Եվրոպայից տհաճ թղթեր Նիկոլ Փաշինյանին. ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եվրոպայից տհաճ թղթեր Նիկոլ Փաշինյանին. ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-06-2020 16:34:12   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



lragir.am-ը գրում է. 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ միջազգային արձագանքին։ Նա նշել է` 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ, իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում: «Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,-ասել է վարչապետը:
Հունիսի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, թե «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»:
Տեղեկություն է տարածվել, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի թեմայով խոսել է Դոնալդ Տուսկի հետ, եւ հնարավոր է դրա արդյունքում է Տուսկն արել իր գրառումը: Միեւնույն ժամանակ, Ծառուկյանի թեմայով բավական կոշտ է արձագանքել Եվրոպական մեկ այլ կուսակցություն՝ Պահպանողականների ու ռեֆորմիստների կուսակցությունը: ՀՀԿ-ն անդամակցում է ԵԺԿ-ին, ԲՀԿ-ն՝ ՊՌԿ-ին:
Իր հերթին, հայտարարություն է տարածել Վենետիկի հանձնաժողովը, որում արձանագրելով, որ Հայաստանում տապալվել է օլիգարխական համակարգը, կոչ է արել պահպանել Սահմանադրության նորմերը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Դոնալդ Տուսկը Հայաստանին նայում է Սերժ Սարգսյանի աչքերով: Ըստ ամենայնի, ՊՌԿ-ն էլ Հայաստանին նայում է Գագիկ Ծառուկյանի աչքերով: Եվ դա բնական է, Եվրոպայի այս կուսակցությունները պետք է աջակցեն իրենց անդամներին: Մյուս կողմից, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ նախկին կոռուպցիոն համակարգի երկու հենասյուները, Հայաստանում մեղադրվում են բազմաթիվ հանցագործությունների մեջ, եւ ստեղծվում է մի իրավիճակ, երբ այդ մեղադրանքները «վերաբերվում» են նաեւ Եվրոպական կուսակցություններին, որոնք տարիներ շարունակ ըստ էության աչք են փակել Հայաստանում իշխանության յուրացման, կոռուպցիայի, ընտրական ու սահմանադրական նորմերի ոչնչացման վրա, ըստ էության՝ «լեգիտիմացրել» այդ ամենը:
Եվրոպական կառույցները հղում են անում Սահմանադրությանն ու օրենքներին, եւ դա էլ է բնական, եւ դա մտնում է նաեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ: Նիկոլ Փաշինյանը արդարացիորեն բողոքում է, թե 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ, իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում:
Սա իհարկե քաղաքական ու իրավական փաստարկ չէ խնդիրների ու պահանջների այն համակարգում, որը ներկայացվում է իշխանությանը:
Պետք է նշել, որ 30 տարվա կոռուպցիոներները հոգ էին տարել օրենքներն ու Սահմանադրությունը գողոնի ու սեփական դիրքերի լեգալացման ուղղությամբ հարմարեցնելու համար, այդ թվում այն իրավապաշտպանների միջոցով, որոնք ներկայում ձեւավորում են իրավական բավական գրագետ դիմադրություն: Բացի այդ, 30 տարվա կոռուպցիոներներն ավելի լավ են հասկացել օրենքների ու սահմանադրության նորմերի ուժը եւ հիմա հանդես են գալիս բացառապես այդ դիրքերից:
Իր հերթին, իշխանությունը գնաց մի ճանապարհով, երբ հեղափոխության ու էվոլյուցիոն մեթոդների այսպես ասած համադրման փորձը հանգեցրեց ներկայիս փակուղուն: Հիմա հետադարձ հայացքով շատերն են ասում, որ կամ պետք էր ընտրել մեկը, կամ մյուսը: Հնարավոր է՝ այս իրավիճակն առաջացել է այն պատճառով, երբ հիմնարար խնդիրները, օրինակ Սահմանադրության փոփոխությունը, ենթարկվել են իրավիճակային խնդիրներին: Դա ժամանակ, հնարավորություն ու փաստարկներ դրեց իշխանության ընդդիմախոսների եւ շահագրգիռ կառույցների ձեռքին:
 
1in.am-ը գրում է. 
 
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դատարանի որոշումը, ըստ որի՝ նա կարող է ազատ լինել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց, Հայաստանում փոթորկել է հանրային դաշտը և միաժամանակ կարող է նոր իրավիճակ ստեղծել քաղաքական դաշտում: Իհարկե, այստեղ շատ բան կախված է այն հանգամանքից, թե արդյոք ի վերջո կվճարի՞ գրավը Ռոբերտ Քոչարյանը, ու նաև՝ թե արդյոք դատարանը կբավարարի՞ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը, որի հարցը քննարկվում է արդեն երեք օր: Եթե Ռոբերտ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, ապա իհարկե, անկախ Ծառուկյանի խափանման միջոցից, դաշտում կձևավորվի նոր հարաբերակցություն:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է իր քաղաքական հավակնության մասին, ընդ որում՝ այնպիսի տոնայնությամբ, որ բավականին դժվար կլինի հրաժարվել դրանից կամ հրաժարվել դրանից արագ: Մյուս կողմից՝ անկասկած է, որ այդ հավակնությունն իրացնելու համար նրանից պահանջվում է գործիքակազմ, մասնավորապես քաղաքական ձևաչափ կամ այլ կերպ ասած՝ կուսակցություն, քաղաքական նախաձեռնություն, դաշինք: Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ամիսներ առաջ չէր հերքել, որ հնարավոր է ստեղծեն նոր կուսակցություն: Երկրորդ նախագահը կա՛մ պետք է գնա այդ ճանապարհով, կա՛մ պետք է իր աջակցությունը հայտնի որևէ՝ արդեն գոյություն ունեցող քաղաքական ձևաչափի, որը հավակնում է աշխույժ մասնակցություն ունենալ ներքին կյանքում և պայքարել որևէ դիրքի համար:
Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ պետք է լուծի քաղաքական դիրքավորման հարցը, որը կարող է որոշակիորեն շրջանցել՝ գտնվելով անազատության մեջ և գերակա խնդիր դիտարկելով խափանման միջոցի փոփոխության հարցը: Երբ այդ հարցը լուծվի, ապա, հաշվի առնելով նրա քաղաքական հայտը, կառաջանա կամ առաջին պլան կգա քաղաքական դիրքավորման հարցը, առավել ևս՝ ԲՀԿ շուրջ ստեղծված իրադրությամբ ներկայիս թեժ մթնոլորտում:
Քաղաքական դիրքավորումը եղել է այն, ինչի առաջ Ռոբերտ Քոչարյանը կանգնել է իր հետնախագահական ամբողջ շրջանում, բայց այդպես էլ չի գնացել այդ հարցին հստակ պատասխան տալու քայլին, չի ստանձնել այդպիսի պատասխանատվություն:
Բայց նոր իրավիճակում դա կլինի շատ բարդ, գուցե անհնար. երկրորդ նախագահը պետք է դիրքավորվի: Այստեղ, եթե նա ստեղծի իր քաղաքական ուժը, ապա դրա հանդեպ շատ հստակ դիրքավորման անհրաժեշտություն կառաջանա մյուս ուժերի մոտ, այն բոլոր ուժերի, որոնք մրցում են ընդդիմության առաջատար տեղի համար: Կամ երկրորդ նախագահը պետք է միանա նրանց՝ ուժերի, որոնք, համենայնդեպս մինչ այժմ, արել են ամեն ինչ՝ նրա հետ ասոցիացիան հերքելու կամ մերժելու համար:
Այդպիսով ակնառու է, որ հայտնվելով ֆիզիկական ազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական իմաստով կարող է հայտնվել իր համար ավելի անազատ ռեժիմում կամ իր քաղաքական հավակնությամբ սահմանափակել այլ ուժերի ազատ տարածությունը՝ նեղացնելով նրանց մանևրի դաշտը:
Ակնառու է, որ դատարանի իրավական որոշումը ուղղակի թե անուղղակի կազմում է Հայաստանում առանցքային փուլ մտած քաղաքական բազմաքայլ և բազմաշերտ խաղի էական դրվագներից մեկը:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«2019թ. հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ունի վկայի կարգավիճակ: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը։
Գործով տուժողի իրավահաջորդի՝ Ջիվան Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Սյուզաննա Մալխասյանը մեզ ասաց, թե զավեշտալի է, որ Նվեր Ծառուկյանն առ այսօր այս գործով ունի վկայի կարգավիճակ, քանի որ եղած ապացույցներն առավել քան բավարար են նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Նրա խոսքով՝ Նվեր Ծառուկյանին պետք է մեղադրանք առաջադրվի միանգամից մի քանի հոդվածներով՝ հանցագործություն կազմակերպել, ղեկավարել և սպանության փորձ»։
 
«Փաստ» թերթը գրում է.
 
«ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի, հաստատվեցին ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Այսինքն, պարզ ասած, աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի նրանց վարձավճարներին: Սա մեծ ուրախություն է առաջացրել ներկա ու ապագա ուսանողների շրջանում, բայց մեծ վերապահումով
Բանն այն է, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հունիսի 1-ից տեղադրված նախագծում մասնագիտությունների ցանկն անհամեմատ ընդգրկուն էր, իսկ ահա ընդունված որոշման մեջ շատ քիչ մասնագիտություններ են մնացել:
Հատկապես տուժել են հումանիտար մասնագիտությունները. այս որոշումը փաստացի չի վերաբերի մանկավարժական ուղղությունների մեծ մասին, պատմաբանական, իրավագիտական, բանասիրական, տնտեսագիտական և բազմաթիվ այլ մասնագիտություններին:
Որոշմանը կից ամփոփաթերթից պարզ է դառնում, որ մասնագիտությունների նման զտման առաջարկի հեղինակը պետական եկամուտների նախարարությունն է, պատճառաբանությունը՝ «պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններն ու պետական բյուջեի հարկային եկամուտների չհիմնավորված կորուստները կանխելու նպատակադրումը»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․
 
«Հայաստանում գրեթե բոլոր դատավորները սարսափած են. պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառված 2 մլրդ դրամ գրավի միջնորդության բավարարումն էր: Այս որոշումով, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս վճիռն անակնկալ է եղել դատական համակարգի շատ ներկայացուցիչների կամ գերակշիռ մեծամասնության համար, քանի որ բոլորի համար ակնհայտ էր՝ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ լինելն ավելի խաղաղ էր դատական համակարգի համար, քան նրա՝ ազատության մեջ գտնվելը: Իսկ ո՞րն է դատավորների մտավախությունը. Հայաստանի քաղաքական իշխանությունը մի անգամ արդեն դատարաններին պատժելու եւ անկախ դատական համակարգ ունենալու ձգտումներով կազմակերպեց դատարանների շրջափակման գործընթաց, եւ, կարելի է ասել, փորձ արվեց մի շարք դատավորների հասկացնել իրենց «ճիշտ» գործառույթները:
Հիմա Հայաստանի երրորդ իշխանության ներկայացուցիչները չգիտեն, թե ինչ քայլեր կհաջորդեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է՝ ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ հայ հասարակության մի զգալի հատվածի կողմից անընդունելի վճիռ է կայացվել: Արդյոք արդարացված է եղել Վերաքննիչ դատարանի որոշումը, թե ոչ՝ սպասենք զարգացումներին:
Հավելենք, որ փաստաբանները Վերաքննիչ դատարան ներկայացված դիմումով վիճարկում էին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր պաշտպանների միջնորդությունը Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորություն դիմաց: Միեւնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից: Անցած ամիս վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի համաճարակի ավարտը մնալու է հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․
 
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի առաջարկած փոփոխությունը ոչ միանշանակ է ընկալվել խորհրդարանական խմբակցությունների կողմից: Իմքայլական պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում:
Խոսքը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի կազմավորման կարգին։ Եվ, ըստ էության, նրա փոփոխություններով՝ ավելանալու են ԱԺ նախագահի լիազորությունները, իսկ խմբակցություններին տրված իրավունքը վերանալու է: Ասել է թե` ԱԺ վերահսկողությունը փոխարինվելու է ԱԺ նախագահի մասնակցությամբ ընդամենը:
Պատգամավորն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովի նախագահին վերապահված լիազորությունների թվին ավելացնել եւ մեկը եւ ամրագրել, որ նա նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդում։
Այդ նպատակի համար ԱԺ նախագահը ձեւավորում է խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Նկատենք, որ մինչ այժմ ամրագրված էր, որ խորհուրդը կազմված է նաեւ Աժ ներկայացուցչից՝ բոլոր խմբակցություններից կոնսենսուսով առաջարկված, սակայն դրա փոխարեն հենց Միրզոյանը կլինի այդ խորհրդում»:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
 
«Կորոնավիրուսը փրկեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չեղարկեց հանրաքվե անելու գործընթացը։ Սակայն ՍԴ-ի «գորդյան հանգույցը» պետք է իր հանգուցալուծումը ստանա՝ սկսած գործը կիսատ չեն թողնում սկզբունքին հավատարիմ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթվա ընթացքում համապատասխան նախագծով ՍԴ երկարամյա անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ կտան դատավորի պաշտոնին՝ իրենց տեղը զիջելով երիտասարդներին։ Այդպես հանգուցալուծում է ստանալու ՍԴ կազմի հարցը։ Սակայն Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ առնվազն դատավոր, եթե ոչ ՍԴ նախագահ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նաեւ ակտիվ քննարկում են, թե ով կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից ՍԴ գործուղվել է դատավոր Վահե Գրիգորյանը, բայց անգամ «Իմ քայլում» նրան չեն դիտարկում՝ որպես ՍԴ նախագահ: Ըստ տեղեկությունների՝ Վահե Գրիգորյանը, չաշխատելով, բայց պետբյուջեից վարձատրվելով, այնուամենայնիվ, իրեն չի արդարացրել, ինչի համար էլ իշխանությունները Հրայր Թովմասյանին փոխարինող են փնտրում այժմ։
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցին լուծում տալու համար: Վենետիկի հանձնաժողովը մինչ այս բանավոր կերպով էր ներկայացրել իր կարծիքը, իսկ այսօր կհրապարակվի վերջնական որոշումը: Սակայն, մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովը կողմ է այս տարբերակին»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Չնայած կորոնավիրուսային համավարակին, զինված ուժերի շարքային կազմի ամառային զորակոչը չի հետաձգվի և կսկսվի հուլիսի մեկից: Միակ տարբերությունը կլինի այն, որ վեց ամիս ծառայած զինծառայողները չեն ստանա իրենց հասանելիք 10-օրյա արձակուրդը:
Հրամանատարությունը զինվորներին խոստացել է, որ արձակուրդը կտրամադրվի, երբ վարակվելու վտանգը վերանա»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:
Կառավարությունը օրենքում ավելացնում է կետ, ըստ որի միայնակ տարեցները կստանան դրամական փոխհատուցում՝ իրենց կողմից սպառած գազի և էլեկտրաէներգիայի գումարը վճարելու համար: Կառավարությունը նման փոխհատուցումը հիմնավորում է ցածր կենսաթոշակներով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է իր 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:
Այս ծրագրով նախատեսվում է, որ 2020թ. Հայաստանի համախառն ներքին արդյունքը կնվազի 5,3 տոկոսով: Սա հետաքրքիր է այնքանով, որ մինչև այժմ կանխատեսվում էր, որ անվանական ՀՆԱ-ն կորոնովիրուսային համավարակով պայմանավորված կարող է նվազել 2 տոկոսով: 2021թ. համար ՊԵԿ-ը կանխատեսում է 7 տոկոսանոց աճ, իսկ հետագա երեք տարիներին տարեկան 8 տոկոս աճ»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն