Կ. Պոլսում լոյս ընծայուեց Սամուէլ Մհերեանի «Մենավոր բազեն» պատմավեպի թուրքերեն թարգմանութիւնը («Yalniz Sahin»)
22-06-2020 17:05:54 | Թուրքիա | Նոր գրքեր
«Մենավոր Բազեն» պատմավէպը յանդիսանում է Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարուեստական նկարագրութիւնը, որն իր մէջ ներառում է եւ հայերի ցեղասպանութեան ողբերգական դրուագները, եւ խնուսցիների հերոսական ինքնապաշտպանութիւնը:
Գրքում ներկայացւում են հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջեւ տեղի ունեցած բախումները. դաւադրութիւններ, վրեժխնդրութիւն՝ ուղեկցուած սիրային, հերոսական ու յուզական տեսարաններով ու պատմութիւններով:
Լուսաբանւում է պատմական դերակատարութիւն ունեցած հայ որդիների անուններն ու գործը, որոնք բարոյականութեան, քաջութեան ու հայրենասիրութեան վառ արտահայտութիւն են:
Ներկայացւում է, թէ ինչպիսի անդրադարձ ունեցան Խնուս գաւառի վրայ 1895 թ. Սասունի ապստամբութիւնը, եւ Սուլթան Աբդուլ Համիդի ընդունած 1908 թ. սահմանադրութիւնը:
Գիրքն աւարտւում է 1915 թ. Հայոց Մեծ եղեռնի նկարագրութեամբ. թէ ինչպէս վէպի գլխաւոր հերոսի՝ Դաւթի ու նրա ընկերների կազմակերպած հերոսական ինքնապաշտպանութեան շնորհիւ գաւառի 26.000 հայությունից փրկւում են 3.000 - ը:
Նշենք, որ պատմաճանաչողական քարոզչութիւն իրականացնելու նպատակով, գրքի առաջին հրատարակչութիւնից որոշակի քանակութիւն մատակարարուել է ներկայումս Խնուսում եւ Մուշում բնակուող՝ դաւանափոխ եղած հայերի ժառանգներին՝ ապագայում նրանց հայացքները դէպի Մայր Եկեղեցի ուղղելու հեռանկարով:
Գրքի 120 կերպարներից շուրջ 80-ը իրական են, որոնցից մի մասի ժառանգները համախմբուելով՝ 2005 թուի փետրուարի 25-ին՝ Զօրավար Անդրանիկի ծննդեան 140 ամեակի օրը հիմնադրեցին «Խնուս» մշակութային հիմնադրամը, որն իր ձեւով հայրենակցական միութեան գործառոյթ ունի:
«Խնուս» մշակութային հիմնադրամն իր գործունեութեան տասնեւհինգ տարիների ընթացքում կազմել եւ հոգեւոր-հայրենասիրական միջոցառումներով հասարակութեանն է ներկայացրել Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառին վերաբերող` Սամուէլ Մհերեանի յեղինակած՝ «Մենավոր Բազեն» եւ «Եւ եղաւ լոյս» պատմավէպը, «Եդեմի պարտեզը» եւ «Տունդարձի ճամփան» ֆիլմերը, «Ճշմարիտ Լույսը» եւ «Այբ-Քէ» հոգեւոր բանաստեղծութիւնների ժողովածուները` արժանանալով նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեանը եւ գնահատականին: