Ով է փոխարինելու Ծառուկյանին. ինչ հավաք է տեղի ունեցել և ինչ է որոշվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16-06-2020 18:07:02 | | Մամուլի տեսություն
1in.am-ը գրում է․ Արձանագրենք, որ հունիսի 14-ի իրողությունները Հայաստանի ներքաղաքական կյանքում կամ, այսպես ասած, ներքաղաքական կյանքում փոխում են ստատուս-քվոն՝ անկախ հետագա զարգացման տրամաբանությունից: Եթե Ծառուկյանն, ինչպես ինքն է ասում՝ գնում է մինչև վերջ, ապա դա ստեղծում է նոր ստատուս-քվո, եթե չի գնում, ապա դարձյալ չի մնում հինը, և առաջանում է նոր իրողություն: Մի դեպքում ստատուս-քվոյի առանցք է դառնում Ծառուկյանը, մի դեպքում նոր ստատուս-քվոն աչքի է ընկնում նրա թողած վակուումով, որը պետք է լցնեն այլ ուժեր:
Միևնույն ժամանակ, ինչ խնդիր է դնում քաղաքական մեծամասնությունը, ո՞ր ճանապարհով զարգացնել իրավիճակը, ո՞րն է նախընտրելի՝ Ծառուկյանի գլխին կախե՞լ դամոկլյան սուրը, բայց դարձնել առանցք, թե՞ սուրն իջեցնել մինչև վերջ և ստեղծել որոշակի տարածություն, բացելով դաշտը այլ ուժերի համար: Որո՞նք կկարողանան զբաղեցնել այդ դաշտը: Ըստ ամենայնի, նախկին համակարգը ներկայացնող ուժեր, քանի որ հազիվ թե Ծառուկյանի բաց թողած դաշտը գրավիչ կամ լիկվիդային լինի այլ ուղղություն ունեցող քաղաքական միավորների համար:
Ըստ այդմ, քաղաքական մեծամասնությունը կտա՞ տարածություն այդ միավորների համար, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, կամ Արթուր Վանեցյանի: Այդ դեպքում նրանք կարող են առավելություն ստանալ ՀՀԿ նկատմամբ, որի դիրքորոշումը այս դեպքում բավականին խոսուն է գոնե առայժմ եղած լռության մեջ: Թեև ՀՀԿ-ական առանձին անհատներ արտահայտվել են՝ դե չէր լինի չարտահայտվել, այդուհանդերձ, ՀՀԿ պաշտոնական արձագանք գոնե առայժմ չկա, և առաջին թեժ պահերին արձագանքի բացակայությունն է խոսուն, որովհետև կրքերը հանդարտվելուց հետո որևէ հայտարարություն լինելը ավելի շատ ունենալու է հերթապահության իմաստային հաղորդագրություն: Այդ տեսանկյունից, կարո՞ղ է արդյոք ԲՀԿ շուրջ ստեղծված իրողությունը իր մեջ պարունակել ՀՀԿ-ին նախկին համակարգի շրջանակում մրցակցային աշխուժության մղելու հաշվարկ, որ անում է Նիկոլ Փաշինյանը, ինչը խորքային առումով կարող է նշանակել նաև հայաստանյան, այսպես ասած, ներքին կյանքում եվրոպական ուղղության աշխուժացում՝ հաշվի առնելով այն, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն գործնականում եզակի ուժ է այդ դաշտում դիրքավորվելու տեսանկյունից:
Lragir.am-ը գրում է․ ՀՅԴ գրասենյակում հանդիպել են Դաշնակցություն, Հայրենիք, Մեկ Հայաստան, Ազգային օրակարգ եւ ԲՀԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Բացի ԲՀԿ-ից, մյուս կուսակցությունները հանդիպմանը մասնակցել են ղեկավարների մակարդակով:
Այդ հանգամանքը հիմք է տվել խոսակցությունների, որ ձեւավորվում է միասնական ճակատ: Իրավիճակը սակայն ունի ավելի խորքային շերտեր, որտեղ պատկերը կամ խնդիրները բոլորովին այլ են:
Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իշխանության կոշտ գործողությունը մեծ հաշվով ներքին կյանքում ստեղծում է մի վիճակ, երբ կամ Ծառուկյանի եւ ԲՀԿ «ընդդիմադիր արժեթղթերը» հասնում են պատմական առավելագույնի, կամ նրանք իջնում են պատմական նվազագույնի եւ վերածվում են շատ սովորական թղթերի:
Եթե ԲՀԿ արժեղթերը այդքան բարձրանում են, ապա մնացյալ ուժերը, որոնք դիրքավորվում են ընդդիմադիր դաշտում, բայց չեն հարում թե նոր, թե հին իշխանության հանդեպ արմատական ընդդիմություն Սասնա ծռերին, հայտնվում են ԲՀԿ պայմանների դաշտում: Այլ կերպ ասած, նրանք զրկվում են «սուբյեկտությունից» կամ այդպիսի հեռանկարից, որը թույլ կտար գործընկերային հայտ ներկայացնել Հայաստանում հեղափոխության հանգամանքից եւ նոր իրավիճակից դժգոհ ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակներին:
Գագիկ Ծառուկյանն է դառնում միակ ու անփոխարինելի հայտատուն: Իսկ դա մյուսների համար խնդիր է, որովհետեւ նրանք կամ պետք է դառնան ենթաուժեր, կամ ընդհանրապես հայտնվեն մարգինալ վիճակում:
Եթե Ծառուկյանի արժեթղթերը վերածվում են շատ սովորական թղթի, որի վրա ձեռագրով գրված են ինչ որ բաներ, ապա դա նշանակում է, որ բացվում է գլխավոր հայտատուի տեղը, ըստ այդմ առաջանում է մի կողմից հնարավորություն, մյուս կողմից մրցակցություն՝ ով պետք է զբաղեցնի այն: Իսկ դա կոնսոլիդացիոն ռեսուրս չէ, որովհետեւ գոնե առայժմ դա է այսպես ասած ներքին քաղաքականության ամբողջ իմաստը, ըստ այդմ հազիվ թե խոսք կարող է լինել իրական եւ բացառիկ իմաստի շուրջ փոխզիջման մասին: Փոխզիջում լինում է իմաստի համար, ոչ թե իմաստի հաշվին:
Իսկ առայժմ, թե այդ, թե այլ այսպես ասած արդիական կամ աշխույժ ներքաղաքական միավորներ որեւէ կերպ առարկայորեն ցույց չեն տվել, որ քաղաքականության մեջ իրենց լինելն ունի այլ իմաստ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած հինգ կուսակցությունների հավաքին կարող էր մասնակցել նաև ՀՀԿ-ն, սակայն որոշում է կայացվել, որ ՀՀԿ-ն այս ուժերին կաջակցի կողքից:
Հավաքի մասնակիցները մտավախություն են ունեցել, որ ՀՀԿ-ի մասնակցության դեպքում հանրությունը վատ կվերաբերվի իրենց միավորմանը՝ համարելով, որ դա նախկինների կողմից ռևանշի հասնելու փորձ է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ շենքի շրջակայքում Ծառուկյանի կողմնակիցների կազմակերպած հավաքին չեն մասնացել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:
Մեր տեղեկություններով՝ Քոչարյանի գրասենյակում այս հարցով քննարկում է եղել, նույնիսկ առաջարկ է եղել, որ իրենք էլ մասնակցեն հավաքին, քանի որ այն նաև հակակառավարական է, սակայն այս առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ Ծառուկյանն էլ արգելել էր իր թիմակիցներին մասնակցել ի պաշտպանություն Քոչարյանի կազմակերպվող հավաքներին, որպեսզի ինքը հանկարծ չասոցացվի Քոչարյանի աջակիցների հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին թեժ իրավիճակ է եղել կառավարությունում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները:
Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն ակնհայտ ցույց է տվել, որ Հարությունյանը նախարարության ռազմավարության, կրթական ոլորտում փոփոխությունների հետ կապված որևէ աշխատանք չի կատարել: Նախարարի հիմնական ծրագիրը վերաբերվել է դպրոցների, կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներին, ու բոլորի մոտ տպավորություն է եղել, թե հաշվետվությունը քաղշինությանն է վերաբերում, և ոչ թե կրթական համակարգին:
Ի դեպ, երբ վարչապետը կոնկրետ հարց է բարձրաձայնել, նախարար Հարությունյանը ուղղությունը փոխել է դեպի իր տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որպեսզի նա պատասխանի ոլորտին առնչվող հարցերին: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը փաստացի հայտարարել է, որ ոլորտում որևէ փոփոխություն չի տեսնում, ու հայտարարել է, որ քննարկումը կշարունակեն հաջորդ շաբաթ, որպեսզի ավելի լավ պատրաստվեն հաշվետվությանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որը տեղակայված է ԱԱԾ նկուղում, ազատվում է ներկայիս կալանավորներից, որոնք տեղափոխվում են այլ կալանավայրեր:
Ըստ մեր աղբյուրի՝ խցերն ազատվում են նոր կալանավորների համար, որոնց քրեակատարողական հիմնարկում սպասում են առաջիկա օրերին: Այս հաստատությունում են պահվում նախկին և ներկա պետական պաշտոնյաներ, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի նոր երևան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչվեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Եվ այսպես, ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Ջհանգիրյանը կրկին դիմել է Վճռաբեկ դատարան, որի վարույթ ընդունել-չընդունելու հարցը առայժմ քննարկան փուլում է:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի մեծամասնությունն արդեն դրական որոշում է ընդունել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, և մնացել է այն տեխնիկապես ձևակերպելու հարցը: Ըստ լուրերի՝ այդ որոշման ընդունմանը նպաստել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերական խնդրանքը, ինչին չեն ընդդիմացել պալատականները: Եվ ի՞նչ է այս ամենը ենթադրում. եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել և բավարարի Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, ապա նախկին գլխավոր դատախազին վճարման ենթակա կլինի 90-100 միլիոն դրամ:
Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Այս գործով ՀՀ վարչական դատարանում դեռևս նիստերը շարունակվում են»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2014 թվականին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի գործով 12 տարի ազատազրկման դատապարտված Արթուր Բաբլոյանը ազատության մեջ է։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մայիսի 23-ին քննելով դատապարտյալ Արթուր Բաբլոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ որոշում է կայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակել Բաբլոյանին։
«Հարսնաքարի» գործով մյուս դատապարտյալները ևս գնում են այս ճանապարհով։ 12 տարվա անազատության դատապարտված Արման Խաչատրյանը, Դավիթ Ադամյանը, Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը ևս արդեն իսկ նման բողոքներ են բերել, և բացառված չէ, որ Արթուր Բաբլոյանի օրինակով այդ բողոքները ևս կբավարարվեն, ու Վահե Ավետյանի դաժան սպանության բոլոր մեղավորները, իրենց պատիժն ամբողջությամբ չկրած, կհայտնվեն ազատության մեջ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած արտահայտություններից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:
Մասնավորապես, հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը նշել էր. «Գագիկ Ծառուկյանին խղճում եմ: Կարծում եմ, որ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք, և բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ղուկասյանի այս հայտարարություններից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որը հենց Լոռու մարզից է, շատ լավ իմանալով մարզպետին, գնացել է և փորձել «հաշիվներ պարզել» նրա հետ, թե ինչու է իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անել իրենց կուսակցության ղեկավարի հասցեին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես նման միջադեպի հետ կապված տեղեկություն չունեմ: Արթուր Դալլաքյանը վստահաբար շատ լավ տեղեկացված է, թե մարզում ինչ խնդիրներ կան նրա պաշտոնավարումից հետո, և որքան տեղյակ եմ, Դալլաքյանը հրապարակային հայտարարությամբ հանդես եկել է: Մյուս հարցերի վերաբերյալ տեղեկություն չունեմ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական համակարգը պետք է մաքրել ոչ միայն Սերժի մնացորդներից, ինչի կարևորության մասին խոսեց վարչապետը, այլև ԱԱԾ նախկին տնօրեն, քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրած Արթուր Վանեցյանի մնացորդներից։
Վերջինիս պաշտոնավարման ժամանակ ծայրահեղ կաշառակերի համբավ ունեցող նրա սանիկ Զավեն Հակոբյանը օպեր-տեսուչից նշանակվեց Արարատյան գերեկամտաբեր մաքսատան ղեկավար, սակայն Վանեցյանի հեռացվելուց հետո նա էլ հասցրեց մազապուրծ հեռանալ համակարգից։ Բայց որքան էլ ուշագրավ է, Զավեն Հակոբյանի որդին՝ Սոս Հակոբյանը հարմար տեղավորվել է Կենտրոնական բանկում։ Իսկ ուշագրավն այն է, որ հայր և որդի Հակոբյանները նաև Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ են. հայրը՝ խորհրդի նախագահ, Սոս Հակոբյանը՝ խորհրդի անդամ»։
«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական պայքարը վերջնակետին հասցնելու Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ «երդմամբ» ԲՀԿ-ն ազդարարեց ակտիվ պայքարի շրջանը։ Ծառուկյանի հայտարարությունը՝ «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», այս անգամ բավական խիստ ստացվեց այն պարզ պատճառով, որ և քաղաքական ուժերի, և քաղաքացիների շրջանում թերահավատություն կա, որ Գագիկ Ծառուկյանը կարող է կես ճանապարհից հետ կանգնել։
Իսկ դրա համար նրանք հիմք ունեն, քանի որ աչքի տակ կա նախկին փորձը։ Բայց այսօր կարծես հետքայլ չկա, որովհետև այսուհետ Ծառուկյանի փոխարեն աշխատելու է նրա տված «երաշխիքը»։
Մի կողմ թողնենք ԲՀԿ խմբակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, անգամ քաղաքական պայքարի ինչ ձև կընտրի այս քաղաքական ուժը, հասկանանք, եթե ԲՀԿ-ն գնում է ակտիվ առճակատման և պահանջելու է Փաշինյանի հրաժարականը, ով է նրա քաղաքական դաշնակիցը։ Այսօր արտախորհրդարանական շատ ուժեր են Փաշինյանի հրաժարականը պահանջում, բայց նրանք կմիանա՞ն ԲՀԿ-ի գլխավորությամբ պայքարին։
Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի հետ ամեն ինչ պարզ է դեռ խորհրդարանական ընտրությունների մեկնարկից։ Հիշենք, կլասիկ որակված Էդմոն Մարուքյանին Ծառուկյանը հիշեցրեց, թե ում միջոցով ու ով է նրան պատգամավոր «կարգել», իսկ վերջինս էլ, թե գործարարն ինչ գործ ունի ԱԺ-ում։ Այսինքն, ի սկզբանե այս գործիչները միևնույն հարթակում անհամատեղելի են։ Այս ամենին գումարած նաև այն, որ ԼՀԿ խմբակցությունը Փաշինյանի հրաժարականը չի էլ պահանջում, նա օրուգիշեր բողոքում է, ծեծվում խորհրդարանում, բայց չի ասում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։
Արտախորհրդարանական ուժերի հետաքրքրությունը ԲՀԿ-ի հանդեպ երևաց նախօրեին, երբ Ծառուկյանին ԱԱԾ-ում հարցաքննում էին, իսկ նրա կողմնակիցների հանդեպ ոստիկանությունը ուժ կիրառեց։ Ընդդիմադիրները բռնությունների առնչությամբ դատապարտող հայտարարություններ արեցին, սակայն ԱԱԾ-ի շենքի դիմաց նրանց չտեսանք (բացառությամբ կարճ ժամանակով ՀՅԴ մի քանի ներկայացուցչի)։
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ճանապարհ չունի, անցյալը չի մոռացվել։ Մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներ հնարավոր են, անգամ ինչ-որ պահի աջակցություն, սակայն երկարատև պայքարի համար ԲՀԿ-ն մեծ հաշվով մենակ է։ Նրա կողքին կլինեն քաղաքական քիչ ռեսուրս ու կշիռ ունեցող նոր ուժեր, որոնց համար կրկին ԲՀԿ-ն պիտի քարշակի դերը ստանձի։ Բնական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը ԲՀԿ-ի հետ գաղափարական միևնույն հարթությունում չի կարող լինել, նրանց միայն մեկ օրակարգ կարող է միավորել՝ իշխանությունից օր առաջ հեռացնել Փաշինյանին։
Սակայն երբ ու ինչ ձևով ԲՀԿ-ն այդ օրակարգի վստահելի, վճռական հանրություն կներկայացնի ու կստանա աջակցություն, առայժմ դժվար է ասել, իսկ փորձառու քաղաքական ուժերը հաստատ նախօրոք չեն մտնի մի գետ, որի ելքը լավ գիտեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 14-ի վաղ առավոտյան խուզարկություն էր կատարվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տանը, ապա նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խուզարկության ժամանակ առգրավել են Զաքարյանի զենքերը և դրանց առնչվող փաստաթղթերը, քանի որ վերջինիս զենքերն օրինական են եղել, և առկա են դրանք հավաստող փաստաթղթերը: Իրավապահ կառույցներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարել են այդ փաստաթղթերը՝ ուսումնասիրելու համար, իսկ Զաքարյանին հարցաքննելու պատճառն էլ այն է եղել, որ 2017 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա եղել է ԲՀԿ շտաբի պետը:
Սակայն մեր տեղեկություններով՝ երբ հարցաքննության ժամանակ Զաքարյանից հետաքրքրվել են՝ ինչ գիտի ընտրակաշառքի դեպքերի մասին, Վերահսկիչ պալատի նախկին նախագահը ոչինչ չի հայտնել՝ ասելով, թե ինքը ընտրակաշառքի մեխանիզմի մասին որևէ տեղեկություն չունի և որևէ բան չի կարող հայտնել: Ասել է թե՝ Իշխան Զաքարյանն իրենց համար ցանկալի ցուցմունք չի տվել»: