Թիրախային ծրագիր՝ սահմանապահ Ոսկեպարում


Թիրախային ծրագիր՝ սահմանապահ Ոսկեպարում

  • 24-06-2020 19:10:28   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Սահմանապահ Ոսկեպարում 8 ամիս առաջ գործարկվել է լուսադիոդային (LED) լուսարձակներով գործող՝ արտաքին լուսավորության համակարգ: Տեղադրվել է 40 լուսարձակ, լուսավորվել է մի ամբողջ թաղամաս՝ շուրջ 1.5 կմ ճանապարհ: Համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն աջակցել են  Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Իր ներդրումն է ունեցել նաև Նոյեմբերյանի համայնքապետարանը:
 
Ոսկեպարում արդեն հասցրել են գնահատել «Էկո գյուղերի ցանց» ծրագրի դրական ազդեցությունը: Գործակցող կողմերն էլ որոշել են շարունակել և գրեթե ամբողջությամբ լուծել խնդիրը: Ազդարարվել է երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրի՝ երկրորդ փուլի մեկնարկի մասին: Մինչև տարեվերջ, նախատեսվում է 1250մ-ով ավելացնել գյուղի՝ լուսավորված փողոցների հատվածը: Այդ ամենը հաստատող տեսազանգի ընթացքում քննարկվել է սահմանապահ գյուղերում երկարաժամկետ և թիրախային ծրագրի կարևոր ազդեցության հարցը: Գործակցող կողմերը վստահ են, որ ծրագիրը թույլ է տալիս սահմանապահ գյուղերում բարձրացնել մարդկանց կյանքի անվտանգության աստիճանն ու խնայել համայնքային միջոցները:
 
«Ձեզ հետ չեմ ֆիզիկապես, բայց կարևորն արդյունքն է։ Սահմանապահ գյուղերի նկատմամբ մեր վերաբերմունքն անփոփոխ է։ Ամեն տարի ձգտում ենք որոշակի ներդրում ունենալ, որպեսզի դուք միշտ վստահ լինեք, որ մեզ բաժանում է միայն ֆիզիկական հեռավորությունը, և որ դուք մենակ չեք։  Նման ծրագրերի միջոցով մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը եղել ու մնում է մեր կարևոր նպատակներից։ Ամուր մնացեք, ամուր պահեք մեր սահմանները և առողջ եղեք»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
 
«Լուսավորությունն առաջնային է սահմաններում: Արդեն 4 տարի, դուք աջակցում եք, որպեսզի մեր տարածաշրջանում լուծվի այդ խնդիրը: Այդ ամենը ոգևորում է գյուղացուն, ով հպարտ կանգնած է իր հողի վրա: Խնդրի կարգավորումը կարևոր է գիշերային ժամերին մարդկանց անվտանգությունն ապահովելու և համայնքի միջոցները խնայելու տեսանկյունից»,- ասել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը:
 
«Ծրագրի երկրորդ փուլի համար, կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են: Հենասյուների տեղակայման տեղերն ընտրված են, հենասյուներն ու լույսերը՝ պատվիրված են: Շինարարական աշխատանքներն առաջիկայում կսկսվեն: Երբ այդ ամենն ավարտենք, կարելի է վստահաբար ասել, որ գյուղում 95%-ով՝ լուսավորված Ոսկեպար կունենանք»,-ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
 
Ծրագրի ձեռքբերումները կարևոր են համարում նաև բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ու համայնքի  բնակիչները:
 
Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց 
կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, որոնց հիմքում 
կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:
 
Բնապահպանական և էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսարձակները սպառում 
են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: 
Գյուղի փողոցները կլուսավորվեն մինչև գիշերվա 01:00-ն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն