Արհեստական բանականության գիտական հետազոտություններ ՀՀ-ում. 12 արդի թեմա ֆինանսավորում է ստացել
25-06-2020 15:31:33 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
PicsArt ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համագործակցությամբ հիմնադրված արհեստական բանականության AUA-PicsArt լաբորատորիան գրանցում է առաջին արդյունքները: Կողմերի համագործակցության շնորհիվ լաբորատորիայի 20 երիտասարդ շրջանավարտներից 15-ը հնարավորություն են ստացել գիտական գործունեություն ծավալել արհեստական բանականության ոլորտում: Այն կարևոր քայլ է նաև Հայաստանի՝ որպես գիտահետազոտական մեծ ներուժ ունեցող երկրի հնարավորություններն ու համբավը վերակագնելու գործընթացում:
«AUA-PicsArt լաբորատորիայի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանը՝ որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն զարգացնելն է, որի համար առաջնային է երկրում ոլորտի գիտահետազոտական լաբորատորիայի զարգացումը: Այս լաբորատորիայի օգնությամբ մենք երիտասարդ հայ մասնագետներին տրամադրում ենք բարենպաստ պայմաններ՝ արհեստական բանականության ոլորտում գիտությամբ զբաղվելու և ստացված հետազոտության արդյունքները կիրառելու համար: Սա յուրօրինակ հնարավորություն է, որ հույս ունենք կօգնի երիտասարդ մասնագետներ ներգրավել գիտության ասպարեզ` նպաստելով մեր երկրի գիտության ներուժի վերականգնմանը, միաժամանակ նաև արդիականացնելով այն», - նշում է PicsArt ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:
PicsArt ընկերությունը, կարևորելով այս ոլորտի զարգացումն ու միաժամանակ խրախուսելով գիտական հետազոտողներին, առաջադրել է նկարների մշակման ու օգտատերերի վարքի վերաբերյալ 10 արդիական գիտական թեմա և դրանց ուսումնասիրման համար 11 երիտասարդ գիտնականներին՝ դրամաշնորհ: Եվս 4 ուսանող ՀԱՀ-ի գիտական ղեկավարի գլխավորությամբ կաշխատեն ՀԱՀ-ի կողմից սահմանված արհեստական բանականության ոլորտի գիտահետազոտական 2 այլ թեմաների վրա:
Նշենք, որ AUA-PicsArt լաբորատորիայի ընդունելությանը դիմել էին 40 մասնակից, նրանցից 20-ն ընտրվել էին լաբորատորիայում արհեստական բանականության ինտենսիվ և խորացված ուսումնական ծրագրին մասնակցելու համար: Շուրջ երեք ամիս տևող ծրագրի ընթացքում, Ամերիկյան համալասարանի դասախոսներն իրականացրել են կրթական ծրագիր, իսկ PicsArt-ի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետները, ստանձնելով գիտական ղեկավարի պարտականությունները, երիտասարդների հետ կիսվել են ոլորտի իրենց պրակտիկ փորձով: Կրթական ծրագրի ավարտից հետո PicsArt-ի գիտական ղեկավարների հետ համագործակցությամբ ու ոլորտի կարիքներից ելնելով, առաջ են քաշվել արդիական հիմնախնդիրներ, որոնց վերաբերյալ ուսումնասիրություններով էլ այժմ զբաղվում են ծրագրի 15 շրջանավարտ:
Հավելենք, որ PicsArt ընկերությունը բացի արհեստական բանականության լաբորատորիայից, կրթական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում որակյալ մասնագետների պատրաստման համար: Համավարակի օրերին զուգընթաց՝ ընկերության PicsArt ակադեմիան նաև տրամադրում է վիրտուալ դասընթացների հնարավորություն:
PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ PicsArt հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով, iOS, Android և Windows սարքերի համար: PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում և Մոսկվայում: