Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք․ ծանր վիճակում գտնվող պացիենտն ապաքինվել է


Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք․ ծանր վիճակում գտնվող պացիենտն ապաքինվել է

  • 18-06-2020 12:49:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 94 դեպք, որոնցից 56-ը` բուժված:
 
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և հավելում, որ նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում:
 
Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակտավորներից մեկի մոտ: Այսպիսով` վերջին 24 ժամվա ընթացքում, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 նոր դեպք։
 
«Ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդությունը հաղթահարել է ևս մեկ անձ, առողջացածների թիվն արդեն հասել է 56-ի»,- հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
 
COVID-19-ով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
 
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 520 մարդ, կա 95 մեկուսացված անձ։ Մահվան դեպքեր չկան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play