Մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում, դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը
29-06-2020 12:49:53 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը
Ինչպե՞ս եք գնահատում գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, որի արդյունքում գույքահարկն աստիճանաբար բարձրանալու է միջինը 4 անգամ:
Մարդկանց տնօրինվող եկամուտները էականորեն ավելանալու են, եթե համեմատենք, որ նախկինում եկամտային հարկը 23, 28 և 36 տոկոս համակարգով էր հաշվարկվում, իսկ ձեր նշած ժամկետում այն հասնելու է 20 տոկոսի: Դրա արդյունքում մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի է լինելու, քան գույքահարկինը: Այսինքն այս առումով խնդիր չկա, ավելին, մենք հայտարարել ենք, որ մեզ համար առաջնային է, որպեսզի մենք քիչ հարկենք աշխատանքը, ջանքը: Այսինքն բիզնեսի շահութահարկը ավելի քիչ ենք հարկում, մարդկանց եկամուտը ավելի քիչ ենք հարկում: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը: Բայց գույքահարկից ստացվող եկամուտները բազմապատիկ անգամ ավելի քիչ են, քան եկամտային հարկից կամ շահութահարկից նվազեցումները:
Օրինագծի քննադատները նշում են, որ դրանից տուժելու են հատկապես Երևանի կենտրոնում բնակվող անապահով խավի մարդիկ, որոնք գուցե ստիպված լինեն վաճառել իրենց տները՝ չկարողանալով վճարել գույքահարկը: Իշխանությունը պնդում է, որ անապահով խավի համար առանձին դրույթներ կգործեն: Իսկապես կա՞ նման վտանգ, որի մասին ահազանգում են:
Երևանի կենտրոնում ապրող անապահովները չեն տուժի: Երկու օրինակ կարող եմ բերել. Մեկն այն է, որ եթե թոշակառուներ են ապրում, ապա եթե նրանք գույքահարկ չվճարեն, նրանց կյանքում ոչ մի բան չի փոխվի, քանի որ թոշակից չեն կարող բռնագանձում կատարել: Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք իրոք սոցիալապես խոցելի են, ապա կա դրույթ, որը հնարավորություն է տալիս համայնքին 10 տոկոսի չափով զիջումներ կատարել: Այդ 10 տոկոսը հատուկ այդ նպատակով է նախատեսվում: Այսինքն եթե տնտեսական ինչ-որ նպատակահարմարություն կա կամ սոցիալական ինչ-որ խնդիր կա, այդ մարդկանց, բնականաբար, համայնքը կարող է աջակցել: Այս առումով կարծում եմ՝ որևէ խնդիր այդ դեպքերում չի կարող առաջանալ: Մնացած դեպքերում թանկարժեք գույքը պետք է իր արժեքին համապատասխան հարկվի:
Կառավարությունը հայտարարում է, գույքահարկը որպես տեղական հարկ չէր ծառայում իր նպատակին, քանի որ գույքահարկի չափն անհամարժեք է և չի կատարում այն գործառույթը, որի համար կոչված է: Արդյոք չկա ճշմարտության հատիկ այդ փաստարկների մեջ:
Մենք այսօր ունենք համայնքներ, որոնք չեն կարողանում լիարժեք ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին: Իսկ ի՞նչ են ուզում մեր քաղաքացիները՝ ասֆալտապատ ճանապարհ, բարեկարգ մայթեր, այգիներ, լավ քաղաքային տրանսպորտ, գյուղական հարմարավետ միջավայր բնակիչների համար և այլն: Այդպիսի ծառայություններ մատուցելու համար չկան գումարներ, իսկ այս դեպքում՝ ամեն մի քաղաքացի իր չափով մասնակից է դառնալու: Փոքր գույք ունեցող, սոցիալապես ոչ լավ վիճակում գտնվող քաղաքացիները մասնակցելու են 500 դրամով, 1000 դրամով, միջին խավի ներկայացուցիչները՝ տարեկան 10-12 հազար դրամով, իսկ օրինակ, հարուստ մարդիկ 100-500 հազար դրամով: Խոսքը տարեկան հարկի մասին է: Այսինքն այստեղ պրոգրեսիվությունն ապահովված է, և բոլոր քաղաքացիներն իրենց մասնաբաժինն են ունենալու իրենց համայնքի զարգացման գործում:
Օրինագիծը քննադատողների հաջորդ փաստարկն այն է, որ չէր կարելի արտակարգ դրության, սոցիալական բարդ իրավիճակում գնալ նման քայլի, ինչին իշխանությունը հակազդում է՝ նշելով, որ օրենքը ամբողջությամբ գործելու է 6 տարի անց, իսկ օրինակ հաջորդ տարի գույքահարկը կմնա անփոփոխ, գուցե որոշ դեպքերում նաև նվազի: Դուք այս առումով խնդիր տեսնո՞ւմ եք:
Այս առումով որևէ խնդիր չկա, որովհետև հասկանալի է, որ այս տարի բարձրացում չի լինելու, հաջորդ տարի նույնպես, ըստ էության, բարձրացում չի լինելու, ավելին 510 հազար միավոր գույքի գույքահարկն իջնելու է: 2022 թվականին շատռ սիմվոլիկ բարձրացում է լինելու, իսկ էական բարձրացում լինելու է 2025-2026 թվականներին: Այսինքն, այդ սահունությունն ապահովված է, հետևաբար շահարկել սոցիալական հարցերը, շահարկել այսօրվա տնտեսական իրավիճակը որևէ կերպ տեղին չէ, որովհետև ըստ էության մենք բարձրացում տեսնելու ենք 2025-2026 թվականներին: