Գագիկ Ծառուկյանի կարևոր որոշումը․ նա ուշքի՞ է գալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26-06-2020 18:32:29 | Հայաստան | Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է.
Իրատես թերթը գրում է, որ համախմբման ՀՅԴ եւ Հայրենիք կուսակցությունների նախաձեռնությունը առաջ չի ընթանում Գագիկ Ծառուկյանի պատճառով: Ըստ թերթի, ՀՅԴ-ն ու Արթուր Վանեցյանը հիասթափվել են, որ Ծառուկյանը չի կարողացել բողոքի համար հավաքել գոնե 1000 մարդ: Միաժամանակ, թերթը հայտնում է, որ համախմբմանը մոտեցած մի քանի այլ կուսակցություն ակնկալել են տեղավորվել Ծառուկյանի ֆինանսական ռեսուրս-կարկանդակի մոտ, ինչը սակայն ԲՀԿ նախագահը մերժել է:
Դա տեղեկության թերեւս ամենահատկանշական մասն է: ԲՀԿ նախագահ Ծառուկյանն ուշքի՞ է գալիս, մերժելով իրեն տնտեսա-քաղաքական «կթու կով» դարձնելու նոր հայտերը:
Քաղաքականություն Ծառուկյանի մուտքից ի վեր, որը տեղի է ունեցել իհարկե ոչ սեփական նախաձեռնությամբ, ԲՀԿ նախագահը եղել է հենց տնտեսա-քաղաքական «կթու կովի» կարգավիճակում: Իհարկե, այստեղ կա հարաբերական մի հանգամանք: Ի վերջո, այդպիսով Ծառուկյանը սպասարկել է այն համակարգի քաղաքական շահերը, որը նրան դարձրել է խոշոր սեփականատեր կամ առնվազն թույլ է տվել դառնալ, եւ որի խաղի կանոններով էլ խաղացել է ԲՀԿ նախագահը:
Կարո՞ղ էր նա մերժել քաղաքականություն մուտք գործելու առաջարկը: Բարդ է ասել: Դա կախված է մի շարք գործոններից: Օրինակ, թե որքանով է Ծառուկյանը իր բիզնես հաջողությունում եղել ինքնուրույն, համակարգից այսպես ասած անկախ: Միաժամանակ, հնարավոր է էական դեր է ունեցել մարդկային հարաբերության գործոնը, որին զոհ է գնացել Գագիկ Ծառուկյանը: Հանգամանքները կարող են լինել բազմապիսի:
Ժամանակը սակայն փոխվել է, անցնելով տրանսֆորմացիոն մի քանի փուլերով: Այդ ընթացքում Ծառուկյանը ստացել է շատ հարվածներ, գուցե նախկին համակարգի տրամաբանության համատեքստում իր կարծիքով՝ անարդար: Բայց այդ հարվածները նրա համար եղել են թերեւս «անկախության» հարվածներ, եւ ամեն մի այդպիսի փուլից հետո Ծառուկյանն ինչ որ աստիճանով ձեռք է բերել ինքնուրույնություն: Դա թերեւս թույլ է տալիս այժմ կայացնել ինքնաբավ որոշումներ եւ մերժել առաջարկները այն համակարգից, որում ձեւավորվել է:
Սակայն, ԲՀԿ նախագահը թերեւս պետք է պատասխանի առանցքային հարցին՝ իրեն ինչի՞ համար է պետք ինքնուրույնության հնարավորինս բարձր աստիճանը: Ինքնուրույն քաղաքականությա՞ն, թե՞ քաղաքականությունից դուրս գալու եւ իր տնտեսական գործունեության մեջ մնալու: Մյուս կողմից, այդ հարցը Ծառուկյանի համար թերեւս չպետք է գոյություն ունենա, եթե հարվածները նրան ոչ միայն որոշակիորեն ինքնուրույնության , ձայնի ռեսուրս են տվել, այլ նաեւ տվել են իմաստնություն: Ըստ այդմ, ԲՀԿ նախագահը թերեւս պետք է պատկերացնի, որ ինքը տնտեսա-քաղաքական առումով ոչ թե «սրբազան», այլ հենց «կթու կովի» կարգավիճակում է լինելու միշտ՝ քանի դեռ քաղաքականության մեջ է: Բոլորը նրանից քամելու են, չթողնելով ոչինչ, որովհետեւ քաղաքականության մեջ նա «օտար մարմին» է:
Ըստ այդմ, խնդիրը միայն քաղաքական «կցակառույցները» մերժելը Ծառուկյանի համար խնդրի մի մասն է: Իսկ գլխավոր մասն ընդհանրապես քաղաքականությունից ազատվելն ու այդպիսով նաեւ քաղաքականությունն իրենից ազատելն է: Դրանից շահելու են բոլորը, բացառությամբ նրանց, ում համար Ծառուկյանը եղել է ընդամենը մի կողմից սնուցման աղբյուր, մյուս կողմից ռիսկի դուրսգրման օբյեկտ:
Ընդ որում, որեւէ կապ չունի, թե շուրջն ինչպիսին է քաղաքական դասավորությունը, ով է վարչապետ, ով ընդդիմություն:
Մյուս կողմից, իհարկե, ԲՀԿ նախագահի համար կա հարց, թե ի՞նչ է լինելու այն ահռելի ներդրումը, որ նա արել է քաղաքականոթյան մեջ անցնող տարիների ընթացքում: Չէ՞ որ ծախսվել են մեծ փողեր: Իհարկե, եթե ԲՀԿ նախագահին հաջողվի շահեկան տարբերակով «օտարել» կուսակցությունը որեւէ մեկին, դա կլինի լավագույն լուծումը, եւ գուցե արդար լուծում: Առավել եւս, որ նախկին համակարգից թերեւս շատերն են պարտք Ծառուկյանին:
Մյուս կողմից, եթե չգտնվի շահեկան տարբերակ, ապա նվազագույնը՝ ԲՀԿ նախագահը կատարված ծախսը կարող է դիտարկել իբրեւ այսպես ասած «զոհաբերություն» քաղաքականությունից ելքը բարեհաջող գտնելու համար:
1in.am -ը գրում է.
Սահմանադրական դատարանի չորս դատավորները՝ Հրայր Թովմասյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանն ու Հրայր Նազարյանը հայտարարություն են տարածել արդարադատության նախարարի այն հայտարարության առնչությամբ, որ հունիսի 26-ից Հրայր Թովմասյանը այլևս չի լինի ՍԴ նախագահ, իսկ մյուս երեքը՝ ՍԴ դատավոր:
Խոսքն, ինչպես հայտնի է, ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխության մասին է: 4 դատավորները, որոնց առնչվում է այդ փոփոխությունը, հայտարարում են, որ այն հակասահմանադրական է և կոչ են անում նախարարին ձեռնպահ մնալ այդպիսի հայտարարություններից: 4 դատավորի այդ հայտարարությունը, բնականաբար, առաջացնում է հարց՝ ի՞նչ են անելու նրանք վաղը, չճանաչելով ԱԺ իրականացրած փոփոխությունը: Նրանք, չճանաչելով հանդերձ, հեռանալո՞ւ են իրենց ներկայիս կարգավիճակից ու պաշտոններից, վիճարկելով խնդիրը դատական կարգով, թե՞ գնալու են կտրուկ պայքարի, այսինքն՝ չեն ճանաչելու որոշումը և այդպիսով ստեղծելու են իրավիճակ, երբ ԱԺ ընդունած փոփոխությունը պետք է հարկադրվի նրանց, այլ կերպ ասած՝ նրանց պետք է հեռացնեն հարկադրանքի մեխանիզմով՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից, թողնելով միայն դատավորի կարգավիճակում, և մյուս երեք դատավորներին՝ հեռացնելով ՍԴ կազմից: Քառյակը գնալո՞ւ է իրավիճակի այդպիսի սրացման, կոշտ դիմակայելով իշխանության կայացրած որոշմանն ու ընդունած լուծմանը:
Բանն այն է, որ դա կնշանակի իրավիճակի սրացում, որովհետև կասկած չկա, որ կլինեն նաև համակիրներ, որոնք կգան քառյակին աջակցության: Անկասկած է, որ, ի վերջո, կառավարությունն իր լծակները գործի է դնելու ԱԺ ընդունած օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, քանի որ հակառակ պարագայում խոսքը կվերաբերի քաղաքական լուրջ պարտության՝ անկախ այն բանից, թե ով ինչպիսի դիրքորոշում էլ ունի այդ հարցում և ինչպես է գնահատում կողմերի կեցվածքը: Իրադրությունը հասել է մի կետի, որ կա՛մ քաղաքական մեծամասնությունը կիրագործի իր իսկ որոշումը, կա՛մ կկրի ծանր պարտություն: Ամբողջ հարցն այստեղ դառնում է այն, թե ինչ գնով է իրագործվելու այդ որոշումը, ու այդ համատեքստում է նաև հարցը, թե արդյո՞ք Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները խնդիր են դրել հասնել մի իրավիճակի, երբ իշխանությունը որոշումը կիրագործի թանկ գնով, անցնելով ոչ միայն քաղաքական աղմուկի, այլ, թերևս, ֆիզիկական բախումների միջով: Թե՞ չորս դատավորների առաջ այլ ուժեր են դրել այդպիսի խնդիր: Այլապես, իհարկե, հասկանալով նրանց վերաբերմունքն ու դիրքորոշումը, այդուհանդերձ հարց է առաջ գալիս, թե որքանով է իմաստավորված լինելու դրա հանդեպ դիմակայությունը ֆիզիկական լարման վերածելու ռիսկը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունները, երբ չկարողացան համագործակցության հուշագիր կնքել, մի պահ խռովեցին իրարից, հիմա անցել են պլան բ-ին։ Եռյակը պայմանավորվածություն է ձեռք բերել ստեղծել կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հստակացվել է, թե ընդդիմադիր ուժերից ովքեր են այդ աշխատանքային խմբում լինելու:
ԲՀԿ-ից այդ աշխատանքային խմբում են լինելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արթուր Գրիգորյանն ու Իվետա Տոնոյանը, ՀՅԴ-ից լինելու են Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, իսկ արդեն «Հայրենիք» կուսակցությունից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը: Ըստ այս աշխատանքային խմբի ներկայացուցիչների՝ իրենք պետք է լայն համախմբում ապահովելու նպատակով մշակեն համատեղ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ:
Հետաքրքիրն այն է, որ նախապես հայտարարված 5 քաղաքական ուժերից մնացել են ընդամենը երեքը, որոնք պետք է միասին աշխատեն, իսկ այս կուսակցությունների հետ «քայլող» «Ազգային օրակարգ» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները դուրս են մնացել գործընթացից: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչու որոշում կայացվեց այդ ուժերի հետ չհամագործակցել, սակայն երկու կուսակցությունների լիդերները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հաճն համայնքում, Չարենցի 17-18 շենքների բակում տևական ժամանակ է՝ ապօրինի շինարարություն է ընթանում։ Բնակիչների խոսքով՝ համայնքապետը թույլատրել է այդ ապօրինությունը, ու քանի որ շինարարությունն ապօրինի է, հիմնականում ընթանում է գիշերային ժամերին։
Ապօրինի շինարարությունը կատարվում է ավագանու ներկա ու նախկին երկու անդամների գլխավորությամբ, որոնք բոլորն էլ ԲՀԿ-ական են ու մականունավոր՝ «Ծիտ Մանվել» ու «Դեյուզ Հայկ»։ Նրանք էլեկտրական ենթակայանի անմիջապես կողքին լավաշի փուռ են կառուցում։ Ասում են, որ վերջիններս ամեն ինչ անում են, որ ապօրինի շինարարության մասին տեղեկությունները չհասնեն Կոտայքի մարզպետին, քանի որ այդ պարագայում հետևանքները հայտնի են։
Նշենք, որ վերը նշված տարածքներում եղել է խաղահրապարակ, բայց առավել զարմանալին այն է, թե ինչպես է ՀԷՑ-ը թույլ տվել էլեկտրական ենթակայանի մոտակայքում շինություն կառուցել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գազալցակայանների սեփականատերերը հաշվել են, որ հուլիսի 16-ից սեղմված գազի գինը կբարձրանա 10-15 տոկոսով, այսինքն՝ մեկ կիլոգրամը կարժենա 330-340 դրամ: Ներկայումս գազի գինը 290-300 դրամ է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ հուլիսի 16-ից գազը որոշ սպառողների համար կթանկանա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կողմնակիցներին շնորհակալություն է հայտնել՝ նրանց համար հյուրասիրություն կազմակերպելով «Բելաջիո» ռեստորանում:
Հյուրասիրությանը մասնակցել են ի պաշտպանություն Ծառուկյանի կազմակերպված հանրահավաքի մասնակիցները: Հատկապես կարևորվել են նրանք, ովքեր կալանավորվել են և տարվել ոստիկանական բաժիններ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանն ահազանգում է՝ Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից: Նախկին պատգամավորի ահազանգին անդրադարձել էր նաև «Ժողովուրդ» օրաթերթը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լռում է: Պարզվում է՝ նախարարությունը զբաղված է օդային տրանսպորտ հայթայթելով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ նախկինում Պաշտպանության նախարարությունն ուղղաթիռ է տրամադրել, որով հնարավոր է եղել դեղորայք շաղ տալ այն բոլոր հատվածների վրա, որտեղ թրթուրներ են եղել:
«Բայց երկու տարի առաջ այդ ուղղաթիռը խոտանեցին: Այն օգտագործվում էր նման ծայրահեղ դեպքերում՝ հրդեհաշիջման աշխատանքների կամ տեղանքն ուսումնասիրելու համար: Այն, որքանով հասկանում եմ, ԱԻՆ-ի, մեր և մնացած բոլոր գերատեսչությունների համար էր, որոնք կարող է ինչ-որ կարիքներ ունենային օդային տրանսպորտի հետ կապված: Հիմա այդ ուղղաթիռը չկա, և մենք չունենք մեր անձնական օդային փոխադրամիջոցը, որի միջոցով կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»,- տեղեկացրեց մամուլի քարտուղարը: Հարցին՝ հնարավոր է այս հարցով դիմենք հարևան երկրներին, մամուլի քարտուղարն արձագանքեց. «Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը, փոխնախարար Վարդան Մելիքյանը Վրաստանի հետ կապի մեջ են, նաև Իրանի հետ են շփվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք այնտեղից օդային փոխադրամիջոց կարող ենք ներգրավել այստեղ, թե ոչ: Իհարկե, տեղի մասնավոր ընկերությունների հետ էլ ենք շփվում, որոնք ունեն օդային միջոցներ, բայց ամեն բան ծախսի հետ է կապված՝ օդաչուներ, վառելիք…»:
Այսպիսով, պատկան մարմիններն անզոր են ամենակարող թրթուրների դեմ: Ու եթե հիմա լուծում չգտնվի, նման խնդիր առաջ մենք կարող ենք կանգնել նաև հաջորդ գարնանը: «Ժողովուրդ» օրաթերթը Դավիթ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք չեն ուշացել. «Այդ շրջանը կարճ է տևում՝ 15 օր, վատագույն դեպքում՝ մեկ ամիս, մինչև նախապես ծրագրում ես, այդ թրթուրները հասցնում են իրենց գործն անել ու պատյանավորվում են: Ու հենց պատյանավորվեցին, էլ վնաս չեն ներկայացնում, դեղ ցանելն անարդյունավետ է»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ այժմ քննարկվում է նաև սեփական օդային փոխադրամիջոց ունենալու հարցը, բայց այդ հեռանկարը դեռ շատ մշուշոտ է:
Հ.Գ. Տեղեկացնենք նաև, որ նույն պատկերն է նաև Արցախի Հանրապետությունում. այստեղ թրթուրները ներթափանցել են արդեն մարդկանց տներ, բակային տարածքներ և վնասներ են հասցնում խնձորի այգիներին: Արցախի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ տեղի իշխանությունը անվճար թունաքիմիկատներ է բաժանում մարդկանց, որպեսզի կարողանան պայքարել թրթուրների դեմ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները: ՎԿ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մայիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլի նկատմամբ ՏԱՑ-ը աճել է 13.3 տոկոսով: Նկատենք, որ արդյունաբերական ծավալի արտադրանքը հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով աճել է, իսկ շինարարության ծավալները մեկ տարվա ընթացքում նվազել են 23.4 տոկոսով, բայց մայիսին, ապրիլի համեմատ, հակառակը՝ զգալի աճ է գրանցվել՝ 112.9 տոկոսով:
ՀՀ-ում առևտրի շրջանառության ծավալներն են պակասել 10.8 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 0.3 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառությունը նույնպես այս տարվա 5 ամիսներին նվազել է 11.2 տոկոսով, որից արտահանման անկումը կազմել է 8.1 տոկոս, իսկ ներմուծմանը՝ 12.8 տոկոս: Իհարկե, այսպիսի պատկերի պատճառը կրկին համավարակն է և դրա հետևանքով մարտի 16-ին հայտարարված և մինչն օրս շարունակվող արտակարգ դրությունը: Եվ չնայած շատ ոլորտներում սահմանափակումները հանվել են, սակայն դրանք արդեն վատ հետևանք են ունեցել տնտեսության վրա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել դեռևս 2006 թվականից գործող մի որոշման մեջ, որը վերաբերում է դատապարտված կամ կալանավորված անձանց հանձնուքների պարունակությանը: Մասնավորապես՝ կառավարությունը նախատեսում է իր որոշմամբ արգելել իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց հանձնուքների փաթեթներով, ծանրոցներով ստանալ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ:
Ըստ վիճակագրության՝ միայն անցյալ տարի կալանավայրերում հինգ նման ինքնասպանություն է իրականացվել, իսկ 2011-2017 թվականներին՝ 26 ինքնասպանություն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում մեծ աղմուկ է հասունանում, և չի բացառվում, որ որոշ դատավորների լիազորություններ կասեցվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանի նկատմամբ: Եվ եթե այս անգամ էլ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության կանչի, ապա նրա լիազորությունները կկասեցվեն:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում քննության առնելով արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշում է կայացրել: Որոշման համաձայն՝ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Հավելենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը նշանակվել է 2017 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Հավելենք, որ այս իրավիճակի պատճառն այն է, որ դատավորի վարույթում գտնվող գործերի առնչությամբ լուրջ բացթողումներ են հայտնաբերվել»: