Վարչապետի ուշագրավ հայտարարությունը․ ովքեր են աջակցել հեղափոխությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25-06-2020 19:22:53 | Հայաստան | Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է.
Ապագա խորհրդարանում լինելու են այն ուժերը, որոնք աջակցել են թավշյա հեղափոխության արժեքներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրողությունների մասին:
Արդյոք Փաշինյանը նկատի ունի այն, որ հաջորդ խորհրդարանում տեղ չեն ունենալու ԼՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունները, որոնք հեղափոխական առաջին ընտրությունից հետո հայտնվելով խորհրդարանում, խոշոր հաշվով չկարողացան լինել նոր իրողություններին համարժեք եւ կողմնորոշվել քաղաքական հեռանկարների տրամաբանությանը ներդաշնակ լինելու հարցում:
Այդ ուժերից յուրաքանչյուրը քաղաքական գործընթացը շարունակեց պատկերացնել այնպես, ինչպես հեղափոխությունից առաջ: Դա այն պարագայում, որ հետհեղափոխական առաջին ընտրությունը նրանց տալով մանդատ, միեւնույն ժամանակ օժտեց նաեւ բացառիկ պատասխանատվությամբ: Նրանք, որպես խորհրդարանական ընդդիմություն, պետք է սահմանեին այն նոր ընդդիմության բարձր նշաձողը, որը թե քաղաքական նոր իշխանությանը պետք է բերեր այդ նշաձողի առաջ պատասխանատվության, թե պետք է օրակարգից դուրս թողներ եւ մարգինալացներ նախկին համակարգը ներկայացնող ամենատարբեր ուժերի եւ գործիչների:
Դա տեղի չունեցավ, եւ ներքաղաքական կյանքը կենտրոնացավ նախկին-ներկա «բանավեճի» շրջանակում, իսկ ԼՀԿ ու ԲՀԿ հայտնվեցին դրա ազդեցության ներքո:
Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, թե հեղափոխության արժեքներին աջակցած ուժերն են իր կանխատեսմամբ տեղ ունենալու խորհրդարանում: Դա իհարկե ընդդիմադիր դաշտը դիտարկելու է ոչ իբրեւ կանխատեսում, այլ իբրեւ ծրագիր, պլան, բայց դա այլ հարց է:
Թեեւ, դրան նաեւ առնչվող է վարչապետի հայտարարությունից բխող մեկ այլ հանգամանք: Որո՞նք են հեղափոխությանն աջակցած ուժերը:
Ամբողջ հարցն այն է, որ հեղափոխության աներկբա արժեքներին աջակցած ուժ կամ, ավելի շուտ աներկբա աջակցություն հասկացությունը առնվազն քաղաքական իմաստով բավական բազմաշերտ է: Որովհետեւ հետհեղափոխական երկու տարիների ընթացքում խոշոր հաշվով ջուր պղտորելով զբաղվել են ոչ միայն հակահեղափոխության, այլ նաեւ հեղափոխության անունից ներկայացող տարբեր ուժեր ու խմբեր:
Որովհետեւ, օրինակ, հեղափոխության անվերապահ պաշտպանության անունից երդվող միավորների մի մեծ խումբ պարբերական թիրախավորման է ենթարկել հեղափոխության արժեքներից եւ հաջողության առանցքային գրավականներից մեկը՝ թավշյա, ոչ բռնի մեթոդաբանությունը, մեծ հաշվով նպաստելով իրավիճակի երկուստեք ծայրահեղացման: Դա էլ իր հերթին բերել է հեղափոխության մեկ այլ կարեւոր, առանցքային արժեքի եւ ուղենիշի երերման: Խոսքը հանրային ինքնավստահության, իրադրությունը վերահսկելու, իրավիճակին տիրապետելու, գլխավոր որոշողը լինելու հանրային գիտակցության խափանման, անորոշության, անընդհատ տագնապի ներշնչման մասին է:
Հազիվ թե դա խորքային առումով հնարավոր լինի գնահատել աջակցություն հեղափոխությանը: Առավել եւս, որ խոշոր հաշվով՝ որեւէ հանրության գիտակցություն ապագայի մոդելներից շեղելու եւ ծայրահեղությունների մեջ կաղապարելու համար անվերապահ պայման է երկու ծայրահեղության առկայությունը, որովհետեւ չի լինի ազդեցություն առանց հակազդեցության:
Ըստ այդմ, թավշյա հեղափոխության անվերապահ աջակցություն հանգամանքն ունի առավել առարկայացման անհրաժեշտություն:
Բայց թերեւս աներկբա է, որ հաջորդ խորհրդարանում լինելու են այն ուժերը, որոնց այնտեղ տեսնել կցանկանա հանրությունը: Եթե որեւէ մեկը խանգարի դրան, դա կլինի հարված Հայաստանի ինքնիշխանությանը: Իսկ գուցե պարզապես պետք է հստակեցնել հեղափոխության գլխավոր արժեքը՝ Հայաստանի ինքնիշխանություն:
Բավական է դնել այդ արժեքը, եւ մնացյալ գրեթե ամեն ինչի պատասխանը բխում է տրամաբանորեն:
1in.am-ը գրում է.
ԲՀԿ, ՀՅԴ և Հայրենիք կուսակցությունները հայտարարել են աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը զբաղվելու է համախմբման գործով: Ակնառու է, որ երեք ուժերը ձևավորում են յուրօրինակ «միջակայք» նախկին իշխող համակարգի բևեռների միջև: Միաժամանակ, աշխատանքային խմբի ստեղծման մասին պայմանավորվածությունը հուշում է, որ այդ ուժերի համար պայմանավորվելը ավելի բարդ է ու դժվար և գործնականում կայացվել է ժամանակ շահելու որոշում, քանի որ մեդիադաշտում արդեն իսկ ձևավորվել էր «համախմբման սպասում» և այն չկայանալու, դրանից հրաժարվելու պարագայում հարվածը կլիներ բոլորինը:
Հատկանշական է, որ այդ ուժերի առաջին հայտարարված հանդիպումը այն օրն էր, երբ ԱԱԾ-ն գործողություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը և նրան կանչել էին հարցաքննության ու մեղադրանք ներկայացնելու: Հատկանշական է այն իմաստով, որ այդ հանդիպմանը մասնակցել էր ևս երկու կուսակցություն: Իհարկե դրանք նորաստեղծ, առայժմ հանրային ճանաչման իսկ խնդիր ունեցող ուժեր են, սակայն այդուհանդերձ նրանք մինչ այժմ ունեցել են իշխանության հանդեպ հետաքրքիր կոշտ դիրքավորում՝ նախկին համակարգի հռետորաբանության շրջանակում: Իսկ այդպիսի դիրքավորումը քաղաքական շահի առումով ամենևին պրագմատիկ, և հանրային շահի տեսանկյունից էլ արդյունավետ չէ: Ըստ այդմ ակնառու է, որ խնդիրն այստեղ գտնվում է այդ դաշտում և հայտնի հանդիպմանը նրանց մասնակցությունը փոքր, սակայն դիտարժան դրվագ էր: Ինչպես որ դիտարժան է նաև հենց հանգամանքը, որ համախմբման աշխատանքային խմբում այդ ուժերը չկան: Նրանց դու՞րս են թողել, համարելով «փո՞քր», թե՞ դուրս մնալու հանգամանքն էլ անհամաձայնությունների վկայություն է: Ըստ այդմ, թեև ուժերը խոսում են համախմբման մասին, առայժմ սակայն գործընթացի տրամաբանությունն ու փաստերը ավելի շատ վկայում են հակառակը:
Նախկին համակարգի բևեռների «միջակայք» ձևավորելու խնդիրը օբեկտիվորեն բարդ է, հաշվի առնելով այն, որ այդ համակարգի քաղաքական կենսունակությունը գոնե առայժմ կարող է հիմնված լինել լոկ ծայրահեղ հռետորաբանության վրա: Դա էլ իր հերթին ինքնին բևեռացնում է իրավիճակը և ինչպիսի ձևաչափային «միջակայք» էլ փորձ արվի ստեղծել, միևնույն է ծայրահեղության մեթոդաբանական անհրաժեշտությունը այն պահելու է նախկին համակարգի բևեռների ստվերում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը այս անգամ չի հանդիպի իր աջակիցների հետ:
Նախորդ տարի հայտնվելով ազատության մեջ՝ Քոչարյանը մայիսի 28-ին հանդիպեց իր աջակիցների հետ, բայց ըստ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների՝ խիստ դժգոհ էր մնացել թե՛ աջակիցների քանակից, թե՛ որակից: Հիմա թե՛ աջակիցների քանակն է նոսրացել, թե՛ որակն է խիստ ընկել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման վերջին շաբաթն է։ Այս ուրբաթ Հրայր Թովմասյանն օրենքի ուժով պետք է ազատի նախագահի աշխատասենյակը, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը կլքեն Սահմանադրական դատարանը», – երեկ այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այս փոփոխություններով Սահմանադրական դատարանում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն, իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Իսկ ի՞նչ է սպասվում դատավորների թափուր տեղերի առկայության դեպքում: ԱԺ նախագահի կողմից օրենքը հրապարակելուց ՝ Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի՝ ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։
Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ առաջադրումները պետք է կատարվեն դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից էլ հունիսի 24-ին ստորագրված և մինչ այդ Ազգային ժողովի կողմից ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններով էլ՝ բոլոր երեք թափուր տեղերի համար թեկնածուների քվեարկությունները տեղի կունենան նույն օրը գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Բայց հիմա բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ե՞րբ և ինչպե՞ս կատարել ՍԴ դատավորների ընտրությունը խորհրդարանում, որ հնարավոր լինի համապատասխան քանակով պատգամավորների մասնակցությունը ապահովել: Նշենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությանը անհրաժեշտ կլինի ընդհանուր ձայների երեք հինգերորդի` նվազագույնը 79 պատգամավորի կողմ ձայներ, որպեսզի ՍԴ երեք անդամներն էլ ընտրվեն, և կազմը համալրվի: Բանն այն է, որ կորոնավիրուսը հասել է Ազգային ժողով. երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով են վարակվել նաև «Իմ քայլը» խմբակցության տասնյակից ավել պատգամավորները, իսկ մինչ այդ էլ հայտնի էր դարձել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի վարակակիր լինելու մասին: Եվ խորհրդարանում հիմա կան մեկուսացած պատգամավորներ բոլոր խմբակցություններում:
Ինչպես հայտի է, հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քննի Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում առկա հոդվածի սահմանադրականության հարցը, և իշխանությունները ցանկանում են արագացնել այդ գործընթացը, որպեսզի մինչ այդ հարցի քննությունը լինի նոր կազմ: Եվ հիմա այս իրավիճակում, երբ կորոնավիրուսը հասավ խորհրդարան, իշխանությունները դեռ չգիտեն՝ ինչպես անել, երբ կազմակերպել ՍԴ նոր անդամների ընտրությունը, որպեսզի չկանգնեն փաստի առջև»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2019թ. փետրվարից ԱԱԾ վարույթում քննվող խարդախության գործով որպես մեղադրյալ ներգրավված Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում չէ։ Նախօրեին նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հրաժարվել էր մեզ տեղեկություն տրամադրել ի պատասխան մեր հարցի՝ Սաշիկ Սարգսյանը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ։
ԱԱԾ լրատվականից, սակայն, «Ժամանակ»-ին պատասխանեցին, որ Ալեքսանդր Սարգսյանը 2019թ. մայիսից բացակայում է Հայաստանից։ «Նրան թույլատրվել է բացակայել Հայաստանից»,- փոխանցեցին ԱԱԾ-ից՝ չմանրամասնելով, թե ինչ փուլում է խարդախության գործի քննությունը, և արդյոք այս մեկ տարվա մեջ անհրաժեշտություն չի՞ առաջացել հարցաքննել կամ այլ քրեադատավարական գործողություններ կատարել նրա մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանն անցնում է իր տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով: Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին լայնածավալ ճնշումներ են գործադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ ճնշումները եղել են և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ ՀՀԿ-ականների տարբեր թևերից, ինչպես նաև գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Նրանք բոլորն էլ իրենց հերթին «մեսիջներ» են ուղարկել ու հանդիպումներ փորձել ունենալ լուսավորականների հետ, բայց չի ստացվել: Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին և դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքին և հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ և ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաև, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին և, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության պետական տեսչությունը դեռևս տնտեսվարողներին չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից արգելվելու է ոչ սպանդանոցային մսի վաճառքը:
Տնտեսվարողների մի մասը հակված է մտածել, որ հերթական անգամ կառավարությունը կարող է գնալ օրենքի գործողության ժամկետի երկարաձգմանը:
Հիշեցնենք, որ օրենքը պետք է ուժի մեջ մտներ դեռևս հունվարի 15-ին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա կիրարկումը հետաձգեց մինչև հուլիսի 1»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Բանն այն է, որ մարտի 1-ից՝ Հայաստանում հաստատված կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր նաև հյուրանոցներում մեկուսացած քաղաքացիներին ցուցակագրել են որպես ինֆեկցիոն հիվանդանոցի պացիենտներ, ինչը առաջացրել է փաստաթղթերի, ֆինանսական ծախսերի ուռճացում: Եվ այժմ անհրաժեշտություն է առաջացել ստուգումներ անել` պարզելու անհամապատասխանության պատճառները:
Ըստ մեր տեղեկությունների՝ կան նաև պարտքեր որոշ ծառայությունների դիմաց: Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց տեսչական մարմնի մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանին: Վերջինս մեզ հետ զրույցում դժվարացավ ասել՝ այս պահին ինչ իրավիճակ է, սակայն չբացառեց, որ այդպիսի ստուգումներ հնարավոր են, և, նրա խոսքով, դրանք պարբերաբար բնույթ են կրում: «Այժմ նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց չեմ կարող բացառել, որ այդպիսի ստուգայցեր լինում են, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրաված բուժհաստատություններում դրանք պարտադիր են»,- նշեց նա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն իր զարգացման 2021-2025թթ. ռազմավարական ծրագրում կանխատեսումներ է ներկայացրել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ:
Մասնավորապես՝ 2020թ. համար կանխատեսվում է, որ փաստացի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 21,8 տոկոս, 2021թ. կավելանա 0,2 տոկոսային կետով, իսկ հաջորդ երեք տարիներին տարեկան կավելանա 0,4 տոկոսային կետով:
Տնտեսական այս ցուցանիշը կարևոր է այնքանով, որ ցույց է տալիս տնտեսության ստվերայնությունը. որքան այս ցուցանիշը բարձր է, այնքան ցածր է տնտեսության ստվերային հատվածը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռևս չեն կողմնորոշվում՝ ինչ պաշտոնի նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որն աշխատանքից ազատվել էր հունիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր անց:
Մենք գրել էինք, որ քննարկումներ են ընթանում նրան ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ՝ Մովսես Հակոբյանի փոխարեն, սակայն տեղեկացանք, որ քննարկումները ՊՆ-ում այնքան էլ լավ չեն ընդունվել:
Մեր տեղեկություններով՝ շատերը համարել են, որ Դավթյանին Հակոբյանի փոխարեն բերելով՝ կարող են նոր խնդիրների առաջ կանգնել, ուստի լավ կլինի նրա համար նոր պաշտոն մտածել: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշել են՝ լավ կլինի Արտակ Դավթյանին տանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով: Եվ ստացվում է, որ 2021 թվականին լրանում է Բաղմանյանի պայմանագրի ժամկետը, և միգուցե ՊՆ-ում չսպասեն ժամկետի ավարտին:
Ի դեպ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն՝ Դավթյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցում ակտիվություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը Արտակ Դավթյանի մտերիմ ընկերն է»: