Սերժ Սարգսյանի առաջարկը Ռոբերտ Քոչարյանին. բուֆերը մտահոգել է երկրորդ և երրորդ նախագահներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
24-06-2020 17:55:43 | Հայաստան | Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է.
Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակները հաստատել են մամուլի տեղեկությունը, որ հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Որեւէ կողմ չի հայտնել այլ մանրամասն, իսկ Սերժ Սարգսյանի գրասենյակը նշել է, որ խոսքը անձնական բնույթի այցի, տեսակցության մասին է:
Այդպիսով, Սերժ Սարգսյանի գրասենյակն ընդգծում է, որ այցը չունի քաղաքական նպատակ եւ բովանդակություն: Իհարկե, անկախ այդ հանգամանքից, տեղեկության քաղաքական ընկալումը կասեցնելու փորձն անիմաստ է, իսկ ընկալումն էլ այդուհանդերձ տրամաբանական, հաշվի առնելով ներքաղաքական առկա իրողություններն ու ընդհանրապես հետհեղափոխական ընթացքը:
Բայց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պարագայում թերեւս առավել էական է նախահեղափոխական ժամանակահատվածը, որում երկու նախագահները սուր դիմակայության մեջ էին, ընդ որում դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից սկսած, գուցե առնվազն այն պահից, երբ ակնառու էր, որ Ռոբերտ Քոչարյանը ունի իշխանության հետ կապված այլ պլան, քան Սերժ Սարգսյանը: Երկրորդ նախագահը իր երկրորդ ժամկետից հետո իշխանությունը պատկերացնում էր ԲՀԿ մեծամասնությամբ եւ Վարդան Օսկանյանի նախագահությամբ:
Հաղթեց Սերժ Սարգսյանի պատկերացումը, եւ թերեւս ոչ առանց Ռուսաստանի օգնության: Կամ, գուցե հենց Ռուսաստանի օգնությամբ, այլապես հազիվ թե Սերժ Սարգսյանը զուտ ներքին հարաբերակցությամբ կարողանար կասեցնել Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի իրագործումը, հատկապես որ Քոչարյանը այսպես ասած ձիու՝ երկնիշ աճի եւ բարենպաստ աշխարհքաղաքական կոնյունկտուրայի վրա էր:
Ինչու՞ Մոսկվան ավելի շատ վստահեց Սերժ Սարգսյանի, քան Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ կապված հետագա ծրագրերին: Ըստ ամենայնի, այստեղ պատճառները թե առերեւույթ իրադարձությունների մեջ են, թե հնարավոր է խոհանոցային մանրամասների, որոնք հասու չեն հանրությանը:
Հետո արդեն վստահության սլաքները փոխվեցին, Մոսկվայի անվստահության թիրախում հայտնվեց Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ փորձեց օգտվել դրանից, թեեւ ապարդյուն:
Այդ ընթացքում Հայաստանում եղավ Մարտի 1, եղավ սեպտեմբերի 3, եղավ Գազպրոմի հետ խայտառակ պայմանագիր, եղավ ապրիլյան քառօրյա պատերազմ, եղավ ՊՊԾ գնդի գրավում:
Թվում է, որ Հայաստանն այդ շղթան կարողացավ հաղթահարել 2018-ի ապրիլին, անարյուն հեղափոխությամբ: Սակայն դրանից հետո Ռուսաստանում նոր թափով բռնկվեց անվստահությունը Հայաստանի հանդեպ, որը խթանելու ակնառու փորձեր արել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Կանե՞ր նա այդ փորձերը, եթե չլիներ նրա հանդեպ մեղադրանքը: Շատ դժվար է ասել, իսկ Քոչարյանն ինքը չի ասել, գոնե հրապարակավ: Իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասե՞լ է, որին կասկածում է հեղափոխությանը «պասիվ դիմադրության» համար: Իսկ Սերժ Սարգսյանը նրան ասե՞լ է, թե ինչ փորձ ունի Ռուսաստանի օգնությամբ իշխանության հարց լուծելու տառապանքը:
2014 թվականին Սերժ Սարգսյանն առաջարկում էր Ռոբերտ Քոչարյանին գնալ խորհրդարանի կառավարման մոդելի եւ քաղաքականությունից հեռանալ միասին: Ռոբերտ Քոչարյանը չհամաձայնեց, Սերժ Սարգսյանը հեռացրեց միայն Ծառուկյանին, իսկ ինքը գնաց փաստացի երրորդ ժամկետի, դե ֆակտո՝ հեղափոխություն «սադրելու»:
Առաջարկե՞լ է Սերժ Սարգսյանը որեւէ բան Ռոբերտ Քոչարյանին այժմ:
1in.am-ը գրում է.
Մամուլում հայտնվել է տեղեկություն, թե հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը և քննարկել նաև ներքաղաքական հարցեր: Երկրորդ և երրորդ նախագահների հանդիպման վերաբերյալ տեղեկություն հրապարակվել էր նաև շաբաթներ առաջ, ըստ որի հանդիպում եղել էր ԱԱԾ-ում, որտեղ կալանավորված էր Ռոբերտ Քոչարյանը: Ըստ այդմ տեղեկության, Սերժ Սարգսյանը քրեական գործերից մեկով եղել էր ԱԱԾ-ում և տեղի էր ունեցել հանդիպում նաև Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե երկրորդ, թե երրորդ նախագահների գրասենյակները հերքեցին այդ տեղեկությունը: Ներկայումս հանդիպման մասին տեղեկությունը նրանք չեն հերքել, գոնե առայժմ: Թեև, մեծ հաշվով, հերքման դեպքում անգամ չկա երաշխիք, որ հերքումը չունի կոծկելու նպատակ, կամ չհերքելն էլ իրականում դեռ ամենևին չի նշանակի, որ հանդիպում անպայման եղել է: Ի վերջո, ոչ միայն պետք չէ բացառել, այլ հավանական է, որ նրանց պարզապես կարող է պետք լինելկ այդպիսի հանդիպման մասին տեղեկության առկայությունը:
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախկին իշխող համակարգի երկու բեվեռներում են, իսկ նրանց միջև գոյացել էր բուֆերը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Ներկայումս այդ կուսակցության շուրջ տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ և ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կոշտ քայլերի շնորհիվ հայտնվել է ընդդիմադիր առանցքի դերում: Միաժամանակ պարզ չէ, թե ինչու՞ չկալանավորվեց Գագիկ Ծառուկյանը, երբ իշխանությունը այդպիսի կոշտ քայլերով նրան տարավ դատարան: Մտածել, թե անհրաժեշտության դեպքում չէր գտնվի կալանքի որոշում ստանալու հնարավորություն, կլինի թերևս քաղաքական իրողությունների գնահատման տեսանկյունից բավականին միամիտ:
Ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ հարվածելով ԲՀԿ նախագահի դիրքերին, այդուհանդերձ չի դրել ամեն գնով նրա կալանքին հասնելու խնդիր: Եվ այդ հարցը թերևս կարող է մտահոգել թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ նրանք ունեն իհարկե իրենց առանձին քաղաքական ռազմավարություններն ու մարտավարությունը, ունեն միմյանց հետ պարզելու բազմաթիվ խորքային հարցեր, սակայն առնվազն մի առումով նրանք ունեն կամ կարող են ունենալ ընդհանուր մտահոգություն՝ Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը բուֆերի վրա: Բանն այն է, որ թե երկրորդ, թե երրորդ նախագահների ռազմավարությունները միմյանցից անկախ լինելով, հավասարապես կախված են լինելու հենց բուֆերային ուժի վարքագծից: Ըստ այդմ, հանդիպումով, կամ հանդիպման մասին տեղեկությամբ նրանք հնարավոր է փորձում են ազդել այդ վարքագծի վրա, կամ շոշափել որևէ հող:
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՅԴ-ն «Հայրենիքի» հետ համագործակցելու էր գնացել զուտ նրա ֆինանսական ռեսուրսը օգտագործելու հույսով, իսկ «Հայրենիքը» մտածել էր, որ կօգտագործի ՀՅԴ-ի մարդկային ռեսուրսը: Ի վերջո, երկուսն էլ իրարից խիստ հիասթափվել են. ՀՅԴ-ն պարզել է, որ «Հայրենիքում» փող չկա, «Հայրենիքում» էլ տեսել են, որ այս կուսակցությունը զրկված է մարդկային ռեսուրսից:
Շարքային դաշնակցական հասկացությունը, որպես տեսակ, վերացել է, և այն այլևս նախկին նոմենկլատուրայի հավաքատեղի է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեռևս հունիսի 16-ին՝ Ազգային ժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիոթյունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել էր. «Արդյոք Դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասո՞վ եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբևէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ, Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկություն, շտաբներում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել»։ Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել էր. «Եթե այդ կամ այլ որևէ գործով, այդ կամ այլ որևէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը»։
Եվ, ահա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խիստ ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասին: Իսկ ինչո՞ւ դիմեցինք հենց Ավետիսյանին: Բանն այն է, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «ընտրակաշառքի հայրենիքը» հենց Մարտունի քաղաքն էր, և այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Մարտունու քաղաքապետից: Եվ, ահա, Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե երբևէ որևէ կուսակցության անդամ չի եղել և չի խառնվել ընտրական գործընթացների: «Այն ժամանակ ասում էին՝ քաղաքապետերը պետք է անպայման լինեն ՀՀԿ անդամ, բայց ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, ոչ մի կուսակցության հետքերով չեմ գնացել: Ես ընդհանրապես նման բաների մեջ չեմ եղել և քաղաքապետ եմ դարձել առանց 1000 դրամ ընտրակաշառք բաժանելու»:
Իսկ, ահա, անդրադառնալով Հակոբ Հակոբյանին՝ Ավետիսյանը հայտարարեց. «Հակոբ Հակոբյանը որ կա, որ ընտրվել էր այն ժամանակ, ես առաջին քաղաքապետն եմ եղել, որ ասել եմ՝ նա իմ քաղաքի պատգամավորը չէ, նա կաշառքով է ընտրվել: Ես լսելով՝ նա ընտրակաշառք բաժանելով է դարձել պատգամավոր, զզվել եմ նրանից»:
Այսպիսով, Մարտունու քաղաքապետը հաղորդում է տալիս հանցագործության մասին. ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է բաժանել: Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն, ՀՀ դատախազությունը կգնան այս հայտարարության հետքերով, թե ոչ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստվում է դիմել գրեթե բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի դրսի կառույցներն ու ազդեցության օղակները կոշտ արձագանքեն նախօրեին խորհրդարանում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին: ՀՀԿ-ականները մտադիր են ամեն ինչ անել` իշխանություններին ծանր «հարվածներ» հասցնելու համար միջազգային կառույցների շուրթերով:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին այդ հարցով: Ի պատասխան՝ Աշոտյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է, ամենալայն ու խոշոր կապերով ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային քաղաքական ընտանիքներին անդամակցության, անկախ մեր արտախորհրդարական կարգավիճակից՝ այդ կապերը շարունակվում են: Բնական է, որ մենք մեր տեսակետները հայտնել ենք նաև այս քաղաքական օրակարգի և վերջին զարգացումների հետ կապված, ինչպես նաև ԱԺ-ում տեղի ունեցած ուզուրպացիայի հերթական փուլի կապակցությամբ, մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք դրա մասին և այն ներկայացրել ենք նաև ինչպես մեր եվրոպական գործընկերներին, այնպես էլ միջազգային քաղաքական ընտանիքներին»»:
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ինչպես և սպասվում էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կալանք չընտրելու դատարանի որոշումից հետո իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական միավորումների հանդիպումները և քննարկումները դադարեցին:
ԲՀԿ-ն այս ուժերին հասկացրել է, որ ինքն այլևս շահագրգռված չէ նման քննարկումներին մասնակցելու հարցում, ինչից բոլորը հետևություն են արել, որ իրենց միավորումը այլևս ոչ մի իմաստ չունի, եթե չկա դրա հովանավորը:
Սեփական դեմքը փրկելու համար այդ կուսակցությունները հանդես են գալու ինքնուրույն հայտարարություններով»:
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը պատրաստվում է դրամական փոխհատուցում տրամադրել այն հարկադիր կատարողներին, որոնք գործուղվում են իրենց բնակության վայրից հեռու որևէ մարզ և չեն ստանում բնակարանային ապահովում:
Կառավարությունը համարում է, որ եթե հարկադիր կատարման ծառայությունը հավասարեցված է զինվորական ծառայությանը, ապա հարկադիր կատարողներն էլ զինվորականների նման պետք է իրենց վարձակալած բնակարանների համար դրամական փոխհատուցում ստանան»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վերջո ստորագրեց օրենքների փաթեթը, որով սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար իր ստորագրությունն անհրաժեշտ չէ և բավարար է, որ Ազգային ժողովի կայքում հրապարակվի այդ մասին:
Եվ ահա, սահմանադրական փոփոխություն կատարելու մասին նախագծում ամրագրված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Այսինքն, եթե անգամ Արարատ Միրզոյանն այն այսօր ստորագրի, այն ուժի մեջ կմտնի միայն վաղը` հունիսի 25-ին: Եվ հենց այստեղ է թաքնվամ ինտրիգը:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք ՍԴ դիմելու համար, ունի 25 ստորագրություն և պակասում է երկու պատգամավորի ստորագրություն, և դիմել են ԼՀԿ-ին: Եվ ահա, եթե անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեն և այսօր դիմումը մուտք արվի ՍԴ, ապա օրենքի դրույթների տարածումը կկասեցվի` մինչև ՍԴ-ի կողմից այն քննարկելը: Այսինքն, հենց այս կազմով ՍԴ-ի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ ընդդիմադիր ԼՀԿ-ն տվել է իր համաձայնությունը և այսօր կհայտարարեն այդ մասին ասուլիսի ժամանակ: Սակայն նկատենք, որ մինչև նախագահ Սարգսյանի կողմից այն ստորագրելը իշխանությունների ներկայացուցիչները փորձել են համոզել Մարուքյանին չդիմել ՍԴ, սակայն մեր տեղեկություններով այդպես էլ չեն կարողացել: Սակայն ամեն ինչ ավարտված չէ, և միգուցե մինչև ասուլիսը փոփոխություններ լինեն»:
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԵՊՀ ռեկտորի ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ ԻԿՄ դեկան Վահրամ Դումանյանի` ամեն գնով ԵՊՀ ռեկտոր դառնալու մոլուցքի մասին հայտնի է վաղուց, երբ նրա հարցերով զբաղվում և «զանգում» էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչի պատճառով էլ նախկին վարչապետը Արամ Սիմոնյանի հետ մտել էր բացահայտ դիմակայության մեջ։ Կարեն Կարապետյանի շահագրգռվածությունը պարզ էր՝ Վահրամ Դումանյանը հավատարմության խոստում էր տվել վերջինիս։
Խնդիրն այն է, որ նույն ավանդույթը շարունակվում է նաև հիմա։ Դումանյանը ոչ միայն հավատարմության, այլև, մեր տեղեկություններով, որոշ դեկաններից հենց առաջին փուլով ազատվելու խոստում է տվել։ Մինչդեռ մի դեկանին հանելով և մյուսին բերելով՝ բարեփոխումների մասին խոսել չի կարելի։
Արայիկ Հարությունյանի պահանջով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը որքան էլ ջանա և հոգաբարձուների խորհրդի ցանկալի անդամներ առաջադրի, չի կարողանալու ցանկալի արդյունք ապահովել և խոշոր հաշվով տանուլ է տալու, քանի որ համալսարանում համոզված են, որ Դումանյանի` ռեկտոր դառնալու դեպքում համալսարանի փաստացի ղեկավարը դառնալու է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը»։
«Փաստ» թերթը գրում է.
«Համաշխարհային համաճարակային իրադրությունը շարունակում է իր ուղղակի հետևանքները թողնել հայաստանյան իրականության վրա, և մարդիկ ամենաուղիղ ձևով քաղում են դրա պտուղները։
Երեկ վարչապետն էլ փաստեց, որ վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Արդեն չորս ամիս է՝ ՀՀ-ում արտակարգ դրություն է, իսկ տարբեր կազմակերպություններ ստեղծված իրավիճակով պայմանավորված, կա՛մ դադարեցնում են իրենց գործունեությունները, կա՛մ աշխատանքները կազմակերպում հեռավար համակարգով։ Տարբեր ոլորտներ յուրովի են տուժել այս վիճակից:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ բավականին վատ դրության մեջ են հայտնվել նաև անշարժ գույքի այն սեփականատերերը, որոնք իրենց տարածքները վարձակալության են տրամադրում:
Բանն այն է, որ տնային պայմաններում աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև որոշ ոլորտների գործունեության կասեցման գործընթացներին զուգահեռ շատ ընկերություններ ուղղակի հանձնում են իրենց վարձակալած տարածքները, կամ խնդրում են վարձավճարային «արձակուրդ» կիրառել, ծայրահեղ դեպքում՝ գոնե մեծ զեղչեր անել։
«Վերջին երկու խնդրանքի բավարարման դեպքում մենք ենք հայտնվում անփող վիճակում, չբավարարման դեպքում վարձակալները դադարեցնում են պայմանագիրը: Այս դեպքում էլ ենք տուժում, քանզի հիմա դժվար է նոր վարձակալ գտնել: Մենք հասկանում ենք, որ վարձակալներն էլ խնդիրներ ունեն:
Բայց այս ամենի արդյունքում այս դաշտում ստեղծվել է տոտալ լճացում»,- մեզ հետ զրույցում ասաց վարձատուներից մեկը՝ հավելելով, որ սա էլ հանգեցնում է բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտի»:
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Ալեն Սիմոնյանը, Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և Ծովինար Վարդանյանը խորհրդարան են ներկայացրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագիծ…
Այս նախագծով նախատեսվում է ստեղծել նման հիմնադրամներ, որոնք կարող են օգտագործվել մշակութային, սպորտային և այլ նպատակներով: Այս հիմնադրամների տարբերությունը այլ հիմնադրամներից լինելու է թերևս այն, որ դրանցում հավաքված միջոցներն օգտագործվելու են բացառապես հայտարարված նպատակների իրականացման համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,- երեկ լրագրողների հետ զրույցում այդպիսի հայտարարություն էր արել Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին սահմանադրական փոփոխությունների նախագիծ ընդունեց, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Եվ չնայած Գյուլումյանը հայտարարում է, թե 2014-ից է հաշվարկվում իր դատավորի պաշտոնի ստանձնման ժամկետը, այնուամենայնիվ, չմոռանանք, որ նա ՍԴ դատավոր է եղել նաև 1996-2003թթ.:
Եվ, ահա, Գյուլումյանի այս հայտարարությունները «Ժողովուրդ» օրաթերթին հիշեցրեց, թե ինչպես էր նա տարիներ առաջ ստիպել ՍԴ-ին վճարել իր պարգևավճար-հավելավճարը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գյուլումյանից պարզել՝ ինչպես է ստացվում, որ մի դեպքում ասում է, թե 12 տարի չի պաշտոնավարել, հետևաբար օրենքը իրեն չի վերաբերում, բայց մյուս դեպքում համարում է, որ իր ՍԴ դատավորի համար հասանելիք հավելավճարները պետք է ստանա: «Եվրոպական դատարանում աշխատելով՝ շարունակել եմ լինել դատավոր: Դա հենց նշանակում է, որ ես իրականում աշխատել եմ ընդհատումներով»,- հայտարարեց նա»: