄ Մեդիցինա> (АО Медицина) կլինիկայում, որն ունի Joint Commission International (JCI) հավատարմագիր։ Այժմ բժիշկ Միրզոյանը տեղափոխվել է Հայաստան, ու աշխատում է նաև Երևանի <Նյու Մեդ> բժշկական կենտրոնում։ 
Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /mednews.am/ բժշկի հետ զրուցել է պլաստիկ վիրաբուժության առանձնահատկությունների, միտումների ու նրա մոտ քսանամյա հարուստ մասնագիտական փորձի մասին: 
 
-Բժիշկ Միրզոյան, Ֆրանսիայի պլաստիկ վիրաբույժի հավաստագիր ստանում են քչերը: Ի՞նչ ճանապարհ է պետք անցնել այդ հավաստագիրը ստանալու համար:
 
-Ֆրանսիայում պլաստիկ վիրաբուժության օրդինատուրայի բոլոր տեղերը պետպատվերով են, ու շատ քիչ թվով բժիշկներ են ընդունվում: Դրա համար է պետք է մի շարք քննություններ ու մրցույթներ հաղթահարել:  Այստեղ ձգտում են պատրաստել սահմանափակ թվով, բայց բարձրակարգ մասնագետներ: Օրդինատուրայում սովորում են 5 տարի, այդ ամբողջ ընթացքում ակտիվ պրակտիկա անցնում Ֆրանսիայի համալսարանական կլինիկաների պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքներում: Ի դեպ ապագա պլաստիկ վիրաբույժները պարտադիր պետք է անցնեն նաև ընդհանուր վիրաբուժական պրակտիկա: Իմ ընդհանուր վիրաբուժական պրակտիկան ես անցել եմ Շվեյցարիայում: Այս բազմակողմանի ու երկարատև ուսուցումն օգնում է ապագա պլաստիկ վիրաբույժներին ավելի շատ մասնագետների հետ աշխատել, ծանոթանալ տարբեր վիրաբուժական մեթոդների և ուղղությունների հետ, հմտանալ ու զարգացնել կարողությունները: Օրդինատուրայից հետո 3 տարի էլ աշխատում ենք համալսարանական կլինիկաներում պրոֆեսորների հսկողությամբ, ու միայն բազայում գրանցված վիրահատությունների համապատասխան քանակ ունենալուց հետո  ստանում պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժի հավաստագիրը:  
 
-Հայաստանում կարծես թե այդ հստակ տարբերակումը չկա՝ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժ: Ինչու՞ է առանձին շեշտվում պլաստիկան ու էսթետիկան, ո՞րն է այդ միջամտությունների տարբերությունը:
 
-  Ճիշտ է՝ այստեղ այդպես չեն առանձնացնում, բայց Ֆրանսիայում դրանք ունեն հստակ տարբերակում ևւ ցուցումներ. վերականգնողական միջամտությունները կատարվում են անհրաժեշտությունից ելնելով, պլաստիկ վիրահատությունները կյանքի որակը բարելավելու համար, իսկ էսթետիկը՝ գեղեցկանալու համար: Էսթետիկ միջամտության  դեպքում պացիենտը չունի առողջական որևէ խնդիր․ պարզապես ցանկանում է որոշ շտկումներ կատարել իր արտաքինում՝ ավելի հմայիչ երևալու համար։ Օրինակ՝ ձգել դեմքը, շտկել կոպերը, մեծացնել կուրծքը։ Իսկ պլաստիկ վիրահատության դիմող անձը ձգտում է ազատվել իրեն անհանգստացնող, անհարմարություն առաջացնող, առողջությանը հաճախ վնասող արտաքին խնդրից և բարելավել իր կյանքի որակը։ Օրինակ՝  կրծքի գերաճի՝ հիպերտրոֆիայի դեպքում պլաստիկ  վիրահատությամբ օգնում ենք կնոջն ազատվել ավելորդ ծանրությունից, որը ճնշում ու վնասում է ողնաշարը, թույլ չի տալիս զբաղվել սպորտով, ավելի ակտիվ կյանք վարել կամ  ընտրել հարմար չափսի զգեստ։ Կամ օրինակ թուլացած, կախված փորի պատճառով հաճախ, հիմնականում ամռանը, կարող է առաջանալ շփաբորբ, կամ սնկային հիվանդություններ։ Փաստորեն ունենում ենք արտաքին էսթետիկ խնդիր, որը նաև անհանգստացնում է մարդուն, իջեցնում կյանքի որակը, երբեմն առողջական խնդիրների պատճառ դառնում։ Եվ պլաստիկ վիրահատությունը նրանց օգնում է ազատվել առօրյա կյանքի այդ անհարմարություններից ու զգալիորեն բարելավել կյանքի որակը։ Դե իսկ վերականգնողական վիրահատությունները հիմնականում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղից հետո, երբ կուրծք ենք ձևավորում: Պետք է ասեմ, որ Ֆրանսիայում պլաստիկ և վերականգնողական վիրահատությունների մեծ մասն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում մեծ է  նաև կատարվող միջամտությունների քանակը, և մեծ քանակով վիրահատություններ անող վիրաբույժները, որոնք նաև լուրջ ուսում են ստացել հայտնի կլինիկաներում, գնալով ավելի են կատարելագործվում: Հենց դա է պատճառը, որ Ֆրանիսան համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար երկրներից մեկը: 
 
-Ի՞նչ միջամտություններ եք իրականացնում Դուք, և որոնք են առավել մեծ պահանջարկ վայելում: 
 
- Կատարում եմ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ բոլոր միջամտությունները. ճակատի, հոնքերի, կոպերի, դեմքի միջին և ստորին հատվածների ձգումներ, ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, կրծքագեղձի մեծացում, փոքրացում, ձգում, աբդոմինոպլաստիկա, բոդի լիֆթինգ, լիպոսակցիա, ազդրերի ձգում, բազուկների ձգում, կրծքագեղձի ռեկոսնտրուկցիա և այլն: Հայաստանում,իհարկե, ամենից հաճախ կատարում եմ ռինոպլաստիկա, Ֆրանսիայում առաջին տեղում, որքան էլ զարմանալի թվա, կրծքագեղձերի փոքրացումն են ու ձգումն էր  առաջին տեղում, որովհետև այնտեղ կանայք ձգտում են դինամիկ, ազատ, ակտիվ սպորտային կյանքի, իսկ Ռուսաստանում, որտեղ ևս աշխատել եմ, հակառակը՝ կրծքագեղձի մեծացումներն են ամենից հաճախ կատարվում: 
 
- Այսինքն Ձեզ կարող են դիմել պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ ցանկացած խնդրով: Իսկ վիրահատության և պացիենտի նախապատրաստությունն ինչպե՞ս է կատարվում, և պատահո՞ւմ է, որ այդ փուլում պացիենտը հրաժարվի վիրահատությունից: 
 
- Այո՛, պատահում է: Պետք է անպայման լինի վիրահատության ցուցում։ Եթե դիմել է մեկը, ում հոնքերն արդեն իսկ բարձր են, մենք չենք բարձրացնի։ Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ պարգևել գեղեցկություն, չխաթարել դիմագծերի բնականությունն ու ներդաշնակությունը։ Բացի այդ էսթետիկ միջամտությունների դեպքում առաջին հանդիպումից հետո Ֆրանսիայում 15 օր մտորելու ժամանակ ենք տալիս. կարող է պատահել, որ մարդն այդ որոշումը կայացրել է տաք գլխով, ինչ-որ գործոնի ազդեցությամբ, ու այդ ընթացքում հնարավոր է՝ մտափոխվի:Երբեմն նաև մարդիկ չափազանց մեծ հույսեր ու իրականությունից հեռու ակնկալիքներ են կապում այս վիրահատությունների հետ, պատրանքներ ստեղծում, երազում նմանվել ինչ-որ մեկին: Այս դեպքում, եթե զգում ենք, որ կա անհրաժեշտություն,որ պացիենտի հետ խորհրդատվություն անցկացնի նաև հոգեբանը, համագործակցում ենք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ:  Մեր խնդիրն է՝ միջամտության արդյունքում մենք ոչ միայն բարելավել մարդու արտաքինը, այլև լուսավորել նրա ներաշխարհը: Վիրահատությունից հետո մարդն ակնհայտորեն փոխվում է, դառնում ավելի պայծառ, դրական և ուրախ:
 
-Ինչո՞վ է պայմանավորված պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության այս բուռն զարգացումը և ինչպե՞ս չսխալվել վիրաբույժի ընտրության հարցում:
 
- Այս բումը դեռ երկար շարունակվի, որովհետև գեղեցիկ խնամված արտաքինը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար ինչ-որ տեղ դարձել է հաջողության ցուցիչ: Մարդիկ ուզում են ավելի երիտասարդ երևալ, ապրել դինամիկ կյանքով, մրցունակ լինել երիտասարդ սերնդի հետ, ունենալ կյանքի ավելի բարձր որակ: Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը նրանց ընձեռնում է այդ հնարավորությունը: Ինչ վերաբերում է չսխալվելուն, պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների. բժիշկը պետք է կրթական լուրջ բազա ունենա, մասնագիտացած լինի առաջատար բժշկական կլինիկաներում, որտեղ կատարվում են մեծ քանակությամբ պլաստիկ միջամտություններ։ Բժիշկը պետք է հարուստ փորձ ունենա, կատարված հաջող վիրահատությունների նշանակալի բազա։ Դա օգնում է վիրահատության ընթացքում ծագած բարդությունները լուծել օպերատիվ ու արդյունավետ կերպով։ Բարդություններ չեն ունենում միայն չվիրահատող բժիշկները, վիրահատող փորձառու բժիշկները գիտեն դրանց լուծման լավագույն ուղիներն ու բարդությունները կանխելու տարբերակները։ Պացիենտը բժշկին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնի բժշկի անձնական հատկանիշներին, հասկանա, որքանով է նա ազնիվ, որքանով է հետևում հակացուցումներին, և ի՞նչն է առավել կարևորում պացիենտին ճիշտ խորհրդատվություն տրամադրելը և օպտիմալ լուծում գտնելը, թե՞ զուտ վիրահատություն կատարելը: Բժշկի աշխատանքում ամենակարևորը պացիենտների առողջության պահպանումն է, անվտանգության ապահովումը։ 
 
Yerevaklur.am
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ