Մեզ հարկավոր է ամուր թիկունք. վարչապետը մեկ անգամ ևս կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները

16-07-2020 18:05:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. «Հարգելի գործընկերներ, մինչ ՀՀ Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը մեզ հարկավոր է ամուր թիկունք և այս առումով ուզում եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակվում գրանցվել։ Երեկ գրանցվել է 554 դեպք՝ 2190 թեստերի ընդհանուր թվից։ Եվ ես այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է։ Եվ մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակամահաճարակային գործողությունների, մասնավորապես՝ դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ: Ցավոք, ոչ բոլորն են մինչև այս պահը կրում դիմակներ, և մեր կոչն է՝ անպայման հետևել հակահամաճարակային կանոններին»:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները։ «Այո՛, դուք նշեցիք, որ, ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում, և 554-ն այն ցանկալի թիվը չէ, որ մենք ձգտում ենք ունենալ։ Սակայն, համեմատական անցկացնելով մոտավորապես 2 շաբաթվա վաղեմության թվերի և իրավիճակի հետ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու առումով ունենք էական առաջընթաց: Նաև թվի բացարձակ մեծ, բայց միևնույն ժամանակ կայուն լինելը՝ արդյունք է այն բոլոր հակամահաճարակային գործողությունների, որ կառավարությունն
ու ազգաբնակչությունն իրականացնում են, հատկապես դիմակ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը։ 4 օր է, ինչ տանը սպասող որևէ քաղաքացի չունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ  ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 50-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին:
 
Արսեն Թորոսյանը նշել է, որ մահվան դեպքեր են արձանագրվում հիմնականում տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ. «Նրանց պաշտպանությանն  առանձին ուշադրություն դարձնելը կրկին մեր բոլորի պարտքն է: Մենք պարտավոր ենք հատկապես նրանց պաշտպանել այս վարակից, որպեսզի չունենանք մահացության դեպքեր կամ առնվազն իջեցնենք դրանք»: 
 
Նախարարը նշել է, որ շարունակելով գործողությունները և պահելով իրավիճակը կառավարելի՝ կարողանում են դիմագրավել մարտահրավերներին։ «Առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ մենք դուրս կթողնենք որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից անկանխատեսելի հետևանքներով։ Հետևաբար, ես էլ կրկին կոչ եմ անում շարունակել պահպանել կանոնները, դա դարձնել առօրյայի մաս՝ չսպասելով ոստիկանության կամ այլ վերահսկողական մարմինների ստուգումներին։ Եվ այդ առօրյայով գնալ առաջ, ինչը մեր իսկ փորձով ապացուցվեց, որ աշխատում է։ Մենք միշտ հղում էինք անում միջազգային փորձին, տարբեր հետազոտություններին, բայց ինքներս էլ տեսնում ենք, որ դա աշխատում է։ Այս ծանր, բայց կայուն վիճակը շնորհիվ այդ միջոցառումների է, որ ունենք»,- ասել է  Արսեն Թորոսյանը։
 
Վարչապետը ցավակցություն է հայտնել կորոնավիրուսից մահացած մեր  հայրենակիցների հարազատներին, ընտանիքներին:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ռմբակոծվող գյուղերում  ԱԻՆ-ի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: «Մեր ծառայողները ռմբակոծվող գյուղերում աշխատում են բնակչության հետ։ Հրդեհներ արդեն եղել են։ Մենք այդ գյուղերին ապահովում ենք հրշեջ մեքենաներով. անձնակազմը, ամեն ինչը կա: Բացի այդ, Երևանից լրացուցիչ ուժեր ենք ուղարկել, որոնք համապատասխան տեխնիկայով գտնվում են Բերդի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։
 
Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու տեղում ունեցել են գյուղ մտնող գազամուղի խողովակի վնասում, այսօր գիշերն էլ է այդպիսի դեպք եղել, բայց հրդեհն արագ մարվել է. «Հույս ունենք, որ հնարավորինս արագ ենթակառուցվածքը կվերականգնվի»։
 
Անդրադառնալով դեպքերի վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ վարչապետը նշել է, որ մեր հանրության մեդիագրագիտությունը մեծ տեմպերով զարգանում է, և քաղաքացիներն ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից:  «Կարծում եմ՝ նաև հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են: Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում, այդպիսի վերլուծական աշխատանք արվում է: Եվ պետք է տեսնել, թե ինչ քայլեր կան, որ կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերն անցնելու, որովհետև խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը առանցքային արժեքներ են: Ինչը, իհարկե, չի
նշանակում, որ պետք է անտեսենք կամ չնկատելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները և պետք է հրաժարվենք դրանց հակազդելուց ու կառավարելուց: Ես ուզում եմ արձանագրել, որ կիրակի օրվանից մենք հսկայական հանրային հակազդեցության ալիք ենք տեսնում, և կարծում եմ՝ այդ ալիքը շատ արդյունավետ է, ինչն օգնում է նաև մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացման առումով:
 
Մենք պետք է խնդիրը հասկանանք, և  ուզում եմ պարզաբանել՝ ինչ նկատի ունեմ ազգային անվտանգության մարտահրավեր ասելով: Այսօր կան կեղծ օգտատերեր, կեղծ տեղեկատվություն տարածելու հնարավորություններ: Իսկ համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ ընդհանրապես քաղաքացիներ են: Երբ ասում եմ ազգային անվտանգության հարցեր՝ սա նկատի ունեմ, որովհետև սա կարող է օգտագործվել օտարերկրյա կազմակերպությունների, անձանց կամ ծառայություններ կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր պատկան մարմինները զբաղվում են, բայց այդ աշխատանքը հրապարակային քննարկման հարց չէ»,- ասել է վարչապետը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 440 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար