Ալիեւը օգնություն է խնդրում Հայաստանից. նա խոստովանեց պարտությունը

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Վերլուծություն
«Մարտնչիր մեր դեմ մեն մենակ, տեսնենք ով կհաղթի», նախօրեին դիմելով Հայաստանին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը ադրբեջանական բանակի ծառայողներին բնակարան հատկացնելու արարողությանը: Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը «կործանիչ հարված» ստանալով Ադրբեջանից, օգնության է կանչել ՀԱՊԿ-ին, սակայն չի ստացել ոչինչ եւ ավելին՝ այդ կառույցի երեք երկրներ, ըստ Ալիեւի, իրենց են աջակցել տարբեր այլ կազմակերպությունների միջոցով:
 
Եվ ահա այդ խոսքերից հետո Ալիեւը «կոչ» է անում Հայաստանին՝ թե դուրս արի մեն մենակ, տեսնենք ով կհաղթի: Եթե Ադրբեջանի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնող անձը հավաստիացնում է, թե «կործանիչ» հարված են հասցրել Հայաստանին, որից հետո Երեւանը ստիպված է եղել դիմել օգնության համար ու չի ստացել այն, էլ ինչու՞ է Ալիեւի մոտ առաջանում «դե մեն-մենակ դուրս արի» տրամաբանությամբ կոչը:
 
Չէ՞ որ այդպիսի կոչը տրամաբանական կլինի, եթե պարտություն կրած կողմն անի: Այլապես, եթե պարտության են մատնել Հայաստանին, էլ ի՞նչ մեն մենակ՝ «տեսնենք ով կհաղթի»: Այդպիսով, մի կողմ թողնելով իհարկե տրամաբանության տղայական «մեկնության» խնդիրը, երբ ծեծ ուտողը դիմում է ծեծողին եւ ասում՝
«դե տղա ես, արի մեն-մենակ կռվենք», քաղաքական իմաստով Ադրբեջանի նախագահը խոստովանում է պարտությունը:
 
Ընդ որում, խոսելով, որ չի ցուցաբերվել ՀԱՊԿ որեւէ օգնություն, Ադրբեջանի նախագահը փաստացի խոստովանում է նաեւ, որ պարտվել է հենց «մեն-մենակ» դիմակայությունում:
 
Ավելին, Ալիեւը պարտվել է իր քաղաքական տրամաբանությանը, իշխանության փիլիսոփայությանը եւ ռազմական շանտաժի ու մարդասպանության ռազմավարությանը: Տավուշում այդ պարտությունը դրսեւորվել է հերթական անգամ, հայկական զինուժը ընդամենը հերթական անգամ մերկացրել է Ալիեւի քաղաքական եւ քաղաքակրթական պարտությունը:
 
Ադրբեջանի նախագահը պարտվել է «հայերի հանդեպ ատելության եւ մոտալուտ հաղթանակի» կոնստրուկցիային, որ դրել էր իր իշխանության հիմքում: Տավուշում ստացած հարվածից հետո նրա ելույթները իր այդ պարտության հետ մենակ մնալու պարբերական խոստովանություն են, բացարձակապես մենակ, անգամ Թուրքիայից: Անգամ Անկարան այլեւս չի խաղում Ալիեւի հետ: Անկարան խաղում է Ալիեւով, պատրաստ նրան զոհաբերել ցանկացած պահի, պարզապես ամենաբարձր գնով:
 
Խոշոր հաշվով, «մեն-մենակ» դուրս գալու մասին իր հայտարարությամբ նա ենթագիտակցորեն օգնություն է խնդրում Հայաստանից՝ թույլ չտալ որեւէ երրորդ կողմի տանել Ալիեւին անխուսափելի զոհաբերության: Բանն այն է, որ պաշտոնական Երեւանը Մինսկում ԵՏՄ վարչապետների հավաքի հետնաբեմում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով բարձրաձայնել է Ադրբեջանում ընդհուպ նախագահի փոփոխության օրակարգը:
 
Երեւանի խնդիրն
է թույլ չտալ, որպեսզի այդ փոփոխությունը զարգանա շատ թե քիչ մասշտաբային ռազմական բախում ենթադրող մեթոդաբանությամբ: Մեծ հաշվով, թերեւս հենց այդտեղ է նաեւ Տավուշում ադրբեջանական «ուազիկային» սադրանքին ասիմետրիկ ռազմավարական հարվածի տրամաբանությունը, ռազմավարական առավելությամբ հետագա ավելի մասշտաբային լարվածություն կանխարգելելու համար: Բայց, փորձերը թերեւս կշարունակվեն, քանի դեռ Ադրբեջանում մի կողմից դե ֆակտո չկա իշխանություն, մյուս կողմից չկա իշխանության հարցում աշխարհաքաղաքական կոնսենսուս:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 20 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար