Ռազմական պլան Հայաստանի դեմ․ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են ագրեսիվանալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ռազմական պլան Հայաստանի դեմ․ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են ագրեսիվանալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-06-2020 18:13:31   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է.
 
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Իրաքի տարածքում, այսպես ասած՝ քրդական բանվորական կուսակցության դեմ հակաահաբեկչական պայքարի շրջանակում, ինչպես անվանում է իր այդօրինակ գործողությունները: Դրանք իրականում այլ բան չեն, քան Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության դրսևորում, որ վարում է այդ երկրի նախագահ Էրդողանն իշխանության գալուց ի վեր: Թուրքական նոր ռազմագործողության ֆոնին հայկական համացանցում բավականին տարածվել է հրապարակումը, որտեղ նշվում է, որ Թուրքիայի գլխավոր շտաբում մշակվել և քննարկվել է Հայաստանի դեմ գրոհի պլան: Այդ մասին հրապարակել է Nordic Monitor կայքը, որը շվեդական հասարակական կազմակերպության հովանու ներքո է: Թուրքիայից այդ տեղեկությունը նոր չէ, հրապարակվել է մի քանի ամիս առաջ էլ: Ընդհանրապես, Թուրքիայի վերաբերյալ այդօրինակ նկրտումների մասին տեղեկությունները այլևս որևէ մեկին չեն զարմացնում ոչ միայն Հայաստանում, այլևս աշխարհում: Թուրքիան դարձել է ամենաագրեսիվ պետություններից մեկը, եթե ոչ ամենաագրեսիվը: Այդ հարցում նրա գործընկերը վերջին տարիներին Ռուսաստանն էր, բայց ներկայումս ակնհայտորեն կան խնդիրներ, Մոսկվան ու Անկարան չեն կարողանում պայմանավորվել Լիբիայի հարցում, ըստ էության չեն կարողանում այլևս պայմանավորվել սիրիական հարցում: Անգամ ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի ապոլոգետ ռուսաստանցի փորձագետներն են խոսում այն մասին, որ դաշինքն, ըստ ամենայնի, սպառել է իրեն: Դա նշանակում է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը կարող են դառնալ բավականին ագրեսիվ: Առավել ևս, որ նրանք ունեն խնդիրներ ոչ միայն միմյանց հետ, այլ նաև աշխարհաքաղաքական ազդեցիկ դերակատարների, ներկայումս գերակա տանդեմի՝ Չինաստանի և ԱՄՆ հետ:
Հավանաբար՝ ռուս-թուրքական ագրեսիվությանն է պատրաստվում նաև հարևան Վրաստանը, որն օրերս հայտարարեց Բաթումում Թուրքիայի մի քանի զինված քաղաքացի ձերբակալելու մասին: Նախօրեին էլ Վրաստանի հատուկ ծառայությունները Վրաստանում ՌԴ քաղաքացի էին ձերբակալել, որն, ըստ տեղեկության, պատրաստվում էր մահափորձ կատարել վրաց այն լրագրողի նկատմամբ, որը համընդհանուր հայտնիություն ձեռք բերեց ուղիղ եթերում Պուտինի հասցեին հայհոյանքից հետո: Վրաստանի հատուկ ծառայությունը կասկածում է, որ ՌԴ քաղաքացու միջոցով նրան վերացնելու հարցը լուծում է Չեչնիայի նախագահ Կադիրովը: Կադիրովն ինքը հերքել է դա: Խնդիրը, սակայն, ավելի լայն իմաստով հենց Վրաստանի հատուկ ծառայության երկու գործողություններն են, փաստորեն Թուրքիայի և Ռուսաստանի ուղղությամբ: Ահա, այդ լայն ֆոնին բավականին ուշագրավ լույսի ներքո կարող են հայտնվել այն ներքաղաքական զարգացումները, որ այս շաբաթներին ծավալվում են Հայաստանում, և դրանց առնչությամբ կառավարության գործողությունները:
 
Lragir.am-ը գրում է. 
 
Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորները նախօրեին հանդիպել են Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ: Վաղուց գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն դիտարկվում է Հայաստանում ռուսական քաղաքականության գլխավոր հենակետ, Ռուսաստանում կառավարող Եդինայա Ռոսիա խմբավորման գլխավոր գործընկեր: Ըստ այդմ, դեսպանի հետ հանդիպումը ոչ միայն զարմանալի չէ, այլեւ տրամաբանական: Ավելին, թերեւս ողջունելի է, որովհետեւ ընտրված է բաց խաղի, ոչ թե «պարտիզանության» տարբերակը, ինչպես 2012-15 թվականներին:
Ըստ այդմ ակնառու է, եւ այդ մասին խոսել եմ մի շարք առիթներով, որ Հայաստանում որպես այդպիսին չկա ներքաղաքական դիմակայություն, կա դիմակայություն ինքնիշխան Հայաստանի եւ ռուսական վերնախավի մեծապետական հավակնության ու քաղաքականության միջեւ:
Պաշտոնական Երեւանն անշուշտ չի կարող խոսել այդ հռետորաբանությամբ, կան պրագմատիկ հարթության բազմաթիվ նուրբ հարցեր: Պաշտոնական Երեւանը պետք է գործի, իսկ իրավիճակի բուն եւ խորքային գնահատականը պետք է տան հանրային ինստիտուտները, եթե այդպիսիք կան:
ԲՀԿ շուրջ ստեղծված գործընթացը կուսակցությանը բերել է ընդդիմության առաջատարության դիրքի, որի շուրջ հավաքվում է մի քանի այլ ուժ: Այդպիսով, կամա թե ակամա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կոշտ գործողությունը մի կողմից կարող է կանխել Հայաստանում երրորդ երկրի շահի սպասարկման քաղաքական նախաձեռնությունը, մյուս կողմից, սակայն, խթանել դրա շուրջ աշխուժություն, գեներացնել ընդդիմադիր ալիք եւ հանգեցնել մի շարժման, որը տեսականում կդառնա ներկայիս իշխանության անփոխարինելի այլընտրանք:
Այլ կերպ կստացվի, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո կարճ ժամանակ անց քաղաքական գլխավոր այլընտրանք է դառնում Հայաստանում ռուսական քաղաքականության գլխավոր հենակետը: Հաջորդ փուլում այն արդեն կարող է դառնալ իշխանություն, համենայն դեպս տեսականում: Ըստ այդմ, կոշտ քայլերը, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը, այլեւս պետք է հասնեն մինչեւ վերջ: Դա նշանակում է, որ դրանք պետք է հանգեցնեն ոչ թե Հայաստանում ռուսական քաղաքականության հենակետը գլխավոր քաղաքական այլընտրանքի վերածելուն, այլ ընդհանրապես այդպիսի հենակետը որպես քաղաքական միավոր չեզոքացնելուն:
Այդ հարցում մինչեւ վերջ հետեւողական չլինելու պարագայում թանկ են վճարելու թե Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունը:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ: Բանն այն է, որ վերոնշյալ պաշտոնը թափուր է, և կոնկրետ անձինք դիմում են վարչապետի աշխատակազմին այդ պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար, սակայն ոչ բոլորի դիմումներն են ընդունվում, ինչի արդյունքում էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին ՀՀ վարչական դատարան է դիմել էլինա Գյուրջյանը և դատի է տվել Էդուարդ Աղաջանյանին՝ պահանջելով, որ դատարանը ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին իր մասնակցությունը թույլատրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնի: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց դիմել Էդուարդ Աղաջանյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այժմ գտնվում է ֆրանսիական Լիոնում:
Ի սկզբանե Հայաստանից մեկնել էր Լոնդոն, սակայն առողջական խնդիրների պատճառով և հետագա բուժման նպատակով տեղափոխվել է Լիոն: Նշենք, որ Խաչատրյանը գտնվում է հետախուզման մեջ»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և նույն հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը խորհրդարան են ներկայացրել «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:
Գործող օրենքով դատախազության համակարգում բաց մրցույթներ անցկացվում են տարին մեկ անգամ՝ հունվարին: Վարդանյանն ու Կարապետյանը առաջարկում են արտահերթ մրցույթներ անցկացնելու օրենսդրական հնարավորություն ստեղծել:
Նրանք իրենց այս առաջարկը հիմնավորում են քրեական գործերի աննախադեպ և շարունակական աճով ու դատախազների գերծանրաբեռնվածությամբ: Եթե 2008թ. նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019-ի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք: Ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020թ. հունիսի 1-ին ստորագրած հրամանով դատախազության հաստիքները ավելացվել են 73-ով և նախատեսված 653 հաստիքների թիվը դարձել է 726: Այնպես որ, այդքան հաստիք լրացնելու համար անպայման անհրաժեշտ կլինի արտահերթ մրցույթների անցկացում»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
««Ժողովուրդ» օրաթերթը տղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղամբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանից, որը հայտարարեց. «Ես, ճիշտն ասած, չեմ ճանաչում մարդ, ով կարող է պարոն Տոնոյանին փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում, ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում»: Իսկ մեր դիտարկմանը, թե ինչ փոխհարաբերություններ ունի Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Միրզոյանն է միջնորդում իրեն ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելու հարցում, փոխնախարարը նշեց. «Անլուրջ խոսակցություններ են»: Նկատենք, որ Տոնոյանի պաշտոնանկության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո: Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի փոփոխությունից հետո չէր բացառվել, որ հաջորդը կարող է լինել հենց Տոնոյանը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ պատրաստ է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։ Վենետիկի հանձնաժողովը մշտապես զգուշավոր դիրքորոշումներ է ներկայացրել դատավորների անկախության և անփոփոխելիության հետ կապված պետությունների նախաձեռնությունների դեպքերում։ Ավելին՝ սա այն մարմինն է, որը հենց ինքն է սահմանում և խրախուսում այդ չափանիշները։
Թերևս սա էր պատճառը, որ շատ իրավաբաններ, այդ թվում՝ նախկին և ներկա ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներ ու նրանց մանր ու մեծ խոսնակներ գուժում էին, թե բացառված է, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տա ՍԴ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իշխանությունների առաջարկությանը։ Սակայն մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ այսօրվա նիստում Վենետիկի հանձնաժողովը հաստատելու է մի կարծիք, ըստ որի՝ հանձնաժողովն ընդունելի է համարում իշխանությունների՝ ՍԴ մոդելը կյանքի կոչելու առաջարկությունը և նշելու է, որ դա համապատասխանում է եվրոպական չափանիշներին։
Ըստ այդմ՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների առաջարկությունը, որի համաձայն՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, պետք է ընտրվի ՍԴ նոր նախագահ, ինչպես դա սահմանված է Սահմանադրության 2015թ. փոփոխություններով»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Չնայած 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո փոփոխություններ եղան տարբեր ոլորտներում, սակայն քաղաքաշինության համակարգում, ըստ էության, մնացել են հին բարքերը, ավելին՝ չեն փոխվել անգամ գործող հիմնական անձինք:
Իսկ ովքե՞ր են նրանք, որոնք տարիներ շարունակ տնօրինել են Երևան քաղաքի քաղաքաշինության ոլորտը. Արմեն Ղուլարյան. նա այժմ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները, քանի որ ղեկավար Վահագն Վերմիշյանը կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով: Ընդ որում, նա մինչ այդ զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը, սակայն համակարգում հնաբնակներից է և պաշտոններ է զբաղեցնում վաղուց՝ դեռ 90-ական թվականներից: Ընդ որում, Ղուլարյանը եղել է ամենաերկարակյաց մարզպետը և 15 տարի նույն մարզը ղեկավարելուց հետո նա լծվել է քաղաքաշինության համակարգը «բարեփոխելուն»: Հաջորդ պատասխանատուն Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է:
Նրա նշանակումը սկզբնական շրջանում ողջունվեց, բայց վերջին շրջանում նա հաճախ է հայտնվում քննադատության թիրախում, իսկ մեծամասնությունն էլ նկատում է, որ քաղաքում և կատարվող աշխատանքների տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվել:
Մյուս պատասխանատուն Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանն է, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Նա ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բաջանաղն է: Եվ, իհարկե, այս պատկերն ամբողջացնում է Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը: Եվ չնայած նա այժմ պաշտոն չի զբաղեցնում, սակայն տիրող իրավիճակի, Երևանի այժմյան պատկերի գլխավոր պատասխանատուն հենց Նարեկ Սարգսյանն է: Սակայն նկատենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հենց քաղաքաշինության ոլորտ. այստեղ ևս հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն 2018 թվականից մինչ օրս որևէ շարժ չենք տեսնում: Ի վերջո, ե՞րբ պետք է կարգավորվի ոլորտը, և ո՞վ պետք է պատասխան տա նախկին քայլերի համար»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020թ. մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը: Այս համաձայնագրերի վավերացման արդյունքում կառավարությանը հասանելի կլինեն ընդհանուր առմամբ 315 մլն դոլարի չափով վարկային միջոցներ՝ 208 մլն ծրագրի առաջին փուլում և ևս 35 մլն երկրորդ փուլում:
Կառավարությունը այդ միջոցները մտադիր է օգտագործել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող բացասական հետևանքների մեղմելուն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը»:
 
«Փաստ» օրաթերթը գրում է.
 
«Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր ոլորտները «յուրայիններով» լցնելու միտման շրջանակներում իշխանության թիրախում է հայտնվել նաև Հաշվեքննիչ պալատը (նախկին Վերահսկիչ պալատ)։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ մտադրություն կա ամբողջապես փոխել Հաշվեքննիչ պալատի կազմը և առաջին հերթին՝ պալատի նախագահ Լևոն Յոլյանին։
Ըստ տեղեկությունների, Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հանելու հարցը իշխանության սեղանին էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն տեղի ունեցող բուռն քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ֆոնին այն ձգձգվել է, սակայն այդ մասին իշխանական շրջանակները, բնականաբար, չեն մոռացել։
Ներկայումս այս հարցը նորից դարձել է առաջնային, և կա հանձնարարական՝ գտնել այդ հարցի լուծման
տարբերակները»:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն